ՏԵՍԵԼ ԵՄ...
Սոնա Սերոբյան
***
Տեսել եմ, թե ինչպես հաճախ գույն է փոխում աշխարհը,
Դառնում կեղտոտ ու գարշելի՝
Ինչպես գետինը հորդառատ անձրևից հետո.
Տեսել եմ, թե ինչպես փոխվում են մարդիկ,
Դառնում կեղծավոր ու անտանելի՝
Ինչպես ծաղրածուն բեմի վրա երկար մնալիս...
Թե ինչպես՝ լույսը վերածվում է խավարի
Անուշ երգը՝ տխուր հառաչի
Թե ինչպես արահետները կորում են մթնում սև անդնդի,
Եվ՝ մարդկանց զղջումը,
Երբ հայտնվում են դրա հատակին...
Տեսել եմ նաև հրաշքներ,
Բազում գեղեցիկ երազներ,
Արցունքներ երջանկության, որ հոսում են ակամայից,
Տեսել եմ մարդկանց աչքերում չմարող հույս ու հավատ,
Ըմբոշխնել ջերմությունը հարազատ օջախի,
Վայելել հարգանք ու սեր,
Որ չեն վաճառվում ոչ մի խանութում փոխված աշխարհի...
Եվ ուզում եմ ապրե՜լ, ապրե՜լ, ապրել ու երազել,
Նվիրել կյանքս բոլորին,
Տրոհվել անհամար մասնիկների ու
Ձուլվել սրտերին մարդկանց,
Նույնիսկ նրանց, որ հայտնվել են անդնդում,
Տառապել նրանց վշտերով ու
Կիսել նրանց անգույն ուրախությունը...
Ուզում եմ դառնալ փոքրիկ մի ծառ,
Կամ մի տերև խաղողի:
Շատ բան ես չեմ ուզում.
Լինեմ անուշ հովիկ՝
Խաղամ կանաչ դաշտերում, երգեմ բակերում,
Արևի շող լինեմ, ջերմացնեմ,
Ջերմացնեմ իմ էությամբ բոլորին...
Ուզում եմ տալ ձեզ այն, ինչ չտվեցիք դուք ինձ...