ԵՐԿԻՆՔԸ ԹՈՂ ՊԱՏՄԻ

Հեղինե Ա՛Դանիել


Դատարկություն... Ճիչ անէության... Կանչ սեփական հոգու փրկության...

Դատարկություն է, երբ նա լքում կամ ուղղակի հեռանում է, բայց ոչ նրա հեռանալու համար ես դատարկվում, այլ քո զղջման ու ափսոսանքի գլուխ բարձրացնելուն պես: Այն դողից, որ կորցնում ես քեզնից մի կտոր, մի փոքրիկ հյուլե, որ ծնվել ու սնվում էր նրա ժպիտից: Գալիս է դատարկությունը, իր բոլոր երանգներով ու սկսում խժռել քեզ... Իսկ դու սկսում ես կառչել ամեն մի շողից, որ թողել է նա քեզ՝ հեռանալիս: Դողում է կյանքի լույսը... ամեն վարկյան վախենալով կորցնել իր իմաստը քո աչքերում: Թարթում է լուսինը իր աչքերը դողից` քեզ իր մեջից դուրս շպրտելով: Արյունդ սկսում է գիտակցել իր անպիտանելությունը, քո երակներում այլևս չգործելու համար: Սիրտդ իր միանվագ երաժշտությամբ ավելի արագ է զարկում... Դու ալարում ես նույնիսկ շնչել:
...Այս ամենն էր դեռ ինձ վաղուց սպասում. դատարկություն, որ հաջորդում է ամեն մի սիրո պոռթկումից հետո, իսկ հիմա...
Դատարկության կարոտ... քո ստվերի անիմաստ մի պար, որ պարում է առանց երգի, քո դեմքից հեռացող ժպիտ, և իմ երկու ատելի ձեռքերը, որ վազում են հեռացող քայլերի հետևից:
...Ու այսքանից հետո, դեռ պտի լինի՝ սեր... Սիրո մի նոր տարբերակ:
Մի նոր հոգու փրկություն, որ ինձ են նվիրելու: Սիրո մի նոր ալիք, ուր ես եմ լողալու: Կյանք, ուր իմ շարունակությունն եմ փնտրելու... Ու հետո էլի...
Դատարկություն... իր նոր մի շարժով... իր նոր բերանով, որ կլանելու է ինձ և ծամի...
Հիմա ես եմ ծամում այն, ինչ մնացել է ինձ քեզնից...
Ծամելուց հետո կուլ են տալիս, ինչքան էլ, որ դառն ու հարազատ լինի. միշտ կուլ է գնում...
Հիմա դատարկ արդեն մի նոր բերան...


***

Ես ատում եմ քո ձեռքերը,
Ինչպես մոխիրը
Իրեն ծնող, բայց լքած
Կրակն է ատում:

Ես ատում եմ քո շունչը,
Ինչպես ջուրը
Իրեն ափ նետած
Ծովի ալիքն է ատում:

Ես ատում եմ քո կասկածը,
Ինչպես աստղերը
Իրենց խաբուսիկ լույս տվող,
Գիշերն են ատում:


Ես ատում եմ քեզ,
Ինչպես դու էիր ինձ սիրում:


***

Փախչել ո՞ւմից, ինչո՞ւ, իսկ ե՞թե փախչել՝ դեպի քեզ, փախչել ինձանից ու քո գիրկը ընկնել:
Կամրջի բարձրությունը նման է քեզ (բարձրությունը նման է լինում մարդուն), իսկ գուցե՞ կամուրջն է նման քեզ. դու էլ կամուրջ ես իմ ու կյանքի միջև, կապող կամուրջ: Կամուջը շատ հեքիաթներ է պատմել, նույնիսկ քո մասին, հիմա ունկդրում է ինձ, սուսուփուս, գոնե մի ձայն հաներ` իբրև լսում է: Կամուրջը գիտե՞ս ինչ ծիծաղ ունի, մեր ծիծաղին շատ նման է, միայն թե այն տաք չէ այդպես, բայց էլի հարազատ է: Կամրջից երկինքը ուրիշ է,տե՞սել ես, գիշերը հատկապես, ու հատկապես,երբ լուսինը չկա, ուղղակի չկա, ոչ նրա գույնը, ոչ ամոթխած աչքերը, ոչ էլ ինձ օրոր ասող լուսինը:
Լուսինը գնաց ,երբ դու դուռը փակեցիր քո ետևից, նա դուրս չեկավ քեզ հետ միասին: Գնաց ու էլ չեկավ, չնայած՝ չեմ կանչել, եթե կանչեմ, գո՞ւցե գա, իսկ դու կգա՞ս, եթե կանչեմ.
-Արի՜, արի թռնենք:
Սպասե՞մ, հիմա լսեցիր ինձ, թե՞...
Մեկ երգ էիր երգում,այդ երգը հիմա ձեռքերս բռնել ու բաց չի թողնում, ինչ-որ բան է մրմնջում, բայց չեմ հասկանում, ինչ-որ առեղծվածային ձայներ է հանում (թե՞ ես ուղղակի իր բառերը չեմ ընկալում):
Իսկ ինչո՞ւ գնացիր, որ էլի գա՞ս, եթե այո `անիծում եմ, եթե չես գալու, թախանձում եմ .
-Արի՜,արի, որ ապրեմ:
Իսկ ո՞ւմ կերպարով գնացիր, հիշում ես, ես` չէ՛, հոգնել եմ մտապահելուց, ավելի լավ է գաս, տեսնեմ ու փորձեմ աչքերդ երգել: Սիրում էիր հանելուկները, ես դրանք ատում էի, բայց ձայն չէի հանում, ես սիրում էի աչքերդ` մտածող, իբրև՝ հանելուկն ես փորձում բացել, մատներդ էի սիրում, որ ինչ-որ բան էին ուղեղումդ փնտրում: Ես ատում էի հանելուկներդ, իսկ դու ինչո՞ւ էիր սիրում հանելուկ, դու նկարում էիր մեր կյանքը հանելուկով, նկարն էլ եմ բերել ուզո՞ւմ ես տեսնել.
-Արի՜,արի նկարդ գուշակենք:
Ես շարունակել եմ նկարդ, ավելացրել եմ սեր, այգ, կլոր սեղան, սուրճ ու լիքը ծիածան. դու սիրում էիր ուտել ծիածան, այն էլ անգույն, իսկ ես գունավոր եմ նկարել՝ իր բոլոր երանգներով, արի համտեսիր.
-Արի՜, արի փսփսանք:
Այս ձմեռ ո՞ւմ բուխարու մոտ ես քնելու, իրեն հետ արի, եկե՛ք փսփսանք, կյանքից, արևից, քեզնից ու ձեզնից ( ասում ես`բա ե՞ս): Ես՝ ի՞նչ. ես էլ կթռչեմ, ազատ, առանց բարևհաջողների:
Ես կգնամ, կհանեմ քո մուշտակը ու երգ կհյուսեմ, հետո այդ երգով ամպ կգնեմ, ու կվանդակեմ, վանդակում նրան հաց ու ջուր կտամ, գարնանը բաց կթողնեմ, իսկ ոտքին նամակ կկցեմ ու դեպի քեզ կթռցնեմ: Նամակս կգա ու քո ուսին կկանգնի ու կասի.
-Բարև, ինչպե՞ս ես, չես ուզո՞ւմ գալ, գարունը եկել է, արի՛:


***

Ներիր հարազատս ...
Ինչո՞ւ ես չեմ կարող գրկել քեզ, երգել քեզ, ինչո՞ւ:
Ինչո՞ւ օվկիսանոսը պետք է բաժանի մեզ, կամ ինչո՞ւ լուսինը այս տեսքով ինձ պետք է հունցի արև, իսկ քեզ մյուս երեսով` կարոտդ մանի:
Հարազատս, գիտես` ուզո՛ւմ եմ ծխել, ծխել ամպ (ո՞վ է ասել, թե ծխում են միայն ծխախոտ, չէ՞ որ ,երբ լացում ենք, դառնություն ենք խմում`ջրի փոխարեն), ամպը ծխեմ, գո՞ւցե մի պահ քեզ հասնեմ ու երգենք: Քրքիջ փաթաթեմ ամպի մեջ ու ծխեմ, կարծում եմ անուշ հոտ կունենա կամ գո՞ւցե ծուխը ցավ ցանի: Հոգնեցի...
Այսօր ինչ-որ բան պակասել է ինձնից ,գողացել են կամ գո՞ւցե կտրել ինչ-որ բան ինձնից: Այսօր շատ եմ ուզում զգալ քեզ, ոչ հեռվից, հեռվից հոգնել եմ,կարոտս է հոգնել, էսպես չորացել է կոկորդիս ու քերում է, հարազա՜տս, իսկ դու գիշե՛ր ես:
Դու գիշե՛ր ես, գիտե՞ս, իմ գիշերը, որ ոչինչ չեմ տեսնում, բայց այնքան բա՜ն ես հասկանում, այնքան ծաղիկ ու երազ ,միայն զգում եմ գիշերը, բայց չես տեսնում: Հիմա դու գիշերս ես, ստե՛ղս ես, կյանքիս ստեղը, որ օգնում է նվագել ուրախ նոտաներ, ուզում եմ ճիչ լինել, ու քո կարոտը քեզ մի պահ ետ բերել:
Բեմի վրա դեր են խաղում, իսկ ես կյանքում դերեր եմ բաժանում, բաժանում եմ մի կաթիլ օրորոց, լավ սրա մասին հետո, չեմ ուզում տխրես, հարգելիս:
Ես չկա՛մ, դա հաստատ գիտեմ, կա աշխա՛րհ, մարդկությո՛ւն, քաո՛ս, հո՛ղ, արյո՛ւն, հարազա՛տ ,սե՛ր: Բայց ես չկա՛մ, ու գիտե՞ս՝ ինչու եմ դողում, որ չկամ, բայց իմ մեջ զգում եմ այս ամենը, իմ մեջ եմ զգում մարդկությո՛ւնը, չա՛րը, բար՛ին, բե՛մը, ետնաբե՛մը, արցո՛ւնքն ու նրա հա՛մը:
Չէ՛, մի տխրի՛ր, չեմ ուզո՛ւմ տխրես, ուզում եմ ժպտա՛ս, ուզում եմ մանկա՛ն ծիծաղ ժպտաս, «մա՛մ» ժպտաս, ուզում եմ, որ ...արի՛, ուզում եմ ,որ գաս...
Եսասիրությունս հաղթեց ,տեսա՞ր , քեզ ցավ հիշեցրի ,բայց իմ ցանկությունը հայտնեցի, ուզում եմ ,ախր շա՜տ եմ ուզում, որ գաս ...
Ների՛ր, որ վերջը էլի էսպես եղավ ,խոստանում եմ, ցանկություններս մորթել ու քեզ չտխրեցնել:
Հիմա բարի գիշեր, լույս երազներ ու Մասիսի հով Քեզ :


 

Կարծիքներ

Verjin@ hadkapes. LAVN E.

Hetaqrqir ev kardacvox gorcer en.Karevorum em ayn, vor yntercoxneri mi masy Cer toxerum karox en gtnel irenc.Erevum e hexinaki harust nerashxarhy ev grelu anuranali cirqy.

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)