فارسي

ՇՈՇԱՓՈՒՄ ԵՄ ԼՌՈՒԹՅՈՒՆԴ

  |  


Գառնիկ Արունց Սարգսյան

Մեջբերում «Գրքի» Շապիկից

Ես ծնվածս օրվանից Գառնիկ Սարգսյանն եմ:
Վկան` տողերս ու Դուք:
Ես բանարար եմ կամ բանարարող,
Բայց բանարարությամբ դեռ չեմ կարողանում հացս վաստակել:

Գրելը չեմ սկսել ոչ վաղ, ոչ էլ հասուն տարիքից.
Ես պարզապես շարունակող եմ,
Որովհետև սկիզբն ունի վերջ, իսկ ինձնից հետո
Ինձ էլ են շարունակելու...

Ես դեռ չունեմ հրատարակած բազում գրքեր հետևալ վերնագրերով.
«Մարդաշունչ», «Ի քեզ», «Թռչող կամուրջներ»,
«Նրա ժպիտը ոնց էլ շուռ տաս, ժպիտ է էլի»,
«Կանայք կին լինելու համար են»,«Արցունքի քրքիջը»,
«Նիհար գարուն», «Որդեգրված հայրենիք»,
«Վերջի ծնունդը», «Միջանկյալ սեր»... և այլն:
Հետևաբար այս ամենից հետո, ես չեմ էլ թարգմանվել
Աշխարհի ամենատարբեր ու բազում լեզուներով, նույնիսկ մեռած:
Ու զարմանքով եմ նայում բոլոր նրանց,ովքեր նախանձով են նայում
Ինձ առաջին անգամ ընթերցողին:

Էլի հետևաբար չունեմ խցան մրցանակներ ինձ շնորհված`
Հյուսված դափնիներից կամ սաղարթներից:
Չունեմ Միջտիեզերական Տարօրինակ Գույնի Պատվոգրեր:
Իմ բանարումները մինչև հիմա դուրս չեն եկել
Ինչ-որ երկրների կամ ժամանակների սահմաններից,
Որովհետև ես ի սկզբանե ոչ մի սահմանների մեջ չեմ եղել:
Ես չեմ հանդիսանում Նոբելյան Մրցանակի առաջադրված
Բազմահազար գրողներից մեկը:
Ու տեսնես, քանի՞ գրող կա աշխարհում...
Չունեմ նաև ոչ մի տիտղոս և Հերթական Գիտական Աստիճան,
Եվ իմ մասին սիրով ու մեծարանքով
Չի արտահայտվել ոչ մի նշանավոր անձ,
Որովհետև նման անձիք չունեն դրա կարիքը:
Ու դարձյալ հետևաբար ես չեմ դասախոսել
Ոչ մի Թագավորական Ակադեմիաներում,
Որովհետև ես չգիտեմ կաշառվել:

Եվ վերջապես` ոչ միայն այսքանը...

Ես Գառնիկ Սարգսյանն եմ` բանարար...
Կամ ինչպես երբեմն նա է ասում ինձ` ԽելաԳառնիկը...
Ամենից շատ այս աշխարհում ուզում եմ մայրս միշտ առողջ լինի,
Որ հայրենիքումս անսասան խաղաղություն լինի,
Որ դեռ չծնված զավակիս դեռ իմ չճանաչած մայրը
Ժպտա հատուկ ինձ համար գոյություն ունեցող ինձ կազդուրող ժպիտներով...

Ինքնակենսագրություն,
Որը միայն իմը չէ
Ու որը նվիրում եմ մորս...


Ծնվել եմ կյանքիս չափ տևած,
Տարիներ առաջ
Գարնան վերջին ամսվա
Նախավերջին օրը,
Մի օր պաշար է մնացել,
Որ աշխարհը վստահ լինի.
Որ ծնվել եմ
Ու կանգ չառնի:

Երբ ծնվել եմ, բնությունը,
Որպես մորս հավերժ նվեր,
Երախտիքի ընծայություն,
Հորինել է ծաղիկները...

Իմ ծնվելու լուրով հարբած
Արեգակը կանգ է առել,
Լուսինը տարվել է ինձանով:
Ու գեթ մեկ անգամ`
Ծնունդիս առթիվ
Գտել են իրար,
Մի կու~շտ սիրել են:
Ու նրանց սիրուց
Աստղերն են ծնվել...
Ու միայն այդ օրը
Բոլոր աստղերը
Շարվել են շարքով:
Ու պատմում են թե`
Ցրիվ են եկել,
Երբ ճչացել եմ`
Սիրո նվագով...

Ես սիրելու համար եմ ծնվել:
Իմ բան ու գործը` միայն սիրելն է...

Անհավասարակշռություն

Քո ասելիքի ծանր ու թեթևը
Չեմ ուզում կշռել.
Բեռնատարների կշեռքով ե՞րբ են
Ոսկին կշռել...


Հիմար ցավ

Շնչարգելության խնդիրներ չունեմ,
Բայց լինում է` շունչս շատ է կտրվում,
Մի բառ կանգնում է հաճախ կոկորդիս,
Երբ պատրաստվում եմ ես արտաբերել,
Իսկ դիմացինս շրջվում, գնում...

Իսկ հոդացավը...., դա արդեն գիտեմ,
Ինձ` պապիս թողած, միակ կտակն է...
Բռնում է հանկարծ այդ հիմար ցավը,
Երբ ամպամած է երկինքը հոգուս...

Չէ, չեմ հեգնում... շոշափում եմ լռությունդ

Ես պարապ-սարապ նայում եմ քեզ...
Դու չգիտես որտեղ թաքցնես հայացքիդ
Իրական արտահայտությունը,
Որ կեղծը հագիդ լավ լինի,
Բայց ես արդեն որսացել եմ
Եղած-չեղածդ,
Որի մեղավոր լռությունը չեմ կարդում,
Բայց ցույց եմ տալիս,
Թե անգիր գիտեմ,
Որովհետև ինձ այդպես էլ չլքեց
Մարդկանց դրության մեջ մտնելու հատկությունս...
Դու էլի չես հասկանում ժեստս,
Որ գնահատես այն,
Բայց չես զլանում դարձյալ բողոքել,
Որ ե՛ս քեզ չեմ հասկանում:
Գնալով անտանելի չի դառնում քո այս
Թոքաբորբ լռությունը,
Որովհետև
Դու արդեն մի բուռ աղմկաբեր
Հաբ ես կուլ տվել,
Որը չի օգնում...
Երևի անգամ
Ուզում ես ապտակել,
Բայց դու դա չես անի,
Որովհետև դեռ կարծում ես,
Որ ապտակելուց
Այտերիս ձոնված
Քո համբյուրները կթափվեն
Ու կկոտրվեն.
Էլի քո մասին ես մտածում:
Երևի մինչ այս ամենը ենթադրել ես,
Որ պարապ-սարապ լռությունը
Կփոխարինվեր նույնքան
Պարապ գրկսեղմումով`
Թեև ոչ պաշտոնական,
Բայց գոնե ձևական:
Ու դու ստիպված չէիր լինի
Համտեսել ամենօրյա հնությամբ լռություն:
Ու մենք կբաժանվեինք ընդհամենը
Մտածված հոգոցներ փսխելով...
Էլի քո մասին ես մտածել:
Իսկ գիտես, թե ես ի՞նչ եմ մտածել:
Ես մտածում էի, որ դու չէիր գա,
Որովհետև չէիր վախենա
Անդառնալի կորող սնափառությանդ համար...
Դե՞, ինչու՞ ես լալիս:
Էլի՞ քո մասին ես մտածում...


 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)