Գրիշ Դավթյան
Սիրով զինավառ
Ահա եկել եմ մասնակցելու
Այս կռվին,
Զի զինավառ եմ իմ սիրով,
Այլ ոչ սրով,
Որ ավարտին
Ժանգում է արյան ճապաղով:
Իսկ սերը
Միշտ էլ ջերմանում է համբույրներով
Ու ավարտին
Քաղցրահամն է պահում շուրթերին:
Թող փայլատակի իմ սերը
Այս կռվի ասպարեզում,
Որ կյանքս է,
Որ չիմանալով սկսեցի
Եվ շարունակում եմ բնազդով,
Ավելի ամուր ու դիմացկուն
Քան մտադրությունը,
Որ մոռացվում է.
Քան կամքը,
Որ թուլանում է:
Սիրվտում եմ կյանքի հետ,
Հասնում եմ գինովության.
Ճաշակում եմ հեշտանքը
Արբեցումի ու վայելքի...
Զինավառ եմ իմ սիրով:
Այս դալարությունը,
Որ ուռճանում է գրկումս.
Վայելում եմ:
Այս սիրունն ու քնքուշը,
Որ կին քաղցրությամբ մոլորեցնում է:
Մոլորվում եմ:
Զավա՜կ... շարունակությունս,
Որ սնում եմ.
Որ զինավառ է սիրով,
Ու շարունակում է բնազդով:
Այս մտահոգությունները,
Որ... չէ,
Դեռ չեմ խեղդվում...
Վանում եմ:
Բոլոր չհիշողություններս
Մոռացության արդյունք չեն,
Մտահանությամբ եմ նվազեցնում
Սրտմտություններս...
Ծաղկումի,
Հասունության,
Թառամության,
Զառամության
Մի հոյակապ սլացք,
Որ վատնում եմ զինավառ սիրով:
Գլենդել, Կալիֆորնիա
2009-12-05
Վարակված
Դու այնքան անփույթ ես,
Որ չես հիշում գեղեցկությունդ,
Եվ այդպիսով իսկ
Մնում ես ինքնավստահ
Ու ցանկալի...
Քո շուրթերին
Թովչության մի ժպիտ կա,
Որ անկարելի է համբույրով իսկ
Խանգարել...
Չի լինում,
Չի լինում հիշեցնել քեզ,
Կամ խանգարել ժպիտդ:
Քո աչքերում
Երազանքի մի գաղտնիք կա,
Որ երբ մոռացությամբ կկոցում ես,
Հասնում է հորիզոնին:
Գարնանային անծանոթ մի ծաղկի
Բուրմունք է թափվել վրադ,
Չեմ կարողանում ազատվել
Բույրիդ հրապույրից:
Ցանկությանս տատրակները
Թառել են լանջիդ տաքուկում...
Վախենում եմ նայվածքով իսկ դիպչել,
Որ խուճապի չմատնվեն,
Որ մեղավոր չզգամ:
Անհուսալիորեն վարակված եմ
Գեղեցկությամբդ,
Ժպիտովդ,
Գաղտնիքովդ,
Բույրովդ
Ու ցանկությամբս...
Ցանկությամբս...
Գլենդել, Կալիֆորնիա
2009-12-07
Առուն
Վառ երևակայությամբ
Ու մանկության հուշերով
Առուն հոսում է իմ մտքում,
Որ հոսում էր մեր փողոցով...
Ամառային ջերմ օրը բացվում էր
Գալիքների օրհնությամբ,
Որին անգիտակից միամտությամբ
Թերթում էինք օրն ու գիշերը,
Մեր օրավուրը:
Մենք աճում էինք
Եվ քաղաքը զարգանում էր:
Զարգացումի հետ եկան
Քաղաքապետարանի բանվորները
Լայնացնելու փողոցը:
Քանդեցին,
Լցրեցին,
Հավասարեցրին առուն քարուհողով
Ու ասֆալտապատեցին:
Առուն
Որի ափերին խաղացի մանկությունս
Հիմա հոսում է իմ մտքում
Նույն մեղմօրոր խոխոջով,
Որ պատմում է հեքիաթներ.
Նույն զվարթ փսփսոցով,
Որ գաղտնիքներ է բացում.
Նույն քչփչոցով
Որ բամբասում էին աղջիկները...
Փողոցի տաք հողերի մեջ
Խաղում էի,
Լվանում էի հողոտ ձեռքերս
Զուլալ առվաջրում.
Ոտքերս պաղ առվաջրում
Զովանում էի
Ամռան շոգում:
Զովությունը պսպղում էր
Շոգ ար¨ի տակ,
Առուն հոսում էր:
Ու չէի նկատում,
Որ մանկությունս Է հոսում
Առվի ջրերի հետ
Զով ու զուալ...
Զով ու զուլալ...
Գլենդել Կալիֆորնիա,
2009-12-11
Աստվածային շնորհով
Հիմա, որ
Աստվածային արարչությամբ
Ծնվել եմ,
Եվ կյանքը պարունակում է
Այս բոլոր բարիքները.
Ջանքերը,
Վայելքները,
Աշխատանքն արդար.
Թող լինի հաճույքով
Ու առանց ցավի,
Ինչպես արարեց Աստված,
Ստեղծագործական բավարարությամբ,
Ախորժությամբ, արդյունավետությամբ,
Որ լինի լավ ու ցանկալի,
Քաղցր, փափուկ ու համով,
Ինչպես խնձորը այտերիդ,
Որ կծում եմ.
Ինչպես գուլինարը շուրթերիդ,
Որ խփշտում եմ.
Ինչպես մախմուրը կոնքերիդ,
Որ շոյում եմ,
Որ ճմոխում եմ.
Ինչպես ծիրանահամը ծոցիդ,
Որ արբեցնում է...
Հավիտյանս ամեն:
Գլենդել Կալիֆորնիա,
2009-12-12