فارسي

ԵՐԳԻ ՃԱՄՓԻՆ

  |  


Լեվոն Բլբլույան


Քառյակներ


Տե'ր, քո կանչով ե'ս էլ եկա երգելու,
Իմ կարոտի, ցավի դաշտը հերկելու,
Չարության հետ սուտն ու բիրտը հերքելու
Եվ իմ չափով սերն աշխարհում փրկելու:

***
Չեմ ենթարկվում ես անցողիկ, սուտ հովերին օրերի,
Ու չեմ դառնա այս մոդայիկ մուսաներին ես գերի,
Թող ձեզ մի քիչ ծանոթ թվան հանգն ու վանկն իմ տողերի,
Միայն` երգս ապրի ձեր մեջ, հանդիպի ձեր սրտերին:

***
Այսօր բան չի ստացվում, տողը տողի չի գալիս,
Երգս խռով է ինձնից, բառերը խույս են տալիս...
Չէ', մի ուրիշ գործ գտնեմ, չխաբեմ զուր ինքս ինձ.
Երգն իսկական երևի անակնկալ է գալիս:

***
Եթե անգամ ձեր սրտի հետ չեմ խոսում
Եվ կամ արդեն ծանոթ բաներ եմ ասում,
Ներո'ղ եղեք ի սեր նրանց, որ ինձնից
Իրենց ուզած խոսքն ու խրատն են լսում:

***
Քեզ խարդախներն համարում են միամիտ,
Խեղճերն` ըմբոստ, քծնողները` մեծամիտ,
Հպարտացի'ր, որ «պոետն» այս խրթնաբան
Անվանում է հանգաթուխ մի մանկամիտ:
***
Ամեն ինչի մասին սիրտս խոհեր ունի,
Միտքս հույզեր ունի` խինդ ու ցավից ծնված,
Ահա ինչու կյանքն իմ պարապ օրեր չունի,
Ու օրերն իմ չունեն երգեր անհայտ կորած:

***
Թող որ ոմանք պարծենան իրենց «բարդությամբ»
Կամ` նորօրյա երգերի այս... աներգությամբ,
Ոչինչ, մի քիչ «ե'տ մնա» դու ժամանակից.
Սրտեր շատ կան դեռ` կարոտ ջերմ հաղորդության:

***
Նույն սերմն ամեն հողի համար չի լինի,
Նույն դեղն ամեն ցավի դարման չի լինի.
Թեկուզ երգի արքա լինես իմաստուն,
Ամեն սիրտ քո երգի դեմ բաց չի լինի:

***
Դու չես կարող փախած տողը ետ բերել
Ցավից բաժան կամ առանց խինդ` երգ գրել,
Ինչ երգեցիր, այդ էր գուցե քեզ տրված,
Էլ ի՜նչ պոետ, թե չի կարող ... ճիշտ լռել:

***
Դու սկսի'ր, խոսքը էլի խոսք կբերի,
Մի' թող, հոգին քո համրանա, սիրտդ լռի.
Որքան էլ քեզ կյանքը խաբի, բախտը դավի,
Երգն է միայն զորեղ ընդդեմ ամեն ցավի:

***
Ես էլ մի օր անդարձ կանցնեմ, կգնամ,
Թեև... հետո գուցե ձեզ հետ դեռ մնամ,
Այնքան, որքան երգն իմ այստեղ դեռ հնչի,
Մոտ ու հեռու սրտեր իրար կամրջի:

***
Պոետական ի՜նչ հազվագյուտ «ձիրք» է նրան շնորհված,
Ո՜նց է ոխն իր երգ դարձնում, թունդ հայհոյում ներշնչված,
Հեգնում ամենն ու ամենքին տողերով իր թունավոր,
Ամեն բառը` չարությամբ լի, խոսքը` մաղձով թաթախված:

***
Սիրում եմ, երբ հանկարծ է տողն ինձ այցելում,
Անակնկալ մի պատկեր` անհայտից ցոլում...
Ոչինչ, որ փախչում հաճախ, կորչում են անհետ.
Մեկ է, այլ մի երգի հետ գալիս են միշտ ետ:

 

Կարծիքներ

Ասելիքս թող չհնչի որպես վիրավորանք, բայց եթե գրողը ասում է մի բան, որը և ասելիքի, և ոճային առումով վաղու՜ց մարսված է ու արված այլոց կողմից հազարապատիկ ավելի լավ, ուրեմն պետք է նոր գրողը լռի'... Կարծում եմ հենց մենակ Թումանյանի քառյակները կարդալուց հետո, այսպիսինները կարդալը կհամարվի ժամանակի վատնում...
Սա իմ ընդամենը իմ անձնական կարծիքն է:

Ես մեծամասամբ համաձայն եմ վերոհիշյալ տողերի հետ: Որպես օրինակ կարող եմ ավելացնել Հ.Շիրազի քառյակները նաև: Համաձայն չեմ միայն նրա հետ, որ կարդալը միայն ժամանակի վատնում է:
Գրականությունը վերջիվերջո սյուբեկտիվ ընկալում է ու կարող է ոմանց համար ժամանակի վատնում չլինել: Ամեն դեպքում մենք երբեմն սովորում ենք նաև, թե ինչ չանել...
Հարգանքներով` Գառնիկ

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)