ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՂՔ

Գրիշ Դավթյան

Մանուշագույն անուրջներով
Ու թառանչով տրտմաթախիծ հուշերի
Վերհիշում եմ հին ու խարխուլ,
Ավեր գյուղի վեհ խորհուրդը գիշերի...

Արփին ոսկե իր շողերը
Արևմուտքում շառագունած պատանեց.
Ստվերների ծվեն-ծվեն,
Գորշ ոհմակը անմեղեդի ժամանեց:
Անոսր քողը սև, մթամած,
Երազների երամներով նրբաթև,
Տանիքների խոլ բաշերից անսույլ հորդուն
Նինջ բուրվառեց հևիհև,
Ու ծովացող լուսնաշողի շղարշի տակ
Դեղնած, դալուկ ու դժգույն
Հոգնած գյուղը փոշոտ ու խոնջ
Մրափ մտավ բյուր խոհերով կապտամույն:

Մենք քայլեցինք դեռ նորահերկ,
Խոր ցելերի ծփանքներով արտերում,
Ավեր վանքի խաչքարերը համբուրելու,
Հին խոստումներ մեր սրտում:

Ստվերները լուռ ձգվեցին մեր ճամփեքում,
Որպես խորհող վես քուրմեր,
Ու գավիթում խաչքարերի ծունկի եկանք
Հաշտելու սուրբ աղոթքներ.
Սուրբ աղոթքներ, լույս աղոթքներ,
Անկեղծ ու ջինջ,
Ես քեզ, դու ինձ նվիրած,
Ու երկուսիս թաքուն սերը
Անմեղության մեր սրտերում տաճարած:

Սուրբերի սին, պատրանական
Ուրուները երկնաբնակ ու լուսեղ
Երամներով մութ շրջփակում
Երկյուղեցին աղոթքներից մեր սրբեղ.
Ու մինչդեռ մեղմ սահանքներով
Ոգիները թևածեցին լուրթ վերում
Աղոթք և ուխտ մենք ավարտած
Համբուրեցինք խաչքարերը գավիթում...

Բարձր էր, սակայն, մի խաչքարը,
Վեհ ճակատը պարզած հպարտ ու ողորկ,
Ու վարդագույն մեր շուրթերը
Չխմեցին պաղ համբույրը նրա լոկ...
Թախանձեցի՜ր, քեզ օգնեցի,
Ելար, ելար ու գրկեցիր խաչքարը...
Իսկ ես ցածում անկարեկից`
Չհամբուրեցի ինձ անհաս սրբքարը:

Հետո իջար... Ու մենք դարձին
Երբ հոգնաբեկ նստեցինք ափն աղբյուրի,
Մեծ խաչքարի ցուրտ համբույրը
Քո անապակ, բորբ շուրթերից ըմպեցի...

Իցի՜վ... Իցի՜վ... Իմ հավատը
Ես համորեն մոռանայի հին վանքում,
Որ խաչքարի ծարավանքով
Չարյունեի անեղծ հույզ ու զգացում...

Նոր Ջուղա 1955/05/05

 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)