Literary Bridge

www.lit-bridge.com
Տպել

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Մարտիրոսյան


* * *


Ասում են, թե Հրաշք չկա,
Ապա ի՞նչ է ծնվելը:
Ասում են, թե Հրաշք չկա,
Ապա ի՞նչ է շնչելը:

Կարծում են, որ Հրաշք չկա,
Բա ի՞նչ է Քեզ տեսնելը:
Թվում է, թե Հրաշք չկա,
Ասա, ի՞նչ է սիրելը:

Ասում են, թե Իմաստ չկա,
Ապա ի՞նչ է փնտրելը:
Ասում են, որ Իմաստ չկա,
Բա էլ ի՞նչ է գտնելը:

Կարծում են, թե Իմաստ չկա,
Բա ի՞նչ է հանդիպելը:
Թվում է, թե Իմաստ չկա,
Սակայն զուր չէ սպասելը:

Ասում են, թե Ճամփա չկա,
Եվ հեռու են սարերը:
Ասում են, որ Ճամփա չկա,
Եվ զուր են ճրագները:

Կարծում են, թե Ճամփա չկա,
Դեպի հոգու խորքերը:
Թվում է, թե Ճամփա չկա,
Եվ ի զուր են խոսքերը:

Բայց չէ, հաստատ, Աստված վկա,
Շատ հեռու չեն սարերը:
Չէ, չէ, գիտեմ, Աստված վկա,
Որ զուր չեն ճրագները:

Հաստատ գիտեմ, Աստված վկա,
Դեռ կլսվեն խոսքերը:
Որ կտանեն, Աստված վկա,
Դեպի հոգու խորքերը:

* * *

ժամանակն է կաթում
Եվ անդարձ գլորվում
Անդունդներն անցյալի:

Նա իր հետքն է թողնում
Մեր սրտին, մեր հոգուն,
Ու տրվում անցյալին:

Ժամանակն ենք հաշվում`
Եվ անդարձ գլորվում…
Ու փնտրում ցանկալին:

Ժամանակն է կանչում
Մեր սրտին, մեր հոգուն,
… Ո՞րն է մեր ցանկալին:

Եվ անձրևն է կաթում
Ու անդարձ գլորվում
Հեռուներն աշխարհի:

Եվ արևն է թափվում
Ու անդարձ մխրճվում
Մութ ձորերը դարի:

Դեռ հեռուն ենք թռչում,
Դեռ հեռվում ենք փնտրում
Մեր սրտի ցանկալին:

Եվ դեռ մեզ չենք տեսնում,
Մեզ խաբում, մեզ կեղծում
Ու կորցնում ցանկալին…

Այս գարուն

Այս գարուն կարծես
Նոր խոնովացած ծառի սերմ լինեմ,
Որը սակայն դեռ վախում է ծլել,
Վախում է կրկին պաղ ցրտով հարվել:

Այս օրում կարծես
Ինձ վերագտած մի անձրև լինեմ,
Որը վախում է հանկարծ դադարել
Եվ Հուր Արեգից չծիածանվել:

Բայց գիտեմ` գիտե՞ս,
Որ պետք է հաղթեմ վախին և լինեմ`
Մի ծիրանենի: Եվ ծաղկունք բերեմ,
Եվ կյանքից, սիրուց անընդհատ արբեմ…