فارسي

ԻՄ ՓԱՐՎԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ

  |  


Գառնիկ Արունց Սարգսյան

Կենսագումար

Ամենավերևը ցածր է ավելի,
քան ոտնաթաթերիդ ազնվությունը...

Անգամ քայլելով
դու հասցրել ես
թռիչքիս ճամփան ուրվագծել
զույգ ափերիդ:
Համբուրում եմ ափերդ,
ճանաչում եմ համը...

Ես միշտ շտապել եմ...

Ես շտապել եմ,
որ բազմապատկեմ
հավատս սիրով...

Աճապարել եմ,
որ չռված ափիցս
թափվող հույզերս
քո գոգին թափվեն,
ոչ թե ոտքերիս
ու քայլս առ քեզ չհետաձգեմ...

Անգամ սպասելով
դու մոտեցար ինձ`
հետագծելով պարզություն ու միտք...

Ամենաներքևում
Ես գլխապտույտ եմ ունենում այնպիսի,
ինչպիսին ունենում են միայն վերևներում...

Ու որտե՞ղ եմ Ես...
-Արթնացիր, Լույս է...


Իմ փարվելու բանաձևը

(Գարունն եկավ և ականջիս տակ անունդ ճչաց,
Ես էլ որոշեցի այս մեղեդին պատմել քեզ...)

Մեր ափերի հպման կետից
Սկսվում է շոշափողը
Երջանկության կորագծի
Ու ավարտվում
Մեր այտերի հպման դիրքում...

Երբ դիպչում են երազներդ իմ ուսերին,
Այդ ժամանակ
Իմ ճախրանքը անխուսափ է
Իսկ վայրէջքս անկարևոր,
Որովհետև քո աչքերի դիտման կետից
Սկսվում է կորագիծը երջանկության...

Ու քանի որ ամեն դեպքում
Հրճվանքդ ակնբախ է,
Շուրթիդ գոգին ես կարդում եմ ժպիտներդ
Ու թերթում եմ իմ ծիծաղով.
Որովհետև ըստ էության
Մեզնից անկախ,
Մեր ափերի հպման կետից
Սկսվում է շոշոփողը
Երջանկության կորագծի...

Իմ կոպտության գաղտնավանկերում էլի սեր է քեզ

Դու ծնվելուդ պահին
արդեն ներել ես իմ բոլոր անփույթ արարքներս...
Թույլ տուր քո փոխարեն
շնորհակալ լինել նախնիներիդ
նման շռայլ ժառանգության համար...

Շնչելուդ պես հիշիր`
որ սիրում եմ քեզ:
Արտաշնչելուդ պես վանիր
հակառակ դեպքերը...

Իսկ հիմա լռիր,
Չէ՞ որ ամոթ է հանկարծ ծիծաղել ուրախությունից
այդքան բարձրաձայն...


Ոնց էլ վարվես

Քո հայտնության քառակուսի հավասարման բանաձևով
Գոյանում է իմ ժպիտի կորությունը...


 

Կարծիքներ

Mediocre. The emotion is artificial and unreal.

Հարգելի "հայ" գրող, գոնե հայատառ ու հայերեն գրեիք...
Եթե ընկալել եք այն լեզվով, որով արտահայտել եք Ձեր կարծիքը, ապա իրոք զլանում եմ արձագանքել...

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)