ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Գրիշ Դավթյան


Անցավոր

Կյանքը սորուն մի ստվեր է,
Մշուշ է ու շամանդաղ,
Որ սահում է,
Որ անցնում է,
Որ փարատվում է խաղաղ
Հովի թևին,
Կամ մրրկում է խռով
ժայռերի մեջ,
ժայռերի դեմ...
Եվ անցնում է արդարև...

Ու չի մնում ամպի ծվեն
Մշուշի շուք չի մնում,
Ու չենք մնում,
Չի մնում մեր ափսոսանքը,
Կարոտանքը չի մնում,
Որ մրմուռ է,
Թե՞ թրթիռ է
Կուտակված մեր սրտերում,
Թ՞ե թիթեռ է թրվռուն...

Ոչ մի հրաշք մեզ չի փրկում,
Չի պահպանում ոչ մի հո՜ւշ...

Գոյառել ենք
Ո՞ր ակուքի խորքերից,
Ո՞ր նպատակի սիրուն,
Ո՞ր վախճանի անդունդից...
Եվ ապաքեն, նպատակը անծանոթ
Համարում ենք կյանք ու ձգտում սրբազան,
Որով անէն համարում ենք էական։

Այդ հավատքով ենք զարդարում մեր կյանքը
Որ մշուշ է ու շամանդաղ
Որ սահում է,
Որ անցնում է,
Որ փարատվում է խաղաղ
Հովի թևին,
Կամ մրրկում է խռով
ժայռերի մեջ,
ժայռերի դեմ...
Եվ անցնում է արդարև...

Գլեդել, Կալիֆորնիա,
2009-04-27




Բեղուն Հեքիաթ

Փռվել են փոշոտ շողերն արևի
Իմ կրծքի վրա ու քո թևերի.
Ավելի մտիր դու իմ սրտի մեջ,
Տաքացիր ջերմով սրտիս արևի,
Որ նվիրումս համորեն լինի։

Թող երազս գա,
Հույսիս լապտերը
Հայացքիդ լույսով լուսնի բակ կապի.
Աչքերիդ լճում ցոլան աստղերը
Խավարը ցնդի հեռվում տագնապի...

Բայց դու մի կարծիր աստղի ցոլանքը
Նրա ցնծության վառքն է շողշողուն,
Գուցե դա նրա ցավն է, արցունքը...
Որ կաթում է տաք,
ժայթքում է մթում...

Քո տենչերի հետ ես հաշտ եմ ապրում,
Իմ էլ տենչերի բույրով արբենում.
Կյանքի ու սիրո մեր պատմությունը
Իմ, քո օրերի
Հեքիաթն է բեղուն...

Գլենդել, Կալիֆորնիա,
2009-04-28


 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)