ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տիգրան Մարտիրոսյան
* * *
Ասում են, թե Հրաշք չկա,
Ապա ի՞նչ է ծնվելը:
Ասում են, թե Հրաշք չկա,
Ապա ի՞նչ է շնչելը:
Կարծում են, որ Հրաշք չկա,
Բա ի՞նչ է Քեզ տեսնելը:
Թվում է, թե Հրաշք չկա,
Ասա, ի՞նչ է սիրելը:
Ասում են, թե Իմաստ չկա,
Ապա ի՞նչ է փնտրելը:
Ասում են, որ Իմաստ չկա,
Բա էլ ի՞նչ է գտնելը:
Կարծում են, թե Իմաստ չկա,
Բա ի՞նչ է հանդիպելը:
Թվում է, թե Իմաստ չկա,
Սակայն զուր չէ սպասելը:
Ասում են, թե Ճամփա չկա,
Եվ հեռու են սարերը:
Ասում են, որ Ճամփա չկա,
Եվ զուր են ճրագները:
Կարծում են, թե Ճամփա չկա,
Դեպի հոգու խորքերը:
Թվում է, թե Ճամփա չկա,
Եվ ի զուր են խոսքերը:
Բայց չէ, հաստատ, Աստված վկա,
Շատ հեռու չեն սարերը:
Չէ, չէ, գիտեմ, Աստված վկա,
Որ զուր չեն ճրագները:
Հաստատ գիտեմ, Աստված վկա,
Դեռ կլսվեն խոսքերը:
Որ կտանեն, Աստված վկա,
Դեպի հոգու խորքերը:
* * *
ժամանակն է կաթում
Եվ անդարձ գլորվում
Անդունդներն անցյալի:
Նա իր հետքն է թողնում
Մեր սրտին, մեր հոգուն,
Ու տրվում անցյալին:
Ժամանակն ենք հաշվում`
Եվ անդարձ գլորվում…
Ու փնտրում ցանկալին:
Ժամանակն է կանչում
Մեր սրտին, մեր հոգուն,
… Ո՞րն է մեր ցանկալին:
Եվ անձրևն է կաթում
Ու անդարձ գլորվում
Հեռուներն աշխարհի:
Եվ արևն է թափվում
Ու անդարձ մխրճվում
Մութ ձորերը դարի:
Դեռ հեռուն ենք թռչում,
Դեռ հեռվում ենք փնտրում
Մեր սրտի ցանկալին:
Եվ դեռ մեզ չենք տեսնում,
Մեզ խաբում, մեզ կեղծում
Ու կորցնում ցանկալին…
Այս գարուն
Այս գարուն կարծես
Նոր խոնովացած ծառի սերմ լինեմ,
Որը սակայն դեռ վախում է ծլել,
Վախում է կրկին պաղ ցրտով հարվել:
Այս օրում կարծես
Ինձ վերագտած մի անձրև լինեմ,
Որը վախում է հանկարծ դադարել
Եվ Հուր Արեգից չծիածանվել:
Բայց գիտեմ` գիտե՞ս,
Որ պետք է հաղթեմ վախին և լինեմ`
Մի ծիրանենի: Եվ ծաղկունք բերեմ,
Եվ կյանքից, սիրուց անընդհատ արբեմ…


Կարծիքներ
Դու կարողանում ես համադրել պարզությունը և անհասկանալին, պատկերավորը և ցնորայինը...
Քո ստեղծագործությունների լավատեսությունը , անմիջականությունը,հավատը լուսավոր գալիք օրվա և ամենակարևորը գեղեցիկ պատկերավոր միջոցների օգտագործումը յուրահատուկ մի երանգ են տալիս գրվածքներիդ...
Համոզված եմ, որ դու դեռ շատ ասելիք ունես և քո մոտ ամեն ինչ դեռ առջևում է:)
Posted by: Մարինե | June 11, 2008 2:21 PM