ԲԺՇԿԻ ՄՈՏ
Էժեն Յոնեսկո
ֆրանս. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Գործող անձինք` Մարի-Ժաննա, Բժիշկ
Մարի Ժաննա.-Բարև Ձեզ, բժիշկ:
Բժիշկ.- Բարև Ձեզ օրիորդ: Ինչի՞ց եք գանգատվում:
Մարի Ժաննա.- Ոչ մի բանից, ես լավատես եմ, նաև` լրագրող, եկել եմ հարցազրույց վարելու: Թերթը, ուր աշխատում եմ, ինձ խնդրել է հարցնել Ձեզ, թե, որո՞նք են այն ամենահաճախակի հիվանդությունները, որոնցով տառապում են ձեր այցելուները:
Բժիշկ.- Օ՜, դրանք բազմազան են: Ինձ այցելող հիվանդների մեջ կան ծանրացած սրտով մարդիկ, դատարկ փորով մարդիկ, արանքը ճղող մարդիկ, ոմանք տրաքվում են կամ պայթում, ոմանք էլ, տրորվելիս` օձի պես գալարվում են: Կան չորստակ ծալվածներ, ոմանց էլ սպանել թողել են: Ոմանք ծիծաղից տակներն են շռում, մյուսներն այլևս սիրտ չունեն, քանզի սրտները թափել են: Ոմանց արյունը խփում է դեմքին, այլոց էլ գլուխներն են սղոցել: Շատերը շուտ են տաքանում կամ ամեն ինչ տեսնում են սև, ոմանց այլևս ներվ չի մնացել: Շատ են այն այցելուները, որոնք մշտապես խումհարի մեջ են: Կան, որ ծնկաչոք վիճակում են, քանի դեռ սրտները կոտրված չեն:
Շատերը փչացել են կամ ծախվել: Ես ոչ մի դարման չունեմ նրանց համար, ովքեր հալից ընկել են: Կան նաև իրենց մեջ ուռածներ, չհաշված` փշոտներին:
Հիվանդներ էլ կան, ում հոտառությունը սրված է, և նրանք, ովքեր դրանից ընդհանրապես չունեն: Ես բուժում եմ հիվանդների, ովքեր իշուն քեռի են ասում, ետին մտքեր ունեն, հիվանդներ, ում աչքերը չգիտես որտեղ են: Ունեմ հոգեկան հիվանդներ, ովքեր խելագար ծիծաղ ունեն, արատավորներ, որոնք հետույք են լիզում: Հիվանդներ էլ կան, որ մի գուխ կոնծում են կամ իրենց արյունն են պղտորում, քանի դեռ ոտքերը չեն տնկել: Կան Բուրիդանի ավանակներ, և վճռականությունից այրվողներ, չհաշված` տաք գլուխներին: Կրքերից հալումաշ եղածներ...
Ես ընդունում եմ նաև հրեշների, ովքեր մտերիմ են խաղում, կամ կոկորդիլոսի արցունք թափում, կամ էլ չոր գլուխ ունեն, սառցե սիրտ, անկշտում աչքեր, իժի լեզու...
Մարի-Ժաննա.-Ա՜, ուրեմն դուք անասնաբո՞ւյժ եք նաև:
Բժիշկ.- Մի քիչ...անճոռնի ճտերին ու կաղ սագերին բուժել հնարավոր չէ: Բայց ես բուժում եմ անուղեղ հավերին ու գրասենյակի առնետներին:
Մարի-Ժաննա.-Իսկ ներարկումներ անու՞մ եք նրանց:
Բժիշկ.-Այո, նրանց մեծ մասի արյունը լրիվ ջուր է դարձել: Ես նրանց ներարկում եմ սառն արյուն կամ տաք արյուն, նայած...
Մարի-Ժաննա.-Ի՞նչքան են հիվանդները ստիպված լինում վճարել մեկ օրվա բուժման դիմաց:
Բժիշկ.-Կլորիկ գումարներ: