Թարմացվում է երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերը
فارسي

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Կոլիա Տէր Յովհաննիսեան


Կ Ա Ր Օ Տ


Սենեակիս մէջ մութ ու լռին,
Վեր է ցցւել հնամենի մեր բարդենին
Բարձր ու հզօր...
Լոյսը յորդուն թաղւել է խոր
Ծալքերի մէջ տերևների կանաչաւուն,
Որ լուռ ծփում, օրօրւում են
Սենեակիս մէջ եղած չեղած
Մեղմ զեփիւռից`
Ստւերների շարժուն գծեր պատկերելով
Փոշոտ ու խորթ պատերն ի վեր...

Սենեակիս մէջ մութ ու լռին
Խօխօջում է մեր պարտէզի առւակը հին.
Մեր պարտէզի ծաղիկները ալւան, ալւան
Գորգ են փռել մերկ յատակին...
Եւ զգում եմ բուրմունքն նրանց
Գլանիկիս քուլայ-քուլայ ծխի միջից...

Կարօտո՜ւմ եմ...


ՄԱՅԹԵՐ...

Դէմքս հպել եմ ապակուն,
Նայում եմ ներքև փողոց.
Փողոցը՝ գունագեղ մի ակւարիւում,
Ինքնաշարժերն ու մարդիկ՝
Անշշուկ սահող ձկների վտառ...
Ես մի ձուկ նետւած ակւարիումից դուրս,
միայնակ,
վհատ՝
Տենչում եմ ջո՜ւր... կեա՜նք,
Շնչայեղձ ինձ նետում եմ փողոց
Տրւելով սահմանւած հոսանքներին՝
Մայթերին ու... մարդկանց...

Մայթերը լեցուն են անհամար անցորդներով.
Ծնւում է մի խենթ փափագª
Լողալ ուղի՜ղ, ուղիղ գծով,
տալ ճակատ-ճակատի...
Ընթանալ ուղի՞ղ...
Կեանքի մայթերում
Միշտ էլ ուղիղ եմ ընթացել, մարդի'կ,
Յոգնել եմ սակայն անվերջ բախւելուց,
գայթելուց իզուր...
Լինել թրաձո՞ւկ,
Իսկ լաւ չէ միթէ՞ դառնալ օձաձուկ՝
Ուզած ժամանակ թեքւել... աջ ու ձախ...

…Lողում եմ ազատ ու թեթև
Եւ չկան խոհերս իրարամերժ...
Շուրջս խինդ ու աղմուկ, լոյսերի հեղեղ,
Շուրջս կեանքը մերկ ծախւած կնոջ պէս
Կեղծ հեշտանքից արբած գալարւում է պերճ...
Անցեալը թաղւել է հեռո՜ւ, հեռւում,
Կանգ է առել ներկան ասես,
Թւում է վաղը երբէք չի գալու ...
Որ կայ և... չորրորդ ժամանակ...

..........................................................

…Մայթերը դադարկւում են,
Մարում են լոյսերը ակւարիւմի...
Անէանում են, ասես չեն եղել
Ե'ւ կեանք, և' շարժում, և' խաբուսիկ երթ,
Մնում եմ նորից մենութեանս հետ՝
Շնչայեղձ, անեղ՝
Ակւարիւմից դուրս, ակւարիւմից ներս...


Ա Ն Տ ՈՒ Ն Ի

Թէ մի օր ուզեմ վերադառնալ տուն,
Ինքս էլ չգիտեմ ո՞ւր պիտի գնամ...
Այդ ե՞րբ կաւարտւի այս յարատև չուն,
Որտե՞ղ կը մնամ...

Ես ամեն հողում ձգել եմ արմատ,
Ամեն մարգի մէջ արձակել եմ ծիլ,
Այստեղը վաղուց՝ տունս հարազատ,
Իմ տունը՝ տեսիլ...

Տունս հինաւուրց վարդագոյն երազ,
Տունս, ես, աւա՜ղ, խորթացած իրար...
Օտար հողմերի կնիքը վրաս,
Տունս՝ նոր աշխարհ...

Աշխարհի չափ տուն, ինքս՝ անտունի,
Իմ իսկ էութեանն ոչ լրիւ ծանօթ,
Իմ տեսակի մէջ միակ, եզակի,՜
Միշտ տանս կարօտ...

Թէ մի օր հարկ է, պէտք է դառնալ տուն,
Ինքս էլ չգիտեմ թէ ո՞ւր կը գնամ...
Այդ ո՞վ եմ արդեօք՝ անդէմ ու անտուն,
Այստե՞ղ կը մնամ...

ԱՂՕԹՔ ՆՈՐՕՐԵԱՅ

Ո՜վ Արամազդ, աստւածների դու արարիչ,
Ժամանակի որդի, հզօր,
Երկնի երկրի գերագոյն դից,
Պարարտութիւն դու շնորհող,
Քեզ եմ դիմում գետնատարած
հոգով վհատ.
-Ելի'ր հպարտ ու կանգնի'ր Անձևացեաց
Պաղատ լեռան վրայ նորից.
Կացուցանիր հողը բերրի,
Տո'ւր իմ երկրին առատութիւն մի այնպիսի,
Որ յագեցնի դրսին յառած աչքերն ագահ,
Գամի'ր յաւերժ հոգիներին
ուխտադրուժ
Սրբագործւած մեր հայրենի հող ու ջրին:


Ապա կանչի'ր զաւակներիդ՝
Անահիտին ոսկեմատն պտղաբերող,
Որ մայրերը մեր հայկազուն
Բիւր զաւակներ աշխարհ բերեն արդարատենչ,
Կանչի'ր Միհրին ու Նանէին,
Որ մեր հանգած օջախները բոցավառեն
անմար հրով,
տնավարե՜ն...

Հրամայիր մեծ երկունքով ծննունդ առած
Վիշապաքաղ քաջն Վահագնին,
Որ հրացայտ իւր վարսերով ու մօրուսով իւր բոցակէզ,
Ու աչքերով արեգնատիպ
Ճզմի, խեղդի, ոչնչացնի արիաբար
մեր օրերի
Կեղծապատիր վիշապների
վոհմակը պիղծ...

Եւ երբ բացւի նոր արշալոյս
Մեր հինաւուրց երկրի վրայ,
Թող ձկնակերպ Աստղիկը ներարկի սէ՜ր,
Սէ՜ր, բարութի՜ւն յուսալքւած հոգիներում.
Որ քէնն իսպառ անյետանայ մեր աշխարհից,
Որ հաւատքը լինի ամուր...

Ո՜վ Արամազդ, աստւածների դու արարիչ
Ժամանակի հզօր որդի
Բե'ր ու կապի'ր հինն ու նորը դու նորովի...

2007-08-15 Թեհրան


 

Ձեր Կարծիքը