فارسي

ՔԵԶԱՆԻՑ ՀԵՏՈ

  |  


Մելանի


***

Ո՞ւր ես արեգակ,
Որ սիրտս բանամ,
Շողերիդ գրկում
Հալվեն հույզերը երազանքներիս.
Որ ես խենթանամ,
Անհոգ սավառնեմ
Բարձրունքներում վես.
Մոռանամ հավերժ
Իմ էությունը...

Որ ես մոխրանամ
Աչքերիդ անմար կայծերի բոցից.
Թող ինձ ողողի
Անձրևը վարար,
Եվ ինձ ուղեկցեն
Սիրո աստղերը,
Ու ես հեռանամ,
Ճախրեմ դեպի քեզ՝
Դեպի վաղեմի իմ երջանկության
Դարպասները փակ...

Ո՞ւր ես արեգակ...


***

Կուզեի այնպես նորից տեսնել քեզ,
Թեկուզ դա լիներ վերջինը մեր բյուր հանդիպումներից...
Կուզեի կյանքի հոսքը հրաշքով
Ետ դառնար հանկարծ
Ու ես վերստին
Սրտատրոփ, զվարթ
Սպասեի քեզ անամպ գիշերին,
Ուր առկայծումը բազում աստղերի
Արտացոլվում էր սիրուց վետվետող աչքերիս ծովում
Ու ոսկե անձրև մաղում սրտիս մեջ...

... Հառնում ես նորից քո ողջ հմայքով
Ու սրտիս դուռն ես բախում կարոտով...,
Մտաբերում եմ օրերն այն պերճ,
Երբ ճամփաներն էին մեր խաչաձևում.
Տենչում էինք սեր, մղվում իրար գիրկ՝
Զգալով հանդերձ, որ չկա... ավարտ:
Բայց ի՞նչ փույթ՝
Անվերջ սերն էր թևածում աչքերիդ խորքում,
Սիրով առլեցուն խոսքերիդ մեջ ջերմ ՝
Վանելով մեգը պահերիս անհույս՝
Մեր գլխին կախված
Սև ուրվականը բաժանումի բիրտ...

Տեսնում եմ նորից
Ժպիտը քո վառ,
Եվ զգում մարմնիս ողջ բջիջներով
Քո գրկի այրող ջերմությունը բորբ,
Որի մեջ հավերժ երազում էի
Մարել,
Մոխրանալ...

Կուզեի կյանքի հոսքը հրաշքով
Ետ դառնար նորից
Ու ես վերացած հանգչէի ամուր բազուկներիդ մեջ...
Կուզեի լսել քո ձայնը նորից
Ոչ թե անցյալի թունելի խորքից,
Այլ քո շրթերից.
Եվ նորից, նորից
Շնչահեղձ դառնալ համբույրիդ հևքից՝
Թեկուզ լիներ դա թող վերջին անգամ...


***

Հեռացար անդարձ իմ հորիզոնից.
Ես ընկա գիրկը անհույս մենության,
Ունայնությունը պարուրեց հոգիս
Հիասթափ, ցավոտ...

Հեռացար անդարձ,
Չքացան հանկարծ բարձրունքները վես,
Ուր ճախրում էինք անհոգ ու հպարտ...
Կյանքի ընթացքը կանգ առավ ասես,
Ամեն- ամեն բան թվաց անհեթեթ՝
Ե՛վ մղումը խենթ իրար հասնելու,
Ե՛վ երգերն սիրո,
Համբույրները ջերմ
Մեր սիրո վկա գիշերներին լուռ...
Մութ գիշերներին,
Որ աղոտանում, նահանջում էին
Քո վառ հայացքի կայծերի առջև,
Իսկ հիմա՞,
Հիմա քմծիծաղում են չարախինդ ու սև՝
Դաշինք կռելով անքնության հետ...

Հեռացար անդարձ.
Մոլեգնած սիրտս հանդարտվեց, լռեց...
Օ՛, ո՛չ, չեմ գտնում որևե իմաստ
Այսպես լինելու,
Թե՞ չլինելու քեզանից հետո...

Քեզանից հետո...

 

Կարծիքներ

Մելանիս, անուշս, անթաքույց հետաքրքրությամբ կարդացի ու... այնքան մեղմիկ ու քնքուշ ես արտահայտում թե' սերդ, թե' բողոքդ, թե' կարոտդ, թե' հուշդ, որ ինքս էլ մեղմանում, հանդարտվում եմ
Շնորհակալ եմ !!!

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)