Literary Bridge

www.lit-bridge.com
Տպել

ԲՌՆԿՎԱԾ ԱՄԱՌ

Գրիշ Դավթյան


Իմ տաք սիրուց է շոգում ամառը,
Հույզերիս բովից թեժ է ու բորբոք.
Արևն ընկել է սրտիս անտառը,
Սիրո հրդեհ է գցել անողոք։

Աչքերդ արևից չի լինում ջոկել,
Այնպես շողում են սիրո հրատով.
Այդ իմ սիրուց են խարույկներ վառվել
Աչքերիդ խորքում ամառվա տապով։

Ամառը շոգ է իմ սիրո բարկով,
Ջերմ է գգվանքդ, ու գիրկդ տաք է.
Սիրտս բացվել է երկնքի լայնքով,
Սիրուս կրակը ամռանը շա՜տ է։

Սիրուս վառքից է ամառը շոգում,
Տարերքիս եռքով ալիք է տալիս.
Ծովը գրկիս մեջ խորքից է հորդում,
Կապույտ հեքիաթով հեղեղում հոգիս։

Ամառն ընկել է սիրուս կրակը,
Քո սիրուց է, որ կարմիր է կտրել.
Էլ ես չեմ զգում ամառվա տաքը,
Սրտիս քուրան է ամբողջ բռնկվել...

Գլենդել, Կալիֆորնիա,
1999,07,24