ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սոնա Խոջասարյան
Հրաժեշտ
Դու երջանիկ ես,
Իսկ ե՞ս...
-Փակում եմ
Հայելու սառած աչքերը,
Որ մի պահ
Երջանկանամ:
Սրտագին բաղձանք
Ա՜խ, թե լիներ հնարավոր
Սրբել անհետ
Փոշին հոգուս.
Եվ արտասվել լուռ, անարցունք
Ինքս ինձ հետ՝
Ամենքի պես...
Ինձ մի' արթնացրեք
Առանց երկար խորհելու,
Երազներիս պաստառին
Կնկարեմ լուսամուտներ
Գոց դռների արանքում...
Ու շուռ տալով
Համբերությունը քարացած՝
Ժամանակը կմերկացնեմ...
Կկախեմ խավարի թևերից
Պատառիկներ լույսի
Որպես թալիսման:
Ու շաղ կտամ
Ծալքերում հոգիների տառապած
Սերմերը երջանկության,
Որ ծաղկեն նաև իմ յույսերը
Սիրո անդաստանում...
Կապույտ
Միայնության իմ
Մռայլ բոժոժում
Ես ինձ չեմ գտնում.
Չկա ոչ մի հետք,
Լուսավոր մի կետ
Ո'չ հեգ անցյալից,
Ո'չ ներկայից մունջ՝
Չքվել եմ ասես
Պահի սահմանում...
Այդ ո՞ւր եմ կորչել,
Թե՞ փաթաթվել եմ
Անտարբերության շղարշով թանձր՝
Կանաչ ու կարմիր մեղկ գարուններում...
Բայց հորիզոնում
Հառնում է հանկարծ
Երիզ մի կապույտ,
Որ թվում է թե՝
Ահագնանալով
Փորձում է ուղղել
Հեգ ճակատագրի վերքերը ցավոտ,
Ջնջել հետքերը
Անգութ կարոտի...
Ու էլ չեմ հիշում
Ո'չ մի ափսոսանք,
Ո'չ մի արտասուք.
Իմ ողջ էությամբ
Տրվում եմ կամա մշուշին կապույտ,
Հեռու գունագեղ մեղկ գարուններից...
Նատյուրմորտ
Ես ցանում եմ
Բառերս հողի կրծքում,
Եվ սրբում հոգուս արցունքով
Փոշին հողի:
Բառերս ծիլ են տալիս,
Հասակ նետում,
Դիմանո՜ւմ են
Քամիներին վայրագ...
-Ա'յդ ես եմ՝
Անշարժ մի ծառ
Կյանքի հորձանուտում...
Կարծիքներ
im annman, hrashali sona
togherd kartalov mi akntarum veadarnumem ayn amen ropenerin vor yeghel em ko yev poeziayid koghkin, aprel amen togh'd kez het u krknel amen mi pordz'd kyanki...
krknutyun krknutyun, bayx ays ankam karxes jakatagirn el hoknel e indz kaylexnel ko hetkerov.
karotum em mer steghxagorxakan mtnolordn.
kez nor uj yev steghxagorx mitk em xankanum.
Posted by: elena | November 12, 2007 8:06 AM
Հիացած եմ...
Posted by: Հասմիկ | April 30, 2008 1:41 PM