ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԱԺԱՄԻՆ
Ի՞նչ բաղադրություն ու կերպ է առնում սերը-
հավքն այդ բազմաթեւ, ուրուն շնորհագեղ,
ուղի գտնո՞ւմ է մարմնի անկաշկանդ երջանկությունը,
երբ պատերազմ է, պատերազմաժամ`
իբրեւ ներկայի լիազոր-պատվիրակ օրինամեծ...
Ինչպե՞ս են թեւածում թիթեռն ու մեղուն,
ո՞ւր է ծովանում կյանքի անարատ-ոսկեփայլ մեղրը...
Ի՞նչ հայացքով է վաղը նայում քեզ,
ի՞նչ է փնտրում նա քո կոտորակված շնչի դադարներում...
Որտե՞ղ են նվաղում երազները պատերազմի պուրպուր հորձանքի տակ,
նրանց ո՞վ է սնում մտքի փշրանքներով
եւ խանդավառում անշրջանցելի գոյականությամբ...
Ի՞նչ թաքստոցում է խաղաղությունը պարտակում իրեն,
երբ, միեւնույն է, նրան հասնում են արկի բեկորները
եւ անդրաշխարհի ձայնն է փաղաքշում երկար
Օրհներգի ու նոր պատվիրանի պես...
Ինչպե՞ս է երկինքը պահպանում լազուրն իր`
անշշուկ խենթացնում հրաձիգներին...
Ի՞նչ կրկեսահամարներ են խնամքով հղկում ծաղրածուներն ու աճպարարները...
Ինչպե՞ս են ծիծաղում երեխաները` սրտի մեջ`սարսափ ու մոլեգնություն,
ի՞նչ են խաղում նրանք պատերազմից կծկված հրապարակներում...
Որքա՞ն է սաստկանում երգչի համրությունը,
ո՞ւր են չքվում նրա անհնչուն երգ-ուղերձները...
Ի՞նչ առոգանությամբ է Հոգին բանակցում
մահվան հրեշտակների ու վարձկանների հետ,
ո՞ր հույզերով մարում նրանց եռանդը սեւ...
Պատերազմի հողմում ի՞նչ մրմունջներով է քաղաքը շղարշում
բեկված կուրծքը իր, ի՞նչ ճռինչով բացում ելքի դարպասները
եւ ի՞նչ խոսքերով ճամփում զոհյալներին...
Ինչպե՞ս են ողջերը արտաբերում մեռյալների թրթռուն անունները,
զատում քայլերն իրենց ռմբահարումների դիվահար ռիթմից...
Ո՞ւմ համար է բուրում հեզ վարդաթուփը հրահեղեղին,
ի՞նչ ուրվականներ են անցնում խաչվառներով ու պարաքայլերով,
ո՞ր ափերին են բնավորվում արշալույսները գեղածիծաղ...
Օրերը ետ են քաշվում մահալիք ծովի տեղատվությամբ,
խնամածու ձեռքի դողն է փոխանցվում Երկրի արքայությանը,
ու դեռ ոչ մի աչք չի գրանցել, թե
ի՞նչ փափագով են միմյանց մերձենում Հայրենիքն ու մանկասայլակները
պատերազմաժամին...
...
Թեկուզ գեներալ` զինվորի նման ես անցնելու
ճակատագրի ականապատ դաշտով.-
միշտ կա անվտանգության ու պարենի խնդիր`
խաղաղության ու տնտեսական հրաշքի տարիներին անգամ,-
եւ դու աճապարում ես շուկայի տաղավարն այն,
որտեղ տավարի լյարդ են վաճառում.-
երբեւէ չես եղել սննդակարգի գերի,
պարզապես առնում ես մթերքներն այն, որոնք
Նա էր ցանկանում կամ առնչվում են Նրա անվան հետ,
բայց պիտի ճաշակես մեն-միայնակ,-
պատահում է` քեզ ուղղված չարի ականին
մեկեն պայթում են սիրեցյալներդ,
եւ դու եզակի ողբասացն ես դառնում,
լավագույն դեպքում` ակամա սակրավոր`
մահ կանխելու տկար փորձառությամբ:-
Քեզ անցյալը չէ` վաղն է հետապնդում
վարձու մարդասպանի քողարկումներով,
թեպետ քաջ գիտես` հրաշալիքներդ ետեւում մնացին,
իսկ առջեւում դեկորներ են, պատրանքներ լոկ...
ԱՂՋԻԿԸ ԵՒ ՍԱՔՍՈՖՈՆԸ
Մի աղջիկ մտավ երեկոյի մեջ`
ինչպես թախծալուր-կորած աղավնի,
Տեր-Աստված ինքը չգիտե, թե նա
ինչ թեւաբախմամբ կգտնի ուղին,
որ դեպի լույսի տաճար է տանում,
դեպի սիրո տուն, անճիգ հաշտություն,
ուր լսվում է այն կապույտ մեղեդին,
որ երազի մեջ լսել է մի օր...
Աղավնի-աղջիկ` թափառող ուրու,
կանգ առ, այստեղ է ցոլում սիրտը քո,
գալիս է եւ նա, որ քո հուզումով
երգի դրախտը դարձնի ավարտուն:
Բայց գնում է նա` երեկոն առած
որպես աստղագիր մի կրծքանշան,
եւ գրերը որ շողում են այնտեղ,
մի ուրիշ կյանքի անուն են հուշում -
աղջկա համար` խորզգա հնչում,
տղայի համար` հեռատես մի այր,
եւ նրանց բոլոր սավառնումների,
եւ զուգանկար պատմության համար...
Աղավնի-աղջիկ` թափառող ուրու,
դու սաքսոֆոնի կարոտից ելար,
հարսնացուն եղար այն ծով-մեղեդու,
որ ապագա ու երկինք է գերում:
ԱՆԳԼԻԱՑԻ ԲԱՐԵԿԱՄԻՍ
եւ Մարինե ու Վաչագան Վահրադյաններին
Փորագրելով ժամանակի սրսուռ որմերին`
իմ նախնիք հասել են հյուսիս-արեւմուտքի մառախլապատ երկիր:
Հիմա նրանց այնտեղ չի հիշում ոչ ոք
եւ բնիկների ծիծաղն է հարուցում
հայաշխարհից գաղթի հիշատակությունն այդ:-
Ոչ հիանում եւ ոչ ցավում եմ նախնյաց
հին ու հետագա տեղաշարժերով -
շատ հետաքրքրասեր մարդիկ էին նրանք,
եւ ուր գնում էին`բրել-գրելով`
փոշոտ թե կավճապատ փայտ-քարերին ու
թուղթ-մագաղաթներին:
Լավ ձեռագիր ունեին, բարեկիրթ, անչափ համբերատար էին:-
Ափսոսում եմ սոսկ, որ իմ գիրը ձեռաց
նրանցի պես հստակ-վայելչագեղ չէ,
եւ ընդհանրապես` կորչող ավանդույթ է բնագրելը ,-
համակարգչային շարվածքով եմ հաճախ
ինչ-որ բան բրում ժամանակի փլվող որմնախորշերին,-
այստեղ` «չճանաչված» Արցախի սրտում,
ուրկից միշտ փչել է տարագրության «խելոք» քամին:
...
... խաչել-պղծել են արքայազները խավարատոների,
խարանել-ձաղկել են սառը հավատքների անողոք քրմերը,
դիվամիֆերն ու գուժկան լեզուներն են բռնադատել քեզ,
պարտակել Կանչդ,
միտքդ` պատանել համաղետների գուշակություններով,-
քո զրահապատ կերպարանքի համար
անչափ վճարեցին ադամանդներով ու հոգեփոխությամբ
նրանք` մի հսկա զորաբանակ անքուն`
բախբախում են լույսի Դարպասները փխրուն -
իսկը` խաչակրաց արշավանքի թնդյուն...
Քո շուրջ հասունացող ջերմ տեսարանն է
միակ ազնվական շարժանկարը,
դու նրա հյութեղ կադր-դրվագն ես,
բայց դեռ այն հսկա զորաբանակում
զրահ է մուրում քո ուրվականը կրկնամեղա:-
Օ, փայլուն առանցք մութ հավերժության`
«փոքրիկ»-անարատ ադամորդի...

