ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ ՄԱՅՐԱՄՈՒՏԻ


Նաիրա Հարությունյան

(Բանաստեղծություններ «ՆԿԱՏՈՒՄՆԵՐ» գրքից)

***

Ես այդպես էլ երբեք չեմ իմանա
Ինչ է պատմում ծղրիդը.
Ես դա միայն կարող եմ ենթադրել
(Եվ այն էլ` ըստ իմ տրամադրության,
անշուշտ):
Իսկ չէ որ դա այնպես վիրավորիչ կլիներ
նրա համար:


***

Եվ եթե կտավի
Շրջանակն է միայն գնահատվում,
Ո՞վ է մեղավորը.
Գնահատո՞ղն արդյոք,
Թե՞ կտավը ինքը:
Երկու դեպքում էլ տխուր է:


***

Ապրում էր ծառը:
Նա քարերի միջով
Խորունկ արմատներ էր ձգել հողում:
Հետո այն կտրեցին...
Իսկ արմատները դա չգիտեն
Եվ քամում են հողը`
Մի ինչ-որ կոճղ հաստացնելու համար:


***

Այնպես գորշ է հողը,
Միապաղաղ, տարտամ,
Մինչև անգամ` առանց հիշողության,
Ասես այդ ինքը չի աճեցըրել
Այն ծաղիկները...


***

Մինչև վերջ իջնելուց հետո
Բարձրանում է մամլիչը.
Եվ դաջվածքն իրեն... լավ է զգում:
Այն, ինչ նա զգում է,
Նման է նույնիսկ... ազատության...


***

Նա թիթեռ էր ծնվել.
Իսկ ամբողջ օրը
Անձրև եկավ...


***

Կղզին ափ ուղարկեց
Բոլոր նավակները`
անվերադարձ...


***

Եվ երբ ջուրն է ծարավ,
Տխրությունդ լուրթ է ու
Թափանցիկ...


***

Ծառերն արդեն ծաղկել են`
Ասում են տնեցիները.
Ասում են դա այնպես գեղեցիկ է...


***

Եվ ամեն երեկո
Օրվա ամենագեղեցիկ թիթեռը
Մեռնում է
Լույսի հանդեպ սիրուց:
Եվ ամեն գիշեր
Լույսի անստվեր խղճին
Թիթեռնակերպ ևս
Մի ստվեր է ծանրանում:


***

Հրեշի կրծքի տակ
Նույնպես սիրտ է խփում:
Եվ երկուսի համար էլ դժվար է:


***

Նրանք արթնանում են իրենց արձաններում
Վերջին աղոթողի հեռանալուց հետո.
Ուստի` չեն ձանձրանում
Եվ... անմահ են ուստի:


***

Եվ ամեն, ամեն ինչ հասկանալուց հետո
Քեզ ոչինչ այլևս չի մնում անելու,
Քան..... մի անգամ ևս ամեն ինչ հասկանալ...


***

Ամենևին էլ ո´չ իմաստնության,
Այլ թախիծի մեջ է
Շքեղության գաղտնիքը մայրամուտի:


***

Ամպերը գիտեն
Ցավ չպատճառելու
Գաղտնիքը թանկ:
Գնամ նրանց հետ
Ու աշակերտեմ...

 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)