ՀԱՄԱԳՈՅՈՒԹՅՈՒՆ
Գրիշ Դավթյան
Լինել ու զգալ...
Դա մի երգ է սերտ,
Որ արբունքիդ հետ հառնում է քո մեջ
Ու սրտիդ խորքում բորբանում անշեջ.
Որ հեքիաթներ է սնում հոգեթով.
Որ փայում է քեզ կույսի ժպիտով,
Որ գիրկդ է ընկնում, սիրվտում քո հետ,
Հլու քո կամքին, տենչիդ հակամետ,
Որ համբուրում է շուրթերդ տոչոր
Ու կրքիդ հագուրդ պարգևում ծործոր.
Որ կամարում է մի հարկ քո գլխին
Ու մանկան ճիչով շահում քո հոգին։
Լինել ու զգալ...
Դա մի երգ է խև,
Որ սրտիդ ճեղքում որոմ է թաղում.
Որ պարզ հայացքիդ արյուն է շաղում.
Որ մթարում է ուղփը ուղեղիդ,
Նաև բթացնում շեղբը դատումիդ.
Որ խզում է զիլ լարը քո երգի,
Տեղը քեն դնում ու ոխ անհոգի.
Որ ընկերոջդ սիրո փոխարեն
Դավ է լարում քո ճամփին ու քո դեմ,
Որ անագորույն գարշանք ու նողկանք
Խեղդեն քո հոգին ու դնեն կապանք։
Լինել ու զգալ...
Դա մի երգ է հեստ,
Որ գրգռում է կրակ, արհավիրք,
Որ այրի չարին ու կերտի բարիք.
Որ մղում է քեզ առ խռովք ըմբոստ,
Որ փրթում է ողջ արմատ, բուն, թե ոստ,
Որ կանգնում ես դեմ հաստատվածության
Որոտում երգը հեղափոխության,
Որ սասանում է քիշը վաղեմի,
Որ արարում է հույսը գալիքի,
Որ խարխափում է, որ կթոտում է,
Որ վիհի եզրին իրեն գտնում է։
Լինել ու զգալ...
Դա մի երգ է ճոխ,
Որ օրվա շուրթին ժպիտ է բերում.
Որ կյանքին շունչ ու տրոփ է մերում.
Որ ծորում է ցած անձրևի շիթով.
Որ փոթորկում է ծովը ալիքով.
Որ հողին սերմ է նետում բեղմնավոր.
Որ քամուն երգ է շնորհում խոլոր.
Որ ծավալվում է, որ հորդանում է,
Որ հսկա ժայթքով մէկ բռնկվում է
Ու հուր է վառում արևի վրա,
Որ միջոցի մեջ ստվեր չմնա։
Թեհրան, 1973/06/30

