ԲԱՆԿՈԼՆԵՐ (Ա)

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

***

Տաք կանչերի պարը սառցի վրա։-
Դարձիր անպայման թևերով ու խղճով։-
Ծերուկ բարությունը գայթում է փողոցում՝
սլացող մեքենաների առաջ։
Աստղի մենությունն է կաթում քաղաքի տանիքներին։
Հսկա զինյալը դոփում է Արևելքում,
և նավթափոշին ծածկում է անդորրի պարտեզները։ -
Ծղրիդի լռությամբ պսակվող գիշեր։
Իմ գրկի մեջ արտասվող փերի առավոտը...


***

Քամու կարոտի մեջ է
քաղաքների չլսված երջանկությունը։
Անձրևի խանդի տակ ծպտված է
անարատությունը գալիքի։
Խոտերը տանում են մեռյալների ու
անապատների ցավն անպատում։
Աշխարհը մարդու մեշ թաղել է երաժշտությունն իր
և աչքը հառել տիեզերքին։-
Նույն կյանքը - պատերազմում թողած կյանքից հետո -
սառնաշաքարի պես՝ մոխրամանի մեջ ու
վագրի երախում։


***

Տեղանք - լեռ ու բլրի «Բերդ» պարի մեջ ներսույզ.-
նրա անունը՝ կանաչ շերտերով թաշկինակի հուզմամբ
ծածանվում է քնկոտ հաշտարարների ու
կարմրած աչքերով դիպուկահարների դիմաց։
Պատմությունն այստեղ մերսում է վառված մարմինն իր
«Տոկուն» ընկերության նորագույն հեղուկներով։ -
Վերևում ժխտման ուրուրներն են մասնատում երկինքը
անտեսանելի ռմբակոծիչների չվագծով։-
Սերն ու ատելությունն ամեն օր իշնում են Արցախի կրծքին
Աստվածամոր համբույրի անմեղությամբ։-
Տեղանք - խճանկարված սուրբ մեռյալների հոգիներով։


***

Կակաչի նրբին թերթերը սեղմում - հալեցնում են
ժամանակի հսկա սառցաբեկորները -
իրենց անհուսության ու հիացքի մեջ։
Սիզախոտերը տարածում են հայրենի սևահողի
բերրիության տենչը մոտ ու հեռավոր շուկա - տարածքներում-
գովազդային արշավի անգիր օրէնքներով։ -
Իրար լեզու են խածնում քամին ու Քաոսի սիրուհին։ -
ճանաչիր սերդ ազնվական և խրատ՝ վերհիշիր ժամը թռիչքի . -
իսկ քամին արմատներն իր գտավ սիզախոտերի ու կակաչի մեջ :
Քաոսի սիրուհին խանդից զավթել է
կենտրոնակայաններն ու զորահրապարակները ալյանսների...


***

1915-ի ծանրամած ստվերը անմռունչ խլում է
Հայք բարձրավանդակի լույսն ու ջերմությունը -
պատմական կողոպտչի հաշվեհարդարով։-
Թուրքի ուրվանկարը շարունակ կարմիր է
ժամանակի խճողված ցուցապաստառին։-
«Սպանդ» բառը հարություն է առնում հին ու նորելուկ իմպերիաների
դրոշներին ու գաղտնի զեկույցներում։-
Եվ խցանված է լսողությունդ աղաղակների տաք արճիճով,
երբ խորալները սիրո ու բարու -
հին եղանակով գրված «սիդիներ» -
ներփակ ընկած են Աստծո մոռացված ձայնադարանում։


***

Օրվա լեզուն՝ ինչպես աբստրակտ մանրանկար,
որ ինձ վերծանում են մի փոքրիկ աղջիկ և շողը մայրամուտի։
Ես խոսում եմ ժամանակի առիթմիկ սրտի անդունդներից՝
վկայի ու հոր իմացությամբ։-
Ամեն պատկեր չէ, որ արտացոլվում է հիշողության ու լիալուսնի մեջ։
Պիկ ժամ է՝ վստահության թափթփված ոստաններում։-
Տիեզերքն ուռչում է «քոնդոլիզա ոայ-ս» տիպի դիմանկարներից
թափվող բառերի գոլորշիներով։


***

Արևելքի պարտեզներում փունջ-փունջ պայթում են
դեմոկրատիայի ոգեշունչ արկերը-
ազատագարների նշանառությամբ։-
Յուրաքանչյուր բլից - արշավանքից հետո ԱՄՆ ռեմբոները
ծալապատիկ նստում են մոխիրների վրա՝
բուշիզմի շիճուկից շշմած ու մռայլ-գերազանցելով
հին կայսերական ընտանքիների պատվախնդրությունը սին։-
Իմ տունը Արևելքի բիբլիական բարձրավանդակում է -
աղետի ուրուն է թևաբախում հարազատ երկնքում,-
միշտ վրիպում են նշանառուները կայսեր հայացքի տակ.-
ես պարզ լսում եմ երկար մի հոգոց -
այստեղ թնդացող մոլորյալ արկերին ի պատասխան...


***

Կիրակի։ Թիթեռ։ Զրահաբաճկոն։
Ջազ ու միստերիա։ Ձողիկներ։ Ձմերուկ։
Նանեի դիցական բառերը՝ գարունով երիզված։
Անցագիր՝ դրախտի փքուն իմպերիա։
Վետո ու ՄԱԿ։ Թուրքի դեմոկրատիա։ Գլոբուս անգծագիր։
Հրաժարականների խորհրդավոր շքերթ։
Հոգու լուսապատճեն : Հանճարի ծիծաղ։
Չարենցի հազարանոց։ Ջերմուկ ու բջջային։
Արցախի անսահման քարտեզը։ Աստղախաչ։
Աղբանոց նետված անարատ զեներ։


***

Մայիսը ընտրում է բացսիրտ անձրևներին ու
քրքումներին՝ սփռում տաղտուկի ստվարաթղթի վրա.-
մի հիշիր մահվան եղանակները,-
վատ երազները, մեկ է, կատարվում են վերին ճշգրտությամբ,-
մի հիշիր անլեզու կոկորդիլոսներին
և գալիքի կավահողում ճամփորդող կմախքդ մոռացիր։-
Երկիրը ճգնում է դուրս գալ իր գիպսե մանրակերտից
և աշխարհի հարափոխ պայմանաբառերը հիշել։-
Մի նայիր ատելության տակ ճզմվող օսմանին,
մի զույգ թևերը բավ են՝ հազար զույգ անդունդ վերացնելու
Սիրո կուռքերի բացակայությունը
նշագրում են նաև կապիկները գաճաճ։-
ժամանակն է, որ մի լիալուսին նվիրես
մշուշված Նաիրիին և նրան բարի վերադարձ մաղթես։


***

Շրջված են հայելիներդ :-
Դու թրևում ես քո պատճենահանված նմուշօրինակով՝
ինչ-որ կագեբեական հանձնակատար ինչպես։-
Բնատիպդ փակված է Անհուշ ամրոցում,
որի տեղավայրը փոխվում է ամեն օր։-
Երևանում կորած երազներդ գալիս բոլորվում են
Ամարասում պահմտած մանկությանդ շուրջ։-
Երկար կպահպանես (գաղտագողի, դողով)
անցյալից թռցրած անբիծ հայացքդ...
Կապիտոլիումևերից իջնում են հապճեպ
համաշխարհայնացման նախահայրերն ու քարտուղարները՝
հանուրի անձնագրերը տնտղելով։-
Դու դեռ պատկանում ես քո հոգուն,
բայց ինչպես փակցված ազդագիրը՝ պատին։

 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)