Թարմացվում է երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերը
فارسي

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գրիշ Դավթյան


ԳԱՐՈՒՆ

Դու գալիս ես նրա դալար հետքերով,
արահետներով այն գալարուն ու սորուն,
որտեղից նա անցել է թեթև քայլերով,
բայց մխրճվել է սրտիս մեջ,
որպես տաք ու լուսավոր ճառագայթ,
որ արյանս հետ զգացումով է հոսում,
ու հորձանուտ անելով խորանում է,
խորանում։
Եվ խորքերից իմ սրտի
պայթում է վառ կոկոնի պես,
բնության զարթնումի ավետիսով,
որպես կապույտ մի ծաղիկ,
որ երազի վառ ծվեն է.
արևի տակ համեցող,
սրտապնդող մի խոստում է,
որ շնչում է նրա բույրով
ու շոյում է քունքերս.
իր ջերմությունն է քսում իմ շուրթերին
համբույրի կարոտանքով։

Դու գալիս ես նրա քայլքով սեթևեթ,
որ ճկում է մեջքր վտիտ,
ու խուսափում է իմ գրկից,
որպես ամպը, որ փարում է լուսնյակին,
բայց սայթաքում Է մահիկից,
ու կուտակվում է
հոնքերիս մութ մռայլությամբ երազկոտ։

Դու գալիս ես ճամփաներով այն հեռավոր,
որտեղից իմ երազներն են անցնում
անվերադարձ հուշերով.
հորինում են կյանքիս հեքիաթը թաքուն,
գաղտնիքներով դյութական,
արոտներով իղձերիս,
ուր ուզմունքներս են արածում,
որպես ճերմակ գառնուկներ։

Տենչերս խայտում են հանց թիթեռներ,
որոնց թևով ես գալիս։

Նրա թրթիռներով ես գալիս
ու մտնում ես սիրտս։

Ես երկրպագում եմ քո ծաղկունքին,
որի վարդաթերթերը
նա շաղ տվեց իմ կրծքին,
որպես խանդաղատանք ու երջանկություն։
Երկրպագում եմ
քո նարգիսներին ոսկեբաժակ,
որոնց մեջ լցված ցողով
կարոտներիս սոխակներն արբեցին,
փառերգություններ դայլայլելով նրան։
Ես երկրպագում եմ
մանուշակներին քրքումե,
հասմիկներին սպիտակ,
որոնց զարդարանքով ես նմանվում նրան,
և արժանանում ես իմ պաշտամունքին։

Առավոտների խաղաղությամբ
բեղմնավորիր կարոտներս,
որ այս պաղատանքիս մեջ
համն առնեմ նրա համբույրների.
խոնարհվեմ գեղեցկության պաշտամունքով,
հավատարմության հավաստիքով,
և զգամ հարազատությունը
սիրո ջերմությամբ,
որով գալիս ես վերանորոգ կյանքով.
գալիս ես
շարունակության նման անփոփոխ,
և համ ու բույր ես բաշխում,
որպես անվերջանալի առատություն,
որպես խորհրդավոր մեկնումների
իմաստավոր վերադարձ։

Գալիս ես,
մտնում ես սիրտս,
ու ծաղկում ես։


Գլենդել, Կալիֆորնիա, 2000,03,21


ԳԱՐՈՒՆԸ ԱՂՋԻԿ Է


Իմ գիրկն է նա մտել պարտեզի ծաղկունքով,
Վարդագույն այտերով մի աղջիկ.
Գարուն է անունը, բուրում է արբունքով,
Հագել է կուրծքր բաց մի շապիկ։

Ծոցի տաք լույսր իմ աչքերն է ծակծակում,
Շուրթերր հասուն են դեղձի պես.
Սրտագին իր սերր վարդի հետ է ծաղկում.
Ասում է քաղիր թե ուզում ես։

Հյութեղ է... ու հյութր խմում եմ մեղվի պես.
Ասում է մի խմիր, դա թույն է.
Չգիտեմ դա մահ է, դա կյանք է, թե հանդես,
Որի մեջ գլուխս դառնում է։

Անունր գարուն է, թափվել է իմ կրծքին,
Բուրավետ է, որպես վարդիթեր.
Իմ շունչը կտրում է, փուշեր կան ձեռքերին,
Երբեմն էլ խայթում է խստամբեր։

Բայց հանկարծ դառնում է ուլունքի մի շարոց,
Կախվում է վզիցս, պսպղում,
Իմ ամբողջ հոգսերը դարձնում է մի հոգոց,
Հովին է տալիս ու քրքջում։

Շշնջում է մեղմիվ ականջիս ու ասում,
Գարնան երգ է ասում իմ համար.
Վարդագույն այտերով աղջիկ է նա հասուն,
Հագինը մի շապիկ ծաղկատար։


Գլենդել, Կալիֆորնիա, 2000,03,28

 

Ձեր Կարծիքը