فارسي

ՁՈՆ ԱՐԵԳԱԿԻՆ

  |  


Էսթեր Դավիթյան


Ի՞նչ եմ երազում


Մեկ, երեք, հինգ, յոթ և ապա ինն գրեցի թղթին,
բայց ոչ հենց այնպես, ինքնանպատակ կամ հանուն խաղի։
Մեկր գրեցի ի նշանաբան Արարչին մեր Տեր,
երեքը՝ կյանքի իարհուրդը խորին հույս, հավատ ու սեր,
հինգը՝ պարզապես ներկայացնելու հինգ ըզգայարան
և մարդ կոչվելու բաղաղրատոմսը անպայմանական,
յոթն, ո՞վ չգիտե մեր հեքիաթների թիվը մոգական,
և ինն, երբ յոթ զավակների ու սյունի հետ իր տան
սեղան էր նստում հպարտ հայուհին արծըվի նման։
Երանելի այն օրերն անցյալի արդյոք ետ կգա՞ն...

Ի՞նչ եմ կարոտում, ի՞նչ եմ երազում եթե հարցնեին,
մեկ, երեք, հինգ, յոթ և ապա ինն պիտի ասեի։
Մեկ՝ հավատարիմ մնանք մեր Աստծուն և չկասկածենք,
Երեք՝ մեր հույսը, հավատն ու սերը միշտ անեղծ պահենք,
Հինգ՝ (և նույնիսկ վեց) ըզգայարանով իրար զորավիգ
յոթ զավակի տեր, ինն շունչ դառնա ամեն ընտանիք,
ինն՝ հայուհին հայոց սուրբ հողում թող տունն իր կազմի,
յոթ կորյունների ու առյուծի հետ սեղան թող բազմի,
յոթն անգամ յոթը ճյուղով կանաչի ամեն գերդաստան,
թշնամու սիրտը ահից պատռվի, երկի՜րս Հայաստան։

Որովհետև

Զգու՞մ ես ինչպես անուշ են բուրում
փրնջերըս բոսոր ու հըրապուրում,
բայց ոչ ոք, ոչ ոք չի կարող գընել,
ես որոշել եմ վարդերըս այսօր
անցորդներին տալ, մեկ-մեկ բաժանել։

Նկատի չունեմ այն զվարթներին,
որ ինձ կնայեն ժպիտ դեմքներին
ու կմոտենան քսակները բաց՝
գինը հարցնելուց, գիտնալուց առաջ։
Օ՜, ոչ։ Ոչ նրանց։

Քանզի նրանք, որ ծաղիկ են սիրում,
պարտեզներ արդեն ունեն սրտերում։
Պիտի վճարեն, վարդերըս գընեն,
ժպիտըս էլ առած, զվարթ ավելի
պիտի հեռանան երջանկացած, լի։
Հրա՜շք իսկական։

Ինձ բավական չէ այսքանր սակայն։
Գնված ժպիտին ես չեմ հավատում,
ուրիշ հրաշք եմ այսօր երազում։
Երջանկության կարճ մի քանի վայրկյան
այս առավոտ ես նրա՛նց պիտի տամ,
որ բարևն Աստծո չեն տալիս-առնում,
մշուշն է միայն աչքերից հառնում...
և կարմիր վարդըս անսակարկ-անգին,
պիտի լույս բերի մթագնած դեմքին։

Չեմ վաճառելու այսօր ոչ մի վարդ,
նվիրելու եմ, տալու եմ հատ-հատ,
բաժանելու եմ բոլոր այն մարդկանց,
որ անցնելու են փակ ու խռոված
իրենք իրենցից ու այս աշխարհից,
չեն նկատելու վարդերըս վառման,
չեն ըզգալու ինձ, իրենց անձն անգամ...
Մեկական ծաղիկ սրա՛նց պիտի տամ։

Դու զարմանու՞մ ես։ Դու չե՞ս հասկանում։
Գուցե ծիծաղում, խոսո՜ւմ ես թաքուն,
մտքում նախատում հիմա՛ր է, հիմա՜ր,
վարդերն այս բոսոր վաճառքի համար
պարտեզից քաղել, շուկա է բերել
ու հիմա խելքը թըռցըրել այսպես,
առա՜նց դրամի, առա՜նց դրամի
բաժանո՜ւմ է, տե՜ս...

Մտածիր սիրտըդ ի՜նչ որ կամենա,
Հոգիս ծանակիր ծաղրով անխնա,
միայն չխոսես, միայն լուռ մնա,
որպեսզի չասես ափսո՜ս է, չանե՜ս...



Պատգամ


Ես այսքան տարի աշխարհում ապրած
ու այսքան ծանոթ ցավին, դավերին,
դու փոքրիկ աղջիկ, նոր աշխարհ մտած,
ծանոթ միմիայն մանկան խաղերին,
դիտում ենք իրար...

Օ՜, փոքրիկ աղջիկ՝ անմեղ հըրեշտակ,
աշխարհի չարին-բարուն անտեղյակ,
դու չես իմանում, դու չե՜ս իմանում,
ինչու եմ ապշած քո խաղին նայում։
Նախանձու՜մ եմ քեզ...

Իմանաս անգամ չես հասկանալու,
ինչպե՞ս հասկանաս, թե արդյոք ինչու
ես՝ տարիքի հետ հասունացածս,
փորձ ու փորձանքով իմաստնացածս,
նայում եմ խաղիդ, երանի տալիս,
նախանձում այնքան, որ լացս է գալիս...

Քե՜զ, ո՛չ ուրիշին, որ ունի գոհար,
հենց քեզ, որ ունես հարցեր անհամար,
որ կըսովորես մի օր հիրավի
ինչո՞ւ է կանաչ գույնը տերևի,
ինչի՞ց է կախված ամպը վերևի,
ո՞վ է վառ պահում լույսը Արևի...
քե՜զ եմ նախանձում։

Քե՜զ, որ չգիտես Արևի դստեր
լույսի և նրա անբաժան րնկեր
ըստվերի մասին, դեռ չես սովորել,
բայց կսովորես անպայման դա էլ
գուցե հենց այստեղ, քո տան պարտեզում,
ուր պուպրիկիդ հետ խաղում, վազվըզում,
սեփական շուքըդ բռնել ես ուզում
ապարդյուն փորձով,լալի՜ս հուսահատ,
դու լաց ես լինում, իսկ նա անընդհատ
վազում քո կողքից, հենց քո քթի տակ
առաջ է րնկնում քեզնից շարունակ...
քե՜զ եմ նախանձում։

Քե՜զ, որ ապրում ես բնազդով մանկան,
օրըդ անցնում է առանց բարդության,
խաղը սահմանն է քո երջանկության
ու խաղալիքըդ շողն արեգական,
օրորով քընում, արթնանում երգով,
հոգիդ չի խոցվում անեծքի վերքով,
քեզ՜, որ տակավին չգիտես կռվել,
չըգիտես ծըռել, չըգիտես ծըռվել,
դեռ չես սովորել մեծ աշխարհի հետ
անմիտ, անհեթեթ հաշիվներ բռնել,
փոքրիկ աշխարհդ բերկրանքով է լի...
այ, սրա համար քեզ՝ երանելի,
քե՜զ եմ նախանձում։

Նախանձու՜մ եմ քեզ, ասում երանի,
նաև թախանձում, որ Աստված անի,
իմ փոքրիկ աղջիկ, իմ անմեղ հրեշտակ,
աշխարհի չարին-բարուն անտեղյակ,
չարությունր միշտ օտար լինի քեզ,
ու բարուդ համար աղոթու՜մ եմ, տե՜ ս...
Եվ ահավասիկ ինչ եմ պատգամում։

Օ՜ , ես չեմ լինի մի օր աշխարհում,
դու ինձ չես տեսնի, ե՛ս կտեսնեմ քեզ,
կհետևեմ քեզ ճիշտ այսօվա պես,
դարձյալ կաղոթեմ, սակայն այս անգամ
կապույտ անհունից տիեզերական,
որ դու քո հերթին և մաքուր հոգով
մեկ այլ փոքրիկի խաղին նայելով,
դու տարիքի հետ հասունացածդ,
փորձ ու փորձանքով իմաստնացածդ,
նախանձես նրան ու տաս երանի,
նաև թախանձես, որ Աստվա՜ծ անի,
երազների հետ ու այս աշխարհի
հաշտ ու համերաշխ մանկություն լինի,
մարդր մարդ մնա, մարդկությո՜ւն լինի,
հազա՜ր երանի, հազար երանի ...


Ձոն արեգակին

Մանուկ օրերի մի ոտանավոր,
անշուշտ միամիտ ու պակասավոր,
որ ծվարել ու այսքան ժամանակ
ապրել էր մտքիս խոր ծալքերի տակ,
այսօր փորձում է վերստին հառնել,
մի նոր քերթվածի մարմինը առնել...

Բառապաշարս տկար էր այնժամ,
գրածս, իհարկե, թոթովանք մանկան,
բայց զարմանալին մտահղացել,
Արևի շողով այնքա՜ն հիացել,
պատասխան էի ուզել նրանից
սիրու՞մ է արդյոք Արեգակն էլ ինձ...

Ինչ երեխայի բան էր դա, Աստվա՜ծ,
նման հարց տալը որտե՞ղ էր լսված,
հետո, շատ հետո հասկացա միայն,
թե հիացումս կանչն էր իմ արյան,
թե արևապաշտ իմ նախնիների
ոգին էր խոսել մի պահ երեի...

Հետո, շատ հետո իմացա և այն,
թե հիանալր հերիք չէր միայն,
թե հարց չեն տալիս մինչև չիմանան
պատասխանն արդյո՞ք պիտի հասկանան,
զի պատասխանը օդով չի սնվում,
ճիշտ հարցի նման մտքից է ծնվում...

Հետո, շատ հետո իմացա և այն,
թե հարցեր տալը հերիք չէր միայն,
ոտանավորն իմ Արևին ձոնած
այդ տարիներին անավարտ մնաց,
քանզի իմ միտքը տակավին խոպան,
լոկ հարցեր ուներ, չուներ պատասխան...

Ու հիմա, այսօր երբ հասունացել,
ի՜նչ փակ դռներ եմ բախել ու բացել,
ամեն նոր երգով նոր հարց հարուցում,
ամեն նոր երգով գտնել եմ փորձում
մի ճշմարտություն ու մի պատասխան,
պետք է ավարտեմ ոտանավորն այն...

Օ՜, Արևի հետ զրույց ունենալ
խաղ ու կատակ չէ։ Այո, հիանալ
նրա ադամանդ շողերով հույսի,
բայց սուզվել է պետք և վերջալույսի
խորհուրդների մեջ ու ձուլվել անհետ
իրիկնաժամի հասունության հետ...

Այո, հիանալ, այո, լիանալ,
սակայն հաղորդվել պետք է կարենալ
ոչ միայն լույսին, ըստվերի՜ն նաև
և երկրագնդի մյուս կեսին նայել,
որպեսզի հոգին երբեք չդողա,
երբ ցուրտ է ու մութ այս կեսի վրա...

Որ երբ պտտվի գնդակր նորից,
երբ շողը ժպտա երկնքի մովից,
երբ լույսով օծվես, աչքերդ բանաս,
որ թմբիրիդ մեջ մեռած չմնաս,
զի ամեն գիշեր ու ամեն մահիճ
հանգիստ է բերում, բայց և մահ մի քիչ,
էլ չկասկածես, էլ չհարցընես
սիրու՞մ է արդյոք Արեգակր քեզ...

 

Կարծիքներ

Արևը չի կարող քեզ չսիրի :)

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)