ԵԿԵՔ ՍՏԵՂԾԵՆՔ ՏԱԳՆԱՊԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արտեմ Հարությունյան
1
Հարգելի քաղաքացի, արու երկրի զավակ,
Ստեղծենք Տագնապի կուսակցություն,
որ հետո երկիրը չդառնա քաղաքական քարվանսարա։
Բայց դա հետո...
երբ սողոսկի օրը
ասես ներկած օձ
դեպի պայթյունը զայրույթի,
որ կքշի ամեն վարկած,
դեպի զիբիլի ամանը ճաքած,
հերվա ձյան պես սև, որդո'տած...
2
Հիմա կուսակցություն է ստեղծում ամեն ոք,
Ով ծնվելուց հետո կարճ ուղի է անցել
(մտոք, մարմնով, հոգով)
Ով ունի դաչա, ԲՄՎ, տնամերձ,
Բանկային կասկածելի հաշիվ,
Մի քանի լքված երեխա, փոքր-մեծ քրեական զանցանք,
Նաև պուտանկաներ, որոնց առջև, անկողնում,
մերկ մարմնի մոտիկությունից անկեղծանալով,
կիսում են իրենց քաղաքական տխեղծ ըղձանքը,
որի հիմքում նվաճենք քաղաքական իշխանությունը,
և հետո «թարմացնենք «մերսեդեսների» սեփական պարկը»:
Սրանք անգետ են կուսակցությունից,
չգիտեն ուր է տանում ծրագիրը մգլոտած,
գուցե ե՞տ, կառափնարան,
ուր միշտ դահիճ կա վառ ծպտյալ,
և ժողովուրդ հացի-մտրակի կրքից կքված,
բայց թամաշայի համար կազմ-պատրաստ։
3
Աշնան թաղապետական ժողովը
քշում է թուղթ դարձած տերևը նոր համագումար,
Անցած տարվա ընկած մարմինը
ելնում է գերեզմանից, ուղղվում,
դառնում նորելուկ ուրվական,
խոսում է իր մաղձը հողից էլ դառը,
պահանջում նրան սպասող
«Սևահողի խավար» կուսակցությունից
ամեն ինչում լինել իրատես
և արմատներին ձեռք չտալ...
4
Քաղաքական «Պորտապար պարողների» միությունը
«Անպորտալար կուսակցության» հետ է կցվել,
կոչում է ժողովրդին վայելեք կյանքը հիմնովին։
«Լիաբերան դեմոկրատները» «Անլիբերալ կոմունիստների»
կուսակցության ստնտու ձեռքն է համբուրում մութ միջանցքում
ինչ-որ սիմպոզիում, ուր ներկաներին սվինի ուղեկցությամբ են ներս բերում...
«Արժանապատիվ ապագա» կուսակցությունը միացել է
«Գաղտնի մեծապատիվ հարուստ մուրացկանների» միության հետ,
սա էլ իր հերթին խաղեր է խաղում
«Անարժանապատիվ անցյալ» կուսակցության խեղճերի հետ նրանց
համակենտրոնացման ճամբարում,
ուր արևի շողը մգլոտած է հանց քաղաքական առաջարկ...
Դառը ժամանակներ,
գաղտնի ու անտես փշալարի դեմ-դիմաց։
Հիմա ավելի շատ քաղաքական կուսակցություն կա,
քան բրդաթել։
«Հորինած երկիրը» գաղտնի հանդիպում է
«Անօրեն բարգավաճող մաֆիաների երկիր»
կուսակցության հետ,
նրանց համատեղ բանկետը ցույց տվեց
մերձեցման առողջ նշաններ,
և նոր բանկային կուսակցություն
«Խաբենք հիվանդ ժողովրդի ավանդատուներին» նշանաբանով։
Բանկետի վերջում սեղանի տապակած հավերը տուն տարան։
«Հայոց համազգային շարժումը» միավորվել է
«Միության և սովի» կուսակցության հետ,
միասին սովորեցնում են քաղաքացիներին,
կարդալ-հասկանալ ասես սուրբ տեքստ՝
քաղցը համատարած
(դա արժանիք է՝ ըստ նրանց)։
Իսկ այս կուսակցությունը կույր ձագի պես
չի տեսնում իր ապագան,
ուղեկցող շուն է պահում քաղաքական իր ճամբարում,
կերակրում նրան աղքատին հատկացված նպաստից,
նույն աղքատին խոստանալով առատ ապագա։
Այս մեկը նայում է միայն ներքև:
5
Հիմա բոլորն են ստեղծում Ազնիվ կուսակցություն,
վատագույն դեպքում Բարի Մինիստրություն։
«Ազգային դաշինք» կուսակցությունը խռնվել է
«Անցյալի դաշնության» հետ,
«Կատաղի կույսերի» «Շամիրամ» միությունը
միացել է «Կաթնամթերքի կայսրության»
և «Ներքին գործերի անբասիրության» միությունների հետ,
«Կույրերի միությունը»՝ «Տեսնողների հավկուրության»։
«Նոր ուղի» կուսակցությունը գլորվել ընկել է
«Հին ճառերի ջրաշխարհ»կուսակցության գիրկը
և ջրի տակ, հանկարծ կապվել
«Անցած-գնացած պարտիական շերեփուկների»
կուսակցության հետ և անգամ ջրասուզված,
քաղաքական պղպջակներ է
բաց թողնում, հուսալով գրավել ուշադրություն...
ԲՇԳ-ի խումբը միացել է «Անօթևանների կայտառ միության» հետ,
«Գերհզոր տենորների միությունը»՝
«Ձայնալար չունեցողների թշվառության» հետ,
«Գաղտնի թշվառների» հարուստ և հարգված միությունը՝
«Կեղծամի ակտիվ քաղաքականության» խմբին,
որ քաղաքացիներին ձրի բաժանում է շինծու գանգուրներ,
և դարն անցած ինդուլգենցիայի (սեփականաշնորհման)
հաստ կտրոններ, որով կարող ենք մուտք գործել
մեղսագործին սպասող քահանա֊քննիչի խոստովանախուց։
«Քաղաքացիական անհնազանդության» խումբը ձուլվել է
Լոս Անջելես ստրկության մեկնող էմիգրանտների վհատ խմբին։
6
Իսկ «Հջշ»֊ն («հարուստ ջիպածինների շարժում»)
միավորվել է կապիտալ ունեցող
«Ազնիվ ֆինանսական հզոր մաֆիա» կուսակցության հետ,
որի զավակները հարգելի պատճառներով միշտ
բացակայում են Հայաստանից,
Առանձնատներ են առնում Ֆլորիդայում կամ Լոս Անջելեսում.
նրանք լուսաբացին «օֆշոր» երազներ են տեսնում
Հայաստանի մասին և շտապում բանկ՝
«Ուեստերն Յունիոն», նաղդ փողը հաշվելու...
«Քարակոփ գլուխների միությունը» միավորվել է
«Անօգնական մարդկանց
միայն ֆրանսիական օծանելիք» միության հետ։
Ցուցակը վերջանում է հանկարծ կրակոցով, ու
ընկնող ծանր մարմինը, պարզվում է,
կուսակցություն չունի,
և իսկույն հանձնվեց կյանքը դարանակալող հողի
մաքրամաքուր կուսակցության ընդերքին,
ավելի ճշգրիտ «Աևահող կուսակցության»
(ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում Ձեզ) խոր փոսին։
7
Այսքան կուսակցություն ունեցող երկիրը,
պարզ է, մի օր հասնելու էր քավարան,
ուր սողացող բույսերը խրատ են կարդալու,
կանաչ ձեռքեր են հողից բարձրանալու,
որ ջնջեն ամոթը կեղծիքի,
սրբեն թռիչքը նախանձի, փոշու, ատելության,
և շոշափուկներն ամեն անցողիկի,
որով մենք հավերժն ենք կառուցում։
Իմ ջանքը չի վնասում ոչ մեկին,
Մերկ ներկայությունն է արևի
(հոգնած պատերի վրա քաղաքի)
ապացուցում այս ամենը,
իմ զգույշ բարեկամ։
Ես կո'չ եմ անում
միանանք Տագնապի կուսակցությանը.
նրա արյան մեջ
հոսում է օքսիդացած աղը զայրացած մոլիբդենի,
պղնձի, և մաքուր թռիչքը եթերացող աղավնու։
8
Ու՞ր մնաց ճշմարտությունը։
Մենք օրեցօր համոզվում ենք,
սոսկահար արթնանալով մղձավանջի փոխվող երազից,
որ Արդարությունը չքվել է, չկա,
և որոշ աղբյուրներ վստահ հաստատում են,
որ այն վաղուց վերացել է,
նրա թանգարանային նմուշը,
սոսկ բրիտանական թանգարանում է հիմա,
խոլորձների մեջ պինդ կապված,
պահեստային մասում բերանքսիվայր ընկած։
Եվ առ այսօր համատարած գիտական
հետազոտություններ են արվում գտնելու
սկիզբը նրա անհետացման, և մեղավորներին չարակամ։
9
Բայց ինչի՞ց սկսվեց
արդարության կտրուկ չքվելը։
Գենետիկայի՞ց, թե՞ կիբեռնետիկայից,
Բնածին մեղքի՞ց, թե՞ կապիտալիզմից,
դինոզավրի վտանգի զգացումների՞ց,
Դիետայի հզոր խախտումների՞ց,
Թե՞ աղքատից հեռու պահվող չոր հացից,
Դևերի շքերթի՞ց, թե՞ երիտթուրքերի ժահրոտ չալմայից։
Մեր աչքի առաջ մեխում են մի ողջ ազգ,
մյուս ազգերը ժպտում են հրեշտակադեմ։
10
Քաղաքի թաղամասերը փոխվել են պատերազմաբեմի,
Ուր միշտ գաղտնի տարածք կա բանդաների,
և ռենտգենի ծպտյալ, ինֆրակարմիր աչք,
որ չես հասկանում, թե ում է հսկում,
յուրայինների՞ն, թե՞ թշնամուն,
և ում է պատժելու կռվի վերջում,
և ի՞նչ է պատիժը նշանակում,
երբ պատժողը ինքն է մարդասպան,
և հենց պետությունն է, ու...
քաղաքական լրբերի շքեղ կազմակերպած մեծ կանկան... որ այսօր սոսկ
ականջմտուկի դերակատարն են, քաշքշում են, ժպտում
բարձիս մոտ «տխրադալուկ», ծառայական թասակները
ճոճելով, ավաղ, վաղն անհայտ է, թե ինչ կլինի
Պատմության փողոցով անցնող Շքերթի հետ, որ
պահանջում է կյանքի փոփոխում, դեպի Մարդ Արարածը կոհակվող
համաշխարհային սիրո֊սյուռեալիզմի
(քնի մեջ միայն բացահայտվող) անհապաղ ճանաչում,
Պոեզիայի անսահման իրական լռության
Բարձրավանդակի դեմ-դիմաց։
Դեպի մութ ընդերք,
ուր լպրծուն տարրերը ստեղծագործ
անցած տարվա բյուջեի արմատներն են կարկատում,
անատամ, բայց ուժեղ միներալնելից սարքած
ծնոտը շխկշխկացնելով,
Լոնդոնի բիրժայում վաճառելով
Հայաստանի մոլիբդենի ու ոսկու պաշարները խղճուկ,
կուսակցության փոխարեն հողն աշխատում է անխափան,
խոհեմ է հողը, վրիժառու, երբ ճիշտ ժամանակի ժանիքը մոտենա։
«Եհովայի հետևորդների ծպտյալ խումբը» գաղտնի
միացել-ուտում է «Քաղաքական վերջին օրերի
սրբերի» համով ապուրը,
«Հովհարային անջատումների» կուսակցությունը
կապվել է «Մազութի և մոմի Համոյի» կուսակցության հետ,
նրանք լեզու գտան ակնթարթում,
երբ ժողովուրդը ընկղմվեց խավարում, և խարխափելով
քաղաքական իդեայի փոխարեն չարխ գտավ,
որ մուր թողեց շքամուտքում ցրտահարվածի մեռած դեմքին։
«Սեփականաշնորհենք ամեն ինչ, անգամ լուսինը»
նշանաբանով կուսակցությունը
ձևափոխվել է «Փափուկ միլիոնատերերի
քողարկված բիլիարդ ինն անց կեսին»
կազմակերպության,
և փույթ չունի անտուն երեխաների։