فارسي

ԱՉՔԻՑ ԿԱԽՎԱԾ ԱՐՑՈՒՆՔ...

  |  


Հեղինե Ա՛ Դանիել


Բարև սիրելի'ս, արի' նստենք գիշերվա հետ:
Հիշո՞ւմ ես, առավոտյան քեզ արթնացրեց խոհանոցից սիրային ելևէջների ակորդները` Ես քթիս տակ երգում էի ու թեյ պատրաստում: Հետո Դու համբուրեցիր Քո բազկի տակ, երազում ժպտացող մեր կորյունի աչուկները և եկար ինձ գարունելու: Հիշո՞ւմ ես` վերելակում հայտնաբերեցիր իմ հերթական քառատողը քո գրպանում. սեր էի մանել քեզ համար ու գրտնակել թղթին: Դու ժպտացիր, իսկ Ես զգացի, որ ժպիտդ տունս արթնացրեց սիրո քնից ու ինձ հրեց դեպի քո գրասեղանը: Ես քո բույրը առա գրքերիցդ, նկարներիցդ ինձ ժպտացող իմ իսկ նկարից` քո մատների քնքշությունը համտեսեցի: Հիշո՞ւմ ես` աշխատանքային գրասեղանիդ հայտնաբերեցիր փոքրիկ արկղ, որտե՜ղ ի զարմանս քեզ` վարդիս թերթիկներն էին, թիթեռներով կցված. գրասենյակդ լցվեց թիթեռներով, հիշո՞ւմ ես...
Ա՜խ, ների'ր, այս ամենը դու չես կարող հիշել, ինքս էլ չեմ կարող, այս ամենը մի բույլի շող էր իմ երազից, պատմում եմ քեզ, որ Լույս իջնի քո աչքերին, դեռ չտեսված աչքերին: Այս ամենը ուղարկում եմ Քեզ, որ դեմքդ լցվի գարնան շնչով, որ Քո ոտնատեղերում ծաղկեն բոլոր տատասկները և Դու քայլես դեպի ինձ: Հարազա'տս, երբեք չտխրես, Ես միշտ ճանկռոտում եմ Քեզ մոտեցող ամեն մի տխրություն, հետո նրանց համեմում իմ ժպիտով: Գարո՜ւնս մի բարկացի'ր, որ Քեզ կտրեցի աշխարհից ու անիմաստ, հեքիաթային տողերից եմ կախել, ների'ր պարզապես ուզում էի ասել, որ՝
Ես Սիրում եմ Քեզ:

Հ.Գ. Համբուրում եմ քո հայքյան աչքերը, տաք հագնվի'ր`չմրսես, մինչ հանդիպենք ու երկուանանք:


***

Քառակուսի շրջանը միշտ ամփոփել է ինձ իր մեջ, իր պատերով սեղմել մտքերս, ձոներս, հոգիս ու... մատներս: Ամեն այցելուի հետ նա փոխել է իր համն ու կպչելիության աստիճանը: Փոխել է նույնիսկ ինձ իր մեջ բոժոժելու ձևը: Ինքս էլ նրան սկսել եմ ձևափոխել, երբ հասկացել եմ, որ աշխարհում կան սև ու սպիտակ տղաներ և աղջիկներ, կա սեռային տարբերակում` ըստ... ըստ բարբաջման վանկավորման:
Սկզբից, երբ հասկացա անազատության պատերիս նույնությունը, սկսեցի պայքարել, ափերով հրել շրջանակիս կլորությունը,նեղվում էի նրա հատակը և առաստաղը չտարբերելու ցավից: Բացում էի թևերս ու, որքան ուժ ունեի, ինչպես նրանց փարվել գիտեի, հրում էի, լայնացնում շրջանիս չանկյունացված եզրերը ու... հաղթում ինքս ինձ: Որքան հրում էի, այնքան չէի հասկանում, որ շրջանիս տալիս եմ անվարագույր պատուհաններ ու թաքնված անկյուններ. քառակուսի էր ծնվում ներսում: Առանց շրջվելու անկյունում էի նաև շրջանիս հետևի կողմը. շրջվել չէի կարող, այն անցյալի տեսքով ներկան էր` ինձ մոտ գտնվող, ո'չ դիմացինիս պատկանող սև աչքեր, այնտեղ գունաչ կամ անգույն, ինձ չսպասող հերթական աչքեր էին:
Բոժոժումի տարբեր գալարումներից ինքս էլ վերածվեցի զսպանակի, կտրտվեցի, շրջվեցի, բայց շրջանիս անկյունները գնալով բազմապատկվում էին, ափերովս շրջանին հրող զսպանակը սեղմվում էր, հետո միանգամից ժայթքում, ներսում գարուն սփռում, ու զսպանակից ուղիղ, անկամուրջ գիծ նկարվում:
Քառակուսի շրջանը ինձ բաց թողնել չի ուզում, Ես վաղուց սերտաճել եմ նրան, դե ուրեմն, ինչո՞ւ ինձնից պահանջել լայն, լուսե հարթությամբ, ծվլվացող բացատ:


***

Բառերս այսօր
Գարուն ուզեցին,
Եվ քեզ ափիս մեջ
Անձայն նկարեցին:

Աչքերս այսօր
Քեզ հիշել ուզեցին,
Եվ հուշի պատյանից
Քեզ ետ բերեցին:

Ձեռքերս այսօր
Երգել ուզեցին,
Եվ լուռ քո
Ուսերը գրկեցին:

Մատներս այսօր
Ծաղկել ուզեցին,
Եվ քո արյունից
Վարդեր քաղեցին:

Շուրթերս այսօր
Խաչվել ուզեցին,
Եվ անմեռոն խուցում
Քո անունը շշնջացին:

Աստղերս այսօր
Երկնել ուզեցին,
Եվ քո աչերին
Լույս ձոնեցին:


Սիրտս այսօր
Սիրել ուզեց,
Եվ հոգուս մեջ
Այս մեղեդին գրեց:

 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)