ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գրիշ Դավթյան
Գ Ի Ն Ե Ձ Ո Ն
Սիրտս որպես սիրո սկիհ, սերս մեջը հիր գինի,
Բարձրացնում եմ լի գավաթս, իմ ժողովուրդ հայրենի:
Նավասարդի նվիրական ավանդներով սրբեղեն,
Ես խմում եմ քո կենացը մաղթանքներով հրեղեն:
Ավերաբեր ինչ ամպ ու զամպ քո ճակատին բախվեցին,
Դու տոկացիր հանց հայկազուն թուր-կեծակին սասունցին,
Որ մեկնեցիր ձեռքդ հզոր ու խավարի ընդմիջից
Պինդ բռնեցիր արեգակը հաղթանակով սխրալից:
Ու պիտ գամես արեգակը Արարատի գագաթին,
Նոր կյանքի նոր ոգով զեղուն քո արևը հրային:
Սիրտս անկեզ, վառ մորենի, սերս ճյուղին անհանգ բոց,
Ես խմում եմ սուրբ կենացդ, իմ ժողովուրդ, իմ հայոց:
ԿՅԱՆՔ
Որ անցել ես
Ու անցնում ես
Ամենևին փույթս չէ,
Չէ՞որ շուրթս համբուրում ես,
Ու քո համն եմ առնում ես։
Որ երեկվա իմ օրերում
Երիտությամբ ոգևոր,
Խենթություններ էի անում
Քմայքներով անսովոր.
Որ ցանկության նժույգս հեծ,
Հուր տենչերիս դաշտերում,
Շաղիկ ու վարդ էի պոկում,
Փուշ ու տատասկ խորտակում։
Այժմ կապել եմ խենթ նժույգս
Տարեցության ախոռում,
Ու քայլելով ժուռ եմ գալիս
Հարթ տենչերիս մարգերում,
Եվ ժուժկալ եմ արդեն դարձել
Վարդ ու ծաղիկ պոկելում,
Բայց վայելքի համն ու բույրը,
Սիրածներիս համբույրը
էլի մեկմեկ, երբեմնակի,
Ըստ ցանկության ու տեղի
Փրցնում եմ քո շուրթերից,
ճաշակում եմ ոգելի,
Ու ժպտում եմ ջինջ գոհությամբ,
Որ ճիշտ կերպն է երևի...
ՄԵՂՍԱԿԻՑ
Եկել ու լցվել գինուս գավաթում,
Սեր Էիր դրել սրտիս հատակին.
Ալիքվող փեշդ շունչս Էր հատում,
Համեղությունդ արբեցնում Էր ինձ։
Փռել Էիր քո բորբ հրապույրը
Ցանկություններիս ամբողջ ջերմոցում,
Ու խանձում էր ինձ ուզմունքիդ հուրը,
Շուրթս այրվում Էր համբույրիդ մեղրում։
Հեզ պատանության մի խենթություն էր.
Ծանոթ փողոցի խորդուբորդ մայթում,
Որ կեսը անցած գիշեր էր, մութ էր,
Տանում էի քեզ հասցնելու ձեր տուն...
Ինչոր պատահեց... գիրկ ու գիրկախառն...
Հավատա, չէի կանխավ մտածել...
Դա բնազդական մղում էր անխառն,
Որ ինձ էլ... քեզ էլ... գինով էր դարձրել...
Մազերիդ ծուփը ես շոյում էի...
Մենք լուռ դեմ առանք... ձեր տան հին դռան...
Շուրթիդ շաքարը ես քամում էի...
Օրորվում էինք... շնչատ ու թառամ...
Հետո... մի շրշյուն ցոլաց ստվերում...
Հո՞վ էր... թիթե՞ռ էր... չիմացանք բնավ...
Դու հազիվ բացար ձեր դուռը մթում...
Ես չէի գտնում դառնալուս ճամփան...
Գալ երեկոյան երբ հանդիպեցինք
Աչքերդ փայլում էին ցանկությամբ,
Ձեռքերս բռնած այպանում էիր
Իբրև թե մեղք եմ ես գործել դիտմամբ։
... Այդ երեկո էլ կրկին ուշացանք
Մեր զբոսանքի ծանոթ մայթերում
Ու մութ խորանում էլի ձեր դռան
Մենք նույն ցանկալի մեղքն էինք գործում...
Գլենդել, Կալիֆորնիա,
2007-07-11
Կարծիքներ
It is my first time that I hear about Krish Tavitian. I just loved all three poetries, they are so touchy. Congradulations.
I would like to have his books is there any possiblity. I live in Beirut, Lebanon.
Posted by: Yevnige Yacoubian | January 30, 2008 4:45 PM
Անզուգական երկեր են
Posted by: Հասմիկ | April 30, 2008 1:37 PM