ԾԻԱԾԱՆԻ ՏԱԿ
Գրիշ Դավթյան
Այս գույները, որ թափել ես իմ սրտում,
Գունավորել են կյանքիս հեքիաթը,
Իմ կենսավեպի
Այս ամենալավ ծավալում...
Ես հյուսել եմ այս գեղեցիկ ծիածանը
Մի հոգեզմայլ սիրավեպով,
Որ հիանալիորեն նմանում է
Քո դիմաստվերին:
Տարաժամ ամպի թավիշը
Պարուրում է արևին,
Ոսկեզոծ ճառագայթների նարոտը
Քանդվում է
Անձրևաշաղի մի զով ցնցուղով,
Զովացնում է իմ պապակը,
Որի համար ես փառաբանում եմ Աստծուն,
Քեզ պարտական մնալու դժգոհությամբ:
Առատացիր սիրո տեղումով,
Եվ երանգների խտությամբ
Ինձ հասցրու շնչատության...
Ապա փարատվում է ամպի մշուշը
Եվ արևը նմանում է քո ջերմությանը,
Շունչ ու ոգի է պարգևում,
Անդորություն է շնորհում...
Ողողիր ինձ երանությամբ
Եվ մեռոնիր հպատակության կնիքով,
Որ մնամ քո պատկանելության տիրույթում
Համոզումով,
Այլ ոչ գերությամբ:
Արևի ու անձրևի այս հրաշալի խաղից՝
Ահա ծիածանը, որ հյուսել եմ
Մտադիր ցանկությամբ,
Եվ սրտագին ցնծությամբ
Կախում եմ վզիցդ բուրավետ,
Փաթաթում եմ ողորկ ուսերիդ,
Որ մնաս
Չգերազանցվող զարդարանքը
Սրտիս խորանում:
Գլենդել, Կալիֆորնիա
2007-08-29
grishdavtian@yahoo.com
Կարծիքներ
Ծիածանվեցի......
Posted by: Հասմիկ | November 26, 2008 1:09 PM