فارسي

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  |  


Կարեն Մարդանյան (Գարմար)


Վայրի անտառ-21*

Չխոնարհվե՛ս ու չնկճվե՛ս,
Ոչ մի անգամ մարդկանց առաջ,
Քեզ չեն ների եթե ընկնես,
Եթե ընկնես, վեր կաց նորի՛ց,
Քեզ բարձրացնող ձեռքեր չկան,
Վար իջեցնող ձեռքերն են շատ:
Չվախենաս ուժեղների՛ց,
Վախկոտներից վախեցիր միշտ,-
Շներն էլ են առյուծանում իրենց վախից:
Չհավատաս, բայց հավատա,
Չվստահես ու վստահիր,
Մի ականջդ բամբակ խցկիր,
Իսկ մյուսը հեռու պահիր
Լեզուներից շողոքորթող,
Վտանգավոր անտառ է սա՛,
Ամեն մեկը գաղտնիքիդ գող`
Ամեն մեկը ընկեր բարի:
Չերկմտես ու չշտապե՛ս,
Չնահանջե՛ս ընտրած ուղուց,
Քեզ հետևող աչքերն անտես
Մի օր թեև լեզու կառնեն
Եվ կմատնեն գաղտնիքդ սուրբ,
Եվ ձեռքերը, որ գրկում են,
Մի օր հաստատ կհարվածե՛ն:
Պատրաստ եղիր ամեն ինչի
Եվ ուրացմանն սպասելի,
Եվ սպասված հարվածներին,
Եվ կեղծիքին պատրաստ եղիր,
Եվ ստերի սուտ լինելուն,
Եվ սուտն իբրև ճշմարտություն
Քարոզողին հավատացրու,
Որ սուտ է նա ճշմարտորեն`
Վայրի է դեռ անտառը մեր:
Ու բոլորը բարձրանում են ծառերն ի վեր,
Բայց քչերն են հասնում հասած պտուղին,
Պայքարում այդ շատ-շատերն են գահավիժում ,
Նայիր վե՛րև, պտուղն ուտողը
Լոկ ուժեղն ու խորամանկն է առաջինը...
Որ բոլորին գցում է ցած.
Իսկ երկրորդը նա, ով քծնի՝
Հետևում է միշտ ուժեղին,
Հետեևություն.
Բարի գալուստ անտառը մե՜ր,
Զգույշ եղիր` օտար ընկեր:

4/07/07թ

.
Ծերացած ծառը

Մենավոր ու վեհ, վիթխարի հսկան,
Կանգնած անտառի բարձրադիր կետում,
Անտառի աշխույժ անդորրն է հսկում,
Խորշոմած ձեռքերը պարզած արևին`
Ծերացած ծառը ծաղկում է դարձյալ:
Քանի՞ արշավանք է տեսել նա կյանքում,
Որքա՞ն հողմեր է ճյուղերով գրկել,
Եվ արմատներով որքա՞ն է սուզվել,
Իրենից էլ ծեր ինքնաստեղծ հողում...

Հաստաբուն հսկան, կանգնած լռադեմ,
Ժամանակների երակը բռնած,
Կանգնած է վստահ դարին հակընդդեմ,
Ոտքերը հողում` ձեռքերը դեպի արևը պարզած:
Ի՞նչ է երազում ծառեղեն հոգին,
Ո՞ր կորած քամուն կուզեր ետ բերել,
Եվ ո՞ր անձրևով լվացվել նորից,
Եվ ո՞ր գարնանը վերստին ծաղկել.

Մեր շուրջը, որքա՞ն քայլող ծառեր կան,
Որոնց երբեմն չեն էլ նկատում
Նոր տնկիները` խակ ու դեռատի.
Լոկ այն պատճառով, որ վերև նայել չեն կարողանում,
Եվ հավատում են
Որ ամենաբարձրը իրենք են կյանքում,
Մինչ դեռ տնկիներն աճում են հաճախ,
Ստվերների տակ` քայլող ծառերի...

4/08/07թ.


Ակրոստիքոս

(Հավերժական Հայաստան)

Հանուն մեր ազատ ապրելու կամքին`
Ապավինիր միշտ սեփական բազկիդ,
Վարգող նժույգի ռունգերի ծուխը`
Երամակների արագը բռնի՛ր:
Րոպեն լրացավ, արդեն մի դար է`
Ժամանակներից ծեր է երկիրն իմ,
Ամեն մի քարը, մի հուշարձան է,
Կանաչ մատյան է` մամռած գմբեթը:
Ակունքից բխող վճիտ հոսանքը,
Նաիրի այգու ջրվորը խոհեմ,
Հայոց հարսների մաքրության մարգը`
Ամենամաքուր ջրով են ջրել:
Յուրաքանչյուր ոք այստեղ իր տանն է՛,
Ազգըս հյուրընկալ` դուռը միշտ բաց է՛,
Սփռոցը դարձյալ ծանրության տակ է.
Տիրուհի՛ , դե բեր գինու մեր թա՛սը,
Անցո՜րդ, ճանապա՜րհ, դու իմ բարեկա՜մ,
Նորից չտանես` ինձ օտար մի տեղ:

1/09/07թ.


Քամիները

Քամիները լուրեր են բերում,
Քամիները համբուրում են ինձ,
Ու ես էլ նրանց պես, էլ չեմ համբերում,
Կբացեմ ծրարն ու դուրս կթողնեմ ինձ,
Ու ես կդառնամ կյանքում ավետիս:
Ու բոլոր կետերում այս մեծ աշխարհի,
Թե լսես ինչ-որ լուր բարի՞,
Իմացիր հաստա՛տ, որ դա էլ ես եմ,
Հիմա քամի եմ, ազատ եմ հիմա՜:

Քամիները լուրեր են բերում,
Քամիները համբուրում են ինձ,
Գուցե իմ քամին էլ, հիմա հենց դու ե՞ս...

07/12/06 թ.


Ճանապարհորդություն

Իմ վերջին կայարանը
Երկիր մոլորակն է՛,
Քո սիրո հասցեն է`
Իմ կացարանը:
Ես հասցրել եմ թևածել ազատ,
Քո տանից մինչև աշխարի ծայրը,
Դռներ եմ թակե՛լ,
Կողպեքներ ջարդե՛լ,
Հանդիպել մարդկանց օտար, հարազատ,
Ու գիտե՞ս, դարձյալ երկիրն անծայր է`
Մանկան ձեռքի գնդակի նման:

Իմ վերջին կայարանը
Երկիր մոլորակն է՛,
Քո սիրո հասցեն է`
Իմ կացարանը,
Եվ հանցավոր ե՞մ,
Ես` անցավորըս,
Որ նույն տեղում մնալ
Չեմ կարող բնավ,
Ես սիրում եմ միշտ իմ վերադարձը,
Մոլորյալների կարոտի դարձը,
Եվ նրանց.
Ովքեր գալիս են ավետիսներով,
Ու նրանց խոսքերը դառնում են երգեր:

Ինձ համար այլևս չկան սահմաններ,
Թշնամի չունեմ` կան բարեկամներ,
Եվ հասկանում եմ, ես շատն այն քչից`
Օտար հավքերի երգն եմ հասկանում,
Աշխարհը դարձյալ օրհներգում է ինձ
Ու ես սիրում եմ նաև այդ երգը:

Եվ ուր էլ գնամ,
Էլի սա է իմ վերջնակետը.
Իմ վերջին կայարանը
Երկիր մոլորակն է՛,
Քո սիրո հասցեն է`
Իմ տո՛ւնն ու տեղը՛:

18/01/07թ.

* Վայրի անտառ՝ քսանմեկերորդ դարում


 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)