فارسي

ԱՇՆԱՆԱՅԻՆ

  |  


Գրիշ Դավթյան

Ոսկե աշուն


Չսիրեցի քեզ բնավ,
Բայց երգեցի քեզ հաճախ,
Ոսկե աշուն,
Ե՛վ բնության,
Ե՛վ կյանքիս,
Որ միշտ, սակայն,
Շաղ տվեցիր մեծ ճամփիս
Տերևներդ թալկացած,
Բայց և բերքդ բեղմնավոր,
Ատոքահասկ, հասկահաս։

Եթե բնավ չունենայի
Գարնանային ողջ փթթումի տապը հորդ,
Սիրելու և տիրելու բուն բնազդը
Ստեղծագործ ու արարիչ,
Սրբազան.
Չունենայի ամառային շոգն ու տոթը,
Եվ արյունս եռացնող լիցք անսասան,
Խլված հզոր արեգակից հրազան.
Եթե բնավ չունենայի ...
Ո՜հ, հայնժամ
Կերկրպագեի քո ոսկուն
Եվ հունձքին այն փորձառության,
Որ օրերով ամբարեցի տարիներիս ամրոցում,
Դառնալով լիք և գիտակից և ներհուն։

Եթե բնավ չունենայի
Աշխարհների արագրնթաց
Ամեն րոպե ծնող, մեռնող,
Պայթող, խամրող, հառնող, փլվող,
Հաղթանակող
Գերբաների հասկացույթը խթանող.
Եթե բնավ չունենայի մեծ քաոսի
Եվ ստեղծող, և կործանող
Գերզորության հյուլեից
Իմ ժառանգած հողեղենի ծինը բոց.
Եթե բնավ չունենայի ...
Ո ՜հ, հայնժամ
Չէի լինի մեղուն այն,
Որ ապրեց
Ծաղիկներին տիրելու հուր տարփանքով.
Ցողը այն,
Վարդաթերթերին կառչելու զովությամբ.
Ծերպերի գանգերը սանրող հովը այն...
Չէի լինի,
Չէի լինի այն ինչ կամ։

Ոսկե աշուն,
Ոսկե աշուն,
Չսիրեցի քեզ բնավ.
Թեև ձուլում եմ ոսկիդ,
Թեև ձոնում եմ երգերս
Գարնանային ծլումներին ու փթթումին դեռատի,
Արբունացող խոյանքներին հավաստի,
Ամառնային գիրգ շոգությամբ պատարուն
Տրվումը ողջ վայելածի զորությամբ...

Եվ հիմա
Առատության տաղավարում քո ոսկյա,
Զօծված արդեն հասունության արևի
Մանուշագույն շառայլներով հեռակա,
Այն որտեղի՜ց, այս որտե՜ղ,
Վերընթացով վայելչորեն վեհական,
Նպատակով մտադիր,
Ու անբասիր դժգոհությամբ առնական,
Ոսկե աշուն,
Թող պարտական ես չմնամ քեզ բնավ։


Թեհրան 1980,06,06
Գլենդել, Կալիֆորնիա 1990,07,04


Աշուն և ամոթխածություն


Աշունը շեկ
Աղջնակ է սիրվըտող,
Որ նետում է շապիկ ու փեշ
Ու մերկանում։

Շոգի՞ց է...

Բացում է իր կուրծքը ողորկ,
Բումբերը գիրգ
Ու կոնքերը մարմարե,
Հազիվ թե մի գունատ տերև
Թզենու
Թողնում վրան... իբր ծածկոց։

Հովն Է փչում,
Չափում, շաչում, ամաչում...
Գաղտագողի մեղանչում...

Արբունքի մեջ աշունը շեկ
Աղջնակ է սիրվըտող,
Ու չգիտեմ
Թողնու՞մ,
Նետու՞մ Է
Թզենու տերևը...

Սիրաբանող ամոթխածը
Էլ չի նայում,
Չի տեսնում...

0՜, քունքերս
Զարկում են տաք բամբյունով,
Ու բամբյունով սիրտս է բախում
Շնչատ, մոլի, սիրախում,
Դեռ տարածվող աշնանային
Շեկության մեջ թավշային...

Ու վերստին
Կարծես կոկոն Է պայթում,
Սիրվըտային վարդագունով
Ջերմանում.
Կարմրում Է շեկությունը
Թառամող...

Աշնանային միջօրեի
Արևի՞ց Է
Մեղրունակ...
Մեղուների պարսն է զնգում
Արյունիս մեջ,
Քունքերիս մեջ նվում,
Նազում,
Բազում խաղով տնազում...

Աշունր շեկ
Աղջնակ է սիրվըտող,
Շիկնում է ու վարդագունվում,
Թեր ու տերև թափթփում,
Մերկանում Է,
Բայց... ամոթխած
Թզենու մի տերև թողնում
Իմ վրա...

Աթենք, 1986,12,20



Անունն աշուն է


Կանգնել է իմ ճամփին շիկավուն մի աղջիկ,
Իր խոնավ շուրթերով, ոտքերով իր բոբիկ,
Հյուսքերը հովերին, մերկիրան, բարալիկ,
Նա ինձ դուր է գալիս, և անունն աշուն է։

Ես կանչում եմ նրան, ու նա ինձ գրկում է,
ճամփեքիս փոսերը խաշամով լցնում է,
Չորացած շուրթերս անձրևով թրջում է,
Փսփըսում ականջիս, որ անունն աշուն է։

Ուզում եմ հարս բերել, որ տանը մորս օգնի,
Ինձ սիրով խնամի ու երբեք չհոգնի,
Գիշերը գուրգուրի, տաք ծոցը իմ մտնի,
Ասի ինձ սիրում է, ու անունն աշուն է։

Շեկ աշուն... շեկ աշու՜ն... երփներանգ իմ հուշեր...
Որ թափված եք սրտումս հանց վարդեր ու փուշեր...
Որ նրան եմ ուզում ամեն օր ու գիշեր...
Եվ չեմ էլ մոռանում... որ անունն աշուն է։

Ինդուստրի, Կալիֆորնիա, 1998,12,17



Աշնան տերև


Չինարի ծառից ընկած
Աշունը տերև է չոր...
Իմ սրտի հևքը խլած
Աղջիկ է սիրատոչոր...

Տերև չէ՛... ձմռա՜ն ծաղիկ,
Ցուրտերի մեջ սառուցե
Սպիտակ մի ձնծաղիկ,
Ասուպի ծվեն գուցե...

Տերև չէ... գարնա՜ն ծաղիկ,
Իմ սրտում բողբոջել է,
Թերթերին ցող ու շաղիկ,
Ողջ գիրկս ողողել է...

Տերև չէ... ամռա՜ն ծաղիկ,
Արևի շողին թառել,
Սիրասուն երգ ու տաղիկ
Կարոտած շուրթին առել...

Բայց... տերև է չինարի,
Արբունքի ոսկով զարգար,
Որ աշնան արցունքով լի
Կաթում է անմխիթար...

Սիրո խոսք ու գիր վրան,
Խոստում է վայելքների...
Հույզերի մի սուրբ խորան...
Ծիածան է գույների...

Բայց և... չէ... շրշյու՜ն է լոկ...
Ցնդում է երազ դառած...
Մեջքին վառ մի շիկափոկ
Աղջի՞կ է... տերև է թաց...

Ընկնում է իմ թևերին...
Թռչում է քամու թևով...
Չինարի տերև դեղին...
Աղջիկ է նա հոգեթով...


Գլենդել, Կալիֆորնիա, 2000,10,25

 

Կարծիքներ

ո~ւֆ, աշունիկ... :(((

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)