فارسي

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ` ՎԱՀԵ ԱՐՄԵՆԻՑ

  |  


Պարսկերենից թարգմանեց՝ Էդուարդ Հախվերդյանը


Փոքրիկ գաղտնիքներ


Հացթուխ գնչուի և մոր մերձեցումից
Նա հայտնվել էր այս աշխարհում...
Սա ինքն էր ասում:
Գաղտնիքները այնքան պուճուր էին,
Որ գոյություն չունեին...
Երբ կողքիս էր
Խաղում էր իր տիկնիկների հետ,
Մի օր ծիծաղեց և ասաց.
-Երեխա ժամանակ
Խաղում էի անդամներիս հետ...

Ափս դատարկ է

Ստում էի,
Խաբում էի մայրիկիս.
-Էն Աստված՝
Ափս դատարկ է:
Ստում էի,
Որպեսզի չկորցնեմ հանկարծ
Աստծո գրպանից գողացած
Կրակե ապակեգունդը...

Տեսնո՞ւմ ես, մայրի'կ,
Դեռևս ասում եմ.
-Էն Աստված՝
Ափս դատարկ է...

Խաբեություն

Հնչում է հիմներգը.
Բոլորս ոտքի ենք կանգնում,
Ժպտում ենք
Եվ արտասվում ենք...

Հիմնը ավարտվում է,
Սակայն դեռևս կանգնած ենք.
-Աթոռները գողացել են,
Հողն էլ վաճառել են
Այլևս տեղ չունենք նստելու համար...

Արմենի տխուր գրառումները
(երրորդ պատկեր)

Ինչ տխուր է
Ժամացույցի սլաքների ձայնը
Հին արկղում,
Որի փականի բանալին
Տատիկը գրպանում դրեց
և իր հետ տարավ:

Խենթություն

Հիմա արդեն
Բանաստեղծություն գրելը դյուրին է,
Դյուրին ինչպես անցանկալի ծնունդը,
Դյուրին ինչպես օտարականին սրտակից դառնալը,
Դյուրին ինչպես թշնամու ձեռքով սպանվելը:

Հիմա արդեն
Բանաստեղծություն չգրելն է դժվար,
Դժվար ինչպես նորածնին թաղելը,
Դժվար ինչպես չմտերմանալը մի հրեշտակի հետ,
Դժվար ինչպես պատերազմում սպանելը՝ ողջ մնալու համար:

Հիմա արդեն
Բանաստեղծ լինելը խենթություն է,
Խենթություն...

 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)