Գառնիկ Արունց Սարգսյան
Լեզուս ինչո՞վ կտրեմ
Այնպես ես նայում քո խեթ հայացքով,
Կարծես սաստում ես, որ էլ չխոսեմ:
Կարելի՞ է խոսել, ասա՛,
Չե՜մ համբերում...
Ու չեմ սպասում պատասխանիդ ու ասում եմ,
Որ արևը գործազուրկ է, երբ ժպտում ես,
Որ լուսինը ամաչում է, երբ կոպերդ թրթռում են,
Որ վաղորդյան ցողը մաքուր իմաստ չունի,
Երբ մատներիդ շաղն է դիպչում ծաղիկներին,
Որ աստղերը պիտի այնքա՜ն դեռ խտանան,
Որ մի նշույլ հույս ունենան
Քեզ հետ չափվել անհասությամբ,
Տիեզերքն էլ անեզրությամբ ո՞նց հիանա,
Երբ աչքերիդ խորությունը ավելի է անծայրածիր,
Որ բնության ոչ մի շառաչ,
Տիրական չէ ու զրնգուն,
Ինչպես ձայնդ, թեկուզ ցածր ու դողդոջուն...
Ինչպե՞ս լռի անպատկառս,
Երբ չի կարող չհիանալ այս ամենով...
Լեզուս ինչո՞վ կտրեմ, ասա՛,
Որ նույն բանը չանեն հետո խեղճ մատներս...
Թե՞ սուս մնամ,
Հիմա ասա,
Բա ի՞նչ անեմ...
Դու ինձ փորձու՞մ ես
...Եթե փորձում ես,
Ապա հիշեցնեմ,
Որ բաց ծովի մեջ,
Փոթորկի ժամին
Չեն փորձում քամու
Ուժգնությունը
Առագաստներով...
Ի՞նչ իմաստ ունի գլուխդ լցվել
...Բայց ես չեմ ուզում գլուխդ լցվել,
Այն էլ բառերով,
Եվ շարունակել մնալ միշտ նույնը`
«Հաճելի մեկը»
(Դեռ դա էլ շա՜տ կասկածելի)
Լինել այդպիսին, առաջ չգնալ:
Գիտե՞ս` զզվել եմ միայն լինելուց
Հաճելի, բարի, մարդասեր,
Մի քիչ էլ խելոք, նվիրված, ներող...
Թու,՜ դե զզվել եմ...
Այդ չարաբաստիկ
Հիմար վիճակս ինձ զայրացնում է...
Տատս ասում էր, թե ես քարայծ եմ
(Փոքր ժամանակ խաղալու տեղակ,
Մագլցում էի քարերի գլխին)
...Ու մինչև հիմա դեռ այդպիսին եմ`
Հանգիստ չեմ մնում...
Եվ այս ամենը իհարկե առանց քեզնից հարցնելու...
Ոտքի վրա վատնում եմ պարապությունս`
Խորհելով ոչ այնքան քո գոյության մասին
Եվ մեր իրար պատահելու,
Որքան իմ հրճվանքի անհեթեթության
Եվ այն պարապության,
Որը հիմա իմ ամենածանր զբաղմունքն է...
Դու լցնում ես իմ դատարկությունը
Քո դատարկությամբ,
Եվ ավելի ու ավելի է մեծանում այն,
Ինչը բառացի կոչում են կարոտ,
Իսկ ձեռանց` կարիք...
Կարիքները շատանում են, երբ
Մարդ վատնում է եղածը...
Բայց կարիքները նաև
Ստիպում են գտնել հնար:
Ես վատնել էի... ու հիմա հնարը դու ես...
Ոտքի վրա, կանխորոշված պարապը վատնելով,
Ենթադրում եմ,
Որ հենց կրկին հանդիպենք,
Ես կգրկեմ քեզ այնքան պինդ, որ կցավեվնեմ մեջքդ
Ու կհամբուրեմ ձախ այտիդ այն հատվածը,
Որը ամենամոտն է շուրթերիդ`
Այդ պահին ընձեռնված հնարավոր տևողությամբ:
Մտածում եմ, որ գուցե դու այդ պահին
Իմ անսպասելի արարքից կշփոթվես
Ու մինչ վճռես ինչպես վարվել,
Ես կզգամ մատներիդ հպումը ծոծրակիս,
Ու շնչառությունդ ձախ ականջիս տակ...
Ճիշտ է, այդժամ ես կհասկանամ, որ համբույրս ընդհատվել է,
Բայց կհայտնաբերեմ, որ ինձ գրկել ես...
Չարաճճի ժպտում եմ ու շտապում դեպի քեզ...
Հավատալու փորձ
Արածիս համար չզղջալու ուժս
Վատնում եմ ահա
Չհավատալու հակումս իմ մեջ խեղդելու
Անօգուտ փորձի վրա...
Մինչ բախտիս հիշողությունն
Իր չարաբաստիկ փոսն է լցնում
Իմ հիասթափությունների որոտներով,
Ես դարձյալ հավաստիանում եմ,
Որ էլի չկա առիթ հավատալու...
Բայց ես այնքա՜ն եմ ուզում հավատալ,
Որ հավատի մասին բանաձև եմ անգամ հորինել,
Որտեղ հավասարումից ձախ
Անցյալում ցրածներս են,
Իսկ նրանից աջ`
Գալիք փլուզումները դատարկությանս...
Ներկան էլ տեղադրել եմ
Անհայտների փոխարեն...
Արածիս համար չզղջալու ուժս
Անտանելի աճում է...
Քեզանից անկախ, առկախ իմ կամքից
Իմ բանարարումը հոգիդ քորելու խրթին միջոցն է,
Բայց զգույշ քորիր`
Հանկարծ չպատռես գաղտնակարերդ
Ու վերքեր չանես...
Ես սովոր եմ գարունը գրպանումս պահել,
Ու ճակատս երբեմն սրբել ծովերից...
Երկնքով փաթաթել գարնանաչափ մարմինս
Ու քեզ հետ խոսել Գառնիկերեն...
Իմ աչքերը քո հոգու վեկտորներն են
Մատներս` երազաշիվերդ...
Ու ինձ հետ լինելով`
Դու քեզ միշտ գարուններ ես խոստովանում...
Ես միշտ քո խտությունն եմ
Ու փոփոխվում եմ հաճախ
Քո իսկ ջերմությունից...
Իմ բանարարումը հոգիդ քորելու խրթին միջոցն է
Այս պահին և միշտ, հավիտյանս...
...Իսկ Ես բնության ընծան եմ աշխարհին,
Ինձ ոչ մերժել է կարելի,
Ոչ չհավատալ...
Քաշովս մեկ ու մատներիդ հաստությամբ գարուն է նստել սրտիս...
Գարունը ինձ ի՞նձ ինչ:
Գարունը թող ձեզ լինի.
Ես առանց նրա էլ, սիրում եմ արդեն...
Ես ձախ ձեռքով եմ նկարում քո գոյությունը ինձ մոտ,
Իսկ աջով խանգարում եմ սիրո չեզոքությանը միջամտել...
Ես չարանում եմ անափ չարությանս հանդեպ
Ու մանուկի հանդեպ չարաճճի` սրտիս թիկնած...
Ես ձախ ձեռքով եմ ձեռքդ բռնում ամուր.
Աջս խոնարհում եմ գոյությանդ...
Ես ճաշակել եմ երևի
Աշխարհի բոլո՜ր երազները արդեն...
Շոշոփել եմ բոլոր եզրերը սիրո` փափուկ, թե կարծր...
Ու ջլատել սթափությունս կյանքի հանդեպ
Երազներով իմ սնվելու փորձից համառ ...
Ես ձախ ձեռքով եմ ընձեռնվում քեզ.
Աջով ցույց եմ տալիս ճանապարհը...
...Ես դեռ կիսատ, ծվատ
Ու դեռ հյուծված եմ հետդ խաղում,
Հաղթիր ինձ, գարուն, քանի քնած եմ...
Դուք չե՞ք հոգնել, մարդի՜կ, բանակցային սիրուց...
«Խաղ Ասպետական առ Օրիորդն...»
Դաստակերտդ պատսպարիր.
Ես կարող եմ այն գրավել,
Բայց խղճում եմ տանջված խղճիս
Ու չեմ ուզում քունն հարամել:
Մատույցներդ մի քողարկիր.
Ես հասել եմ արդեն այնտեղ,
Բայց չեմ ուզում քեզ ավիրել,
Որ իմ գութը չաղավաղեմ:
Դարպասներդ մի նորոգիր,
Չես արգելի ինձ թռչելիս:
Համ էլ դու միշտ քո ամրոցում,
Քո ամրոցից դուրս չես գալիս:
Ապարանքդ քեզ կմնա,
Իզուր ես դու այդպես վախում,
Բայց դու էլ հո միշտ չե՞ս մնա,
Անտեղի ես քեզ ափսոսում:
Դաստակերտդ պատսպարիր,
Հետո չասես, թե չեմ ասել,
Ու որքան էլ խղճամ խղճիս,
Էլ չեմ կարող չգրոհել: