ԻՍԿ ԳԻՏԵ՞Ս ՈՎ ԵՄ
Գառնիկ Արունց Սարգսյան
Պապս Հեգելին լողով հաղթել է`
Կտրել անցնելով մեր Վանա ծովը...
Դեկարտից, Կանտից բարձր է երգել,
Ու Բեթհովենին ստիպել է խոսել...
Արիստոտելից պարտք է վերցրել
Երկու զույգ գուլպա,
Տեղը ծիրանի շիվեր է տվել...
Շեքսպիրին պապս է առաջին անգամ
Տարել թոնրատուն, որ նա տաքանա...
Մակեդոնացուն խորհուրդ է տվել`
Շատ չհղփանա ու տարիք հարգի...
Միքելանջելոն պապիս ձիերն է փորձել քանդակել,
Հուդդոնն էլ` նրա ջլուտ ձեռքերը...
Նյուտոնին պապս հետը տարել է խնձոր քաղելու,
Թողել ծառի տակ, ինքը գնացել...
Բայրոնին պապս կերակրել է,
Որ նա հայերին հետո չուրանա...
Հոմերոսի հետ ձկնորսությամբ է հաճախ զբաղվել,
Արքիմեդից էլ արագ է հերկել ցորենի արտը...
Պապս Վան-Գոգի ականջն է կտրել,
Որ Կոմիտասը շատ չքաշքշի...
Պապս Չարենցի հետ Մակու քաղաքում,
Դուդուկ է լսել, միասին հուզվել
Ու գնացել են Սողոմոնի հետ
Թալեաթին սպանել...
Երբ նախաճաշին պապս կերել է խորոված մի այծ,
Հետն էլ մի տակառ գինի է խմել,
Զարհուրել է խեղճ Մոցարտը հանկարծ
Ու թողել փախել...
Պապս մարագում գութանի խոփով,
Սրել է Դավթի սուսերը անկոր,
Մխիթար Գոշին առակ խրատել,
Քաթան է տվել Ռուբենսին այնքան,
Որ իր ողջ կյանքում նա միշտ նկարի...
Պապս մի անգամ Հազկերտին ծեծել,
Կապել է գոմի ճաքճքած սյունից,
Պահակ կանգնեցրել ամբողջ երեք դար
Մուշեղ Իշխանին ու Տիգրան Մեծին...
Դանթեն էլ պապիս քնելուց առաջ
Հեքիաթ է պատմել...
Շոպենն էլ հագի թիկնոցով պապուս
Ոտքերն է ծածկել, որ նա չմրսի...
Պապս ձեռքերն ու իր հողոտ դեմքը
Լվացել է միշտ Մաշտոցի լցրած
Սառնորակ ջրով...
Տատս` չգիտեմ...
Բայց նա էլ ծնել է
Տասներկու զավակ...
Բա դու ի՜նչ էիր սպասում ինձանի՞ց.
Ես նրա՛նց թո՜ռն եմ...

