ՀԻՄԱ ԱՐՄԱՏ ԵՄ
Գառնիկ Արունց Սարգսյան
Հիմա արմատ եմ
(Սաղարթագիր)
Ես նախկին կյանքում
էպոս եմ եղել.
չեմ եղել ուրեմն,
ուրեմն չկամ...
... ու չեմ պատմվել
ես ոչ մի անգամ
ոչ մի սերնդի ավանդույթներում.
չեն հիշում ուրեմն,
ուրեմն չկամ...
..........................................
..........................................
..........................................
..........................................
... հաջորդ իմ կյանքում
ես գութ կլինեմ չարերի սրտում.
ուրեմն չեմ լինի,
բայց ինձ կհուսան...
18.06.2010
Պատմիչի թաքնված պատգամը
(Ծաղրագիր)
Ոչ թե տաղանդիվ,
Այլ հենց PRիվ...
14.05.2010
Հեքիաթ մատներիս ճտճտոցներից կամ
զգացումների համար անթարգմանելի պոեզիա,
որը իրականում բոլորովին էլ պոեզիա չի
ու ոչ էլ հեքիաթ ու ոչ էլ անիրական...
(«Լուրջ-լուրջ կատակներ» շարքից )
Ամեն անգամ
«Մեղավոր զգալու» դասաժամին
Ինքնատիրապետումը անբավարար է ստանում,
որովհետև միշտ
նա պատրաստվում է
«Երջանկության բանալին» հարցաշարին։
Հավասարակշռությունն ու հատկապես Անտարբերությունը
միշտ ծաղրում են Ինքնատիրապետմանը,
ու միայն Ցինիզմն է կարեկցում։
Բայց «Բարեհամբույր գտնվելու» շատ բարձրահասակ ուսուցչուհին
առանց որևէ լրացուցիչ վարձավճարի
բոլորին հրավիրում է կրկնելու
«Կյանքի իմաստը» առարկայի լաբորատոր հաշվարկները,
որտեղ գունավոր լույսերի համադրումով
սփրթնագույնը փոխարինվում է շիկնանքագույնի։
Ամեն անգամ
դասերից հետո
Ինքնատիրապետումն ու Հավատը
ետքայլերով անվրդով զբոսնում են
«Գալիք սիրահարների» այգում
ու կիսակրքոտ զրույցով,
«Բարեգթության կանոնները» թեմայի վերջաբանը երգելով,
խանգարում են հատկապես
առավոտները ծաղկող յասամանների
նորածին պահակներին։
Ամեն երեկո,
երբ ոչինչ նրան չի լացացնում ծիծաղելու աստիճան
և ոչինչ չի ծիծաղեցնում լացելու աստիճան,
Ինքնատիրապետումը Անհիշաչարությանը նամակ է գրում
իր՝ «Հետաքրքրությունից ճաքող սրտեր» վերնագրով
դիպլոմային աշխատանքի նախաբանից մեջբերումներով։
Գրում է, ծրարում սեփական մաշկով
և ուղարկում առանց հետհասցեի...
Առավոտյան բոլորը մի մարդու նման
արթնանում են նույն երազում,
նախաճաշում են
սպիտակ տառերով սև թղթին գրված
խաղաղության մասին
անավարտ երեք բանաստեղծություն,
խմում են եռման աստիճանից երեք անգամ տաք
երեք բաժակ չնաշխարհից բերված ծաղկաբույսերով թեյ
ու գնում բոլորովին մեկ ուրիշ
ուսումնական հաստատություն՝
ուսմունքներ ուսումնասիրելու...
01.03.2010, Երևան