ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵՂԵԴԻՆԵՐ

Գրիշ Դավթյան


Գարուն ու ծիծեռնակներ

Գարուններ կան,
որ իրենց ծիծեռնակներն ունեն,
որ եղանակավորում են
տարին, ժամանակը,
որ կյանքն է։

Կյանքը իր մեղեդին ունի,
իր երգը,
որ զրնգում է զանգի նման,
որ կախված է մեր դպրոցում...

Նրա ղողանջը
բախտավորության մի խազ ունի,
և դուր է գալիս իմ սրտին։

Նույն զգացումներով եմ
զանգեր նկարում
ամանօրյա շնորհավորաքարտերի վրա...

Բախտավորության մեղեդին եմ
զրնգացնում,
որ սկիզբ է առնում մեր դպրոցից
ու տարածվում է,
հասնում է մերոնց ու ժամանակին,
որ մտնում են դասարան,
որ կյանքն է...

Ծիծեռնակներր ծլվըլում են
ու բույն են շինում...

...Մենք ենք,
որ սիրաբանում ենք,
գաղտնի ժամադրությունների ենք գնում
ու առնում ենք համը...

...Որ րնտանիք ենք կազմում,
եղանակավորում ենք համանվագը
հնչեղ խազերով,
ամանակով ու ժամանակով,
որ կյանքն է։

Կյանքը իր զեփյուռը ունի,
որ շրշում է մեր պարտեզում,
մեր դպրոցի բակում,
ու շոյում է ծառ ու ծաղիկ
ու վարդ,
որ ավելի բուրումնավետ են
քան երազը...

...Ծառ ու ծաղիկ ու վարդ
մեր ունեցվածքը...

Դրանք մեր մտածումներն են,
մեր ցանկություններն են,
մեր հույզերն են,
մեր սերերը...

...Որ վայելում ենք ժամանակի ընթացքում,
որ կյանքն է,
եղանակավորված,
զրընգացող
և շրշող...

Այդ բոլորով է,
որ սիրում եմ ծիծեռնակներին,
որ սիրում եմ գարունը։



Գարուն

Դու գալիս ես նրա դալար հետքերով,
արահետներով այն գալարուն ու սորուն,
որտեղից նա անցել է թեթև քայլերով,
բայց մխրճվել է սրտիս մեջ,
որպես տաք ու լուսավոր ճառագայթ,
որ արյանս հետ զգացումով է հոսում,
ու հորձանուտ անելով խորանում է,
խորանում։
Եվ խորքերից իմ սրտի
պայթում է վառ կոկոնի պես,
բնության զարթնումի ավետիսով,
որպես կապույտ մի ծաղիկ,
որ երազի վառ ծվեն է.
արևի տակ համեցող
սրտապնդող մի խոստում է,
որ շնչում է նրա բույրով
ու շոյում է քունքերս.
իր ջերմությունն է քսում իմ շուրթերին
համբույրի կարոտանքով։

Դու գալիս ես նրա քայլքով սեթևեթ,
որ ճկում է մեջքը վտիտ,
ու խուսափում է իմ գրկից,
որպես ամպը, որ փարում է լուսնյակին,
բայց սայթաքում է մահիկից,
ու կուտակվում է
հոնքերիս մութ մռայլությամբ երազկոտ։

Դու գալիս ես ճամփաներով այն հեռավոր,
որտեղից իմ երազներն են անցնում
անվերադարձ հուշերով.
հորինում են կյանքիս հեքիաթը թաքուն,
գաղտնիքներով դյութական,
արոտներով իղձերիս,
ուր ուզմունքներս են արածում,
որպես ճերմակ գառնուկներ։
Տենչերս խայտում են հանց թիթեռներ,
որոնց թևով ես գալիս։

Նրա թրթիռներով ես գալիս
ու մտնում ես սիրտս։

Ես երկրպագուս՛ եմ քո ծաղկունքին,
որի վարդաթերթերը
նա շաղ տվեց իմ կրծքին,
որպես խանդաղատանք ու երջանկություն։
Երկրպագում եմ
քո նարգիսներին ոսկեբաժակ,
որոնց մեջ լցված ցողով
կարոտներիս սոխակներն արբեցին,
փառերգություններ դայլայլելով նրան։
Ես երկրպագում եմ
մանուշակներին քրքումե,
հասմիկներին սպիտակ,
որոնց զարդարանքով ես նմանվում նրան,
և արժանանում ես իմ պաշտամունքին։

Առավոտների խաղաղությամբ
բեղմնավորիր կարոտներս,
որ այս պաղատանքիս մեջ
համն առնեմ նրա համբույրների.
խոնարհվեմ գեղեցկության պաշտամունքով,
հավատարմության հավաստիքով,
և զգամ հարազատությունը
սիրո ջերմությամբ,
որով գալիս ես վերանորոգ կյանքով.
գալիս ես
շարունակության նման անփոփոխ,
և համ ու բույր ես բաշխում,
որպես անվերջանալի առատություն,
որպես խորհրդավոր մեկնումների
իմաստավոր վերադարձ։

Գալիս ես,
մտնում ես սիրտս,
ու ծաղկում ես։




Գարունը աղջիկ է

Իմ գիրկն է նա մտել պարտեզի ծաղկունքով,
Վարդագույն այտերով մի աղջիկ.
Գարուն է անունը, բուրում է արբունքով,
Հագել է կուրծքը բաց մի շապիկ։

Ծոցի տաք լույսը իմ աչքերն է ծակծակում,
Շուրթերը հասուն են դեղձի պես.
Սրտագին իր սերը վարդի հետ է ծաղկում.
Ասում է քաղիր թե ուզում ես։

Հյութեղ է... ու հյութը խմում եմ մեղվի պես.
Ասում է մի խմիր, դա թույն է.
Չգիտեմ դա մահ է, դա կյանք է, թե հանդես,
Որի մեջ գլուխս դառնում է։

Անունր գարուն է, թափվել է իմ կրծքին,
Բուրավետ է, որպես վարդիթեր.
Իմ շունչը կտրում է, փուշեր կան ձեռքերին,
Երբեմն էլ խայթում է խստամբեր։

Բայց հանկարծ դառնում է ուլունքի մի շարոց,
Կախվում է վզիցս, պսպղում,
Իմ ամբողջ հոգսերը դարձնում է մի հոգոց,
Հովին է տալիս ու քրքջում։

Շշնջում է մեղմիվ ականջիս ու ասում,
Գարնան երգ է ասում իմ համար.
Վարդագույն այտերով աղջիկ է նա հասուն,
Հագինը մի շապիկ ծաղկատար։



Գլենդել, Կալիֆորնիա

 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)