فارسي

Ս Ր Տ Ա Տ Ա Պ

  |  


Գրիշ Դավթյան

Մաքրված Էջ

Անցյալներ կան, որ
Չեն վերադառնում
Նույնիսկ հուշերում...
Դու էլ երևի դրանցից մեկն ես։
Սև բծի նման։
Ես գոհ եմ սրտանց,
Որ սև բծի պես
էլ չես երևում
Իմ հիշողության սպիտակ էջում...

Գունատությամբ

Գունատվել են այտերդ,
Շուրթերդ թաց են,
Գրկիդ փափուկ լանջերը
Կիսով չափ բաց են...
Սիրո տենչով ես եկել,
Կպել ես կրծքիս,
Գրկիս տրոփն ես կտրել
Տիրում ես սիրտիս,,,
Դժգունել է ճակատդ
Սիրո գաղտնիքով,
Քունքերդ տաք են իղձով,
Իմ էլ տաք բաղձով։
Ես ո՞ր հեքիաթը պատմեմ,
Որ դուր գա սրտիդ,
Ու իմ սիրով փարատեմ
Դժգույնը դեմքիդ...

Ցանկություն

Ուզում եմ նստել աստղերի տակ
Ու հաշվել աստղերը աչքերիդ։
Ուզում եմ պռճոկել ծաղիկները
Ու գտնել գույները աչքերիդ։
Ուզում եմ ծվարել պարտեզում
Ու շնչել վարդերը աչքերիդ։
Ուզում եմ թափառել ծովափին
Հավաքել խիճերը աչքերիդ։
Ուզում եմ լողանալ արևում
Տաքանալ արևով աչքերիդ։
...Ու խմել բորբ համը շուրթերիդ...
Ուզում եմ...

Սրտատապ

Որ ջերմ ես ու ողորկ ես այսպես,
Թող կրկին քո ջերմով տաքանամ,
Թող ջերմին ողորկդ վայելեմ
Ու սորուն երազիդ միանամ...
Մորենի իմ սիրտը վառվում է,
Երփներանգ ցոլքեր է շաղ տալիս,
Թիթեռս բոցի շուրջ դառնամ է,
Փարվանան խանձվում է խայտալիս...
Երազը վառվում է ցոլքերում,
Լույս գցում տենչանքի անթեղին,
Երազի, տենչանքի ալքերում
Թավալվում, ւիաթաթվում բաղեղին...
Որ այնպես վառվում է կապուտակ,
Եվ այնպես երանգներ շաղ տալիս,
Թվում է անուշը քո համակ
Շուրթերիս վրա է համ տալիս...
Մոտեցիր, սեղմվիր ու զգա,
Իմ խուժող արյան հոսքը զգա.
Քա՞ղցր է, թե՞ դառն է այս արբունքը,
Որ սրտիս այսպես տապ է տալիս...

Հասունություն

Հիմա, որ հասկանում եմ ցավը,
Ըմբռնում եմ
Նվիրականությունն ու սրբությունը,
Եվ չեմ հուսահատվում.
Քանզի
Զգացումներիս աստղերը,
Որ աչքերիս լույսով են պսպղում
Երկնքում
Լուսավորում են ճամփան,
Որով ընթանում եմ սիրահարված,
Զգացումներով արբած,
Հուսալիությամբ ամրացած։
Որպիսի՜ ափունքներում եմ տեղավորվելու...
Չէ որ սերը անստվեր է
Ու չի մթագնում սրտերը
Թափթփված եզերքից եզերք,
Հորիզոնից հորիզոն...
Ես հիշում եմ այն թխադեմ աղային,
Որ ծառների ճնճղուկներին էր որսում
ճղլանիով.
Որսում էր,
Այլ չէր դատապարտում
Կամ սպանում։
Կյանքն ու մահը խաղ չէին,
Այլ պարգև էին,
Որ կամարում էին եզերքները
Եվ հորիզոնները
Ասուպների ճախրանքով,
Աչքերիս լույսով պսպղացող
Աստղերի բույլերով։
Գիշերները երազում
Ես զրկում եմ թխադեմ պարմանությանս,
Որ մուշ-մուշ քնի իմ տաք զրկում,
Հանգստանա,
Նրա հոգնություններից եմ այսպես ամրացել,
Իմաստնացել, հասունացնլ,
Զգալով ցավը,
Ըմբռնելով
Նվիրականությունն ու սրբությունը։
Կյանքը հասունությամբ է քաղցրանում,
Հասնում արժանավորության,
Որպես ջանքի ու տքնության
Զարգուն բերք ու բարիք,
Արգասիք.
Շահված օրերի բերրիություն։

Գլենդել- Կալիֆորնիա

 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)