فارسي

ՎԱՂՎԱ ՕՐԸ, ՈՐՈՒՄ ՊԻՏԻ ՄԵՆՔ ԱՊՐԵՆՔ

  |  


Տիգրան Մարտիրոսյան


Վաղվա օրը, որում պիտի մենք ապրենք


«Այսօր» միմյանց բարևում ենք
Որպես պարտականություն:
«Հաջողություն»՝ ցանկանում ենք
Իբրև ձևականություն:

Միմյանց հետ ընկերանում ենք,
Դրդված պահի պահանջից,
Հետո իրար մոռանում ենք
Բացակա պահանջմունքից:

Թույլին կրկին տրորում ենք`
Մեր բնույթն է այդպիսին:
Ուժեղներին քծնում ենք,
Գլորում մեր կյանքը սին...

Բայց մենք կրկին մոռանում ենք,
Որ չենք ստեղծվել այդպիսին,
Ինքներս մեզ կործանում ենք,
Վանում մեր միջի Լույսին:

Չէ՞ որ մենք միշտ հասկանում ենք`
Մենք ենք ստեղծել այս Օրը,
Եվ այսօր էլ մենք ստեղծում ենք
Գալիք վաղվա նոր Օրը...


Աշխարհի ցավը

Ավտոկայանում
Մարդիկ են կանգնած,
Զրույց են անում:
Մեկն էլ ժառանգած աշխարհի ցավը,
Երգում է, պարում, խաղում իր խաղը.
Ողորմություն է խնդրում աշխարհից...
Գոռում գոչում է նա «իր» ցավերից...
Շեղ հայացքներ են նրա կողմ ուղղվում,
Ոմանք խղճում են, ոմանք` հայհոյում:
Բայց դեռ նրանցից ոչ ոք չի զգում,
Որ այդ խեղկատակն ինչ-որ տեղ նաև
Հենց իր`նայողի մեղքով է ճչում...

* * *

Ա՜խ, որքան երկար,
Ինչքա՜ն երկար եմ սպասել, որ դու գաս,
Որքա՜ն գիշերներ,
Երեկոներ եմ անքուն երազել, որ մի օր կգաս:
Հույսս չէի կտրել,
Գիտեի անպայման, շուտով պիտի գաս:
Ճիշտ է քիչ տխրել,
Բայց համբեում էի, չէ որ դու կգաս:

Եվ... Օ՜, ինչ բերկրանք,
Ի՜նչ երանելի մի պարզ ցնծություն:
Վերջապես եկար,
Եվ ինձ բերեցիր ճերմակ մաքրություն:
Հե՜յ, մարդիկ «անճար»
Տեսեք, գտել եմ...
Ձեզ նույնն եմ մաղթում...
Իմ սպիտակ հանճար,
Իմ հանգստություն,
Իմ փափուկ, պաղ Ձյուն:

 

Ձեր Կարծիքը