Թարմացվում է երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերը
فارسي

ՊԱՐՈԴԻԱՆԵՐ

Էդվարդ Միրզոյան


ԵՍ ԻՄ ԱՆՈՒԺ...
(ըստ Ե. Չարենցի)

Ես իմ անուժ Հայաստանի «Ազատ», «Անկախ» բառն եմ սիրում,
Առաջ երգելն ու խնդալը, հիմա միայն լալն եմ սիրում,
Որպես «Ձմեռ» ծրագրի կենսագործման փորձված միջոց,
Վերևներից հույսս կտրած, ես «վերվերի» պարն եմ սիրում:

Սիրում եմ այս կյանքը դաժան, ուր ամեն կողմ՝ ալան-թալան,
Նրանց, որոնք մեր փողերը արտեկրի բանկեր տարան,
Իսկ շատերը այստեղ չունեն՝ ի՞նչ շաքարի, հացի դրամ,
Որոնց հետ ես, ըմբռնումով, արդեն թէյը... դառն եմ սիրում:

Կամենամ էլ, չեմ մոռանա հովհարաձև լույսերը մեր,
Մթում կորած սենեակներում արհեստավարժ մրսելը մեր,
Եվ ազգընտիր պառլամենտի, որ խորտակեց հույսերը մեր,
Ամբիոնից անվերջ հոսող երկար-բարակ ճառն եմ սիրում:

Կաթվածահար սրտիս համար լավի հույս ու հավատ չկա,
Ավերեցինք ինչ ունեինք, սրանից էլ հո վատ չկա՞
Վառարանը ինչո՞վ վառենք, ճրագի մեջ երբ նավթ չկա,
Ավա՜ղ, դարձած վառելափայտ՝ մեր ծիրանի ծառն եմ սիրում:


ԱՄՊԵՑ, ԿՈՐԱՎ
(ըստ Հովհ. Շիրազի)


Ամպեց, կորավ լուսնկան,
Չունեմ հանգիստ քուն,
Հազիվ գտել եմ ճամբան,
Կերթամ յարիս տուն:

Տեղս գաղտնի թող մնա,
Չասեք ախպոր պես,
Ոչ ոք պիտի չիմանա
Թե ուր կերթամ ես:

Եթե կինս իմանա
Թե ուր կերթամ ես,
Ինձ մեջտեղից հավասար
Կանի երկու կես:


«»«»«»
(ըստ Հ. Սահյանի)


Հավատդ հայերեն են կոտրում,
Հոսանքդ հայերեն են կտրում,
Հայերեն է անգամ ենտրելդ:

Ամեն ինչ ծախում են հայերեն,
Առնում ու փախնում են հայերեն,
Հայերեն է մեղավոր փնտրելդ:

Գներդ թռնում են հայերեն,
Բողոքես՝ բռնում են հայերեն,
Հայերեն են հարկում վարձերդ:

Տուն-օջախը լքում են հայերեն,
Կարոտից սգում են հայերեն,
Հայերեն է տառապանք ու սերդ:

Իրար տակ քանդում են հայերեն,
Ճիշտ խոսքը բանտում են հայերեն,
Հայերեն են ջարդում հույսերդ:

Թող Աստված եղածը պահի,
Բայց հետո ինչ էլ պատահի,
Հարցումդ հայերեն են տալու,
Լուծումդ հայերեն է գալու,
Հայերեն է գալու հատուցումդ...


«»«»«»
(ըստ Պ. Սևակի)


Փող՝ երեք տառ,
Փող՝ հասարակ մի գոյական
Եվ ընդամենն այդ քո երեք տառով
Դարձնում ես ինձ քո ստրուկը,
Ճորտը, գերին ու ենթական:

Փող՝ երեք տառ,
Փող՝ հասարակ մի գոյական,
Բայց արի տես, որ քեզնից է
Կախված ամբողջ իմ ապագան...
Փող՝ երեք տառ,
Փող՝ հասարակ մի գոյական:

Ու երբ քեզնից չեմ ունենում
Ին գրպանում,
Անշնորհք եմ ամեմ բանում՝
Անտարբեր եմ այնպես դառնում,
Չեմ հասկանում՝ ուր եմ գնում,
Ինչ եմ անում,
Ծեծելով են տնից հանում,
Չունեմ հարգանք, չունեմ անուն...
Փող՝ երեք տառ,
Փող՝ մոգական մի գոյական:


ԿԱՆՉՈՒՄ ԵՄ
(ժողովրդական)


Ամպել ա, ձյուն չի գալիս,
Խմել ա, տուն չի գալիս,
Ուրիշ ճանապարհի ա,
Աչքերիս քուն չի գալիս:

Կանչում եմ, կանչում եմ
Յա՜ր, արի, յար,
Օրումեջ տուն արի,
Անջիգյար յար:

Ողջ փողերդ հատել ա,
Օղին տունդ քանդել ա,
Շուտ արի, եկ, դարձիր ետ,
Սուն ու տեղդ անտեր ա:

Կանչում եմ...

Էս գիշեր էլ ո՜ւշ եկար,
Էլի վրադ հալ չկար,
Մինչև ե՞րբ քո փոխարեն
Պիտի բարձը գրկեմ, յա՜ր:

Կանչում եմ...


 

Ձեր Կարծիքը