ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գրիշ Դավթյան
Ջինջ
Այս ինչքա՜ն ջինջ ես,
Որպես չգործած մեղքի արտասուք,
Աչքիցս կաթող մի երազ գուցե,
Որ անհետել է վաղ այգաբացին
Շքեղ, պերճաշուք
Հայացքը թողել տենչող նայվածքիս...
Լավի պաշտամունք
Ու վատի հերքում.
Մանկության ելմունք.
Ծերության անկում.
Կյանքի ու մահվան իրապաշտական
Ըմբռնում, ապրում
Ու գնահատում...
Բարկության շանթը
Շեղբն է հեսանել
Գթության սալին...
Արցունքս հանց աստղ
Ուզում է կաթել սուգիս խավարին
Ու լուսավորել որպես ցնծություն,
Որ երգս հնչի...
Երգիս պղնձյա ծնծղան է զնգում՝
Պղնձյա ծիծաղ,
Որպես ապրումիս խորունկ զգացում,
Հանց կյանքիս անձնյա
Մաղթանք սիրախում,
Ջինջ ու վեհազնյա...
Այս ինչքան ջինջ ես
Որպես արտասուք...
Իմ հույսը հանց բոց
Ուզում է վառել անհուսությունը,
Ցնծությամբ լցնել Ինձ ու աշխարհս,
Որի հաճույքում
Ես պարեմ բախտիս երջանիկ թիռը,
Քեզ գրկած, սեղմած
Իմ ջերմին գրկի ջինջ կապուտակում...
Աչքերիդ ծովում տեսնեմ ասուպներ,
Ցոլքեր լույսերի
Հանց առհավատչյա հույսի ու սիրո,
Նվիրվածության ու խոստումների...
Ջինջ խոստումների...
Այս ինչքան ջինջ ես
Որպես չգործած մեղքի արտասուք...
Հրաշալի
Իմ սիրած հոծ, բազում գույները
Հյուսվել են ներդաշնակ,
Կամարել են վրաս ծիածան
Գունեղ ու ծածանվող դրոշակ...
Տենչերս նարոտի են նման,
Կարոտի գրգիռով ցոլում են
Գույներով զանազան,
Հորինում օրերիս պատկերը հիշարժան։
ճոճվում է հորիզոնը կապույտ
Մեզ տանող ալիքի ծփանքով,
Սիրավոր ցանկությամբ
Վստահիր թևերիս գգվանքին,
Որ սորուն կշռույթը երկարի...
Որ փնտրածդ լինի իրական,
Որ գտածս լինի նորովի,
Եվ առատությունը
Թող լինի լիությամբ բավարար...
Օրերի պարգևն է հրաշալի,
Հրաշքի նման ու... հրաշալի...
Նայվածք, սեր և համբույր
Նայում էինք իրար,
Նայում էինք...
Սիրում էինք իրար,
Սիրում էինք...
Ու երբ համբուրում էինք,
Բուրում էինք,
Համբուրվում էինք...
Նայվածք, սեր ու համբույր,
Պտղավորվում էինք...
Մանկությունն էր ծլում մեր սրտերում,
Մանկությունն էր ծաղկում մեր գրկերում,
Մանկությունն էր խաղում մեր ծունկերին...
Ընտանիքվում էինք, ընտանիքվում...
Գլենդել, Կալիֆորնիա

