Թարմացվում է երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերը
فارسي

ԲԱՆԱՍՏԵՂԾ ԱՐՄԱՆՏԻՆ

Գրիշ Դավթյան

Ապրել է երազկոտ մի տղա
Թեհրանի խճողված քաղաքում,
Շրջել է բանաստեղծ մի տղա
Թեհրանի ասֆալտե մայթերում։

Աչքերում եղել է մի կարոտ,
Մտքերը երկնքի խորքերում,
Իր տանը նստել է ծեր շան մոտ,
Աղավնին ճախրել է վերևում...

Սիրել է կապույտը երկնքի,
Սիրել է կապույտը մերկության.
Ղողանջող քարվանում օրերի
Գտել է իր սիրած աղջկան...

Որ թեքվել ու կախվել է վզից,
Բառեր է շշուկել սուրբ սիրո,
Մի գաղտնիք է պատմել իր սրտից,
Որ հիմա էլ բացել չի կարող...

Ծաղկել է ծիրանին պարտեզում
Ու երկու որդիներ նվիրել,
Որ կյանքի գալարուն ճամփեքում
Փնտրածի իր գտածն են եղել։

Գրիչը թռել է փետրի պես,
Զրնգուն երգեր է հորինել,
Գույնզգույն ծաղկունքի մի հանդես՝
Բոլորին սրտանց է նվիրել։

Գտել է մտերիմ ընկերներ,
Կիսել է նրանց հետ սեր ու քեն.
Հեքիաթի նմանող լավ օրեր,
Եվ ինչոր եղել են... եղել են...

Եվ ինչոր եղել են երևի
Պահում է հուշերում հեռավոր.
Աչքերում բանաստեղծ տղայի
Փայլում է մի հին կայծ սիրավոր...

Անցյալի շոգ օրեր Թեհրանի,
Որ թռաք հրեղեն ձիու պես...
Մի մազն եմ դեռ պահում հուր բաշի,
Որ վառեմ, երբ կարոտում եմ քեզ...

Գլենդել, Կալիֆորնիա 1998,01,27

Գրական Կամուրջ.-
Այս գողտրիկ բանաստեղծությունը նվիրվում է՝ 2008 թվի հունվար 28-ին ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում իր մահկանացուն կնքած իրանահայ բանաստեղծ` Արմանտի անմոռաց հիշատակին:

 

Ձեր Կարծիքը