ՄԵՆՔ ՀԱՄԱՌ ԵՆՔ ՇԱՏ...
Կոլյա Տեր Հովհաննիսյան
Աղետն այս անգամ աշխարհը ցնցեց...
Եվ այդ ցնցումից՝ թե Հայաստանում փլվեցին տներ,
Թե հնադարյան ժողովուրդը մեր
Մի անգամ ևս իր դժխեմ բախտին
Նետեց պայքարի մարտահրավեր,
Թե Աստծո թախտին ճաքած շրթերից
Մի անգամ ևս հասցեագրվեց աղոթք, հառաչանք
Ու նաև՝ անեծք,
Թե քիչ էր մուռը խլված Արցախի՝
Անարդարության ուրվականը պիղծ,
Թե քիչ էր վիշտը օվկիաններ կտրող նոր տեղաշարժի՝
Բնավեր հայի կորուստը անհետ,
Ապա բերումով այս երկրաշարժի
Ո՜վ զարմանք, ցնցվեց աշխարհն այս անգամ՝
Խուլերը լսեցին,
Կույրերը տեսան,
Հին ոսոխները դարձան բարեկա՜մ...
-Հե՜յ, մարդի՛կ, մարդի՛կ, ո՞ւ ր էիք հապա,
Երբ կոտորածի շունչն էր սավառնում Վանից Մուսա Լեռ,
Երբ Սումգայիթում հոշոտվում էին նորանոր զոհեր,
Ի՞նչ եք խուռներամ իրարով անցել,
Թե՞ սառած խիղճն է ձեր նոր արթանացել...
Շեփորե՛ք, հայտնե՛ք,-
Ցավից տնքացող Հայաստանը հին
Հանկարծ դարձել է
Համաշխարհային կամուրջ, կիզակետ.
Տարիներ հետո առաջին անգամ
Պարզված ձեռքերը հանուն օգնության,
Հանուն մոռացված մարդասիրության,
Ձեռքերն արյունոտ,
Որոնք կրում են մանգաղը ջարդի
Միաձուլվել են, դարձել միակամ՝
Բարության քողով պատելով դեմքը ծանոթ տմարդի...
-Հե՜յ, դուք պարոննե՛ր,
Մենք շատ ենք տեսել աղետ ու ավեր
Հենց ձեր երեսից...
Մենք շատ ենք ընկել, բարձրացել նորից,
Մեզ շատ են ուզել իսպառ վերացնել ու ...բնաջնջել,
Այս անգամ նույնիսկ բնությունն էլ է մեր դեմ ծառացել...
Մեր դեմ ո՞վ ասես հաշիվ չի բացել,
Դժվար է սակայն մեզնից... ազատվել.
Քանզի մենք գիտենք աղետի դեպքում
Կանանց մատներից արյան շիթ բացել
Եվ կաթի տեղակ՝
Արյունով սնել մեր որդիներին...
Քանզի մենք գիտենք հարվածի դեպքում
Նորից... Հայանա՜լ և ձերբազատվել
Սպիտակ փոշու առթած թմբիրից...
Քանզի մենք գիտենք...
-Մենք գիտե՛նք ապրել ու... բազմապատկվե՜լ...
Դեկտեմբեր 8, 1988 թ.