Թարմացվում է երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերը
فارسي

ՍԻՐՈ ՄԻՆԻԱՏՈՒՐՆԵՐ

Դվին Գալստյան

Կապույտ էր ամեն տեղ՝ մուգ կապույտ,
Հետո, երբ կապույտը անցավ,
Մի վարդ կար՝ վարդագույն, վարդագո՜ւյն

Ա.

Մութ էր:
Ներս մտա:
Ծուխը պատել էր սենյակը:
Նրանք նստած էին կողք-կողքի:
Մեղրի կաթիլներ էին ծորում:
Նա էլ էր նստած:

Պարում էի:
Նա էլ էր պարում:
Մենք էինք պարում:

Լույսի ցոլքեր էին երևում:

Երաժշտությունը հնչում էր:
Մութ էր:

Հանկարծ երաժշտությունը կտրվեց:
Լույս էր:
Դուրս եկա:

- Ցտեսություն:
- Ցտեսություն:


Բ.

Լույսը բացակայում է:
Միգուցե ինքս եմ անջատել, որ ոչինչ չերևա:

Թաքնվում եմ սեփական աչքերս փակելով:
Ախր, այնքա՜ն եմ ես սիրել աչքերս բաց պահել ...

Բաց են աչքերս,
և ես անկարող եմ որևէ բան տեսնել՝
բաժանել լույսն ու խավարը:

Ես ամեն ինչին նայել եմ լույսի քողը գցած աչքերիս:
Երևի լույսի քողն է ծածկել աչքերս:

Միշտ լույսի հետ վարվել եմ նուրբ ու քնքուշ:

Ե՞րբ եմ սայթաքել:
Թեև չգիտեմ կարելի՞ է
խաղալ
լույսի
հետ:


Գ.

Քայլում եմ կակաչների պողոտայով՝ կապույտ կակաչների պողոտայով:

Ձեռքումս մի վարդ՝ կարմիր, կարմի՜ր ...
Կաթիլները ծորում ու արյունոտում են սիրտս ու հոգիս:
Սիրտս վիրավոր է:
Այն հոտոտել է վարդը:
.....................................................................
Վարդը ամրացրի թփին ու հեռացա:


Դ.

Թոկը կախված է առաստաղից, գնում է ու գալիս.
Ու իր շարժումների մէջ գծում է նախշեր՝
սիրո և ատելության ...
Նրա ստվերը գետնին թունոտ ծաղիկներ է նկարում:

Ես կախված եմ այդ թոկից, գնում եմ ու գալիս.
Եթե իջնեմ պիտի խմեմ գետնի վրա պատկերված կապույտ ծաղիկների թույնից:


Ե.

Նրանք դաշտում են:
Կարմիր ու կապույտ կակաչների դաշտում:
...................................................................
Ես նստած եմ չորացած թթենու շվաքի տակ:
Ձեռքումս չորացած վարդեր են ու կակաչի սերմեր:


Զ.

Կանչում եմ,
ձայնս չի արձագանքում ...

Շրջապատված եմ լեռներով:
Գագաթները չեն երևում:

Թևերս վիրավորված են:
Չեմ կարողանում թռչել:

Հայյացքս դեպի արեգակն է:
Կակաչի սերմերը ձեռքիս ...

Թեհրան - 2004

 

Կարծիքներ

Շատ տպավորիչ երկեր են.ես հիացած եմ

Ձեր Կարծիքը