ԲԱՌ ՈՒ ԲԱՆ
Գրիշ Դավթյան
Բառ ու բան
Աշխարհը մեր մտածածի ու արածի արտացոլումն է,
Որ պատկերվում է մեր առօրյայում:
Օրորիր օրորոցը քո կյանքի,
Որ մեկն է աշխարհի օրորոցներից,
Որ օրորվում է
Երկնքի լազուր գմբեթի տակ
Վայելքներով կամ տառապանքով.
Զգա՛ հովի երաժշտությունը,
Շառաչիր փոթորկի որոտի հետ,
Լեռների անշարժության ահագնությամբ,
Կամ ծովերի ծփանքի խտղըտանքով:
Օրորիր ու ապրիր կյանքդ:
Հսկի՛ր մտածումներիդ վրա,
Որովհետև դրանք դառնում են բառեր:
Հսկի՛ր բառերիդ վրա,
Որովհետև դրանք դառնում են արարքներ:
Հսկի՛ր արարքներիդ վրա,
Որովհետև դրանք դառնում են բնավորություն:
Հսկի՛ր բնավորությանդ վրա,
Որովհետև դա դառնում է նկարագիր:
Հսկի՛ր նկարագրիդ վրա,
Որովհետև դա դառնում է ճակատագիր,
Եվ ճակատագիրդ դառնում է քո կյանքը,
Քո բանը աշխարհում,
Որ ինչքան մո՛տ լինի ճշմարտությանը,
Կլինի ավելի լավ:
Գլենդել, Կալիֆորնիա, 2010-06-09
Իկեբանա
Երեկոյան շառագույնը պատուհանում,
Կապուտ, թափանցիկ մի ծաղկաման,
Մեջը վարդենու մի ճյուղ,
Մի կարմիր վարդ,
Մի կոկոն,
Մի քանի առկախ տերևներ,
Գույների ու պատկերի ամբողջություն:
Գլենդել, Կալիֆորնիա, 2010-04-03
Հուսախաբություն
Երբ նայում է նրան
Տեսնում է
Ականջները փակագծել են
Մի դատարկություն...
Մինչդեռ կարծում էր՝
Լիքն է,
Խելացի է...
Գլենդել, Կալիֆորնիա, 2010-03-16