«ՊՈՐՏԱԼԱՐԻՑ ՀԵՏՈ» ՇԱՐՔԻՑ
Գարուշ Հարյանց
Հայրիկ
գլխատիր
ազգադավին
ու գլուխն էլ
լոգարանի
աթոռ
դարձրու
ի վերջո
պիղծ աչքերը
փակ են մնալու
էլ չի տեսնի
ոչինչ
Ազատազրկում
ես
աքսորական
վեց
պատերի մեջ
ինձ հետ
արեւն ու
ստվերները
ողջ
խաչն ինձ
չի օգնի
խավարում
ստերջ
լույսն էլ
դժվար թե
շուրջս տա
բողբոջ
Ընթացք տխուր զուգահեռներով
երեկ
խոսքը
գույնը
հնչյունը
ծաղիկը
նստացույցը
այսօր
փաստը
հիշողությունը
տառապանքը
պատճառը
հետեւանքը
վաղը
վերստին
մութը
ցուրտը
սովը
ստրկությունը
եթե
քնած
մնանք
մեր
նժարի
մեջ
Բացահայտում
ակոս առ ակոս
նվաճեցինք ձեւը
թիզ առ թիզ
մոտեցանք իմաստին
բայց մնացինք էլի
մեր ստվերի գերին
ցերեկը լինելով
գիշերը չլինելով
Նամակ
ես
սպասում
եմ
թե
դու
երբ
կգաս
իսկ
եթե
չգաս
ուրեմն
չկաս
արի
որ
լինես
Տրոհում
անտառ
ծառ
փայտ
չորսու
աթոռ
թիկնաթոռ
բազկաթոռ
ճոճաթոռ
անվաթոռ
մեղադրյալի աթոռ
գահ
իշոտնուկ
Աջ կոշիկ
Ես չգիտեմ, թե դու ո՞վ ես,
սպանված ես բերանքսիվայր,
բայց կոշիկդ պատռված է,
այն էլ տակից:
Ջուր չէ՞ր քաշում
փողոցներում Իսթանբուլի,
որ նոր կոշիկ չառած՝
մեռար...
Ո՜վ Հրանտ Դինք,
ամենազո՜հ,
աջ կոշիկդ հուշում է, որ
շա՜տ ես դժգոհ:
Ի՞նչ պատահեց,
կրակեցին քեզ թիկունքի՞ց,
թե՞ ճակատից ընդունեցիր
ծովեծովը...
Ո՞ւմ փոխարեն
դու հեռացար դեպի դրախտ,
քանի՞ անգամ պիտի լինի
15 թիվ...
Պարզ թէ ոչինչ,
կա կոշիկդ աջակողմյան,
որ պատռված էլ պատմում է
հայի մասին:
Գինն ազատության
(բալլադ քրոջս՝ Թանգանուշի հիշատակին)
Իմ ավագ քրոջ հյուրն էի մի օր,
ընկղմված էի փափուկ անկողնում,
բայց քնաթաթախ վեր թռա ես, որ
լուրջ ականատես լինեմ մի բանում:
Քույրս լեղաճաք, ձայնով նվաղուն
ինձ արթնացրեց՝ աղաղակելով.
-Վե՛ր կաց, արի տես որ անգամ գյուղում
գինն ազարության մարում են խելոք:
Ու մենք վազեցինք դեպի հացատուն,
ես քար կտրեցի հենց շեմքի վրա,
գլուխ չէր հանի ոչ մի իմաստուն,
զոհը փախել էր, իսկ ոտքը նրա
թակարդի մեջ էր, կրծած ազդրով,
առ քեզ հանելուկ համաշխարհային,
ապրելու կամքը չես կտրի թրով,
թե պատկանում ես դու ապագային:
Այո, առնետը չկար ծուղակում,
նրա փախուստը եռոտանի էր,
փաստն այս հիմա էլ է աղաղակում,
զի կրծողազգին դեռ կենդանի է:
Վկայություններ
ա)
Մեր միջեւ հույս կար՝
հազիվ բնակված:
Հավատ կար, որ կորավ
ջրհեղեղի հետ:
Վերջապես սեր կար՝
ատելության թիրախ:
բ)
Մեր միջեւ ձայն կար՝
տունդարձի արձագանքով:
Հարեւանի աղջիկ կար,
որ զոռով գնաց մարդու:
Երկնաքեր բամբասանք կար
ու վախ հասարակական:
գ)
Մեր միջեւ անձրեւ կար,
որ լվանալը թողեց արցունքին:
Մեզնից ոչ ոք սուտը չմաքրեց,
ավելին՝ համարեց զենք:
Ախր, բաց էին բոլոր դռները,
պատուհանները՝ նվաճված:
դ)
Վերին արտերի սեմնացան,
հաշտեցրու մեզ նորից:
Տար քո ետեւից անխռով
սեպի գագաթը լեռան:
Այնտեղից հեշտ է ընկնել
ուղիղ խաղաղության մեջ:
Լոս Անջելես, ԱՄՆ
Կարծիքներ
«Վկայութիւններ»դ բիւրեղացած բանաստեղծութեան է հասած, ուր մտածումներդ որպէս ձեռնառումբ կը պայթին ուրոյն բոցարձակումով եւ զգացականութիւնդ սեղմ ու զուսպ՝ բայց անպայման ջերմ՝ կը վարակեն մեզ առանց զեղումներու:Սքանչելի համադրութիւն մը՝ առոյգ եւ պայծառ:Կը շնորհաւորե'մ:
Ս.Վ.
Posted by: Սարգիս Վահագն | April 19, 2010 2:09 PM