Թարմացվում է երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերը
فارسي

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Աննա Սահակյան

Ա՜խ, որբ ջան...

Երբ աչքս բացի, ա՜խ, դեռ շատ վաղուց,
Լալիս էր կողքիս տատս հմայված,
«Ո՜րբ ջան, ո՜րբ» կանչում, գուրգուրում սիրուց,
Տատիկիս ձայնն է ականջիս նստած:

Տարիներ անցան, ու երբ մեծացա,
Մանկությունս խեղճ փոխվեց երազի,
Դառնացած հոգով ես նոր իմացա,
Որ ես եմ որբն այդ տատիկիս լացի:

Երգիս բարձր կատարից

Ես չեմ հիշում, թե ինչպես
Կամ թե ինչու և կամ ով
Աստղերով լի մի գիշեր
Հմայեց ինձ երգերով:

Հենց այդ պահից իմ սրտում
Ուրախություն թե վայելք,
Գրանցվում են մեկ առ մեկ,
Դառնում երազ, դառնում երգ:

Չեմ վրովվում ես նորից
Մարդկանց բարուց ու չարից,
Նայում եմ ես աշխարհին
Երգիս բարձր կատարից:

Ա՜խ, դատարկ է մնում էլի...

Սիրտս հազար բույրով լցվի,
Ա՜խ, դատարկ է մնում էլի...
Գարունները գալիս-գնում,
Ու դատարկ է մնում էլի:

Հազար կյանք է աշխարհ գալիս,
Ու հազարը կորչում էլի...
Սիրտս՝ հազար սիրով լցված,
Ա՜խ, դատարկ է մնում էլի:

Աներևույթ մի աղջիկ

Աներևույթ մի աղջիկ հայտնվում է ու կորչում,
Երազի մեջ իմ հանգիստ նրա ծիծաղն է հնչում:

Կարծես տեսել եմ նրան վաղուց-վաղուց ինչ-որ տեղ,
Պարում է նա իմ առաջ հագուստներով իր շքեղ:

Աչքերը՝ ծով գեղանի, ողջը ժպիտ ու հմայք,
Կարծես փոքրիկ մի արև, գարնան զարթոնք ու լուսայգ:

Մեղմ երգում է ու թախծում գիշերային թագուհին,
Կարոտներ կան երգի մեջ, մեղեդիները մեր հին:

Ստվերի պես թափանցիկ, որ չես կարող շոշափել,
Ծովի անգին հյուսվածքով, երազներից ոսկեթել:

Լինի ծովում անհատակ թե երկնքում հուրհրան,
Ես զգում եմ՝ անպայման, պիտի տեսնեմ ես նրան:

Բայրոնի արձանի առաջ

Այս ո՞վ է տեսեք, որ Հելլադայում
Դարձել է այսքան սուրբ ու սիրելի,
Զորավա՞ր է նա, մի աշխարհակա՞լ,
Թե՞ մի մարգարե անցած դարերի:
Օ՜, ո'չ, Ալբիոնի ափերից եկած
Նա մի տարագիր բանաստեղծ է մեծ,
Որ զինվոր դարձավ և Հելլադայի
Փրկության համար կյանքը իր տվեց:

 

Ձեր Կարծիքը