ՆՈՐՋՈՒՂԱՅԱԿԱՆ
Գրիշ Դավթյան
(Անավարտ էլեգիա)
Հին Իրանի անուշ մովում
Աղոտացող իմ քաղաք,
Զնգում էիր այն օրերում
Որպես ծնծղա ու զանգակ։
Ու հայաբառ էր քո երգը,
Որ մեր երգն էր ու խոսքը,
Այգիների մեր լի բերքը,
Առատության հորդ հոսքը։
Գետառի պես անսպառ էր,
Մեջքին կամուրջներդ հին,
Մեր պապերի ու նաև մեր
Կառուցած շենն ու ուղին։
Տպարան ու գրադարան,
Դպրոցները կրթության,
Ընկերային կյանքով լեցուն
Ակումբ ու բեմ պատվական։
Սպահանի դու Եվրոպան,
Այնպես գողտրիկ ու սիրուն,
Անդորր կյանքի մեր օթևան
Իրանական սուրբ հողում։
«»«»«»
Նոր Ջուղան է հայաբնակ, դարավոր,
Սպահանի հարավում,
Զայանդերուդ գետի ափից
Մինչև փեշերն Սոֆի սարի մթնադեմ,
Ընկողմանած, ընդարմացած մի եդեմ։
Հայաշխարհի մի ինքնատիպ գաղթօջախ,
Դարբասներով պինդ պատնեշված.
Բայց դարի հետ դարն ապրելով,
Դարպասներն էլ խոնջ փլել են
Քսաներորդ դարի դիմաց։
Հիմա չկան դարպասները հինավուրց.
Չկա հայահոծ համայնքը անցյալի։
Վեր են միտված գմբեթները պարսկաոճ,
Բայց խաչակիր,
Նոր Ջուղայի տասնևերկու ժամերի
Ու վանքի.
Եվ հայկական զանգակատան սլացքով
Զրնգում են նրանց զանգերը ձայնեղ
Առավոտյան լուսաբացին,
Երեկոյան արևմարի ժամերգությամբ սրբագին։
Սոֆի սարը Հարավային հորիզոնն է պատվարում,
Փառակն ի վար Շիրիմների տապաններով ծածկված
Հանգստարանն է
Հեռացած սերունդների բյուրավոր,
Որ Ձագհարույց Դամբարանի
Շուրջբոլորն են թափթփված.
Հազարավոր նաշխաքանդակ տապաններ,
Ուր պահվում են
Հիշատակներ սրբազան,
Նաև մի հին պատմություն,
Մեր պապերի,
Ու պապերի էլ նրանց.
Նոր Ջուղայի պատմությունը,
Սկիզբ առած Ջուղայից,
Նախիջևանյան Ջուղայից նոյահիմն,
Եկած հասած Նոր Ջուղա,
Ու պահ դրված
Սուրբ Ամենափրկչյան Վանաց
Ավանդատան թաբեկներում զառամած։
Անհաշվելի երանգների պերճանքով է պճնված
Սուրբ Ամենափրկիչ Վանքը,
Ավանդատան հարստությամբ,
Հին ձեռագիր մատյաններով
Ու Մատենադարանով հին,
Թանգարանով եզական,
Եվ անդրանիկ տպարանով հայկական։
«»«»«»
Ես ծնվել եմ քո գրկում,
Որ Նոր Ջուղան ես եղել,
Հայաստանն ես եղել դու...
Իրանի հին, լայն գրկում...
Սպահանի հարավային ջերմոցում
Քո սիրով ես ինձ սնել,
Զգացումներով խորին,
Գեղարվեստով, դասականությամբ նորին...
Միս ու ոսկոր ես պարգևել գոյությանս,
Որ ոռոգվել է իմ արյամբ հայրենական,
Հայկական,
Որ ընդունել ես հաշտությամբ,
Այլև ըմբռնողությամբ,
Առատորեն ջերմացրել ես
Իրանական արևով,
Այլև քո թանկ շնորհներով պատվական։
Դու ես եղել զորավորը,
Ես եղել եմ ենթական,
Չեմ ունեցել ընտրության իսկ պերճանքը,
Որպես մանուկ անճարակ,
Որ արագիլը սուրհանդակ,
Տոպրակը կախ կտուցից
Կատարել Է
Ծեսն հանձնումի գերագույն։
Արդեն գիտենք բոլորս,
Արագիլներն են տոպրակով
Նորածիններին բերում։
Իսկ այնտեղ,
Արագիլներ ուր չկան,
Բազարից գնված շաքարի
Տոպրակներից են հանում
Մանուկներին նորածին։
Այս վերջիններից եմ եղել ես
Երջանիկ։
Ես հիշում եմ համայնքային մեր կյանքը
Իր ներամփոփ կառույցով,
Ավանդական սովորույթներով հարուստ,
Պարզ, հարազատ,
Հանդիսավոր օրերով,
Լի օրերով,
Վայելումով ընտանեկան, հանրային։
Գարունները բացվում էին
Նարգիսների ոսկեբաժակ արբունքով,
Որի ցողով արբում էին
Մեղուները մեղրածոր։
Մախմուր վարդեր,
Մանուշակներ կապտաթերթ
Բուրում էին ծաղկումների հորդումով,
Նշենիները վաղ էին հարսնանում...
Մեր մեծ բակը դղրդում էր
Պատանեկան իմ խաղերի խենթությամբ։
Ամառները արևաշատ շոգերով,
Քաղցր մրգերի հասունությամբ,
Պարտեզները բերքավոր,
Այգիները բեղմնավոր,
Հասնում էին աշնանային լի կութին։
Մեր պարտեզի կեռասենու ճյուղերից
ճնճղակեր կեռասները
Ուտում էի ախորժով...
Հասնում էի ընկուզենու բարձրերը...
Մեր այգում
Թարմաների վրա հեծ
Արևաջերմ խաղող էի վայելում...
Ես հիշում եմ հունվարյան ցուրտ օրերը,
Երբ ձյունում էր
Պատանության ցնծությամբ,
ճերմակ սավանը ծածկում էր
Տուն ու պարտեզ ու այգի,
Մինչև, մինչև Սոֆի սարի գագաթը։
Առավոտյան ձմեռային սև ագռավների տարմը,
Կրկռոցով հավաքվում էր չինարիների վրա,
Ծածկում ամբողջ մերկ ճյուղերը.
Ապա ընդոստ, հավաքական մի թիռով
Ողջ երամը թևածում էր արևմուտ,
Մի համորեն կրկռոցով
Մութ ստվերով հետամուտ...
Հետո օրվա երեկոյան
Տարմը դառնում էր նորից,
Մայրամուտի ցոլքերի հետ
Ցվրվելով արևելք։
Ավանդական ու օրհնված ընտանիքում,
Տնում, բակում ու պարտեզում եմ աճել,
Հասակ առել...
Երբևէ չի պատահել,
Որ մոլորվեմ
Նոր Ջուղայի ծառուղիներում հողոտ,
Նեղ ու փոշոտ քուչեքում,
Քանզի դրանք գծագրված են եղել
Իմ ծիներում...
Արդարև,
Ծնող երկիրն ինձ ընդունել էր միայն
Որպես փոքրամասնություն։
Նժդեհական վիճարկումների բովում
Պատկանելության կարոտով,
Երբ էլ մոլորվել եմ ես,
Թափառել եմ տարածքներում,
Մեր տնից՝ վանք, Շիրախանի Փողոցով,
Ու Նազարի Պողոտայով,
Վանքից՝ Կենտրոնական Դպրոց,
Առվագլուխ, ապա Քանանյան Դպրոց,
Երբեմն էլ գրադարան.
Երեկոյան՝ Հայոց Ակումբ...
Այդ ճամփեքում,
Պտույտներում այդ ծանոթ,
Թափել եմ
Մոլորություններս փշրանք առ փշրանք,
Մաքրվել եմ կասկածներից հոգեհան։
Զգացել եմ այդ, երբ որ
Դառնությունը բերանիս
Քաղցրության է փոխարկվել,
Որ կյանքի համն է համով...
Պանդխտության դառնությունը
Փոխարինվել է հայկական քաղցրությամբ,
Իրանական աշխարհում։
Եվ հայկական իմ արյունը
Սնվել է
Իրանական արևում։
Այդտեղից եմ զանազանել
Հայրենիքը՝
Ծննդավայրից բնիկ.
Հարազատությունը՝ որդեգրումից,
Պատկանելությունը՝ վերագրումից։
Դրանք հասարակ բաներ չեն,
Կենսական ու կարևոր են եղել դրանք
Իմ ողջ կյանքի հաճույքում։
Սիրել եմ քաղցրությունը
Զտությամբ ու մաքրությամբ,
Որի վճիտությունը
Զուլալությունը անոսր,
Նվիրումս են ջրդեղել
Հանց ամրություն անառիկ,
Խոսքիս նման անմիջական,
Մտերմության պես անկաշառ,
Անանձնական համորեն։
Անձնականը եղել են՝
Ընտանիքը սիրասուն,
Ընկերները մտերիմ,
Միությունները հայությամբ ակաղձուն,
Ու երբեմն էլ ձանձրալի,
Ուր հանդիպել եմ բոլորին,
Բազմաթիվներին սիրել,
Սիրահարվել եմ մեկին։
Մեր միության կենտրոնը
Կոչում էինք Այգեստան։
Իբրթե գաղտնի էր այն,
Բայց համայնքը ողջ գիտեր.
Մենք էլ գիտեինք՝ գիտեն,
Եվ համարում էինք՝ իբրև չգիտեն։
Այդպիսին էր մեր իմացած պատշաճը,
Գաղտնիացման մի պարզունակ դրվածքով։
Ու կար նաև
Հայերենի երեկոյան դասընթաց,
Որին մասնակցում էինք
Խանդավառությամբ անանց.
Այնպես՝ տղա ու աղջիկ ողջ համատեղ,
Որ նույնը չէր դպրոցներում պետական,
Նախկին՝ հայոց,
Բայց գրավված, պետական,
Պարսկապետական դպրոցներ,
Իսլամական օրենքով
Տարբաժանված ըստ սեռի։
Ամենայն օր, առավոտյան
Կարգով շարված,
Կանգնում էինք աղոթքի,
Պարսկերենով, իսլամական աղոթքի,
Որպես էինք՝ ուրբաթապահ
Հայ քրիստոնյա խեղճ մոնթեր...
Հայերենի երեկոյան դասընթացը
Սրտագինն էր մեր համար։
Հայկական այդ տարածքներում էին լինում,
Պատահում,
Ընկերական միջադեպեր,
Դպրոցական գորշ դասերի սերտումներ...
Փողոցային խաղերի
Գզվռտոցներ աղմկոտ,
Պարմանական պատմություններ սիրային.
Սիրվտոցներ հեշտալի,
Պահպանողական, սրտագին,
Զգուշությամբ, վախվխելով,
Նույնիսկ խեղճ...
Բայց զորավոր էին սեր ու նվիրում,
Ու զորավոր էին բախում
Մեր սրտերը սիրախում...
Իրար աչքի էինք նայում պարզությամբ.
Զգացումը վճիտությամբ էր հոսում
Վարք ու բարքից մեր սազական,
Պարմանական բռնկումով անբասիր,
Վստահությամբ անբեկում։
Եվ օրերի արևի տակ,
Գիշերների շվաքում,
Սիրաբանում էինք տոհմիկ մաքրությամբ,
Բանաստեղծականությամբ,
Գգվանքներով կարոտագին
Ներամփոփված համայնքում.
Երբեք գաղտնի չէին մնում
Պարմանական գաղտագողի սերերը.
Բացվում էին գաղտնիքները
Բայց համարում էինք գաղտնի,
Պահում էինք որպես գաղտնիք։
Դա էլ համը իր ուներ...
Անցնում էինք բոլորս նույն ճամփեքով,
Դպրոցական տարեվերջի քննության
Սերտումներով Նորաշենում, մուլքերում,
Դասընթացով նույնական,
Մարզադաշտով, ակումբով,
Հասնում էինք ընկերական հավաքույթի,
Հանդեսների, գգվանքների սիրային։
Հասունանում էինք մենք։
Երազները հածում էին եթերում,
Լուսադեմի քաղցր ու փախուկ երազներ,
Որ համբույրի նման հպվում շուրթերիս,
Ու ցնդում են, ջերմը թողած շուրթերիս։
Լուսաբացի խաղարկությամբ շողերի
Առավոտը ծագում էր Նոր Ջուղայում,
ճառագայթները հանց գունեղ վրձիններ
Լույսի շերտեր էին ներկում
Վանքի ողորկ գմբեթին,
Ու պատկերում մի բարի օր
Նոր Ջուղայի ծուփ գրկում...
Մեր փողոցի բարդիները շնկում էին,
Մեր պարտեզի վարդենիները բուրում,
Եվ հանձնվում էի ես
Երիտության հովերին,
Որ կյանքն էր սիրելի,
Չգիտակցվող, էժանագին, կարճատև։
Հեքիաթների մեջ բոլոր,
Վստահաբար այդ հեքիաթն է սիրելի
Իմ համար, ու բոլորի։
Այդպես էր,
Նոր Ջուղան էր,
Մերն էր ու մենք էինք լոկ...
Օտար չկար բնավին...
Բայց... պատահեց, որ մերը...
Իմը... չեղավ...
Ու չեղավ
Սերնդակից ընկերներից ոչ ոքի...
Ու հեռացանք... հեռացա...
Խորթացա ու... խորթացանք...
Դա պատահեց խոր կսկիծով,
Խոր կարոտով... խոր սիրով...
Վարք ու բարքի
Ու հավատքի ջոկությամբ...
Կյանքի երկաթյա պահանջով...
Սրտամրմուռ մղկտոցով,
Նոր Ջուղայի երեկոյան թանձրությամբ,
Երբ մայրմտնող արևը
Մանուշագույն էր օծում իմ խոհերը,
Մտածումներս գունեղ.
Երբ ժամերի զանգակների ղողանջը
Թաղից թաղ էր մատուցում
Սուրբ պատարագ,
Ինձ մոտեցնում Աստծուն...
Որ ես թեև թերիմացի վարանքով,
Բայց միշտ էլ
Հավատացյալ եմ եղել։
Թեև սերս ու կարոտս
Մղկտում են դեռ լռին,
Թեև երեկոները
Մանուշագույն ծվենով են երանգում
Հիշողության հեռուները սիրելի,
Թեև հուշեր են թև առնում
Դեպի նեղլիկ քուչեքը...
Խորթացումը իմ, սակայն,
Փոքրամասնության հանգույցով
Հեռացումը իմ անդարձ,
Ընդարմության են հասցրել փույթերս.
Ափսոսում եմ,
Բայց փույթս չէ այլևս...
Ու կարոտում եմ միայն...
Զգացումից ծանրացող իմ խոր հևքը
Ձայնարկում է ղողանջներ...
Ինչու՞, ինչու՞ փույթս չէ...
Որ պատահեց խորթացումը...
Ծննդավայր սիրելի,
Չարժանացա որդեգրումիդ, ինչու՞...
Փոքրամասնության խտրողգիծ
Ինչու՞... ինչու՞ քաշեցիր...
Օրենքներդ ինչու՞ եղան խիստ, խտրող...
Ինչու՞ չորդեգրեցիր մեզ...
Խորթացա ես...
Խորթացանք մենք...
Ամբողջ սերու՜նդ խորթացավ...
Իսկապես ողջ, հոծ սերունդնե՜ր խորթացան...
Ամբողջական իմ ցնծության,
Մեր մանկության,
Պարմանության,
Երիտության անցյալը
Անտեր մնաց,
Մնաց որբ...
Թափված այնտեղ, մայթերում,
Փոշիացող որպես խաշամ...
Ապագայիդ անհաղորդ...
Ինչու՞... ինչու՞ մեր անցյալը
Քո ներկայից խորթացավ...
Ապագայի արևիդ մեջ
Չի ունենա ոչ մի ցոլք...
Այլ կմնա լոկ մի կարոտ,
Լոկ մի հուշ ու պատմություն...
Էր, որ էինք...
Որ էլ չենք...
Նոր Ջուղայի սրտից ելած,
Ավա՜ղ, նրանը էլ չենք...
Գլենդել, Կալիֆորնիա,
2007-09-07 / 2008-02-28
Կարծիքներ
Yerani te arcak greiq. aveli k shaher grootioon@. shat prozajik oo arhestakan e hnchoom, chnayac tex-tex gexecik doxer kan.
Posted by: shakeh | May 13, 2008 3:16 AM