ԱՄԲՈՂՋԱՑՈՒՄ
Գրիշ Դավթյան
Ամբողջացում Ա
Հեռուն տատանվում է հորիզոնի գծի վրա
Գիծ է, գիծ չէ, հեռուն է, հեռուն,
Որ տատանվում է ,
Ծածանվում է
Մտքիս ու ցանկությանս առագաստով:
Մոտեցիր, որ չմնաս հորիզոնում,
Որ լինես սրտիս
Ու աչքերիս մեջ.
Որպեսզի համորեն սիրեմ քեզ,
Համորեն ճաշակեմ քեզ,
Որպես կյանքիս քաղցրությունը:
Սիրուդ աստղունքը առկայծում են
Զգացումներիս երկնքում,
Ջերմությունդ ողողել է գրկիս կարոտությունը,
Աչքերիս լճակներում գեղեցկությունն է քո գոյության,
Եվ քաղցրությունդ ճաշակում եմ շուրթերիս:
Խորացիր սրտիս մեջ,
Որ հասնես սիրուս հավաստիությանը,
Խորացիր,
Որպեսզի հասունանա վայելքի համը,
Համովությունը դառնա բավարարության բալասան,
Եվ ուռճացող ալիքը փշրելով
Ընդարմացնի լարումը որոնումներիս,
Ընդարմացնի լարումը որոնումներիդ:
Անդորրի օրհնության մեջ է,
Որ հասնում եմ քեզ,
Որ հասնում ես ինձ,
Որ ամբողջանում ենք տիեզերքով:
Գլենդել, Կալիֆորնիա,
2007.01.21
Ամբողջացում Բ
Հորիզոնի գծի վրա տատանվում է լուրթ հեռուն,
Գիծ է, գիծ չէ, երկրի, երկնի համբույր է ջերմ ու եռուն,
Որ տատանվում, ծածանվում է ժամանակի ալիքով,
Խոր ցանկության ու մտքերի առագաստով, գալիքով:
Մոտեցիր ինձ, որ չմնաս հորիզոնի կապույտում,
Այլ լինես իմ սրտում, մտքում ու աչքերիս վճիտում.
Որպեսզի քեզ սիրով ցանկամ, որ ճաշակեմ քո սերը,
Որպես կյանքի և ըղձության քաղցրագունած հույսերը:
Սիրուդ աստղունքն առկայծում եմ զգացմունքիս երկնքում,
Ջերմությունդ ողողել է, կարոտությունս է գրկում.
Իսկ հայացքիս լճակներում գեղեցկությունդ է լուսեղ,
Որ անուշով մեղրանում է, համբույրներով սիրագեղ:
Խոր խորացիր իմ սրտի մեջ, հասիր սիրուս հավատին,
Որ վայելքի համն ու բույրը հասունանա վերստին,
Հասնի թանձրին մեր հագուրդի, հանց գոհության բալասան,
Ընդարմացնի լարումները մեր փնտրածի սրբազան:
Անդորրության օրհնությամբ է, որ ես առ քեզ եմ հասնում,
Անդորրության օրհնությամբ է, որ դու առ ինձ ես հասնում,
Մեր հոգեկան ու մարմնական տարերքի հին խառնուրդով,
Ամբողջանում ենք մարդկորեն, տիեզերյան համույթով:
Գլենդել, Կալիֆորնիա
2007.01.23

