Լիլիթ Միրիբյան
***
Ինձ ստիպում ես նորից գրել,
Նորից բառերի քաոս-աշխարհից
Գտնել երազներ, հեքիաթներ լուսե
Ու ընծայել քեզ։
Ինձ դարձնում ես կամքիդ գերին,
Դարձյալ ստիպում լուսնի շողերից
Հույզեր ու հույսեր նրբահյուս անել
Ու ընծայել քեզ։
Ուզում ես ու՞ժը խոսքերիդ փորձել,
Իմանալ՝ արդյոք հասե՞լ է ժամը,
Վայրկյանն իններորդ կոչվող ալիքի,
Որի կտավը միգուցե մի օր
Պիտի զարդարի քո շքեղաշուք
Ննջարանն անտի...
Ինձ վտարու՞մ ես մտքերիդ ծովից,
Մի՞թե չես փորձել մագնիսի ուժը
Մոլեգնած հոգուս,
Թե՞ վստահում ես խոսքերիդ ուժին...
Տե՛ս, չսխալվես,
Չէ՞ որ կարող եմ իմ լույս բառերով
Սանսկրիտն հոգուդ հանգիստ վերծանել,
Վերածել սիրո անմեղ հնչույթի
Ու... ընծայել քեզ։
***
Նորից լուսացավ.
Լույսն առավոտի արցունք է թափում.
Այս առավոտը կրկին տխուր է,
Որ լուսանում է...
Իսկ ինձ թվում է,
Թե պատուհանս մեկը թակում է.
Ներս գալ է ուզում, որ չթրջվի
Արցունքով լույսի...
Նորից լուսացավ.
Պատուհաններս արագ բացում եմ.
Ու ներս է ընկնում արցունքաշաղախ
Լույսն առավոտի...
***
«Դու»-ն անձնակա՛ն,
Ո՛չ, անորոշ դերանուն է ...
Անհայտություն, կորած երազ,
Անմահ անուրջ, անհասությու՜ն ...
Այդ ո՞վ ասաց՝
«Դու»-ն անձնական դերանուն է։
Թե հզոր ձայն ունենայի,
Ձայնալարիս ամբողջ թափով կգոչեի.
-Սու՜տ է, սու՛տ է,
«Դու»-ն անորոշ դերանուն է ...
Գիշերային լուսնոտ է «Դու»-ն,
Իրիկնային մղձավանջ է,
Հույսով լցված բաժակ է
«Դու»-ն,
Գինով հարբած ուրվական է ...
-«Դու»-ն անձնական դերանու՞ն է,-
Ձեզ ո՞վ խաբեց ...
Դեռ չգրված,
Բայց լավ հիշվող տողեր է «Դու»-ն,
Ձայնից զրկված,
Բայց գոռացող աղմուկ է «Դու»-ն,
Արցունք դարձած,
Սառցակալված ողբերգ է «Դու»-ն,
Աղոթք դարձած,
Բայց անհավատ մրմունջ է «Դու»-ն ...
-«Դու»-ն ինչպիսի" դերանուն է ,-
Հարցնում եմ ձեզ։
-«Դու"»-ն՝ անձնական։
-Անձնակա՜ն է, ոչ մի կասկա՜ծ ...
Դուք խաբվա՜ծ եք ...
***
Ես չգիտեի,
որ դեռ կարող եմ
իմ խենթ ու խելառ
երազանքների
ոսկե մակույկը
դեպ բաց ծով հանել։
Ես չգիտեի,
որ մի ողջ գիշեր,
երբ փոթորիկը
գինի կքամի
սրտիս զարկերից,
նավահանգստի
ու փարոսների
փրկարար լույսը
ինձ չի էլ կանչի։
Ու չգիտեի,
որ երբ պայքարը
իզուր է դառնում,
քաղցր է թվում
անպայքար մահը...
***
Գիշերի լռությունը բաժակիս մեջ է,
Գիշերի լռությունը սենյակիս մեջ է.
Կարոտ է անունը նրա։
Ձյան մեղմությունը շուրթիս վրա է,
Ձյան մեղմությունը կոպիս ներքո է.
Ու Ձայն է անունը նրա։
Անհայտի շշուկը ինձ այնքան մոտ է,
Անհայտի շշուկը և՛ համ է, և՛ հոտ է.
Համբույր է անունը նրա։
***
ՄՈՐՍ
Եկել է պահը վերջին,
ու ես անզոր եմ,
Մարում է կյանքը մոմիս.
Ամենազորն է,
Աղոթք շշնջալ եմ փորձում.
արդեն իզուր է,
Հույսերս անդունդ են ընկնում.
բոլորն էլ զուր են...
Եկել է պահը վերջին,
ե՛ս էլ անզոր եմ,
Մարում է կյանքը մոմիս,
լույսերս ու՞ր են...
ՍԵՐ
Մերկացող մարմնով
Հիվանդ պչրուհին շողարձակում է .
Ծովն է։
Տենչանքով նայում,
Եվ շրթունքներին արև է կաթում.
Սարն է։
Սպիտակը կապույտ,
Մանուշակագույն երանգ է հագնում.
Սպասումն է։
Աչքերի խորքում
Արցունք է թաքցնում, ժպիտ է եղծում.
Կարոտն է։
Երկինքս դողում,
Ամպս ծանրանում, գորշն է արթնանում.
Ցողն է։
Գետս ծովանում,
Հոգիս վարարում, սիրտս հեղեղում.
Սերն է...
***
Մոմն արտասվում էր...
Բառեր չկային,
Մենք խոսում էինք առանց բառերի.
«Այնտեղ, որտեղ սրտերն են խոսում,
Բառերն հալվում են»։
Մոմը լալիս էր,
Մոմե արցունքը սահում էր ներքև
Եվ լճանում էր սեղանիս վրա,
Գծում պատկերներ, հետո մաքրում էր՝
Միանալով մոմն ի վար սահող
Այլ արցունքների ու... սառցակալվում...
Մոմն անձրևում էր,
Բայց դու գնացիր...
Չխոսեցինք, չասացինք բառեր,
Որոնք մոռացվեն.
Մենք լռում էինք.
«Այնտեղ, որտեղ հոգին է խոսում,
Խոսքերը զուր են»։
Մոմը հազիվ էր զսպում հառաչը,
Մոմը խոսում էր առանց բառերի.
Մոմե խոսքերը պետք չեն ոչ ոքի,
Իսկ այնտեղ, որտեղ արցունքն է խոսում,
Բառերն անզոր են...