Թարմացվում է երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերը
فارسي

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շարիս Աբգարյան


ՍՊԱՍՈՒՄ


Կիսաբաց մի դուռ:
Առօրյա տաղտուկ:
Հոգնած մի կին
Երգում է...

Տնակից այն կողմ
հանդարտ մի ծով:
Միայնակ մի մարդ
Սպասում է...

Բացարձակ լռություն:
Մարած մի մեղեդի:
Տնակում մի մարդ
Սգում է...

2006


ԻՄ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ


...Եվ ճիշտ այդ պահին,
Բարձրաձայն ծիծաղեց մենությունը...

Դանդաղ քայլերով շարժվում էին:
Աչքերը խոսում էին լեզվի փոխարեն:
Իսկ ես դիտում էի նրանց,
Ովքեր իրենց ուսերին
կրում էին՝
տարիներ,
անուրջներ,
հուշեր,
Որպեսզի բոլորը մեկտեղ
մի քանի խոսքով
դատարկեն փոսի մեջ,
Հողի ծանրության տակ...

Երբեք չէի զգացել
Մթության
անտանելի լռությունը:
Մեկը ներսից ընդվզում էր,
համառորեն
հարվածում՝ կրծքավանդակիս, գլխիս,
Ստիպում էր ինձ
թափ տալ հողը վրայիցս,
դեն նետել կույտը վարդերի,
եվ հաշտության դաշինք չկնքել
թանձր խավարի հետ...

Գլորվեց արցունքի կաթիլն առաջին
և...
ճիշտ այդ պահին,
Բարձրաձայն ծիծաղեց մենությունը...

2007

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ ԷՋ

Գրիչս հոգնել է թղթին հպվելուց,
ընդդիմանո՜ւմ է.
Իսկ ես համառորեն թանաք եմ ներարկում
ու փորձում կրկին.

Բան չի ստացվում...

Բարկացկոտ նայում եմ նրա կապույտ աչքերին
Եվ խղճալով մի պահ՝
Հպում եմ նրա սառը շուրթերն իմ անխոս լեզվին,
ու փորձում կրկին.

Բան չի ստացվում...

Նետելով նրան սեղանի վրա,
Ելնում եմ տեղից
Ու չեմ նկատում,
թե իմ ներարկած թանաքը ինչպես
դուրս է ժայթքում,
տարածվում թղթին...
Իսկ երբ ուզում եմ դուրս գալ սենյակից,
հանկարծ տեսնում եմ նրան կանգնած
շեմին դռանը...

Եկել էր նորից
Տաս տարով ծերացած:
Խոսքեր չկային:
Համբույրներ նոյնպես:

Եվ հենց այդ պահին
հայացքս գնաց,
բևեռվեց թղթին,
Ուր մեղկ լողում էր կապույտ մի առվակ
ճերմակի վրա...

-Բան չի ստացվում...

2005


ԱՆՀՈՒՅՍ ՍԵՐ


Նա մոտենում էր
Ձեռքին վարդի փունջ...

Լոկ մի քայլ, և ես
կզգայի
վարդի բուրմունքն արբշիռ...

Նա հեռանում էր
անխոս, անտարբեր,
Փունջը տված ինձ:

Ես էի կրկին մենությանս հետ,
Ու կրծքիս սեղմած...
բուրմունքը վարդի:

2006

ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ

Սեղմում են կոկորդս խոսքերը չասված,
Գաղտնիքները հի՜ն:
Նայում եմ հայելում անխոս պատկերիս:

Ես չընտրեցի՝
Լռությունը ինքը այցելեց ինձ...

Սեղմում է սիրտս կարոտն ուրիշի:
Ես չսիրեցի՝
Բայց նա սիրեց ինձ...

Նայում եմ հայելում չորացած շրթերիս.
Չուզեցի... ծնվել,-
Հայրս էլ գոհ չէր...

Մա'յրս ծնեց ինձ:

2007

«»«»«»

Ամեն առավոտ մաքրում եմ հայելին:

Ինձ թվում է՝
Նա լալիս է...

2006

 

Կարծիքներ

Apres sharis jan. shat hajogh en yev poetik.

Շատ գեղեցիկ ստեղծագործություններ են...

Ձեր Կարծիքը