ՈՐ ԻՆՁ ՀԱՍԿԱՆԱՍ...
Գառնիկ Արունց Սարգսյան
Բայց սովորեցի
Ես մի քիչ դժվար եմ շնչում`
Կողերս ջարդված են,
Թոքերս ավելի հաճախ
Հևում են կարծես,
Այլ ոչ թե շնչում...
Բնածին նման արատ չունեի,
Բայց սովորեցի նաև կակազել,
Երբ ինքս ինձ հաճախ խաբում եմ...
Արտասովոր կապ
Թող առավոտվա լույսը թափանցիկ
Սկիզբ առնի քեզնից
Ու գա կամրջվի մեկընդմիշտ ինձ հետ
Ու ես լավ զգամ,
Որ քեզ հետ ունեմ
Արտասովոր կապ`
Լուսաձիգ կամուրջ...
Բարի Լու՜յս....
Լույսի կարիք
...Անձրևը լվաց ու պարզաջրեց,
Ինձ ու քեզ կապող մթնոլորտային
Ձգվող կամուրջը...
Եվ իմ հենասյուն հինգ զույգ մատները
Հիմա ավելի մաքուր են դարձել...
...Գիշերը մութ էր...
Ես կարիք ունեմ լուսավոր ճամփի.
Հինգ զույգ լապտերներ
Մատներդ հենի՛ր
Կամուրջի վրա...
Հիմա թու՛յլ տուր
Մի քիչ թերթել
Լուսաթերթերդ նորից...
Քեզ հետ միշտ Լույս է
Ու հետն էլ Բարի...
Ուստի թե մի օր հեռանամ քեզնից,
Խուրջին-բռիս մեջ մի քիչ քո նյութից
Կլցնես տանեմ...
Ես չեմ մոռանա.
Ու միշտ կհիշեեմ,
Իմ սիրտ-սունդուկում
Քո լույս-գանձերի գոյության մասին...
Քո գալուստը Լույս է
Լինելդ` Բարի...
Հեռանալիս ինձ մնում է
Բարի Լույսով հեռանալ,
Որ անջատում-հեռացումս
Քեզ ուրացում չթվա...
Չարածներիս համար ների՛ր.
Որ դեռ անկուշտ սիրտ-գայլուկս
Ճանապարհին չդողա...
Դու անսպառ Լույս ես
Եվ այն էլ Բարի...
Ուստի տվածս քիչ է ավելի
Քան առածս քեզանից...
Բայց հիմա թու՛յլ տուր
Մի քիչ թերթել
Լուսաթերթերդ նորից...
Կարծում ես հեշտ է՞
Արդեն քառորդ դար
Անընդհատ քայլում եմ...
Հենց նույն օրվանից, երբ սովորեցի...
Սկզբում երբեմն ձեռքս բռնել են,
Բայց հետո մենակ ու՜ր ասես եղա,
Շատերի ձեռքը ի՜նքս բռնեցի,
Ինքս ցավեցրի ամուր սեղմելով,
Շատերն էլ իրենք ինձ ցավեցրեցին
Կես ճանապարհին ձեռքս թողնելով...
Բայց հիմա արդեն իրոք հոգնել եմ,
Մի անգամ գոնե չեմ հանգստացել.
Կարծում ես հե՜շտ է
Իրոք հոգնել եմ...
Քանզի քայլելուց ոտքերս չէ, որ
Դուրս ելան շարքից,
Նրանց հետ մեկտեղ
Սրտիս թևերը մի քանի անգամ
Տեղից դուրս ընկան...
Շա՜տ բան կորցրի...
Բայց հասցրի նաև խրատվել
Որ ես այսուհետ երկու ձեռքերս
Պիտի բանեցնեմ...
Ու ոչ թե միայն բուռս գործածեմ,
Այլ բազուկներս չթողնեմ պարապ...
Այդ պա՜րզ թվացող հնարը այնքան
Թա՜նկ նստեց վրաս,
Որ նրա համար ես վճարեցի
Ամբո՜ղջ քառորդ դար...
Միշտ նույնն է
Ասածս նույնն է,
Ինչ մտածում եմ,
Կամ թեկուզ զգում...
Պարզապես մաշված
Ինքնազսպումի վերնաշապիկիս
Կոճակն օձիքի
Մի պահ քանդեցի,
Որ ազատ խոսեմ...
Ե՞տ կոճկեմ նորից:
................
Քեզ որոնեցի որտեղ պատահի,
Բայց չգտա անգամ ստվերիդ ճոթը:
Երևի տեսա` չճանաչեցի,
Կողքովս անցար,
Գուցե և անգամ շա՜տ պատահաբար
Ինձ թույլ հպվեցիր`
Վրաս թոնելով կարոտի հետքեր,
Սակայն չզգացի,
Գուցե և անգամ ձայն էլ ես տվել,
Գուցե կանչել ես
Մոտակա աստղից ինձ ծիկլակելով,
Էլի չեմ լսել,
Ժպտացել ես ինձ`
Շուրթերդ որպես երկու ծիածան
Ծիածանելով`
Անձրևից հետո
Պարզկա դարձած երկնքի նման
Մաքուր երեսիդ` չեմ հավատացել,
Որ իրոք դո՜ւ ես,
Հենց քե՜զ եմ փնտրում...
Փնտրել եմ, այո՛:
Ու քո մասին ում որ ասես չեմ հարցրել`
Այս պուրակի բոլոր կանանց անցուդարձող,
Տրանսպորտում ինձ պատահող աղջիկներին,
Իմ տուն դարձի ճանապարհին
Իր անքնին երջանկությամբ
Ինձ ժպտացող և այն մեկին,
Որ գնում էր իր միակին հանդիպելու...
Ում որ ասես չեմ քրքրել`
Ինձ թվում էր, թե նրանց մեջ ծպտվել ես,
Որ հեշտ գտնես դու ինձ: Սակայն
Դու դեռ չկաս...
Իսկ ես ուժ չունեմ էլ որոնելու,
Իսկ ինչ էլ որ կա,
Ես այն քեզ համար
Ամուր կպահեմ,
Որ երբ դու ինքդ,
Ինքդ ինձ գտնես,
Մեջս ուժ գտնեմ
Գոնե բարևել...
Ոորոնում ե՞ս ինձ,
Գտիր, խնդրու՜մ եմ...
Դեռ խոսելուս համար
Դեռ խոսելուս համար
Չունեմ քննադատվածություն...
Ինձ պիտի պատժեին հենց խոսելուս համար
Լռեցնելով
Այնինչ` խոսելով եմ ինձ արդարացնում...
Բայց դե շուրջս, ահա տեսեք`
Քսու,
Ճղճիմ,
Ճռռան
Գորշ բառերի հանրահավաք,
Որ շղթայված իրարու
Դեպի կախաղան են շտապում...
Սակայն վերջին խոսքի համար,
Մի կյանք տևող
Տարածություն են դեռ շռայլում...
Անհույզ,
Անկիրք,
Տկլոր
Պոռնիկների բարաք,
Ուր բառերը միայն
Տնքոցներով են չափում,
Խորությունն էլ իմաստների
Հոգոցներով լցնում...
Բարբառում են ասես գոյությունը իրենց,
Որ կարող էր չլինելով նաև
Արդարացնել իրեն...
Դեռ խոսելուս համար
Չունեմ քննադատվածություն...
Ինձ պիտի գնդկահարեին երևի,
Որ մեռնելիս նույն լռությամբ եմ մեռնում,
Ինչ լռությամբ մինչև հիմա
Այգալույսն է բացվում...
Այնինչ ամեն անգամ
Դեռ ծնվելով եմ գոյությունս արդարացնում...
Բայց կողքերս, ահա նորից`
Հիվանդ,
Հեգնոտ,
Ու ջղաձիգ
Չար տողերի իրարանցում,
Որոնց անքրտինք ճակատից
Բթություն է ծորում...
Ճզմած,
Անեռ,
Անսեռ
Տողադարձեր մտքի,
Մտքի խոտան,
Իզուր վանկարկումներ էժան կրքի
Ճանկռում են ներսից
Հեգնոտ, ծաղրող հոգիս...
Լղոզվում են մտքիս մաշկին,
Քերթում սրտոտ կաշիս
Սին մտքերը դարիս:
Ու դեռ ո՞նց պիտի
Ես հավատամ մերձավորիս...
Դեռ գրելուս համար
Չունեմ քննադատվածություն...
Ինձ մեկնել են արդեն գայիսոնը փառքի`
Խարազանի նման
Ու մահակի նման փշոտ,
Ու թվում էր պիտի ես մեռնեի՞,
Թե՞ լռեի հանկարծ
Կսմթոցից էժան,
Այնինչ` խարազանից արդեն
Թրծվել եմ այնքան,
Որ ձեր բզզոցը միայն
Գլխացավ է ծնում...
Նկատվում են, ահա`
Ճաղատ,
Ճարպոտ,
Անհեռատես գլուխների
Կույտեր ձգված` շարան-շարան,
Մի գլուխ վեր ամբոխից,
Շնորհիվ ճարպիկ ոտնաթաթի...
Ցեխոտ
Ու գարշահոտ,
Լպրծուն
Ու կնճռոտ
Ճանկեր պարզած
Կոկորդիս ահա,
Սակայն ձայնս
Կոկորդից չի հնչում,
Ձեր գլխում է հնչում արձագանքս...
Մի քանի տող որպես
Լեշի կտոր,
Նետեմ հիմա,
Որ բզկտեք
Շան պես
Հանգստանաք...
Ու հոգեխում
Անկուշտ
Ժանիքները
Սրած
Սրտիս միջից հանեք
Ու հեռանաք...
Այնինչ դեռ խոսելու համար
Ես դեռ չունեմ քննադատվածություն...
Ես ինձ չեմ ների լռությանս համար,
Հոգիս ինձ չի ների հավերժ
Փակվածության դիմաց...
Ընծաներս լկտի,
Որ կնետեմ ես ձեր
Գարշանքին ծարավ
Երախներին արտասովոր,
Ու չեմ ների ես ձեզ,
Որ հագենաք անգամ
Սիրտս բզկտելով...
Թե չէ, որ լռեմ
Ո՞վ կհավատա,
Որ մինչ հիմա
Հավատամեռ
Ապրել այսպես
Սպասել եմ այսքան,
Սիրտս սեր է մղել,
Թոքերս շնչել են հույզ,
Կողերս կիրք են զսպել,
Աչքերս բաց եմ քնել,
Որ երբ հյուր գա
Թշնամիս էլ անգամ,
Ես բաց սրտով
Ու աչքաբաց դիմավորեմ...
Ո՞վ ինձ կհավատա, ո՞վ,
Երբ հենց հիմիկվանից,
Ես ինձ այս քնձռոտ
Խարդավանքին խառնեմ...
Ես դեռ խոսելու համար
Չունեմ քննադատվածություն...
Իբր պիտի գոնե մեկը ու մեկ անգամ
Հայց տաներ ի դեմ մեղավորիս
Խելառների ապաստարան...
Ու կռնչար իմ դեմ
Ու հոխորտար երկար,
Ու հորջորջեր մտքեր
Ու գլխից դուրս բառեր
Նա հորիներ անգամ,
Մեղքեր կապեր վզիս,
Կրկնելուս համար,
Որ կյանքում հոգի է
Պետք մարդուն
Մարդ լինելու համար,
Հետո նոր գլուխ`
Լի կամ դատարկ...
Այնինչ սահմռկում են դեռ
Շատ բերաններ այնքան,
Որ կռինչը հանկարծ
Վնգստոց չդառնա
Նույն բերաններում
Դառնաթուրմ ու ճահճահամ...
Տաղանդ,
Հանճար,
Շնորհալի...
Հիմա չկա՞ն նման բաներ...
Քսու,
Սմքած,
Գորշ,
Հնոտի,
Հիվանդ,
Հեգնոտ,
Ճղճիմ,
Ճռռան,
Ցից բառերի կառափնարա՞ն...
Սա՞ է վերջը,
Թե՞ սկիզբն է սա ...
Ինձ մի կառչեք.
Մի ճանկռեք.
Ձեզ կմաշեք,
Թողե՜ք,
Թողե՜ք
Հեռու մնամ...
Այնինչ ես դեռ խոսելուս համար
Չունեմ քննադատվածություն...
Որ ինձ հասկանաս...
Որ ինձ հասկանաս,
Որ ինձ ճանաչես,
Հարկ եմ համարում հենց հիմա ասել
Թե ով եմ արդյոք մասնագիտությամբ...
Բայց, ցավոք սրտի, մի քանիսն ունեմ.
Առաջին հերթին
Մասնագիտությամբ «աղանդավոր» եմ.
Դեռ մորս փորում հավատացել եմ,
Որ աշխարհում կան լուսածինները...
Ու այդ լույսերի անսպառ պարտեզում
Պիտի հարբեի մի օր անպատճառ...
Ես հետո նաև
Մասնագիտությամբ շատ «բախտավոր» եմ.
Չեմ փնտրում երբեք, բայց պատահում եմ
Միշտ լավ պատառի...
Ու երբ կորցնում եմ, հետո անպատճառ
Ավելի լավին կրկին հանդիպում...
(Շատ մոտ վերջերս այդ ասպարեզում
Դոկտորի կոչման ես արժանացա...)
Եվ վերջում մի քիչ
Մասնագիտությամբ «ոգևորվող» եմ.
Ոգևորվում եմ անգամ նրանով
Ինչը դեռ չունեմ...
Ու անվեջ շատ են հատկություններս,
Բայց դրանց մասին
Թու՛յլ տուր ինձ` քիչ-քիչ...
Կարծիքներ
Լույսի մասին կարդալը միշտ
էլ հետաքրքիր է:Հաջողված
աշխատանքներ են:Պետք է
զարգացնել:
Հարգանքներով ՝ Արմեն Ստեփանյան
Posted by: Արմեն Ստեփանյան | February 18, 2009 1:50 AM