Lit Bridge
ԼԻՐԻԿԱԿԱՆ ՏՈՂԵՐ
Աշնան անձրևը
Չիրականացած գարնան սպասումի
Թաղումն է սգում,
Անձայն մորմոքում:
Աշնան կարոտը
Գարնան արևի շողերն է հիշում,
Անվերջ որոնում,
Բայց էլ չի գտնում:
Իմ երազները,
Որ նորից մեռան անորոշ հեռվում,
Այսօր լալիս են,
Բայց էլ չեն շողում:
Ես դեռ հիշում եմ հեքիաթները հին,
Սիրո անուրջը աստղի պես պայծառ,
ՈՒ այն հավատը ու հույսը անձայն,
Որ մի օր հարկավ կիրականանա:
Ես չեմ մոռանում սպասումիս շղթան,
Երազով արբած գիշերվա ճամփան,
ՈԻ չեմ մոռանում նորից հավատալ,
Որ նա դեռ կգա, անպայման կգա...
Իսկ տարիները անդարձ հեռացան,
Հեքիաթները հին մեռան ու մեռան,
Հավատս քնեց ու էլ չարթնացավ,
ՈՒ ես մնացի ապշահար կանգնած:
Ախր հեքիաթը երբ որ ավարտվեց,
Ինչու՞ մոռացաք դուք ինձ հիշեցնել,
Որ դա հեքիաթ է, հորինվածք միայն,
Իսկ իրականում այն չկա'ր, չկա'ր:
Ես արդեն գիտեմ,որ նա էլ չի գա,
Որ այդ հեքիաթը անուրջ է, որ կա,
Ես արդեն գիտեմ` հավիտենական
Ոչինչ էլ չկա', ոչինչ էլ չկա':
Էլ մի՛ վարանիր, գնա՛, հեռացի՛ր,
Փնտրի՛ր չգտած երջանկությունդ,
Հասի՛ր բարձունքը քո երազանքի
ՈԻ քո հաղթության գինին վայելիր:
ՈՒ երբ հագենաս քո բարձունքներից,
Մի պահ լուռ կանգնիր ու սրտիդ դիմիր,
Տես` ի՞նչ է ասում շշուկը նրա,
ՈՒ հարցրու արդյո՞ք երջանիկ է նա:
Սիրտդ քեզ կասի ճիշտ այն խոսքերը,
Որ վախենում ես քեզ խոստովանել,
ՈՒ կզգաս գաղտնի կարոտը նրա
ՈՒ երազը, որ հեռու է, չկա:
Ահա և վերջ. ևս մեկ ավարտ,
Սխալ ընտրված մի հասցեատեր:
Ահա և անխախտ, խավար լռություն,
Եվ անքուն գիշեր, որ չի ավարտվում:
Վանդակիս դուռը այսօր կբացվի,
Իսկ ես անզոր եմ երկինք ճախրելու,
Վիրավոր են իմ թևերը արդեն,
Չունեն թռիչքի ձգտումը նախկին:.
Ես չեմ վախենում կրկին ապտակող տառապանքներից,
Ոչ էլ փախչում եմ անքուն գիշերվա լուռ տանջանքներից,
Էլ չեմ խուսափում ինձ ոչինչ չասող քո լուռ հայացքից,
Ու չեմ խենթանում սին երջանկության սուտ պատրանքներից:
ԻՄ ԵՐԵՔ ԵՍ-ԵՐԸ
Գիտակ.- Այո՛, սիրելինե՛րս, ձեզնից շատ շնորհակալ եմ քաջալերող խոսքերի համար:
Սերինե.- Մենք ենք շնորհակալ քեզ, որ մեզ տրամադրում ես քո հիանալի ստեղծագործություններն ընթերցելու հաճույքը:
Գարուն.- Այո՛, այո՛, մեզ համար քո յուրաքանչյուր բառն արվեստ է:
Քաջիկ.- Ես անգիր եմ արել քո վեպերի ու վիպակների ամենագեղեցիկ տողերը: Դու մեր ժամանակների ամենաարժեքավոր և որակյալ գրականության ստեղծողն ես:
Գիտակ.- :-) :-) :-) :-)
Գարուն.- Եկե՛ք մի օր կազմակերպենք ընդհանուր հանդիպում, վերջապես հավաքվենք բոլորով, և դո՛ւ հարգելի՛ Գիտակ, կծանոթանաս  երկրպագուներիդ հետ:
Գիտակ.- Չէ՛, դեռ շուտ է, դրան ես դեռ պատրաստ չեմ:
Սերինե.- Ինչո՞ւ, չէ՞ որ արդեն երկու տարի է, ինչ մենք հիացած ենք քո ստեղծագործություններով, ապրում ենք քո ստեղծած գրականությամբ, բայց դու մեզ համար այդպես էլ առասպել ես,  քեզ ուզում ենք պատկերացնել, բայց, Սրբուհի Տյուսաբի՛, Ձեր պրոֆիլից բացի ոչինչ չենք տեսել:
Քաջիկ.- Գոնե պրոֆիլի նկարը քոնը դիր, որ կարողանանք պատկերացնել քո արտաքինը:
Գիտակ.- Ինչո՞ւ, մի՞թե դա այդքան կարևոր է: Կարևորը այն գրականությունն է, ինչը ես ստեղծում եմ:
Գարուն.- Բայց կարող է պատահենք քեզ փողոցում ու չճանաչենք, նստեք մարշրուտկա, վեր էլ չկենանք, որ նստեք:
Գիտակ.- :-) :-) :-)
Հերմինե.- Դե՛, տեսնում եք, որ արդեն մեր խմբի չաթը լցվել է խնդրանքներով, խմբի բոլո՜ր անդամներով քեզ հետ հանդիպում ենք խնդրում:
Գիտակ.- Դեռ ժամանակը չէ: Բարի գիշեր:
Հերմինե.- Բարի գիշեր :-((((
Գարուն.- Բարի գիշեր  :-((((
Շուտ դուրս գամ, քանի շատ բան չեն գրել: Ըհը...Ի՜նչ լավ եմ զգում ինձ ինտերնետում: Թագուհին եմ մարդկանց մտքերի ու հույզերի...
-Համե՛ստ, էլի՞ ինտերնետ ես մտել, չե՞ս ասում մարդդ ու տղեդ հոգնած գործից եկել են, մի լավ սեղան դնեմ, որ ուտեն, կշտանան, գնան վեր ընկնեն, քնեն:
-Հիմա՛, հիմա՛ կդնեմ:
-Մա՛մ, պստի տղեդ ո՞ւր ա:
-Արդեն քնել է:
-Բա կքնի, էլի, նրան թողնեն մենակ ուտի ու քնի:
-Լավ, լավ, մի՛ չարացեք, հիմա դուք էլ կուտեք ու կքնեք:
-Որ դու հազար ժամ սեղան գցես, մենք էլ կկշտանանք տեղում:
-Մերդ միշտ էլ նույն դանդալոշն ա եղել:
-Հա՛, պա՛պ ջան, էրևում ա:
-Ա՛յ, Համե՛ստ, էլի մեզ սուխոյո՞վ ես կերակրում: Ախր ստամոքսներս փչացավ դրանցից. Դուրսը՝ էդ, ներսը՝ էդ:
-Երևի ամբողջ օրը կոմպի դեմն ա նստե, էլ որտեղից մեզ համար բան սարքեր:
-Ահա՛, նստեք: Խոստանում եմ՝ վաղը տաք ճաշ կեփեմ:
-Տեսնենք, տեսնենք:
-Զանգում են, գնամ պատասխանեմ:
-Էս ուշ ժամին տեսնես ո՞վ ա հիշել մեզ:
-Այո՛, բարև, Հռիփսի՛կ ծյոծյա:
-Բարև, Համե՛ստ:
-Ինչպե՞ս եք, լա՞վ եք:
-Նորմալ ենք, ամբողջ օրը խառը: Դուք ո՞նց եք:
-Լավ ենք:
-Դե՛, դուք խառը չեք լինի, դու չես աշխատում, տանը նստած ես, իսկ ես էլ, հարսս էլ աշխատում ենք, պետական աշխատող ենք, հո չենք կարա գործից ուշանանք կամ մի օր չգնանք:
-Հը՜...
-Դրա համար էլ չենք հասցրել ցերեկով խանութ գնալ, դրոժ ա պետք, մերը վերջացել ա, կարո՞ղ ա դու ունենաս:
-Հա՛, ունեմ, եկե՛ք տարեք:
-Ա՛յ կնիկ, դու բեր, էլի, մենք ամբողջ օրը ոտի վրա ենք, վազվզում ենք, դու սաղ օրը քեզ համար տանը նստած ես, երկու ոտ տեղ ա, բե՛ր, էլի:
-Լավ, հիմա կբերեմ:
Մինչև գնացի, եկա, արդեն քնել են: Այնպես հոգնած են, որ կիսահանվել քնում են...Լավ, ես վերցնեմ շորերս ու զարդերս և...
-Օ՜, եկա՜ր, Խելահե՛ղ,  դու միշտ ժամանակին ես գալիս:
-Իհարկե:
-Էսօր գիշերն առանձնահատուկ թեժ ա լինելու:
-Ուռռռա՜...և ինչո՞ւ:
-Դրսից մի նենց DJ ա էկել, որ բոմբ ա պայթեցնելու:
-Մա՛ր, բոմբը մենք ենք պայթեցնելու:
-Դե՛, դու որ հաստատ: Էսօր հատուկ գժվելու ես, մռութ ես:
-Օ՜, սկսվեց ...ո՜ււււււ...
-Սկսենք պարե՞լ, Խելահե՛ղ:
-Ի՜՞նչ...
-Երաժշտությունը չի թողնում, որ լսես, սպասի՝ մոտենամ, չնայած էլ ինչ մոտենամ, դու արդեն սկսել ես, քեզ էլ մինչև առավոտվա հինգը կանգնեցնող չի լինի...
Վերջ
ՎԵՐԵՎ ՈՒ ՆԵՐՔԵՎ ՎԱԶՎԶՈՂ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Բառնաուլում, Չեգլեցովի №7 տանը, մեզանից բացի ուրիշ հայեր չեն ապրում: Դրա համար էլ, եթե մեկնումեկիս հետ ինչ որ բան է պատահում, ապա հարևանները միամտաբար կարծում են, թե դա բոլոր հայերի մոտ է այդպես, և առանձնակի նշանակություն չեն տալիս այդ դեպքերին:
Իսկ թե ինչե՞ր կարող են պատահել մեր շենքում, և հատկապես մեր շքամուտքում, ամենից լավ գիտեն փոքրիկ Արմենը և նրա ավագ եղբայրը՝ Մկրտիչը:
Այսօր առավոտյան, երբ նա դուրս եկավ բակ, շքամուտքի լամպը դեռ վառվում էր, նա դա լավ է հիշում: Իսկ հիմա, չգիտես ինչու՝ մութ է:
Արմենը մի պահ կանգ առավ:
-Մի վախենա, ես քեզ մինչև չորորդ հարկ կուղեկցեմ,- շշնջաց մեկը ուղիղ ականջի տակ:
-Ես ինքս,- պատասխանեց Արմենը սովորականի նման ու ամենևին չզարմացավ, որ աստիճանը գիտի, թե ինքը ո՞ր հարկում է ապրում:
-Իսկ ես Վերվերիկն եմ,- շարունակեց աստիճանը,- ես միշտ վերև եմ վազում:
-Գիտեմ,- կարճ կտրեց Արենը, որը հիմա միայն իրենց տան հյուրերի, հեռուստացույցի ու մուլտիկների մասին էր մտածում:
-Իսկ դու իմ քույրիկին չե՞ս տեսել,- պոկ չէր գալիս Վերվերիկը:
-Չէ, չեմ տեսել:
-Այ, երբ ցած իջնես, այն ժամանակ էլ անպայման կհանդիպես նրան:
-Ոնց որ տիզ լինի,- դժկամությամբ մտածեց Արմենը, շարունակելով վեր բարձրանալ:
-Նրա անունը Թռվռիկ է: Դու միանգամից կճանաչես նրան: Ճիշտ և ճիշտ՝ իմ հակապատկերն է: Ծիծաղելի է, չէ՞,- շարունակում էր լեզվին տալ Վերվերիկը:
Արմենն այն է ուզում էր ինչ որ բան ասել, բայց հետո հիշեց, որ աղջիկներին չի կարելի նեղացնել, ու լռեց: Վերջին աստիճանի վրա նա արդեն բոլորովին հոգնել էր:
-Ձեռքդ տուր,- մոտ եկավ Վերվերիկը, բայց Արմենը հրաժարվեց նրա օգնությունից: Մի քանի քայլ էլ, ու նա արդեն հասել էր իրենց դռանը:
Վերվերիկն ուսերը վեր քաշեց ու մի կողմ գնաց: Նա սանդղահարթակի անկյունից ծիկրակում էր, թե ինչպես է Արմենը սեղմում զանգի կոճակը, ինչպես է դուռը ետ հրում  ու տուն մտնում:
Հետո դուռը նրա ետևից շրխկոցով փակվեց ու նրանք վարկենական մոռացան մեկը՝ մյուսի գոյության մասին:
-Մամ, կարելի՞ է, ես շշով ջուր վերցնեմ ինձ հետ:
-Ճաշն արդեն պատրաստ է,- խոհանոցից կանչեց մայրիկը, -Հայրիկը ձեզ է սպասում:
-Ես Մուկուչին ջուր տանեմ ու գամ:
Երբ Արմենը շիշը ձեռքին դուրս թռավ, սանդղահարթակի վրա նրան արդեն սպասում էին: Նա իսկույն հիշեց Վերվերիկին: Բայց չէ, սա բոլորովին էլ Վերվերիկը չէր: Սա ուրիշ էր:
-Արմենչոն դու՞ ես,- միանգամից լեզվին տվեց ներքև տանող աստիճանը,- արի ծանոթանանք, ես Թռվռիկն եմ: Ի՞նչ ես կարծում, ես նմա՞ն եմ իմ քույրիկին: Բոլորն ասում են, թե նման եմ: Բայց, միևնույն է, ես համոզված եմ, որ մեզանից մեկնումեկն ավելի գեղեցիկ է քան մյուսը, ճի՞շտ է: Այ՝ այդպես,- ինքն էլ իր հարցին պատասխանեց Թռվռիկը:
Հետո մի վայրկյան կանգ առավ, նայեց Արմենի դեռևս բաց մնացած բերանին, ու կարծես արտառոց ոչինչ չնկատելով, հարցրեց՝
-Դու իմ քույրիկին այսօր չե՞ս տեսել: Հավանաբար նա ինձ է փնտրոմ: Ես այդպես էլ գիտեի: Նա միշտ կորցնում է ինձ ու հետո օրերով փնտրում: Շատ մոլորվածն է, հա:
Էլ ինչ էի ասում, հիշեցի: Այնուամենայնիվ, ո՞վ է ավելի գեղեցիկ: Նա ասում էր, որ ինքը քեզ դուր է գալիս, դա ճի՞շտ է:
Այդպես էլ գիտեի:
Ասե՞մ, թե ինչքան եմ սիրում նրան: Ամպի չափ: Նա էլ ինձ է սիրում, միշտ խրատներ է տալիս ինձ: Դու կարո՞ղ ես խրատներ լսել: Չէ՞, իսկ ես կարող եմ: Ժամերով կլսեմ ու չեմ հոգնի:
Շատ խելոքն է իմ քույրիկը: Ամեն ինչ գիտի:
Գիտի՝ ինչը կարելի է, իսկ ինչը չի կարելի: Օրինակ նա ասում է, որ ինչքան վերև ես բարձրանում, այնքան ավելի շատ բան չի կարելի: ԵՎ այդ ամենը, պատկերացնու՞մ ես, հարկավոր է մտապահել:
Օրինակ՝ ուրիշի դռները ծեծել չի կարելի: Զանգի կոճակներն էլ սեղմել ու ցած փախչել չի կարելի:
Կամ այս մեկը՝ չի կարելի տանիք բարձրանալ: Իսկ եթե դու կատու չես, ապա բոլորովին չի կարելի: Իսկ գիտե՞ս, ես նրա բոլոր ասածները լսում եմ: Միայն մի բան եմ ափսոսում: Ափսոսում եմ, որ նա ինձ բոլորովին չի լսում:
Այստեղ Արմենը մի քանի քայլ արեց դեպի ներքև ու հասցրեց ընդամենը մի հարց տալ՝
-Ինչու՞:
-Որովհետև ես միայն ասում եմ այն, ինչը կարելի է: ԵՎ գիտեմ միայն այն՝ ինչը կարելի է, հասկացա՞ր:
-Իսկ ինձ կասե՞ս,- մի ամբողջ չորս աստիճան ցած ցատկեց Արմենը:
-Ինչու՞ չէ: Օրինակ՝ կարելի է մեծ ու փոքր ցատկերով իջնել: Կարելի է պարզապես սահել բազրիքներով՝ ավելի արագ կստացվի: Հետո, առանց կանգ առնելու, միանգամից բակ թռչել ու հայտնվել ջրափոսի մեջտեղում:
Բոլորն էլ սիրում են դա անել, բայց ո՛չ բոլորն են անում:
-Ինչ լավ է,- ծիծաղեց Արմենը,- ուրիշ էլ ի՞նչ գիտես:
-Առայժմ՝ այսքանը:
Արմենը մի քիչ մտածեց ու դարձավ Թռվռիկի կողմը՝
-Իսկ ես ուզում եմ ասել, որ չնայած դու աղջիկ ես, բայց քեզ հետ խաղալը հետաքրքիր է:
-Ճի՞շտ: Գիտե՞ս, ես դեռ ոչ ոքի հետ մինչև վերջ չեմ վազել: Միայն մի անգամ, հիշում եմ, քույրիկիս հետ վազեցինք: Այն ժամանակ մենք երկուսս էլ դեռ շատ էինք փոքր, ու դեռ շատ էինք նման մեկս մյուսիս: Երբեմն մեզ նույնիսկ խառնում էին:
-Իսկ հիմա՞:
-Չէ, հիմա նա բոլորովին ազատ ժամանակ չունի: Գիտե՞ս ինչքան բան կա անելու: Հեշտ է ասելը, ամեն մեկին իր բնակարանը բարձրացրու, ամեն մեկին իր դուռը ցույց տուր: Գիտե՞ս ինչքան մարդ է ապրում մեր տանը: Բա որ նրանց շներին ու կատուներին էլ հաշվեմ, ու՞ր կգնա, կհասնի:
-Իսկ նրանք՝ ինքները չե՞ն կարող դա անել:
-Հետաքրքիր տղա ես, իհարկե՝ չեն կարող: Մեկը պիտի՞, որ ասի, թե դու այլևս դրսում չես, դու քո տանն ես: Բացատրի, որ դրանք բոլորովին տարբեր բաներ են:
Արմենն արդեն հասել էր մուտքի դռանը: Սովորաբար, նա այստեղ երբեք կանգ չէր առնում: ՈՒսի մի հարված, և նա արդեն բակում է:
Բայց ինչ որ բան փոխվել էր: Հիմա նա ուզում էր էլի մի լավ խոսք ասել Թռվռիկին, գնալուց առաջ:
- Գիտե՞ս, ասաց նա, - ինձ թվում է, որ քո արածներն էլ են կարևոր:
-Ճի՞շտ,- Թռվռիկը գլուխը կախեց ու շիկնեց: Երևի դեռ ոչ ոք նրան այդպիսի բան չէր ասել, նույնիսկ՝ քույրիկը:
-Իհարկե: ՈՒմ ուզում ես հարցրու, բոլորն էլ նույնը կասեն: Հնարավոր է, նոյնիսկ ավելի կարևոր, քան Վերվերիկի գործերը:
-Բայց դա լինելու՞ բան է, որ ես...ես...
Թռվռիկը չգիտեր՝ ի՞նչ անել: Նա իր տեղը չէր գտնում: Մի քիչ էլ, ու նա ամեն ինչ թողած կվազի բակ:
Բայց չէ՞ որ Արմենն ասաց, որ իր գործերն էլ կարևոր են: Այնքան համոզված ասաց: Ինչպե՞ս կարելի է, այսքանից հետո ամեն ինչ թողնել ու առաջվա պես... Չէ, չի կարելի:
Չի կարելի: Հիմա վերջապես ես էլ գիտեմ, թե ի՞նչը չի կարելի ներքև վազող աստիճաններին: Ես գիտեմ, որ չի կարելի հուսախաբ անել նրանց, ովքեր քեզ հավատում են: Գիտեմ, որ շատերն են ինձ հավատում:- Շատերը,- ասաց Արմենը քիչ առաջ: Ասաց,- այդ նրանից է,որ բակում երեխաները միշտ ավելի շատ են, քան թե պատուհանների ետևում:
Արմենը դրսում էր արդեն:
Նրանք կրկին վարկենական մոռացան մեկը մյուսի գոյության մասին:
Փոքրիկ տղաների ու փոքրիկ աղջիկների հետ դա հաճախ է պատահում և դրա մեջ ոչ մի վատ բան չկա, հավատացեք: նրանք պարզապես մեծանում են և նրանց բոլոր գործերը օր-օրի ավելի ու ավելի կարևոր են դառնում:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Անտարբերության սպանդ է ամենուր,
Սիրո կոտորած, նախանձի տարափ...
Ես այս ամենը կկոչեմ այսօր անհավատություն,
Անհավատ նախանձ,
Անհավատ չարիք,
Անհավատ սիրո պոռթկում շուրջ բոլոր`
Որից ծնվում է անտարբերություն`
Մահացու վտանգ...
Բայց ես կաղոթեմ ամենի համար,
Նախանձող սրտի,
Մոլորված հոգու,
Եվ այս  անհավատ` հավատքի համար,
Որ սերը դառնա մաքրամաքրություն,
Եվ փրկությունը դառնա.
Հավատքի մեծ միասնություն,
Որից կծնվի` փրկված մարդկություն...
ԼԻԱԼՈՒՍՆԻՆ
Ամեն գիշեր աղոթում եմ, Աստված կանչում` տղաս քայլի,
Ամեն գիշեր խոստանում եմ մատաղ կանեմ` տղաս կանգնի,
Ես չեմ կարող իմ հայրական լուռ աղոթքով ցավդ բուժել,
Մորդ լացող գերեզմանին, թարմ ծաղիկներ դեռ չեմ տարել....
Ոտքի կանգնի տղաս , քայլի...մորդ սերը իր օրհնանքով,
Թող քո  սառած երակներում ,արյուն դառնա ու մեղմ հոսի,
Ու հոսելով, գնա հասնի անշաժացած քո ոտքերին.
Էնտեղ մնա ու տաքանա, երջանկության գինի դառնա,
Ու անսահման արագությամբ գինին հասնի քո ուղեղին,
Ու նա բացի աչքերը քո գիշերային լիալուսնին...
Ո՞վ քեզ կասի,  թե կյանքը սեր, ու սերը փառք, ու մեծ ուժ է,
Սիրո համար տառապելով` կյանքն հավերժի մի մեծ հույս է,
Որ պայքարող մարդու համար,երջանկություն տանող ճամփան`
Դա  նոր մի կյանք արարարելու աստվածային փառքն ու լույսն է...
Քո հոգնությունը, իմ տրտմությունն է,
Քո վեհությունը, իմ լռությունն է.
Քո լռությունը, իմ տխրությունն է...
Եվ այս բոլորի միասնությունը` մեր միությունն է,
Եվ ընկերություն կոչվող դաշինքն է,
Որ մխրճվում է իմ ու քո միջև
Դեռևս ձգվող տարածությունում...
Տարածությունը` հարազատության սեղանակիցն է,
Սեղանին դրված գինին` կենացն է ,
Մեզ դարձի կանչող անհայտ երազն է,
Որով մենք պիտի բաժանենք սերը`
Էն անհայտության..., որը կոչել ենք մենք միասնություն...
Որի մեջ թաքուն պահում ենք սիրո փոքրիկ քնքշություն,
Ում անվանում ենք մենք ընկերություն ...
Այնինչ կա թաքուն սիրո մոտեցում ,
Որի կենացն ել դեռ պիտի խմենք, իմ նոր խենթությո՛ւն ...
Ծ Ա Ռ Ը
Տանիքներից բարձրացող ծուխը եղանակի խոնավությունից վերև չէր բարձրանում, ծանրանում էր, նստում տների վրա՝ ասես դիտավորյալ ընդգծելով նրանց դժգույն ու խարխլված էությունը:
Թաղի երկշարք տների արանքում առանձնանում էր Ջիվանի կացարանը: Այն դուրս էր մնացել ծխի ու խոնավության անիմաստ պայքարից. փայտ չունեին, և վառարանի պարապ տեսքից սառնություն էր փչում:
Ջիվանը "տելեգրեյկեն" հագին կուչ էր եկել թախտի ծայրին ու ննջում էր: Ննջում էր նաև "Պապ թագավորը"՝ փորձելով իր էջերում տաքացնել Ջիվանի կոշտացած մատները:
Կինն ու աղջիկը հարևանի տանն էին՝ վառարանի մոտ: Տղան առավոտից էր դուրս եկել, ու "չգիդես, թե ո՞ր ջհանդամին" էր:
Մութն ընկնում էր, և լույսով անկողին մտնելը հարմար էր. "... համ աչքի առաջը կտենային, համ էլ շուտ չէին սովածանա":
Տրամաբանությունը, որով առաջնորդվում էր Ջիվանի ընտանիքը, մաշող օրերի անհեռանկար ծանրությունից էր ծնվել:
Դռան ճռռոցից Ջիվանն աչքերը բացեց ու նայեց կնոջ ու աղջկա ներս մտնող ստվերներին:
-Քեզ համար պլեճ ենք բերել, քանի տաք ա՝ վեր կալ կեր:
Աղջիկը հորը մեկնեց հագուստի տակ թաքցրած ափսեն ու սրթսրթալով վազեց ներս՝ "տեղերը քցելու":
-Մամ, քարփիչնե՛րը բեր, քանի չեն սառել:
Կինը երկու աղյուս գրկին շտապեց աղջկա ետևից և անհետացավ մթության մեջ:
Ջիվանը վեր կացավ, բերանը սրբեց ու գնաց դեպի դուռը:
-Պա՛պ, էրեգվա պես դուռը չփագես, Մամոն էլի դռանը կմնա:
Բակում Ջիվանն արձակեց Բողարի կապը և վերադարձավ տուն: Ծեր շունը՝ իր տիրոջ նման անհույս աչքերով, ուտելու ոչինչ չգտնելով՝ բակից դուրս եկավ՝ մոտակա աղբանոցում կշտանալու ակնկալիքով: Ջիվանը խարխափելով շորերը երկա՜ր հանեց ու մտավ կնոջ ծոցը: Աղյուսի տաքությունը ջերմացրեց փայտացած ոտքերը, և իրականությունն այնքան էլ անհույս չթվաց:
Աշնան վերջին ինչ կար-չկար վառել-պրծել էին, էլ հին կոշիկ ու շոր չմնաց: Աղջիկը կամաց-կամաց այգու չափարն էլ պոկեց. վառեցին: Ճիշտ է, Նոր տարվա համար մի երկու բան էին պահել, բայց "նոր տարին" էլ անցավ: Հետո էլ լույսը կտրեցին:
Որդին, որ տանն էր լինում, էլի մի բան անում էր, "լևի" լույս էր քաշում: Ցերեկը գալիս էին լարը կտրում, թուք ու մուր անում, գնում, իրիկունը "լևին" էլի մի հնարով միացնում էր: Հավաքվում էին էլեկտրական վառարանի շուրջը և սպասում ավելուկի եփելուն:
Ջիվանը շատ էր սիրում ավելուկով ու ձավարով ապուրը. մոր ճաշն էր: Մի օր էլ էդ վերջացավ: Մնացին "օգնության" լոբու հույսին:
Ցերեկը շատ էր քնել, և հիմա անկողնում պառկած մտածում էր, մտածում ու ելքը չէր գտնում: Էսպես, ամեն գիշեր մտովի բարձրանում էր դիմացի սարը, կտրում էր մանկության հիշողություններում մնացած ամենահաստ ծառն ու բերում տուն: Հետո՝ արդեն երազում, պատկերացնում էր, թե թաղեցիք, փողոցի երկու կողմում կանգնած ո՜նց են նախանձով նայում իրեն ու հաստափոր գերանին: Հետո լույսը բացվում էր, գերանն ու նախանձողներն անհետանում էին:
Անկողնում պառկած Ջիվանը որոշում էր, որ հիմա վեր կկենա ու կգնա անտառ: Կինը վաղուց արդեն հետը կարգին չէր խոսում.
- Դու էլ կասես` տղամարդ եմ: Կտորվը՛մ ենք է, կտորվը՜մ... Նամուս ունեցող մարդը էս նեղ մաջալին գիրք կկարդա՞... վու՜յ,- մատները չանչ անելով՝ Օֆոն երեսը պլոկում էր՝ մեխանիկորեն ամուսնուն մեկնելով սուրճի գավաթը:
Ջիվանը խեղճանում, քրքրված պարկի նման կուչ էր գալիս: Մեջքը ցավում էր, բայց ռիսկ չէր անում ասի. ի՛նչ հիվանդանալու ժամանակ է:
Մի օր էլ երազում տեսավ, որ ծառը կանչում է իրեն, թե՝ արի կտրի, քանի ուրիշը չի կտրել:
Արթնացավ բերանի դառնահամից. երևի երազում լաց էր եղել: Առավոտյան սուրճն ավելի դառնացրեց հոգին: Հետո գնաց հարևանից ծառ կտրելու պարագաներ խնդրեց, արձակեց զարմացած Բողարի կապն ու գնացին:
Փողոցը փակուղով էր վերջանում, և պիտի ուրիշի բակով անցներ:
-Էս ի՞նչ խաբար ա, Ջիվան,- ձայնեց փորը գոտու վրայից կախած բակատերը,- չըլի՞ փետի ես գնըմ:
-Հա՛: ... Փետներուս հատել ա, ասի՝ գնամ, մի երկու կտոր բան բերեմ:
-Տղեդ ի՞նչ բանի ա, որ դու ես գնըմ, քու ի՞նչ վախտն ա:
-Դե, եսիմ...,- կմկմաց Ջիվանը,- գործ-մործ ունի:
Հետո հարևանն ասաց, որ հանկարծ "փետը իր հայաթովը չբերի", որ բոլորն էլ շրջանցում են իր տունը: Ջիվանը հասկացավ, որ ճանապարհն ավելի է երկարելու:
Շունը, պոչ-պոչ անելով, վազում էր տիրոջ կողքից, սարի դոշը բարձրանում էր, ու վերջը չէր երևում: Սառած ցեխը դժվարացնում էր վերելքը: Ջիվանի շունչը կտրվում էր, մերթ-մերթ կանգ էր առնում, հենվում էր կացնի կոթին ու նայում վերև:
Կոճղերի մռայլ անտառը դատարկում էր հորիզոնը, ու երազների ծառը չէր երևում: Լսել էր, որ էլ անտառ չկա: Բայց տեսածը, միևնույն է, անըմբռնելի էր: Մարդը պատերազմ էր հայտարարել անտառին ու հաղթել էր մարտի դաշտում՝ թողնելով թշնամու գլխատված զինվորներին:
Արևը չէր երևում, բայց Ջիվանը գիտեր, որ արդեն կեսօր է: Ինչ-որ տեղ առջևում ձայներ էին լսվում: Ձայները մոտենում էին, և արդեն նշմարելի էին: Մարդիկ մառախուղի միջով քաշում էին պարանով կապված գերանները, երբեմն կանգ էին առնում՝ մի թոք շունչ քաշելու և կրկին շարունակում էին սիզիփոսյան իրենց տառապանքը:
Սարի լանջը զառամյալ ծերունու դեմքի նման ակոսվել էր սողացող գերանների ծանրությունից:
Վերջապես վերելքին հաջորդեց վայրէջքը, և Ջիվանը տեսավ նոսրացող անտառը:
Ի՞նչ երազների ծառ...
Մահվան դատապարտված անտառը կանգնած էր գլխահակ և սպասում էր իր հերթական դահճին: "Դրուժբաների" հռնդյունը կյանքի, եռուզեռի տպավորություն էր թողնում: Սակայն, ավաղ, դա միայն տպավորություն էր:
Ջիվանը ակամայից նայեց իր կացնին, և սկսվեց "մահապատժի" արարողությունը: Ծառը բավականին հաստ էր ու ամուր:
"Էս ըսօրվա բան չի",- մտածեց նա ու շուրջը նայեց: Մի երկու խոսք փոխանակեց հարևանների հետ. պարզվեց, որ ,ապարանցի են, որ փետը տանըմ են Էրեվաններն ու Լեննական՝ ծախելու":
Սիրտը մղկտաց իր անտառի համար.
"Հլա աշխարհի քոռությանը՝ ապարանցին էկել ա ու Լոռվա անտառը կտրըմ ա":
Արագ էր մթնում, քաղցն էլ իր հերթին էր զգացնել տալիս: Ոտքերը դողում էին: Պարանն ու սղոցը թաքցրեց անցյալ տարվանից մնացած տերևների շերտի տակ, և սկսվեց վերադարձը:
Բողարը չէր երևում: Ապարանցիք կանչել, երշիկ-մերշիկ էին տվել, նա էլ չէր գալիս:
"Կգա՛, տան ճամփեն կքթնի", - մտածեց Ջիվանն ու քայլեց:
Կարծես չէր էլ քայլում, վազում էր: Տրամադրությունն էլ, չգիտես ինչու, բարձր էր:
Երբ տուն հասավ, մութն արդեն իր թանձրությամբ խորտակել էր քաղաքը: Տնեցիք ուրախ էին նրա վերադարձի համար.
-Մի հնենց մենձ ծառ տեմ բերիլ, որ էնա մընչի գարունք հերիքացնի:
Կերավ ու ինքնագոհ պառկեց քնելու: Երազի՞ մեջ, թե՞ իրականում Ջիվանին թվաց՝ կինը գգվում է իրեն: Սակայն առավոտը ցրեց նրա լավագույն սպասումները: Մեջքի ցավը սաստկացել էր:
"Ի՞նչ անի, - մտածում էր ցավից կուչ եկած: -Թե ասի՞... կասեն՝ պրծանք, մթամ գորձ արեց, հմի էլ նազ ա անըմ: Էրեսով կտան: Չէ՛, բան չի ասիլ...",- որոշեց Ջիվանն ու մոտեցավ սեղանին:
Նախաճաշը սովորականից առատ էր, տնեցիք էլ՝ հոգատար:
-Բա էն լակոտն ու՞ր ա,- հարցրեց Ջիվանը,- հլա էկել չի՞:
-Զանգ ա տվել՝ Էմման խաբարը բերեց: Ասըմ ա՝ գորձ ունի: Կգա:
Բողարի հետ քայլելով՝ Ջիվանն այս անգամ ճանապարհը փոխեց. հաստափոր հարևանի բակով չէր ուզում անցնել: Ամբողջ ճանապարհին որդու մասին էր մտածում.
-Աչայնի լակոտ ա... Հեչ ինձ չի քաշել:
Ջիվանը դեռ բավական հեռվից ճանաչեց իր ծառը, և նրան թվաց, թե ծառն իրեն էր սպասում:
Բողարն էլի գնացել էր ապարանցիների մոտ, և հիմա ամբողջ աշխարհում մնացել էին ինքն ու իր ծառը: Ջիվանը ձեռքը սահեցրեց ծառի վիրավոր բնի վրայով և սկսեց խոսել:
-Վախըմ եմ կարենամ ոչ քեզ կտրեմ: Մեջքիս ցավը զոռըմ ա: Էն անդեր փիշիկս էլ կարմի՜ր, ոնց որ արին ըլի: Ի՞նչ անեմ... Լիզուս չի պտտըմ, թե տանն ասեմ:
Հետո մեքենայաբար բութ մատով փորձեց կացնի բերանն ու գործի անցավ: Երբեմն կանգ էր առնում, թևով սրբում երեսի քրտինքն ու էլի շարունակում:
Կինը հետը հաց ու սոխ էր դրել: Ապարանցիք էլ կանչեցին: Չգիտես "հայրենասիրական" մղումներով, թե, որ բերանից շատ մաքուր էր, չուզեց նրանց հացը կտրի: Բայց երկու բաժակ արաղ խմեց:
Այդ օրն էլ անցավ:
Ջիվանն էլ չէր հաշվում արագ մթնող ու լուսացող անվերջանալի օրերի շարքը: Տանը մթնոլորտը դարձյալ լարվել էր: Կնոջ արհամարհող աչքերը որսաշան հոտառությամբ հետապնդում էին նրան: Հարևանները փսփսում էին:
-Այտա, Ջիվա՛ն, կարող ա էդ ծառը գրանիտից ա, բուլդուզեր տար, բուլդուզեր,- մի անգամ նույնիսկ ձեռ առավ հարևանի "մալաղոնդին":
Ջիվանը միայն փնթփնթաց, երևի հայհոյեց: Հետո մեջքը քարշ տալով՝ շարունակեց տառապանքի իր ճանապարհը:
Ծառը դարձել էր նրա բաժին կյանքի իմաստն ու նպատակը, այս աշխարհում մնացած այն միակ հոգին, որ կարողանում էր լսել ու հասկանալ իրեն, և փոխարենը ոչինչ չէր պահանջում:
Մի օր էլ Ջիվանը պարանով կապեց ծառի բունն ու քաշեց: Ծառը տեղի տվեց ու գետնատարած եղավ: Ջիվանին թվաց, թե տնքոց լսեց: Նա մի պահ անշարժացավ և հաղթանակի ուրախության փոխարեն նրան համակեց անմեկնելի մի տխրություն:
-Վա՜խ,- տնքաց նաև Ջիվանը: Հետո նստեց: Արտասուքը գլորվում էր նրա սառած դեմքի ծալքերով ու թափվում սառած աշխարհի վրա:
Հաջորդ մի քանի օրն արդեն գերան դարձած ծառն էր քաշում լծկանի եզի նման: Ամեն երեկո որոշում էր, որ հաջորդ օրն անպայման տեղ է հասցնելու՝ ի տես ամբողջ աշխարհի, ուզողի ու չուզողի: Ֆիզիկական տառապանքին խառնվել էր նաև հոգեկանը: Վախ էր մտել Ջիվանի սիրտն ու մերթ-մերթ ինքն իրեն հարցնում էր.
-Բա որ ուժս չպատի՞... ծիծաղատեղ եմ դառել... հը՞...
Վերադառնում էր թաքուն՝ մթանն ապավինելով, որ մարդ չտեսնի ու չհարցնի, թե՝ "Ջիվա՛ն, ծառդ ի՞նչ եղավ...":
Էդպես մի օր էլ արթնացավ և գնաց, գնաց դեպի ... եկեղեցի: Հարյուր տարի չէր մտել Աստծո տունը, հիմա էլ հուզվում էր: Ամբողջ ճանապարհին մտածեց, և վերջապես որոշեց, թե ինչ է խնդրելու:
Եկեղեցում տաք էր ու հանգիստ: Վառարանի ջերմությունն ու մոմերի փախչող լույսը մի պահ շշմեցրին նրան, և վայր չընկնելու համար Ջիվանը նստեց: Քունը տանում էր: Հետո ուզեց մոմ վառել, սակայն հիշեց, որ փող չունի: Վերկացավ, մոտեցավ մոմերի լույսերից ողողված սրբապատկերին և փորձեց խաչակնքել. չստացվեց:
Հանկարծ աչքովն ընկան երկու մոմ, որոնք կիսով չափ վառվել էին ու հանգել: Ջիվանը նայեց շուրջը, ավազի միջից փութով հանեց կիսավառ մոմերն ու դողացող ձեռքերով ծոցում թաքցրեց: Գաղտագողի վեր նայեց ու հեռացավ: Թվաց՝ սրբապատկերի հայացքը հանդիմանեց իրեն:
Արդեն մեկ ուրիշ սրբապատկերի առջև Ջիվանը մոմերը հանեց ու հանդիսավորությամբ վառեց: Կանգնել էր գլուխը բարձր: Չնայած մոռացել էր աղոթքի խոսքերը, բայց հոգին հանգիստ էր: Աստված առանց խոսքերի էլ գիտեր, թե նրան ինչ է հարկավոր:
Երբ ոտքերը քարշ տալով հասավ տուն, անսովոր անցուդարձ էր բակում: Մի բեռնատար էր կանգնած՝ փայտով բարձած: Մարդիկ էին ներս ու դուրս անում՝ փայտն էին տեղավորում:
Կաշվե երկար անձրևանոցով մի երիտասարդ էլ նրանց հրահանգներ էր տալիս: Որդին էր, Մամոն:
Ջիվանն սկզբում չճանաչեց, հետո քայլերն արագացրեց ու հասավ որդուն.
-Մամո՜, էս ի՞նչ խաբար ա...
-Գնա՛ տուն, գալիս եմ:
Որդու պատասխանը գործնական էր ու կտրուկ: Հուզված ու զարմացած Ջիվանը բացեց տան դուռն ու կանգ առավ: Վառարանը կարմրել էր՝ այրվող ժանգի հոտին խառնելով եփվող մսի բուրմունքը:
-Տենըմ ես ի՞նչ տղա ունեմ,- խոհանոցից գլուխը հանեց կինն ու ժպտաց:
Որդին ներս մտավ, ու սեղան նստեցին:
-Մամո՛, բա քեզ փող որդիա՞ն,- չհամբերեց հայրը:
-Տո՛, քու ինչի՞ն ա պետք,- որդին Ջիվանին մեկնեց սիգարեթի տուփն ու ժպտաց,- քեզ հմա նստի թախտին, գի՛րք կարդա:
Կինը փռթկացրեց:
-Դու դրան ծառիցը, ծառիցը հարցրա: Երկու շաբաթ ա փետի ա գնըմ, համա հլա չոփ էլ չի բերել: Սաղ թաղավորը ծիծաղըմ ա վրեքներս:
Եվ կինն ու աղջիկը, իրար հերթ չտալով, պատմեցին ու պատմեցին: Ջիվանի ծերացած դեմքը կտավի նման ձգվել էր ու գունատվել.
"Ոչինչ, էս քշերն էլ կլուսացնի ու կգնա, կփախչի էս տանից":
Առավոտյան Ջիվանը չկար:
-Էդ մարդը խելքը թռցրել ա, հլբաթ էլի անտառն ա գնացել,- ծնկներին զարկեց կինը,- խայտառակ արավ, թողաց...
Ջիվանը սովորականից արագ հասավ իր ծառին, չոքեց ու գլուխը դրեց վրան: Կարոտել էր, կարծես վաղուց կորցրած հարազատին էր գտել:
-Կտանի՜, մի կերպ ատամը օսկորին դեմ կտա՝, համա կտանի՜... Թող սաղ տենան,- Ջիվանը զայրացել էր ու իր մասին երրորդ դեմքով էր խոսում:
Եվ տարավ:
Արդեն մթնշաղին հասավ թաղի ծայրն ու նստեց: Թաղեցիք շրջապատեցին, ով էլ վարագույրի ետևից էր նայում:
-Հա՛, դրուստ որ լավ փետ ա, Ջիվա՛ն,- հաստափոր հարևանն էր: - Փետը տուններդ լիքն ա, ուզըմ ես՝ բեր ծախի, ես կառնեմ:
Ջիվանը սկզբում չհասկացավ հարևանի ասածը, հետո ... հետո դիվահարի պես վեր թռավ ու հարձակվեց հաստափորի վրա: Հայհոյանքի հեղեղը թափվում էր նրա բերանից.
-Իմ ծառին մատով կպչող չըլի,- գոռում էր հևասպառ ու խփում, խփում...
Երբ աչքերը բացեց, տեսավ կնոջ լացակումած աչքերը.
-Օֆի՜կ...
-Հա՜, Ջիվան ջա՜ն...,- կնոջ ձայնը երերում էր:
-Խալխի մոմերը գողացա՝ Աստված վե չկալավ:
Ձայնը կորչում էր, հետո նորից հայտնվում: Օֆիկը ականջը դեմ էր արել ամուսնու բերանին: Ջիվանն արդեն խռխռացնում էր:
-Բիձիս տղին կասես՝ դագաղս իմ ծառիցը շինի, ախչի՜... Ախչի՜... ծառս, ծառս չվառեք...
Ջիվանն աչքերը փակեց, ու իր ծառի նման արմատախիլ եղավ՝ կյանքի անտառում կոճղ էլ չթողնելով:
Որդին նրա արմատը չէր:
ԿՅԱՆՔԻ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐ
Իսպաներենից թարգմանեց Անի Վարդազարյանը
Թաքուն նայեց ժամացույցին: Մտավախությունը զուր չէր` տասներկուսն անց հինգ: Եթե անմիջապես հրաժեշտ չտար, կուշանար վերջին metro-ից: Իր հետ միշտ նույն բան էր պատահում, երբ որևէ մեկը, սեփական կամ օտար կարոտից, կամ ալկոհոլից, կամ ինչ-որ vedette1)-ի հանդեպ ունեցած ներքին մղումից դրդված՝ ընկնում էր նիրվանայի գիրկը, կամ ներկա գտնվող կանանցից որևէ մեկը, հանկարծ սովորականից ավելի էր գեղեցկանում կամ ավելի մատչելի կամ հետաքրքիր էր դառնում, կամ ամենատարեց զրուցակիցներից մեկը,- որպես կանոն՝ նախկին առաքինիներից մի անարխիստ,- սկսում էր պատմել իր անձնական և գունեղ տարբերակով քաղաքացիական պատերազմի օրոք՝ մադրիդյան փառապանծ սերնդի փոխարեն՝ անլիարժեք սերնդի մասին, այսինքն, երբ հավաքույթը  անկառավարելի  էր դառնում անճաշակ, տափակ կատակներից ու առօրյա բամբասանքներից, հենց այդ վճռական պահին, նա պետք է զսպեր իր հաճույքը, հեռացներ ափը կանացի` մի փափուկ և նախահարձակ ձեռքից ու ոտքի կանգնելով` կոտրված ժպիտով ասեր. «Դե լավ, եկավ իմ չարաբաստիկ ժամը», ու հրաժեշտ տար` համբուրելով կանանց ու ձեռք տալով տղամարդկանց, ընդամենը՝ վերջին metro-ն բաց չթողնելու համար: Մյուսները կարող էին մնալ, այն պարզ պատճառով, որ մոտ էին ապրում կամ (քչերը) մեքենա ունեին, սակայն Ռաուլը չէր կարող իրեն թույլ տալ ո՛չ տաքսիի շռայլությունը, ու ոչ էլ նրան դուր էր գալիս Corentin Celton-ից  մինչև Bonne Nouvelle  ոտքով քայլելու հեռանկարը, մի անիմաստ սխրագործություն, որ համարժեք էր Փարիզի կեսը կտրել-անցնելուն:
Այնպես, որ արդեն իր վճիռը կայացրած՝ նա մեկ առ մեկ վերցրեց Կլաուդիա Ֆրեյրեի նուրբ մատները, որոնք վերջին մի ժամվա ընթացքում իր աջ ծնկի վրա էին հանգրվանել և, նախքան աթոռի կանաչ կիսաթավշե թիկնակը թողնելը՝ համբուրեց վարձահատույց կեցվածքով: Հետո, ինչպես միշտ, ասաց. «Դե լավ, եկավ իմ չարաբաստիկ ժամը», հաստատակամորեն դիմակայեց հավանություն չտվող փսփսոցներին ու Ագուստինի մեկնաբանությանը, թե՝ «Մի րոպե լռությամբ հարգենք Մոխրոտիկի հիշատակը, քանզի նա պետք է ճամփա ընկնի իր հեռավոր օջախը. տե՛ս, չմոռանաս քառասուներկու համարի կոշիկդ»: Ռաուլն քրքիջների մեջ համբուրեց Մարիա Ինեսի, Նատալիի (միակ ֆրանսուհու) ու Կլաուդիայի ջերմ՝ և Ռաքելի անսպասելի սառն այտերը, հետո արտաբերեց՝ «հաջողություն բոլորին», հրավերի համար շնորհակալական խոսքեր ասաց ամենաբոլիվիացի տան տերերին ու հեռացավ:
Դրսում շատ ավելի ցուրտ էր, քան չորս ժամ առաջ. ստիպված բաձրացրեց բաճկոնի օձիքը: Համարյա վազեց Renan փողոցով՝ ոչ միայն վանելու ցուրտը, այլև, որովհետև ժամը տասներկուսն անց տասնհինգն էր: Որպես փոխհատուցում իր ջանքերի՝ հասավ դեպի Porte de la Chapelle շարժվող վերջին գնացքին, վերջին վագոնի միակ ուղևորը լինելու հազվադեպ զգացումն ապրեց, ու տեղավորվեց նստարանին`պատրաստվելով տեսնել տասնվեց կանգառների թափուր կառամատույցները, որոնք պետք է անցներ` Saint Lazare-ում correspondance2) անելու համար: Երբ անցնում էր Falgulière-ով, սկսեց մտածել այն դժվարությունների մասին, որ իր նման ոչ ֆրանսիացի մի գրող (տվյալ պահին, դա նրան ավելի տեղին կատեգորիա թվաց, քան՝ «ուրուգվայացի գրողը») ստիպված էր հաղթահարել, եթե ցանկանում էր գրել այս շրջապատի, այս քաղաքի, այս ժողովրդի, այս ստորգետնյա կյանքի մասին: Հատկապես անդրադարձավ, որ «վերջին metro» թեման իր տրամադրության տակ է: Ասենք, մեկը չնախատեսված հանգամանքներում, ամբողջ գիշեր մինչև հաջորդ առավոտ, փակված մնա (մենակ, կամ ավելի լավ կլիներ` որևէ մեկի ընկերակցությամբ, կամ ավելի ցանկալի` որևէ մեկի հաճելի ընկերակցությամբ) որևէ կանգառում: Պակասում էր միայն գտնել դրա հումորային շարժառիթը. ամեն դեպքում, ակնհայտ է, որ դա հետաքրքիր թեմա է ուրիշների համար, իր համար՝ երբեք: Պակասում էին այս շաբլոնի մանրամասնությունները, մանրուքներն ու մեխանիզմը: Գրել առանց այդ մանրուքների, առանց դրանց մասին իմանալու, իրեն ծիծաղելի դրության մեջ դնելու ամենահավաստի տարբերակն է: Ինչպիսի՞ն կլինի ընլացքն ու ավարտը: Լույսերը հանգա՞ծ կմնան: Գիշերային պահակ կլինի՞: Որևէ մեկը նախապես կզգուշացնի՞ կամ կճշտի, թե հարթակներին մա՞րդ մնացել է արդյոք: Համեմատեց այս կասկածներն այն համոզվածության հետ, որ կարող էր ունենալ, եթե հավանական պատմվածքը կապ ունենար, օրինակ, Մոտեվիդեոյում Անկախության Հրապարակից մինչև Իտալիա և Պենյոն պողոտաները գնացող համար 173 ավտոբուսի իր վերջին ճամփորդության հետ: Չի կարելի ասել, թե գիտեր բոլոր դետալները, բայց կարող էր ներկայացնել գլխավորը և ներմուծել լրացուցիչ մասերը:
Այդ մտորումների մեջ էր, երբ հասավ Saint Lazare ու ստիպված եղավ վազել` Porte de Lilas գնացող վերջին գնացքին հասնելու համար: Այս անգամ վազում էր յոթ հոգու հետ միասին, բայց հետո բոլորը ցրվեցին հինգ վագոնովներով մեկ: Հեռատեսորեն դարձյալ վերջին վագոնը նստեց` ենթադրելով, որ այդպիսով Bonne Nouvelle-ում ելքին ավելի մոտ կլինի: Բայց հիմա մենակ չէր: Հակառակ ծայրում տեղ գրավեց մի աղջիկ՝ ոտքի վրա, չնայած բոլոր նստատեղերն ազատ էին: Ռաուլը հանգամանալից նայեց նրան, բայց նա ասես հիպնոսացել էր վագոնի պատին փակցված մի հասարակ ծանուցագրով, որը խորհուրդ էր տալիս ֆրանսիացիներին անհրաժեշտ շտապողականությամբ կարգի բերել անձնական փաստաթղթերը, եթե պատրաստվում են արտասահման գնալ եկող vacances3)-ին: Նա, գույքագրողին հատուկ ազարտով կանանց նայելու սովորություն ուներ (հատկապես, եթե սրա նման հրապուրիչ էին): Այնպես, որ անմիջապես համոզվեց, որ աղջիկն իր պես մրսում է (չնայած իր հագի բաց, տարվա եղանակին չհամապատասխանող՝ չափազանց բաց գույնի վերարկուին ու բրդյա շարֆին), քունը տանում է և իր պես տուն հասնելու ցանկություն ունի: Իրար ներդաշնակ հոգիներ, մի խոսքով: Հաճախ ինքն իրեն խոստացել էր՝ որոշակիորեն հաստատուն կապ ստեղծել որևէ մի ֆրանսուհու հետ, որպես՝ լեզվի մեջ խորանալու մի անփոխարինելի միջոց, բայց հենց հարմար առիթ էր ընձեռվում, կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ իր ընկերությունը սահմանափակվում էր լատինաամերիկյան կլանով: Երբեմն դա ոչ թե առավելություն էր, այլ ձանձրույթ, բայց իրականությունն այն էր, որ Կուեռնավակայի, կամ Անտոֆագաստայի, կամ Պայսանդուի, կամ Բառանկիլյայի մասին զրուցելու ցանկությամբ, հաճախ նրանք իրար էին փնտրում ու գտնում`խոսակցության ընթացքում բողոքելու այն մասին, թե որքան դժվար է ներգրավվել ֆրանսիական կյանքի մեջ. ասես, բացի Le Monde-ի հրատարակչություններից self service4)-ի կերակրատեսակների անուններից, նրանք իրոք որևիցե ջանք էին թափել ավելի շատ բան յուրացնելու ուղղությամբ:
Վերջապես՝ Bonne Nouvelle-ը: Ինքն ու աղջիկը դուրս եկան վագոնից տարբեր դռներով: Մյուս տաս ուղևորները դուրս եկան գնացքից, բայց շարժվեցին դեպի Faubourg Poissonière փողոց տանող ելքը, իսկ ինքն ու աղջիկը` դեպի Mazagran փողոցը: Աղջկա կրունկները տարօրինակ արձագանք էին տալիս, իսկ իրենը, ընդհակառակը՝ ռետինե էին, որով նա աղջկան հետևում էր լուռ ու պահելով նույն հեռավորությունը: Նրանց վազքը ծիծաղելի դարձավ, երբ, հասնելով ելքի դռանը՝ տեսան, որ շարժական երկաթե ճաղերը կողպեքով փակ են: Ռաուլը լսեց, երբ աղջիկն ասաց. «Աստված իմ»,- այդպես՝ իսպաներենով, և սարսափած դեմքով շրջվեց դեպի նա: Դրսից, ճաղերի կողքին իր ճարպակալած confort5)-ի մեջ տեղավորված` մի clochard6)-ի խռմփոցի ուժեղ ձայնն էր գալիս: «Մի անհանգստացե՛ք,- ասաց Ռաուլը,- մյուս դուռը պիտի որ բաց լինի»: Աղջիկը իսպաներեն բառեր լսելով՝ ոչինչ չասաց, բայց աշխուժացավ: «Շտապենք», ասաց ու սկսեց վազել` հետ գնալով նույն ճանապարհով: Կրկին անցան հարթակը, որը հիմա կիսամութ ու ամայի էր: Դիմացի հարթակից overall հագած մի մարդ գոռաց, որ շտապեն, որովհետև մյուս դուռն էլ փակելու վրա էր: Վազելու պահին, Ռաուլը մտաբերեց իր մի քանի րոպե առաջվա անուրջները: «Հիմա կկարողանամ պատմվածքը գրել»,- մտածեց նա. արդեն բոլոր դետալները ուներ: Աղջիկն ուզում էր լաց լինել, բայց չէր կանգնում: Ռաուլը նախ մտածեց շտապել`ճշտելու, թե արդյոք դեպի Poissonière-տանող դուռը բա՞ց է, թե ոչ. սակայն ոչ սիրալիր համարեց՝ մենակ թողնել աղջկան այդ ամայի ու համարյա մութ միջանցքներում: Ուստի, միասին գնացին: Դուռը փակ էր: Աղջիկը երկու ձեռքով բռնեց ճաղերից ու բացականչեց. "Monsieur, monsieur7)": Բայց այդտեղ նույնիսկ clochard չկար, ուր մնաց ՝ monsieur լիներ: Համատարած դատարկություն: «Ճար չկա», ասաց Ռաուլը: Ներքուստ նա դժգոհ չէր աղջկա հետ գիշերն այդտեղ անցկացնելու մտքից: Չափսոսաց, որ աղջիկը ֆրանսուհի չէ: Ինչքա՜ն երկար ու հաճելի բան կարող էր ստացվել...
«Իսկ այն մա՞րդը, որ դիմացի հարթակին էր»,- ասաց աղջիկը: «Ճիշտ եք, եկեք գտնենք նրան,- քիչ խանդավառությամբ պատասխանեց նա ու ավելացրեց,- ուզում եք դուք այստեղ սպասեք, մինչև ես փորձեմ գտնել նրան»: «Ոչ, խնդրում եմ, ձեզ հետ եմ գալիս», ասաց աղջիկը վախեցած: Կրկին միջանցքներ ու աստիճաններ. աղջիկն այլևս չէր վազում, թվում էր՝ համակերպվում է կատարվածի հետ: Իհարկե, դիմացի հարթակին ոչ ոք չկար. նորից գոռացին, բայց անգամ արձագանք չեղավ: «Պետք է հարմարվենք,- ասաց Ռաուլը, որը լրիվ համակերպված տեսք ուներ,- համակերպվենք, ինչքան կարող ենք: Ի վերջո, եթե clochard-ը կարող է դրսում քնել, մենք էլ կարող ենք ներսում քնել»: «Քնե՞լ», բացականչեց աղջիկն այնպես, կարծես թե Ռաուլը ինչ-որ ահավոր բան էր առաջարկել: «Իհարկե»: «Դուք քնեք, եթե ուզում եք. ես չեմ կարող»: «Դե, չէ, եթե դուք արթուն մնաք, ես էլ չեմ քնի: Մեծ բան չի, կզրուցենք»:
Հարթակի մյուս ծայրում մի փոքր լույս էր վառվում: Քայլեցին մինչև այնտեղ: Նա հանեց բաճկոնն ու առաջարկեց աղջկան: «Ո՛չ, ոչ մի դեպքում, իսկ դո՞ւք»: Նա խաբեց. «Ես մրսկան չեմ»: Բաճկոնը դրեց աղջկա կողքին, բայց վերջինս ոչ մի շարժում չարեց այն վերցնելու: Նստեցին փայտե երկար նստարանին: Ռաուլը նայեց աղջկան ու նրա դեմքին նշմարեց այնքան վախ ու միաժամանակ տարակուսանք, որ ուղղակի ժպտաց: «Այս իրավիճակը շա՞տ է բարդացնում ձեր կյանքը»,- հարցրեց նա: «Երևակայեք, այո»: Մի քանի րոպե նրանք լուռ մնացին: Ռաուլը գիտակցում էր, որ անհեթեթ վիճակ է ստեղծվել: Անհրաժեշտ էր կամաց-կամաց հարմարվեին: «Ի՞նչ կասեք, եթե ծանոթանանք»: «Միրտա Սիսներոս»,- ասաց աղջիկը, բայց ձեռքը չմեկնեց: «Ռաուլ Մորալես,- ասաց նա ու ավելացրեց,- ուրուգվայցի: Դուք արգենտինացի՞ եք»: «Այո, Մենդոսայից»: «Իսկ Փարիզում ի՞նչ եք անում»: «Սովորում եմ: Չէ, նկարում եմ: Ուզում եմ ասել` նկարում էի, բայց կրթաթոշակով այստեղ չեմ եկել»: «Այլևս չե՞ք նկարում»: «Շատ էի ձգտում, որպեսզի փող տնտեսեմ ու գամ, բայց այստեղ ստիպված եմ աշխատել, որ ապրուստս հոգամ, ուստի նկարչությունը թողեցի: Միանշանակ՝ անհաջողություն, որորվեհտև, բացի այդ, հետադարձ տոմսի փող էլ չունեմ: Դեռ չհաշված՝ վերադառնալուց հետո խայտառակ ձախորդության մասին խոստովանելը»: Ռաուլը միայն ասաց. «Ես գրում եմ», ու մինչ աղջիկը որևէ հարց կձևակերպեր՝ ավելացրցեց. «Պատմվածքներ: «Ա՜հ, իսկ հրատարակված գրքեր ունե՞ք»: «Ո՛չ, միայն ամսագրերում»: «Իսկ այստեղ կարողանո՞ւմ եք գրել»: «Այո, կարողանում եմ»: «Հոնորարո՞վ»: «Ո՛չ: Մի երկու տարի առաջ եմ եկել, որովհետև լրագրողական մի մրցույթում շահել էի: Ու մնացի: Թարգմանություններ եմ անում, կրկնօրինակներ, ամեն ինչ: Ես էլ վերադառնալու փող չունեմ: Ես էլ չեմ ուզում խոստովանել իմ անհաջողության մասին»: Նրա մարմնով սարսուռ անցավ, ու դա նրան թերևս ստիպեց ուսերին գցել բաճկոնը:
Ժամը երկուսին արդեն խոսել էին ֆինանսական խնդիրների, ուրիշ երկրում հարմարվելու դժվարությունների, Ֆրանսիացիների շինծու ժլատության, համապատասխան ու հեռավոր երկրների թերությունների ու առավելությունների մասին: Երկուսն անց տասնհինգին, Ռաուլը նրան առաջարկեց անցնել «դու»-ի: Նա մի պահ երկմտեց, հետո համաձայնեց: Նա ասաց. «Շախմատի, կարտերի և ծուռ  մտադրությունների բացակայության պատճառով առաջարկում եմ, որ դու ինձ քո պատությունը պատմես, ես էլ քեզ իմը: Ի՞նչ ես կարծում»: «Իմը չափազանց ձանձրալի է»: «Իմը նույնպես: Զվարճալի պատմությունների ժամանակը վաղուց անցել է կամ դրանք հորինվել են վերջերս»: Միրտան ուզում էր ինչ-որ բան էլ ասել, բայց փռշտաց ու ոգեվորությունն իջավ: «Միրտա՛,- ասաց նա,- որպեսզի տեսնես, որ հասկացող եմ ու քիչ պահանջկոտ, հիմա ես կսկսեմ: Երբ ավարտեմ ու դու քնով անցած չլինես, դու կպատմես քո պատմությունը: Նախապես ասեմ, որ եթե քնես, չեմ վիրավորվի: Պայմանավորվեցի՞նք»: Նա գիտակցում էր, որ իր վերջին նախադասությունը համակրանք կորզելու խորամանկ քայլ է: «Պայմանավորվեցինք»,- անկեղծորեն ժպտալով ասաց աղջիկը` հիմա արդեն մեկնելով նրան իր ձեռքը:
«Տվյալ համար մեկ. ծնվել եմ դեկտեմբերի տասնհինգին, գիշերը: Իմ հոր պատմելով` խստաշունչ ձմեռային եղանակին: Այդուհանդերձ, ինչպես տեսնում ես, այդքան էլ փոթորկուն չեմ: Տարի՞ն. հազար ինն հարյուր երեսունհինգ: Տե՞ղը. չգիտեմ տեղյա՞կ ես, թե ոչ, բայց նախկին սերնդի համար անխախտելի օրենք է եղել` բոլոր մոնտեվիդեացիները ծնվել են երկրի խորքում: Հիմա՝ ոչ. տարօրինակ է, բոլորը ծնվում են Մոնտեվիդեոյում: Ես Սոլանո Գարսիա փողոցից եմ: Դու չես ճանաչի, իհարկե: Պունտա Կառետաս: Սա էլ ոչինչ չի ասում: Ծովափին, այսպես ասենք: Երեխա ժամանակ տեղով գլխացավանք եմ եղել: Ոչ միայն միակ զավակը լինելու պատճառով, այլ որորվհետև վտիտ էի: Մշտապես հիվանդ: Երեք անգամ կարմրուկով եմ հիվանդացել, դա քեզ ամեն ինչ ասում է, և քութեշով: Ու ջղացնցումներ: Հետո՝ խոզուկ: Երբ հիվանդ չէի, կազդուրվում էի: Նույնիսկ երբ մարդիկ ասում էին, թե կազդուրվել եմ, ես հա քիթս էի մաքրում»:
Մի քիչ էլ պատմեց մանկությունից (դպրոց, գրավիչ ուսուցչուհի, առաջին ծանակողներ, մեղմ մորաքույր, բենզինի հոտով մերենգայից8) թունավորում, հասուն կյանքի անընկալում, և այլն), բայց երբ ցանկացավ անցնել վերջին էպիզոդների հերթականությանը, առաջին անգամ և պարզ հիշեցրեց, որ իր կյանքի հետաքրքիր երևույթները պատահել են մանկության տարիներին. որոշեց բաց կարտերով խաղալ և դրա համար էլ՝ այդ խոստովանությունն արեց:
Միրտան նրան օգնեց. «Չես հավատա՛, բայց իրականությունն այն է, որ ես պատմելու ոչ մի զվարճալի դեպք չունեմ: Նույնիսկ կասեի, որ հիշողություններ չունեմ: Որովհետև չեմ կարող այդ կատեգորիայի մեջ տեղավորել ուսուցչուհուս սովորական ծեծերը (խոստովանում եմ, որ շատ դաժան չէին), ոչ էլ ամենօրյա դասերը, որոնցում երբեք չկարողացա (չցանկացա) աչքի ընկնել, ոչ էլ թաղամասի հազվադեպ ընկերներիս, ոչ էլ Բուենոս Այրեսում` Կոռիենտես փողոցի վրա գտնվող առևտրի կետում, որպես՝ գրիչներ ու մատիտներ վաճառող՝ ցուցափեղկի հետևում անցկացրած իմ ժամանակահատվածը: Հետևաբար, ուզում եմ ասել, որ Փարիզում անցկացրած այս ժամանակաշրջանը իր պակասներով, անհաջողության ու միայնության զգացումով, որ երբեմն պատում է ինձ, այնուամենայնիվ, իմ կյանքի ամենափայլուն հատվածն է:
Խոսելիս՝ նայում էր դիմացի հարթակին: Չնայած քիչ լուսավորությանը՝ Ռաուլը նկատեց, որ աղջկա աչքերը արցունքակալած են: Այդ պահին, նա մի ակամա շարժում արեց, այնքան ակամա, որ երբ ցանկացավ  հրաժարվել, արդեն ուշ էր. ձեռքը երկարեց դեպի նա ու շոյեց աղջկա այտը: Անսպասելին այն էր, որ աղջիկը զարմացած չերևաց, ավելին, Ռաուլը գրեթե աղոտ մի զգացողություն ունեցավ, որ աղջիկը այտը հենեց իր ափին: Կարծես ստեղծված տարօրինակ իրավիճակը օժանդակում էր հարաբեությունների խորացմանը: Հետո նա հետ քաշեց ձեռքն ու մի որոշ ժամանակ անշարժ ու լուռ մնացին: Նրանց գլխավերևում մերթ ընդ մերթ լսվում էր ինչ-որ աղմուկ, ինչ-որ ձայն, ինչ-որ հարված, որ հիշեցնում էր փողոցի անառարկայական ու հեռավոր ներկայությունը, որն այնտեղ՝ վերևում, շարունակում էր գոյություն ունենալ:
Հանկարծ Ռաուլն ասաց. «Մոնտեվիդեոյում հարսնացու ունեմ: Այսինքն, սիրած աղջիկ: Բայց արդեն երկու տարի է, ինչ նրան չեմ տեսնել, ու, ասեմ քեզ, պատկերը գնալով աղոտանում է, դառնում ավելի անհեթեթ, պակաս կոնկրետ, եթե քեզ ասեմ, որ հիշում եմ նրա աչքերը, բայց՝ ոչ ականջները ու ոչ էլ շրթունքները: Երբ կենտրոնացնում եմ հիշողությունս, գալիս եմ այն եզրակացության, որ նրա շրթունքները բարակ են, թեև՝ երբ ապավինում եմ առարկայական հիշողությանս, այնպիսի տպավորություն եմ ունենում, թե դրանք հաստ են. խառնաշփոթություն է, չէ՞»: Միրտան ոչինչ չասաց: Ռաուլը շարունակեց. «Դու փեսացու, կամ ամուսին, կամ ընկեր ունե՞ս»: «Ոչ», ասաց նա: «Ոչ այստեղ, ոչ Մենդոսայում ու ոչ էլ Բուենոս Այրեսո՞ւմ»: «Ոչ մի տեղ»:
Ռաուլը գլուխը կախեց: Գետնին մի ֆրանկանոց մետաղադրամ էր ընկած: Կռացավ, վերցրեց այն ու մեկնեց Միրտային: «Պահիր սա որպես հուշ այս Stille Nacht-ից»: Միրտան մետաղադրամը գցեց բաճկոնի գրպանը` չանդրադառնալով, որ այն իրենը չէ: Ռաուլը ձեռքը տարավ դեմքի վրայով: «Իրականում, ինչի՞ քեզ խաբեմ, հարսնացուս չէ, այլ կինս: Մնացածը ճիշտ է, իհարկե: Հոգնել եմ այս իրավիճակից, բայց ուժ չեմ գտնում վերջակետ դնելու: Երբ նամակում պնդում եմ այդ մասին, ինձ երկար ու ներվայնացած պատասխան է գրում, որ եթե նրան թողնեմ, ինքնասպան կլինի. ինչ խոսք, ես հասկանում եմ, որ դա շանտաժ է, բայց, իսկ եթե իրոք ինքնասպա՞ն լինի: Ավելի շատ վախկոտ եմ, քան թվում է. վախկո՞տ եմ թվում»: «Ոչ,- ասաց նա,- բավականին քաջ ես թվում, հատկապես այստեղ` գետնի տակ և հատկապես, եթե ինձ հետ համեմատելու լինենք, ես վախից դողում եմ»:
Երբ մյուս անգամ նայեց ժամացույցին, ժամը՝ չորսն անց քսանն էր: Վերջին կես ժամվա ընթացքում բացարձակ չէին խոսել, բայց Ռաուլը պառկել էր երկար նստարանին՝ գլուխը հենելով  Միրտայի սև պայուսակին: Միրտան երբեմն ձեռքն անց էր կացնում նրա մազերի մեջ. «Ի՜նչ խառնաշփոթություն»,- վերջապես ասաց նա: Ուրիշ ոչինչ: Ռաուլն իրեն զգաց մի քաղցր խենթության սեմին: Գիտեր, որ դա լավ է, բայց նաև գիտեր, որ եթե ցանկանա առաջ գնալ ու փորձի օգտվել այս անսպասելի, բացառիկ գիշերից` անլուրջ մի արկած ունենալու համար, ամեն ինչ անմիջապես կփչանա: Հինգից տասնհինգ պակաս, վեր կացավ ու ընդարմացած ոտքերը շարժելու նպատակով՝ մի քիչ քայլեց: Հանկարծ նայեց Միրտային ու կանխազգացողության պես մի բան ունեցավ. եթե իր գեղեցիկ ու մերկապարանոց պատմվածքներից մեկը գրելիս լիներ, չէր հիշատակի այդ աղջկան՝ որպես իր ճակատագիրը: Բայց, տվյալ պահին, բարեբախտաբար, չէր գրում, այլ մտածում էր, ուստի չզլացավ ինքն իրեն հուշել, որ այս աղջիկն իր ճակատագիրն է: Դրանից հետո հառաչեց (որպես՝ նոր հառաչանքների սկիզբ): Դրան հետևող զգացումը տրամադիր լինելուց ավելի վեր էր. Իրականում, դա օրգանական հուզավառություն էր, որ պարուրեց նրա ականջները, կոկորդը, թոքերը, սիրտը, ստամոքսը, սեռական օրգանը, ծնկները:
Խանդավառությունն ու գորովանքը ստիպեցին նրան խախտել լռությունը. «Գիտես ի՞նչ: Կյանքիցս հինգ տարի կտայի, որ ամեն ինչ այստեղ սկսվեր: Ուզում եմ ասել` որ ես արդեն բաժանված լինեի, ու կինս ընդունած լիներ այդ փաստը և ինքնասպան չլիներ, և որ ես լավ աշխատանք ունենայի Փարիզում, և որ դռները բացվելուց հետո`այստեղից դուրս գայինք այնպես, ինչպես կանք` որպես զույգ»: Միրտան ձեռքով մի շարժում արեց, կարծես ցանկանում էր մի ստվեր քշել, և ասաց. «Ես էլ հինգ տարի կտայի», ու հետո ավելացրեց, «Կարևոր չի, ելք կգտնենք»:
Առաջին նշանը այն բանի, որ կայարանը վերսկսում էր իր առօրյան, միջանցուկ քամին էր: Երկուսն էլ դողացին: Հետո վառվեցին բոլոր լույսերը: Ռաուլը պահում էր փոքրիկ հայելին, մինչ Միրտան իրեն կարգի էր բերում: Ինքն էլ մի թեթև սանրվեց: Երբ դանդաղ բարձրանում էին աստիճաններով, հանդիպեցին վաղ արթնացող մարդկանց առաջին խմբին: Նա գնում էր` մտածելով, որ նույնիսկ չհամբուրեց Միրտային, ու ինքն իրեն հարցնում էր, արդյոք դա ողջամիտ կլինե՞ր: Դրսում այնքան ցուրտ չէր, ինչքան նախօրեին:
Առանց նախնական պայմանավորվածության՝ սկսեցին քայլել Bonne Nouvelle boulevard-ով` դեպի փոստ: «Հիմա ի՞նչ», ասաց Միրտան: Ռաուլը զգաց, որ հարցը դուրս պրծավ նրա շրթունքների արանքից, բայց պատասխանելու հնարավորություն չունեցավ, որովհետև դիմացի մայթից մի ուրիշ աղջիկ՝ սև տաբատով և կանաչ բլուզով, նրանց ակնարկում էր, որ սպասեն իրեն: Ռաուլը կարծեց, թե նա Միրտայի ընկերուհիներից է: Միրտան կարծեց, թե՝ Ռաուլի ծանոթներից է: Վերջապես աղջիկը կարողացավ անցնել փողոցն ու արագ տեմբով մոտենալով նրանց` մեքսիկական առոգանությամբ ասաց. «Վերջապես ձեզ գտա, սրիկանե՛ր: Ամբողջ գիշեր զանգել եմ տուն ու ոչ մի ձայն: Ո՞ւր էիք: Ինձ պետք է, որ Ռաուլն պարտքով տա իր Appleton-ը: Կարո՞ղ ես, թե՞ դա Միրտայինն է»:
Մնացին լուռ և անշարժ, բայց նա  տեղի չէր տալիս. «Գնացինք, վատը մի եղե՛ք, իսկապես այն ինձ պետք է: Ինձ մի թարգմանություն են հանձնարարել, ի՞նչ եք կարծում: Դե, երկու արձանների` էլ չեմ ասում հիմարների պես մի ցցվեք, գնո՞ւմ եք տուն: Ես ձեզ հետ եմ գալիս»: Ու շարժվեց Mazagran-ով մինչև la rue de l'Echiquier` իր շտապողականությանն ուղեկցելով հետույքի չափավոր շարժումը: Ռաուլն ու Միրտան քայլեցին նրա հետևից` առանց իրար հետ խոսելու ու դիպչելու, յուրաքանչյուրն իր սեփական սպասումի մեջ: Նոր հայտնված աղջիկը անկյունում թեքվեց, ու կանգնեց համար 8 տան առջև: Երեքն էլ աստիճաններով վեր բարձրացան (վերելակ չկար) չորրորդ հարկ: Համար 7 բնակարանի առջև աղջիկն ասաց. «Դե, բացե՛ք»: Ընդգծված  զգուշությամբ Ռաուլը հանեց իր հին բանալու օղակը որի վրա, ինչպես միշտ, երեք բանալի կար: Փորձեց առաջինը` անհաջող: Երկրորդը բացեց դուռը: Աղջիկը նետվեց դեպի գրապահարանը, որ պատուհանի կողքին էր, գրեթե ճանկեց Appleton-ը, Ռաուլի, հետո Միրտայի երկու այտերը համբուրեց ու ասաց. «Հուսով եմ, երբ այս երեկո գամ, վերագտած կլինեք ձեր խոսելու ունակությունը: Հիշում ե՞ք, որ այսօր պայմանավորվել ենք գնալ Էմիլիայի մոտ. սկավառակներ վերցրեք ձեզ հետ, please»: Ու շտապ դուրս եկավ` շրխկացնելով դուռը:
Միրտան իրեն գցեց բազկաթոռին: Ռաուլը, անխոս, ունքերը կիտած ու չռված աչքերով, սկսեց զննել բնակարանը: Գրապահարանում իր գրքերն էին` ստորագրված ու մակագրված իր իսկ գրությամբ. բայց կային նաև նորերը` կիսաբաց էջերով: Խորքի պատին, իր սիրելի Միրոյի բնօրինակն էր էր, բայց նաև կար Կլեեից մի բնօրինակ, որը միշտ փափագել էր ունենալ: Սեղանի վրա երեք նկար կար. մեկը` իր ծնողներինը, մյուսը` Միրտային կասկածելիորեն նման մի տղամարդու, երրորդում ինքն ու Միրտան էին` գրկախառնված ձյան վրա, շատ ուրախ, ինչպես թվաց:
Մինչ Appleton պահանջող աղջկա հայտնվելը, նա ռիսկ չէր անում նայել Միրտայի դեմքին: Հիմա նայեց: Միրտան իր վճիտ, թերևս քչով հոգնած, բայց անվրդով հայացքն ուղղեց դեպի Ռաուլը: Դա այդքան էլ չօգնեց, որովհետև Ռաուլը համոզվեց, որ ոչ միայն սխալվել էր՝ բաժանվելով մոնտեվիդեոյի կնոջից, հիստերիկ, բայց խելացի, միշտ դժգոհ, բայց լավ կնոջից, այլ նաև որ սկսվում էր փչանալ իր երկրորդ ամուսնությունը: Բանն այն  չէր, որ ինքն այլևս չէր տենչում այդ բարեկազմ, մրսկան, համարյա անպաշտպան կնոջը, որը բազկաթոռից իրեն էր նայում, այլ իր համար պարզ էր, որ Միրտայի հանդեպ ունեցած իր ներկա զգացմունքների մեջ շատ քիչ բան է մնացել հինգ տարի առաջվա մաքուր, հանկարծահաս, արտասովոր, գերող սիրահարվածությունից, երբ նրա հետ ծանոթացավ՝ հետզհետե ավելի հեռավոր դարձած, հետզհետե ավելի ջնջված, անհավանական մի գիշեր, երբ պատահականության թակարդն ընկնելով` միասին փակված մնացին Bonne Nouvelle կայարանում:
1) Արտասովոր երևույթ, անձ կամ դեպք (Ֆրանս.)
2)տեղափոխվել մի տրանսպորտից մյուսը (ֆրանս.)
3)արձակուրդ (ֆրանս.)
4)ինքնասպասարկում (անգլ.)
5)հարմարավետություն (ֆրանս.)
6)մուրացկան (ֆրանս.)
7)հռչակավոր, նշանավոր դեմք, մեծանուն մարդ (ֆրանս.)
8)Ձվակարկանդակ (իսպ.)
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
և հեթանոս աստվածները զգուշացրեցին`
կգան օրեր
թռչունները կթռչեն հեռվում
ծառերը կանաչ կլինեն
երեխաներ կպառկեն հողի վրա և մատներով կճզմեն
ցանկությունները ծնողների
և ծնողները ուշացած կողբան օրերի հեռվում
և օրերի հեռվում աշուն կլինի
2009 թ.
երկու րոպե հետո աշունը կվերջանա
աշունը կլքի քաղաքը
դռների մոտ կանգնած տղամարդիկ կօրորեն գլուխները
ու կանայք ավելի տաք կհագնվեն
ես շուռումուռ կգամ անկողնում
անձրևից փայլող փողոցում ետ ու առաջ կանեմ
կարթնանամ ու կքնեմ
ջրափոսի մեջ կլվանամ կոշիկներս
մեռելների հետ սեր կանեմ
կծխեմ գերեզմանաթմբին գլխահակ ու տխուր
իսկ երկու րոպե հետո աշունը կվերջանա
ու դռանս մոտ կանգնած տղամարդը կօրորի գլուխը
ու ես ավելի տաք հագնված
չեմ իմանա ինչպես ապրել այլևս
այս ծերացող քաղաքում
ում վաղուց լքել են հեթանոս աստվածները
2009 թ. հունվար
Այս աշունը մեր տան ամենացուրտ եղանակն էր.
լվացքի պարանին շորերը չէին չորանում,
ու ստիպված մենք էինք չորանում
հագուստների մեջ...
- ծեծից մարդիկ տաքանում են, -
գլուխս ձեռքերով պաշտպանած մտածում էի ես
ու թերթում Աստվածաշունչը,
որտեղ տաքանալու մասին ոչինչ չկար գրված...
- կյանքում հերդ ինձ մատով չի կպել, -
կրկնեց մայրս
ու ավլեց արցունքները,
որ անխնա թափել էինք բոլորս...
...և երաժշտության հետ կտրատված կանաչին
աղցան չէր դառնում,
իսկ աշունը բնավ էլ դեղին չէր,
և արև կար, որ անհասանելի էր
դոլարների պես ու կապի...
հայրս ծխում էր...
մտովի ստացած ապտակներից
տաքացած գլուխս չբարձրացրեցի...
- անցեք քնելու, - ասաց հայրս,
և դժվար էր հասկանալ`
նա էր ծխախոտ ծխում, թե ծխախոտը` նրան...
...և աշունը բնավ էլ դեղին չէր,
կանաչը ամենուր էր և շատ, մեր գրպաններից բացի,
ու աշունը, գլուխը ձեռքերով պաշտպանած,
թերթվում էր Աստվածաշնչի պես
ապտակներից տաքացած ու նյարդային դողով...
2006 թ.
- կմրսես, - հիշեցրեց մայրս,
ու գիշերը նրա հետ հեռացավ
քնելու,
իսկ սենյակում մնացին
ծուխն ու
լացի մի տեսակը,
որի անունը չգիտեի...
...ծխապատ բիբերիս միջից
մորս հիշեցումը երբեմն-երբեմն
մրսում էր,
ու ջարդված ապակիների`
գլխի պես ցավոտ
ձայնը թարթում էր աչքերը,
հարևան հիվանդ ու միայնակ կնոջ պես,
որին շտապ օգնության մեքենան
հեռացրեց,
ու փողոցում նրանց ետևից
ձգվեց գիշերը`
ավելի սև ու ավելի երկար...
- Աիդա տատիկին տարան, -
ասաց մայրս` փակելով դուռը,
և օրերը դատարկ մանիկյուրների նման
խոսում էին սեղանի մյուս անկյունից.
հեռացող մարդկանց չուն
ձգվում էր երկնքի
բացված պատուհանից...
- կկարոտեմ, - հողի ձայնը տաք էր...
...ու ես մրսում էի,
միջիս մենակությունը ոռնում էր,
և գիշերվա ատամների մեջ
զսպված քրքիջ կար,
ես այն քաշքշում էի սանձի պես,
ու ծխապատ բիբերիս մեջ
լացի մի տեսակ կար,
որի անունը չգիտեի...
2006 թ.
«հրաժեշտ բառին» շարքից
1.
օրերս չեն անցնում այլ վիժում են ինձ
ես մենակ եմ ինչպես առաջ
ինպես հետո
ինչպես միշտ
հայրս ծխում է
ես հայրս եմ
անասուններ գոռում եմ աղջկաս վրա
աղջիկս լացում է
սրիկա հայելի ինչ կեղծ ես դու
կփշրեի քեզ եթե իմը լինեիր
դու իմն ես ասում է հայելին ու փշրում ինձ
փշուրներս վազում են վազում են վազում եմ
բոլոր հայրերը չգնահատված փշուրներ են
հորդ հետ չես խոսում
ասում ես որ նրա համար մեռած ես
պատմեցիր որ երբ քո սենյակում փակված Մոցարտի ''Ռեքվիեմ''ն էիր լսում
դուռը կոտրելով հայրդ կատաղած մտել էր ներս
իսկ դու ընդամենը և միայն Մոցարտի ''Ռեքվիեմ''ն էիր լսում...
դու ամեն օր սպանում ես հորդ իր իսկ փրկության համար
հայրդ նախ շրջիկ դրամապանակ էր քեզ համար
հետո պատճառ որ խուսափեիր բանակից իբրև միակ խնամակալ
մորդ հետ ծանոթացա Սուրբ Սարգսի օրը
գերեզմանոցում
Ժաննա գրված էր գերեզմանաքարին
մորաքույրդ նայեց մեզ ու խոստացավ պահել մեր երեխաներին
սուր-սուր փշուրները խրվում են մարմնիդ մեջ ու խմում արյունդ
երջանկացած շոյում ես փշուրների ծայրերը ու լիզում մատներիդ արյունը
փշուրները քո երեխաներն են
դու փշուրիկ ես միշտ միշտ միշտ
պուճուր անպաշտպան փշուրիկ
երբ ծանոթացանք հայրդ ապրում էր իր սենյակում
ձեր վարձով տան մեջ
իր գրքերի հետ
հիշողությանդ մեջ մնացել է տանիքին բարձրացած հայրդ
քեզ գրկում պահած որ հանկարծ չընկնես
արնաքամ հայրդ փորձում է ժպտալ
քաղաքի որովայնին
վիրահատությունից մնացած հետքի պես
քիչ-քիչ բարակող
ձյուն
բոլոր հայրերը ժպտում են մեզ
2010 թ.
2.
այս անվերջանալի անձրևներից հետո
այս կայքէջերի շփոթեցնող մարդկանցից հետո
այս ջութակների հրաշալի համերգից հետո
գրադարանում գոռացող գրքերի լեշահոտից
ամպամած երկնքի սրտխառնուքից հետո
ձրիակերի պես ուտելուց
ծխելուց
խմելուց
հայհոյելուց հետո
ես բախվում եմ սիրո բորբոսնած պատին
իմ չսիրած տղա, ոնց կսիրեի քեզ
բառ,
իմ միակ ճշմարտություն,
ես կորցնում եմ քեզ
թուղթ, կուլ մի տուր բառս, ինչպես հողը հարազատներիս
այլապես ես գիտեմ մկնդեղի տեղը
և դեղահաբերի, որ կարող են լուծել հաշիվները սրտիս հետ
և ուր է իմ վերջին հիստերիաների ձյունը
բարձրաձայն իջնող ձյունը
որ խցանվեր կոկորդիս մեջ
հայրական ապտակի պես կամ չմարսված կերակուրի
ուր ես, բառ
հայտնվիր իմ հերթական սիրեցյալի պես ու անհետացիր`
հայտնվելու համար լուսավոր ապագայում`
բազմազավակ և ոչ երբեք ինձ հետ
ուր ես, բառ, արի ամուսնանանք, ի սեր հարազատներիս,
ես սիրում եմ քեզ, ինչպես գլխատվածը իր գլուխը
սիրում եմ քեզ, ինչպես երբեք
սիրում եմ քեզ, ինչպես հիմա
հիմա,
երբ չգիտեմ ինչ բառերով զանգել քանաքարային
ու հարցնել` ոնց է հիվանդ մայրդ
երբ չգիտեմ ինչպես ցավակցել խանջյանին
ով կորցրեց հորը ու խմում է նորից
հիմա
երբ ինքս էլ բառերի կարիք ունեմ
և գաղափար չունեմ, թե որն է ճիշտ բառերի տեղը
և մեկն էլ իմ ներսում բաժակ բաժակի ետևից դատարկում է մաղձը
և միակ հարազատս հուսահատությունն է,
էն էլ մենակ ագռավի պես նստել ծառին ու կռռում է
այլ ելք չկա, բառ, հայտնվիր
ինչպես գնդակահարության պատի տակ կանգնածի
գանգը փշրող փամփուշտը
2010 թ.
3.
տարվա վերջին օրվա պես`
ոտաբոբիկ ու անսեր
ես վազում եմ քաղաքում այս երևան
ես պարում եմ
ես հարբած եմ, մայրիկ, ու չեմ ամուսնանա
ես
մենակ եմ
ինչպես
հասմիկ սիմոնյանը
և ավելի դժբախտ,
քան գրական հայերենով գրված
բառը
բառը, ահա թագուհին, որ չունի թագավոր
նա չունի թագավոր
նա կիթառ ունի
և նվագում է
նա գլուխ ունի և թափահարում է
թագուհին ոտքեր ունի և վազում է
բոլոր թագուհիները վազում են նրա ետևից
բոլոր կանայք թագուհի են ու վազում են
օ, աստված իմ, մայրս էլ է վազում,
ոնց չէի նկատել, որ նա էլ է թագուհի
ես ուզում եմ կանգնել տեղում ու
ոտքով խփում եմ գետնին
չեմ ուզում լինել թագուհի
չեմ ուզում լինել կին
չեմ ուզում լինել մայր
ես տղամարդ եմ և սիրում եմ կանանց
բայց հարբած եմ ու
գլուխս կորցրած
սլանում եմ
-անասուններ...,- հարբած գոռում է բակը մաքրող կինը
ու քարշ տալիս անձրևից լխկած տերևներն ու զիբիլը
-անասուննեեեեեր...
օղու շիշը դատարկել են գետնին...
հարբած լիզում է գետինը
իսկ ոտքերը վազում են
նա էլ է թագուհի
վազում եմ խակ նյարդալարերիս վրայով
Սարտր պապիկը հուշում է
մեզ վիճակված է այս պատերազմը
և ես այն մղելու եմ
ես պարում եմ
ես հարբած եմ, մայրիկ, ու չեմ ամուսնանա
2010 թ.
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ֆրանս.թրգմ. Գառնիկ Մելքոնյանը
Օ՜ աստղազարդ իմ գիշեր, ամենից առաջ քեզ արարեցի:
Դու, որ քնեցնում, ընկղմում ես ստվերի մեջ հավիտենական,
բոլոր արարածներին,
Ամենաանհանգիստներին՝ մոլեգին ձիուն, աշխատավոր մրջնին,
Ու մարդուն` անձկության այդ հրեշին:
Գիշե՜ր, որ կարող ես քնեցնել մարդուն,
որ ջրհոր է անձկության,
Որն ինքը մենակ ավելի շատ է անձկությամբ լեցուն, քան
ողջ արարավածն իր ամբողջության մեջ:
Մարդուն, որ ջրհոր է անձկության.
Ինչպես որ ջրհորի ջուրն ես քնեցնում:
Օ գիշե՜ր իմ, երեխաներին ու մանուկ Հույսը դու առնում ես քո հսկա շրջազգեստի ծալքերի տակ:
Բայց մարդիկ, մեկ է, քեզ չեն ենթարկվում:
Օ անուշի՜կ գիշեր իմ, ամենից առաջ քեզ արարեցի...
Անշշուկ, երկա՜ր շղարշով,
դու բերում ես երկրի վրա մի կանխազգացում...
դու, որ քո ձեռքերով տարածում, լցնում ես երկրի վրա
Առաջին խաղաղությունը, որը բանբերն է խաղաղության Հավիտենական,
Առաջին բալզամը, այնքան թա՜րմ, առաջին երանությունը,
որը բանբերն է Հավիտենական մի երանության:
Դու, որ խաղաղեցնում, որ բալզամում ես, որ սփոփում ես, որ վիրակապում ես
վերքերը, ճմլված անդամները մարմնի,
Որ քնեցնում ես սրտերը, մարմինները ցաված ու ջարդված,
Կոտրված անդամները, մեջքերը կոտրված`
հոգնությունից, հոգսերից ու տագնապներից
մահացու.
ցավ ու դավերից.
Դու, որ լցնում ես քո բալզամը դառնությունից պատռված կոկորդների մեջ,
Այնքան թա՜րմ...
Օ՜ մեծ սրտով դուստր իմ, ամենից առաջ քեզ արարեցի:
ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ
Ծնվել եմ 1989 թվին, Աբովյան քաղաքում:
2001-2006 թթ. Ավարտել եմ. TBM (Վրձնի պատանի վարպետներ) նկարչական ստուդիան, իսկ 2006-2010թթ. Երևանի ԳեղարվեստիՊետական Ակադեմիան:
Ինչպես տեսնում եք՝ նկարչուհի եմ և ցայժմ իմ հեղինակային գործերով մասնակցել եմ տարբեր ցուցահանդեսների: Գուցե հարց կառաջանա, թե ինչու եմ դիմում գրչին, երբ ի սկզբանե ունեցել եմ վրձինը, որպես արտահայտչամիջոց: Պարզապես երբեմն լինում են ապրումներ,որոնք դժվարանում ես արտահայտել: Հետո սկսում ես փնտրել այլ  արտահայտչամիջոց՝ չասվածը ասելու համար: Հուսով էի` բառերով կկարողանամ ասել ամբողջը, բայց հասկացա, որ խոսքերն ևս այնքա՜ն քիչ են... Ամեն դեպքում ասվեց ինչ-որ փոքրիկ մասը՝ թե արձակի և թե չափածոյի տեսքով: Իմ գրությունների կիզակետը մարդն է իր խոհերով, սիրո, կարոտի ու առանձնության  տվայտանքներով:
Ի՞նչ է պատահում, երբ շողում է արևը
«Հենց այն, որ լույսը բացվում է, արևը շողում է, դա արդեն իսկ երջանկություն է»,- հաճախ եմ լսում այս սնամեջ, մտացածին խոսքերը, որոնք երբևէ ինքս էլ եմ արտահայտել:
Բայց ի՞նչ է պատահում, երբ շողում է արևը, երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ: Արդյոք մտածե՞լ եք,թե ինչպիսի թախիծ է իր հետ բերում լուսաբացը, իհարկե՛ ոչ, չէ՞ որ դուք միայն ձեր մասին եք մտածում: Մոռանում եք, որ կա մի ուրիշ աշխարհ, որն ապրում է ձեզանից անկախ: Կեցության շատ ոլորտներ կան, բայց ես կպատմեմ մի աշխարհի մասին, որը, չնայած նրան, որ անմիջականորեն առնչվում է ձեզ, միևնույնն է, միշտ էլ աննկատ է մնում:
Երեկոյան հորդ անձրև է տեղացել: Ի՜նչ երջանկություն` հանդիպել են կրկին Անձրևն ու Հողը: Երկրից երկինք ձգվող ճանապարհն այնքան ահռելի է, որ դժվար թե Հողը, ամենամեծ ցանկության իսկ դեպքում կարողանա հասնել այնտեղ: Պիտի սպասի Անձրևին: Պիտի սպասի գարնան գալստին` որպես ավետիս:
Եվ գալիս է գարունը ու թափվում առաջին սպասված Անձրևը: Արդեն իսկ ուժասպառ ու կարոտից տկարացած Անձրևն ինքնամոռաց իրեն նետում է Հողի գիրկը... Հենց այդ վայրկյանին ժամանակը կանգ է առնում նրանց համար:
Արդյոք պատկերացնու՞մ եք այն մեծ ցավը, որ համակում է Հողին, երբ գիտակցում է, թե որքան անհասանելի է ինքը՝ երկնքից, թե որքան հեռու է բաղձալի հանդիպման օրը՝ սպասված երկուսի կողմից: Իսկ այժմ փորձեք պատկերացնել այն երջանիկ պահը, երբ այդքան երկար բաժանումից հետո ի՜նչ երջանկության արցունքներ են հորդում այդ գիշեր: Գրկախառնվել են նրանք ամուր-ամուր ու վախենում են բաժանումից, որն անխուսափելիորեն մոտ է: Այո', դա ձեր լուսաբացն է, ձեր ծագող արևը, որ Անձրևին կրկին իր մոտ է կանչում`ագահորեն խլելով Հողից նրա ամեն մի մասնիկը՝ այդդպես էլ ծարավ թողելով նրա պապակ հոգին:
Արևը, ձեր երջանկության ավետիսը, նրանց համար բոթ է ահարկու: Ձեր արևածագը նրանց մայրամուտն է: Էգոիստ մի' եղեք, սիրելինե'րս, մի' մոռացեք, որ ձեզանից անկախ կա մի ուրիշ աշխարհ,որ ձեզանից խորն է ցավում ու լուռ, անտրտում իր ողբն է երգում: Իսկ դուք հիմա ոտնակոխ եք անում  հենց նույն Հողը, որն այդքան վեհ սիրել գիտի: Ցավեցնու'մ եք, զգու'յշ քայլեք:
Արտասովոր տեսարան
Հերթական օրերից մեկն էր, հերթական չքնաղ առավոտը: ՈԻ մի արտասովոր տեսարան հանկարծ իմ ուշադրությունը գրավեց: Երբևէ հանդիպե՞լ եք խենթ մարդկանց, ովքեր չեն ամաչում իրենց խենթությունից ու հանկարծակի պոռթկացող երջանկությունից: Ես հանդիպել եմ:
Մի վտիտ կին էր աճապարում փողոցով`հուսալով գումար հայցել անցորդներից: Իսկ վերջիններս էլ անվերջ շտապում էին, իրենք էլ չգիտեին, թե ուր են վազում: Հանկարծ մի ծերունի նկատեց կնոջը և մտածեց. «Իմ նման խենթ է հարկավ»:
Հարբեցող էր մեր ծերուկը` ինքն էլ անգիտակից իր իսկ կյանքից: Թե ինչու՞ էր ապրում և ու՞մ համար, ինքն էլ չգիտեր: Շատ չանցած՝ մոմի պես վտիտ կինը ծերուկին մոտեցավ այն ակնկալիքով, որ վերջինս ժանգոտած մետաղի մի կտոր կընծայի իրեն: Տարօրինակ ու մանկական ինչ-որ բան կար նրա շարժուձևում: Սպասողական կանգնել էր ծերուկի առջև այնպես, ինչպես թոռնիկը կկանգներ պապիկի առջև: Իր երազանքին էր սպասում, հարյուրանոց այն մետաղադրամին, որով մի բուլկի կգներ ու այսօր էլ կքներ` առանց լսելու ստամոքսի հերթական հայհոյանքները: Ու բոլորի համար անսպասելիորեն, ծերուկը գրկեց ու համբուրեց նրան: Երջանկության շողեր էին բոցկլտում ծերուկի աչքերում: Վտիտ կինը իր կնոջն էր հիշեցնում, որին վերջերս էր կորցրել: Նա կտրվել էր իրեն շրջապատող աշխարհից. մի վեհաշուք տեսիլք, մի միրաժ էր անվերջ լողում  նրա կարմրած աչքերի առջև... Թվում էր, թե վախենում էր այդ պահին աչքերը թարթել, վախենում էր կրկին կորցնել այն հաճելի պատրանքը, որով մի ամբողջ երկար ու բարակ կյանք էր ապրել: Նա անգամ աստղազարդ երկինքը չէր նկատում, շտապում էր քնել, որ իր երազին հանդիպի, երկնակամարում բոցավառվող իր միակ աստղին:
Ընդամենը մեկ վայրկյան... որը հավասար էր մի ամբողջ հավիտենականության հետ. ի՜նչպիսի ապրումներ. իսկ դո՞ւք, շտապող մարդի՛կ, զգացի՞ք արդյոք նրանց ապրումները: Եվ, այդպես էլ, վտիտ կինը իր երազած հարյուր դրամանոցի փոխարեն ստացավ լոկ ծերուկի համբույրը: Ծերուկն ինքն էլ այնքա՜ն կարոտ էր այդ գումարին: Իսկ բոլորը, ուշաթափության հասնելու չափ, ծիծաղում էին: Հաստափոր ծաղկավաճառն էլ իր անասնական բառաչանքով միացել էր խրխնջացող ամբոխին: Նրանց անծանոթ էր այդ ողբերգությունը, նրանց բթացաց զգայարանները չէին ընկալում հոգեկան այդ դրաման. այդ ամենը լոկ ծաղր ու ծիծաղի առարկա էր նրանց կուրացած աչքերում:
Գիշերն եմ սիրում
Անտանելի են առավոտներն ինձ համար:
Գիշերն եմ սիրում:
Ոչ: Ո'չ այն գիշերը, որը լի է մեղսագործություններով, ո'չ այն գիշերը, որը վարագույր է լոկ, անթափանց շղարշ, որ քողարկում է մարդկային այլանդակությունները: Ես այն գիշերն ու անթափանց խավարն եմ սիրում, որի շնորհիվ աստղերն ավելի պայծառ են շողում, որ երազողիս իր մոտ են կանչում ու մոլորվածիս միշտ տուն ուղեկցում: Իսկ փոքրոգի արևը կուրացնում է աստղերի փայլը: Փառասեր ու եսամոլ արևը, որն իրենից անդի ոչինչ չի տեսնում, իր ոսկեշող վարսերն է փռում աշխարհով մեկ ու ստիպում, որ նկատենք, հիանանք ու գովաբանենք: Բայց քեզ չե'մ սիրում, արև', տաղտկալի, այրող, կուրացնող, ոչինչ ավելին: Աստղերն եմ սիրում` խավար երկնքում, ու լուսնի լույսը, որ չի կուրացնում, որ չի պարտադրում ու չի հալածում: Ես արևի պայծառ ու զրնգուն ժպիտը չեմ սիրում: Լուսնի ժպիտն եմ սիրում` մեղմ ու քնքուշ, թովիչ, անուշ, որ անցորդիս աչքն է շոյում, բայց, երբե'ք չի պարտադրում...
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՈԳԻՍ ՈՒ ՍԻՐՏՍ
Հոգիս ու սիրտս նստեցին սեղան,
Ինձ էլ դատավոր կարգեցին իրենց:
Հոգիս տառապած` ա՜խ կանչեց, ասաց...
-Սի՛րտ իմ, դու միակ ու հլու ընկեր`
Սիրահարվել ե՜մ...
Սիրտս որոտաց ամպրոպի նման,
Հոգիս սարսափեց աղմուկից դաժան ...
-Սիրահարվե՜լ ես ...
Հոգի` դու սրտին դավաճանել ես ,
Առանց դաշինքի ...սիրահարվե՜լ ես....
Ուրեմն գիտցիր...
Խրթին է սիրո այբուբենն , հոգի՜ս...
Անգիր անելու համար ժամանակ ու դարեր են պետք,
Սիրելու համար սրտի մաքրություն,
Ներման ցանկություն, գիտակցում է պետք...
Եվ հոգին լռեց,
Խորը շունչ քաշեց...
-Սի՛րտ իմ , դու ընկեր...
Սիրելուց առաջ , հարց չտվեցի,
Միայն աչքերս ամուր փակեցի,
Նրա հայացքը կրծքիս սեղմեցի...
առանց գիտակցման`
Սիրահարվեցի ՜...
Սիրտը ու հոգին հանկարծ լռեցին,
Խնդրող հայացքով դեմքիս նայեցին...
Ու ես բացեցի սրտի դռները,
Ներս վազեց նրա միակ ընկերը...
Սիրով ողողվեց սրտի պատերը...
Եվ հոգին գոռաց...
-Սիրահարվել է՜
Սիրտը որոտաց`
-Վերածնվել է՜...
ԻՄ ՀՈԳԵԱՌ
Հավաքում եմ ես, քեզ սիրող մարդկանց կարոտները բյուր,
Եվ Ճանապարհ եմ հյուսում դեպի քեզ` այդ կարոտներով:
Որ Ճանապարհի վերջում հանդիպեն ու միաձուլվեն`
Երկու կարոտներ...
Կարոտից ծնվի դեռ չամրագրված ու չեղած մի սեր,
Անվանակոչվի Կարոտների կիրք...
Սիրո արհավիրք...
Որ կկործանի մի ամբողջ երկինք...՝
Այս երկրի վրա դնելով կնիք,
Որ մեր կարոտի ճանապարհն արդար,
Ես պիտի հյուսեմ վարար ու կանչող գետին հավասար,
Որ գա ու թափվի օվկիանը սիրո...
Օվկիանի վրա հյուսվի մեր սիրո ճանապարհը վեհ,
Ուր պիտի անցնեն` իրար ձեռք բռնած երկու խենթ սրտեր...
Կարոտում եմ քեզ,
Իմ խենթ ու խելառ,
Ու սպասում եմ քեզ,
Քեզ` իմ «հոգեառ»...
ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ  ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Քո լուսաբացի և իմ մթագնող երեկոյի մեջ,
Ընկած է անանց մի տարածություն...
Հողի ու արյան, ջրի ու լույսի,
Մի տարբերությամբ, որին կոչում են `
Ուրիշ մի հավատ...
Հավատ սպասումի,
Չհասունացաց սիրո անդունդի,
Սիրուց եռացող մեր երակներն արյան շիթերի,
Անդունը լցվող սիրո, վշտերի, արյան ծովերի,
Մեր երակների, որոնք պատռվել ու քայքայվել են,
Իմ ու քո սիրո անսահմանության` անչափ ավելից ...
Եվ սիրո այրմամբ, լցնում են սիրո անդունդը դատարկ,
Անդունդը վշտի, հեռավորության, կանչի ու լացի...
Հասիր ու փրկիր...
Ձեռքդ ինձ մեկնիր...
Տես, ես խեղդվում եմ խորը անդունդում,
Սիրուս արյան մեջ, որտեղ պակաս է թթվածինը քո`
Էն թթվածինը, որը կփրկի ու պայքարելու ուժով կմղի,
Դեպի հեռավոր քո մոտեցումը, որից ժայթքում է իմ ու քո համար` էն թթվածինը,
որով եռում է սիրո արյունը...
Եվ ես էս պահին գրկում եմ օտար մեր միացումը,
Իմ գիշերվա մեջ, նռան կարմիրով ես նկարում եմ
Մեր երակներից ժայթքող անհունը...
Չէ որ գալու է այն միացումը...
Քարանալու է մենակությունը,
Ու լցվելու է դատարկությունը...
Էսօր իմ հոգում սիրո միտինգ է,
Պայքար է գոռում ազատությունը,
Էսօր իմ սրտում , հոգու խնջույք է,
Կենաց է ասում մենակությունը...
Միտինգում դատարկ բառերի կույտ է,
Հոգուս խնջույքում դատարկ կենացներ...
Պայքար է գոռում ազատությունը,
Սիրով բանտարկված` արցունքից քամած`
Կենաց է խմում մենակությունը...
Հետո ոռնում է գազազած շունը,
Քանդելով` սիրո միտինգի տունը...
Հողին հանձնելով պայքարի սյունը:
Սկսվում է երգի ու պարի տոնը,
Չէ որ քանդվել է միտինգի տունը,
Տեղը մնացել խնջույքի ձոնը,
Որտեղ հաստատվել ու հիմք է գցել,
Սիրուն գումարվել ու ելքն է գտել`
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ...
Որի կենացն էլ խմում է հիմա,
Իմ `դատապարտված մենակությունը...
ՄԵՆԱԿ ԿՄՆԱՍ
Դու մի օր հաստատ մենակ կմնաս,
Կթակես դուռս , բացող չի լինի,
Բոլորից հոգնած, վեր կենաս կգաս,
Պատուհանիս տակ անվերջ կգոռաս...
Բայց պատուհանը բացող չի լինի:
Ու միայն դատարկ ու մութ սենյակից,
Կծխա վառվող` վառարանը սև...
Ծուխը կհասնի ամպերին կախված, երկինքին գամված,
Անձրև ու որոտ կանչից` խլացած...
Ամպը ու ծուխը կփարվեն իրար ,
Կլուսավորվեն արևից տկար ,
Որ մթագնել էր ցավացող սիրուց ,
Արցունքոտ ամպից ...
Տկարությունը՝ սիրով կբուժվի,
Ամպից ու ծխից աստղեր կհյուսվի,
Լուսնային լույսով, մութ գիշերվա մեջ,
Դռան թակոցը երկինք կհասնի...
ՔՈ  ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Թե տրվեր կյանքում ինձ մարդ հորինել,
Հետո նկարել ու հոգի դնել,
Կհորինեի նրան քեզ նման,
Կնկարեի քո նմանությամբ,
Հոգի կտայի հոգուդ մաքրությամբ...
Թե տրվեր կյանքում ինձ մարդ արարել,
Ես կարարեի նրան քեզ նման,
Քո նմանությամբ ու քո էությամբ,
Քո նույն մեղքերը նրան կտայի...
(չէ՞ որ անմեղ ես , թեպետ ասում են,
ծնվելն արդեն իսկ մեղք է էս կյանքում)
Քո խենթ հայացքից նրա հայացքը ես կձուլեի...
Հետո մարդ անվամբ ես կկոչեի,
Ու անմնացորդ սիրով մոգական ես կսիրեի,
Նրա կտայի կյանքը իմ կիսատ,
Արժևորելով մարդուն ` մեծ անհատ...
Կհորինեի ու կսիրեի...
Նրան իմ կյանքով ես կխեղդեի,
Մեղքիս բաժինը ես կվերցնեի,
Աստծուն խնդրանքով ես կդիմեի...
Որ Արարիչը դու ես, ո՜վ միակ,
Ե'վ հորինողն ես, և' Սերն ես անհագ...
Դու ես արարում երկու խենթ անհատ,
Ու միացնում ես երկնային կապով՝
Չբաժանելով ոչ մի վայրկյանով...
Ես քո արարած անհատն եմ փնտրում,
Ու քո օրհնանքով , հավերժի կապով,
Մեր միաձուլման աղոթքն եմ հղում,
Որ մի օր աշնան էն չոր մահիճին,
Քեզնից հորինված երկու անհատից
Կծնվի արև, կապույտ մի երկինք,
Կլուսավորի աշխարհին մեղմիկ
Ու կտա կյանքին հզոր մի օրհնանք,
Նորը ստեղծելու ու կյանքին տալու մի նոր երազանք...
ՊԱՏԱՀԵ՞Լ Է...
Պատահե՞լ է , որ քո հոգին,
Դատարկություն ու սեր բառից արձագանքի...
Դու պատասխան խնդրես նրան, բայց նա լռի...
Ու քո ասած բառերը` ետ քեզ շպրտի ,
Քեզ թողնելով դատարկություն, մենակություն,
Անցած մի հուշ ու լռություն...
Օտար սիրո լուռ արբեցում,
Որից հետո նույն անդորրն է...
Ես հոգնել եմ լռությունից,
Մշուշապատ օրենքներից,
Միապաղաղ նույնությունից...
Հոգնել եմ էս բթությունից ,
Նենգությունից... բազմահազար ու կեղծ սիրո մոտեցումից...
Ծուռ տառերից ծնված` դատարկ, փուչ բառերից...
Ես հոգնել եմ էս ամենից...
Էս խլացնող ոռնոցներից,
Սեր գոռացող` մարդանման գազաններից...
Ու էստեղից հասկանում ես, որ քո հոգին, քո խեղճ հոգին...
Անկարող է դիմակայել ու պայքարել,
Չարձագանքել ու չստել...
Հասկանում ես , որ մաքրություն ու սիրո ծով սերմանելու ,
Հոգուդ լույսը հավերժի մեջ արարելու ,
Կյանքին իմաստ հաղորդելու միակ հույսը՝ Մաքրությունն է...
Մաքրությունից ծնված` սիրո վեհությունն է...
Եվ ես հոգնած ու մոլորված...
Դեռ սպասում եմ տրված հարցիս պատասխանին ,
Ու սպասում եմ ոչ թե դատարկ արձագանքին...
Այլ Մեծ Սիրո էն հոսանքին,
Որից ծնված արցունքներով,
Ծով կդառնա ու խելահեղ կփոթորկվի,
Սեր տենչացող ու խենթացնող, իմ գիժ հոգին...
Պ Ո Չ Ը «ՁՄԵՌԱՅԻՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ» շարքից
Շատ վաղուց է եղել:
Ինչքա՞ն, ոչ ոք չգիտի:
Բայց մինչև հիմա էլ մարդիկ հիշում են ու ծիծաղում:
Հիշում են, որովհետև սա մի սովորական դեպք չի: Այսպիսի բաները մարդու հետ կյանքում մի անգամ են պատահում, կամ էլ բոլորովին չեն պատահում:
Իսկ ծիծաղում են, որովհետև դա հենց իրենց հետ է պատահել:
ՈՒրեմն լսեք, թե բանն ինչպես է եղել:
Օրերից մի օր, մեծ, շատ մեծ երկրի մի թագավոր սովորականից շուտ է արթնանում քնից: Վեր կենալուն պես, թիկնոցն ուսերին է գցում, ու հապշտապ մոտենում պալատական գլխավոր հայելուն:
Շուտ է վեր կենում, որովհետև ողջ գիշեր շուռումուռ էր եկել անկողնու մեջ, ու այդպես էլ չէր կարողացել քնել: Ինչ որ բան խանգարում էր նրան, անհանգստացնում:
Նայում է հայելու մեջ, ու սարսափով հայտնաբերում, որ իր հետևից մի երկար պոչ է քարշ գալիս: Այնքան երկար, որ մինչև գետին է հասնում:
Թագավորը վախենում է, իրար խառնվում, չգիտի՝ ի՞նչ անի:
Այս կողմ է վազում, այն կողմ է վազում, բայց արի ու տես, որ պոչն էլ նրա ետևից է այս ու այն կողմ վազում, պոկ չի գալիս:
Մեկ մտածում է՝ ձեռքը գցի, քաշի ու պոկի նրան իրենից, բայց քաջությունը չի հերիքում, ու այդպես շվար կանգնում, մնում է դահլիճի մեջտեղում, ընկնում ծանր, արքայական մտքերի մեջ:
Քիչ անց, երբ մի կերպ ուշքի է գալիս, կեռիկի վրայից զգուշորեն իջեցնում է ոսկե զանգն ու մի երկու անգամ թափահարում:
Ձայնի վրա ներս է վազում առաջին խորհրդատուն:
-Տեսնու՞մ ես,- խոժոռ հարցնում է թագավորը:
-Տեսնում եմ, տեր արքա,- հնազանդորեն կմկմում է առաջին խորհրդատուն:
-Եթե մինչև արևի մայր մտնելը չպարզես, թե ի՞նչ բան է սա, ապա, լավ իմացիր՝ իրիկունը գլխիդ հետ հրաժեշտ ես տալու:
-Ո՞րն է իմ մեղքը,- ծնկներին է ընկնում առաջին խորհրդատուն,- ո՞րն է իմ մեղքն, ի՞նչ եմ արել...
-Այս վայրկյանից, քո մեղքն այն է,- ասում է թագավորը,- որ դու տեսնում ես իմ պոչը: Իսկ դա, իմացած եղիր, մեծ մեղք է, շատ մեծ մեղք:
Խեղճ խորհրդատուն մորուքը բռնած դուրս է վազում:
Թագավորը մի անգամ էլ է թափահարում զանգը: Ձայնի վրա ներս է ընկնում երկրորդ խորհրդատուն:
Նույնն էլ երկրորդ ու երրորդ խոհրդականներին է արքան պատվիրում ու սպառնում:
Այստեղ պետք է ասել, որ նույնիսկ այն հին ժամանակներում, թագավորներն առանց խորհրդականների չէին կարող ոչ մի որոշում ընդունել:
Բայց քանի որ հենց սկզբից էլ պարզ էր, որ նրանցից ոչ մի օգուտ չկա, դրա համար էլ երեք հոգուց ավել չէին պահում:
Երեք հատ ու՝ վերջ:
Ահա խորհրդականները գնացին, ու թագավորը նորից մենակ մնաց:
-Էս ի՞նչ բան էր,- կրկնեց նա, ինքն իրեն ուսումնասիրելով հայելու մեջ,- երկնային պատի՞ժ է, թե՝ պարգև:
Եթե սա պատիժ է, ապա կարելի է հրաման տալ, և դահիճը նույն վայրկյանին կկտրի այդ անիծյալ պոչը:
-Կտրել, կտրել է պետք,- տեղնուտեղն արձագանքեց անկյունում պատրաստ կանգնած դահիճը և մի քայլ առաջ եկավ:
Թագավորը ետ-ետ գնաց ու հենվեց պատին:
-Իսկ եթե պարգև՞ է,- չէր հանգստանում նա,- լսվա՞ծ բան է, որ թագավորը բաց աչքով իր ունեցածը կտրի, գցի մի կողմ: Թե այսօր այդպես հեշտությամբ թույլ տաս, որ պոչդ կտրեն, ապա վաղն էլ, մեկ էլ տեսար՝ գլուխդ կտրեցին: Չէ, չի կարելի արքայի գործերը դահճին վստահել:
Իսկ միգուցե տերտերի՞ն է հարկավոր դիմել: Ի՞նչ կա որ: Թող աղոթք կարդա, թող օրհնած ջուր ցանի: Նրա օրհնանքից հետո, ուզած-չուզած, բոլորն էլ կհամակերպվեն եղածի հետ:
-Աղոթել, աղոթել է պետք,- առաջ եկավ մյուս անկյունում պատրաստ կանգնած տիրացուն:
-Մեռոնաջրելն, իհարկե, ավելի լավ միտք է, քան թե կտրել, դեն շպրտելը,- մտքերի մեջ ընկավ արքան: Բայց ի՞նչ կասեն մարդիկ, եթե իմանան, որ եկեղեցին օրհնել է իմ պոչը: Անշուշտ կուզենան, որ իրենց մեղք ու արատներն էլ օրհնվի, ներվի: Քաոս, իրարանցում կսկսվի երկրիս մեջ: Վախ ու հավատ կկորչի:
Իսկ մարդկանց վախ է պետք, հավատ է պետք ապրելու համար:
Իսկ պոչավո՞ր է արքան, թե՝ ոչ, դա այսքան տարի ոչ ոքի չի էլ հետաքրքրել:
Նա այնքան էր հոգնել ետ ու առաջ քայլելուց, որ վերցրեց ու նստեց դահլիճի մեջտեղում, սալահատակի վրա:
-Ինչ լավ կլիներ, եթե այս բոլորը երազ լիներ:
Այդ ժամանակ նա ծափ կտար ու բարձրաձայն կկանչեր,- երազահանին իսկույն ինձ մոտ բերեք:
Վախից կուչ եկած ներս կմտներ պալատական երազահանն ու խոնարհ կկանգներ, կսպասեր հրամանին:Նա շատ երազներ էր բացել իր համար, և անշուշտ, այս մեկն էլ կբացեր: Երկար-բարակ կզրուցեր, ու վերջիվերջո կիմանար, թե ի՞նչ է ուզում իրենից լսել իր արքան:
Բայց, ափսոս, սա երազ չէր, այլ՝ իրողություն:
Մի խոսքով, իրիկունը բոլորը գալիս, հավաքվում են պալատական ընդունարանում:
Առաջին խորհրդականն ասում է՝
-Տեր թագավոր, ես ամբողջ կյանքս աստղերի հետ եմ խոսել, և աստղերն ինձ ասում են, որ առյուծի է այդ պոչը: Դու երկար տարիներ առյուծի պես կռիվ ես տվել մեր երկրի թշնամիների դեմ, ու դրա համար էլ, վերջ ի վերջո, ինքդ էլ առյուծ ես դարձել:
-Ես արեգակի հետ եմ զրուցել երկար,- ասում է երկրորդ խորհրդականը:
-Արեգակն ինձ ասում է, որ քեզ օձի կերպարանք է տրված՝ կրելու: Որովհետև դու միշտ աչքի ես ընկել քո իմաստնությամբ ու հմտությամբ: Օձի է այդ պոչը, տեր թագավոր:
-Իմ երկար տարիների զրույցները լուսնի հետ են եղել, և ոչ մի անգամ դեռ չի սխալվել իմ զրուցակիցը,- առաջ է գալիս երրորդ խորհրդականը:
-Լուսնյակն ինձ ասում է, որ համառ ու աշխատասեր ավանակի է այդ պոչը: Քո երկարամյա քրտնաջան աշխատանքի ու մեծ գործերի համար է դա քեզ շնորհված:
Դուր չէին գալիս նրանց ասածներն արքային:
Նրանց ամեն մի խոսքից հետո ավելի էր նա մռայլվում ու մթնում:
Չէր հավատում նա իմաստուններին: Չէր հավատում, բայց ճար չկար: Հարկավոր էր մի որոշում ընդունել:
-Ձեր պատասխաններն ինձ չհամոզեցին,- վրդովված բացականչեց արքան,- բայց ես ձեզ չեմ գլխատի:
Ես հրաման կտամ, որ իմ պալատում բոլորը պոչեր կրեն, և չբաժանվեն այդ պոչերից այնքան ժամանակ, քանի դեռ մեկնումեկը չի գտել իմ հարցի իսկակա՛ն պատասխանը:
Պալատականներն ամբողջ օրվա մեջ առաջին անգամ թեթևացած շունչ քաշեցին:
Շատ ուրախացան, որ այս անգամ բոլորի գլուխներն իրենց տեղերում մնացին: Գլուխները մնացին, դեռ  մի բան էլ՝ պոչեր ավելացան:
Բայց ասում են, որ այդ օրվանից, մեր թագավորին միայն պալատական կապիկներն էին շրջապատում:
Ինչու՞ էին այդպես ասում՝ չգիտեմ:
Գուցե այդ երկրում մարդիկ ավելի շատ կապիկների՞ էին նմանվում, երբ պոչեր էին կպցնում իրենց: Միգուցե:
Բայց այդ երկրի բնակիչներին, արի ու տես, դա դուր էր գալիս և նույնիսկ զվարճացնում էր:
ԵՎ իրոք, ի՞նչ կար տխրելու:
Չէ՞ որ այդ դեպքը պատահել է ոչ թե իրենց, այլ իրենց թագավորի հետ միայն,- ծիծաղում էին անցորդները:
Շատ էին զվարճանում:
Բայց ինձ, չգիտես ինչու, մինչև հիմա էլ թվում է, որ սխալվում էին նրանք:
Սխալվում էին, որովհետև նույնիսկ այն հին ժամանակներից էլ դեռ ընդունված էր աշխարհում, որ մարդիկ միայն մարդկա՛նց մեջ պետք է ապրեն, իսկ կապիկները՝ կապիկների:
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
ֆրանս. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Շագանակենու ծաղիկը
Կարծիք կա, (ես դա չեմ պնդում, բայց մի քանի գիտնականներ մեզ հավաստիացնում են), թե շագանակենու ծաղիկը իսկապես նույն հոտն ունի, ինչ այն առատ սերմնահյութը, որ բնությանը հաճո է եղել դնելու տղամարդու ամորձիների մեջ`իր նմանների վերարտադրության համար:
Մոտ տասնիհինգ տարեկան մի պարմանուհի, ով երբեք դուրս չէր եկել հայրական տնից, մի օր զբոսնում էր իր մոր ու մի պճնամոլ  աբբահոր հետ, շագանակենիների մի ծառուղում, որոնց ծաղիկների բուրմունքը (որի մասին վերևում ասացինք) տարածվել էր օդում :
-Օ՜ Աստված իմ, մայրիկ, այս ի՜նչ զգլխիչ բուրմունք է,- ասաց պարմանուհին իր մորը, չհասկանալով, թե որտեղից էր այդ գալիս...բայց մայրիկ...այս հոտն ինձ ծանոթ է :
- Հապա լռի՛ր, անպիտա՛ն աղջիկ, ու նման բաներ մի՛ ասա այլևս :
-Բայց ինչու՞ մայրիկ, չեմ հասկանում, թե ինչ վատ բան կա, երբ ասում եմ ձեզ, որ այդ  հոտն ինձ բնավ օտար չէ:
-Ա՛յ աղջիկ, քեզ ասում եմ...
-Բայց, մայրիկ, դա ինձ իսկապես ծանոթ է. պարո՛ն աբբահայր, ասացե ՛ք խնդրեմ, ի՞նչ վատ բան եմ անում, երբ մայրիկին վստահեցնում եմ, որ այդ հոտն ինձ ծանոթ է :
-Օրիորդ,-ասաց աբբահայրը` ծոր տալով ու կսմթելով իր փորը, անշուշտ ոչ մի վատ բան չկա դրանում. բայց բանն այն է, որ մենք այստեղ ենք` շագանակենիների տակ, և որ, մենք` բնագետներս, ասում ենք, որ  շագանակենու ծաղիկը...
-Շագանակենու ծաղիկն ի՞նչ...
-Որ այն սիրահյութի հոտն ունի, օրիորդ:
Oձը
Բոլորն էին ճանաչում տիկին Ս-ին` Դիժոնի ամենաբարեհամբույր  ու ամենագեղեցիկ կնոջը, ու բոլորն էին տեսել, թե ինչպես էր նա փաղաքշում ու ի տես ամենքի`  իր մահճակալի վրա պահում սպիտակ մի օձ, որի մասին պատմելու ենք այստեղ:
-Այս կենդանին ամենալավ ընկերս է, որ ունեմ աշխարհում, ասում էր նա մի օր, մի օտարերկրացի կնոջ, ով եկել էր նրան տեսնելու և հետաքրքրված էր այն հոգածության դրդապատճառներով, որ այդ գեղեցիկ կինը տածում էր իր օձի հանդեպ :
-Մի անգամ, -շարունակեց նա, -ես կրքոտորեն սիրեցի մի սիրունատես երիտասարդի, որը ստիպված էր հեռանալ ինձնից ու  գնալ դափնիներ քաղելու: Մեր կանոնավոր շփումներից անկախ, նա պահանջել էր, որ իր օրինակով, մի քանի պայմանավորված ժամերի, մենք  երկուսս էլ առանձնանայինք մեկուսի վայրերում` մեր սիրազեղումներին տրվելու համար: Մի օր, երեկոյան ժամը հինգին, գալով փակվելու իմ պարտեզի ծայրին գտնվող ծաղկանոցում՝ նրա խոսքը պահելու համար, միանգամայն վստահ, որ այս տեսակ կենդանիները չէին կարող սողոսկել իմ պարտեզը, հանկարծ ոտքերիս տակ նկատեցի այս գեղեցիկ էակին, որին ինչպես տեսնում եք, շատ եմ կապված:
Ես ուզեցի փախչել, սակայն  օձը մեկնվեց իմ առջև, կարծես ինձնից շնորհ էր խնդրում, ասես երդվում էր, որ ինքը շատ հեռու էր ինձ վնաս պատճառելու ցանկությունից :
Ես կանգ առա, նայեցի այդ կենդանուն. տեսնելով, որ հանգիստ եմ, նա մոտեցավ ու սկսեց գալարվել ոտքերիս տակ.  ես չդիմացա ու ձեռքս պարզեցի նրան, ու նա  գլուխը գեղանիորեն դրեց ձեռքիս վրա. ես վերցրի նրան, համարձակվեցի դնել ծնկներիս. նա կծկվեց ու թվաց, թե քնեց: Մի անհանգիստ խռովք  ինձ պատեց...անկախ ինձնից` արցուքներ հոսեցին աչքերիցս` ողողելով նազենի կենդանուն...Ցավս զգալով`նա զարթնեց և սկսեց ուշադիր ինձ նայել...հետո տնքոց արձակեց...համարձակվեց բարձրանալ կրծքիս վրա...քսվեց կրծքիս...հետո, անշնչացած` վերստին ընկավ ցած...
-Օ՜, բարեգո՜ւթ Աստված,- բացականչեցի,- վե՛րջ, մեռա՛վ սիրեցյալս:
Ես լքեցի այդ սոսկալի վայրը`ինձ հետ տանելով օձին, որին ասես մի թաքուն զգացմունք էր ինձ կապում` անկախ ինձնից...անծանոթ մի ձայնի ճակատագրական զգուշացումները, որ դուք կմեկնաբանեք ինչպես կուզենաք, տիկին, բայց ութ օր անց, հանկարծ իմանում եմ, որ իմ սիրեցյալը սպանվել է, հենց այն նույն ժամին, երբ օձը հայտնվել էր ինձ: Ես այլևս չցանկացա բաժանվել այդ կենդանուց, ու նա ինձ կլքի միայն մահվանս ժամին:
Դրանից հետո, ես ամուսնացա, սակայն անվերապահ մի պայմանով, որ իմ օձից ինձ երբևէ չբաժանեն:
Եվ ավարտելով այդ խոսքերը` բարեհամբույր տիկինը վերցրեց օձն ու դրեց իր կրծքին, ուր նա սկսեց գեղեցիկ խաղիկներ անել, որպես մի սպանիել, այն կնոջ առաջ, ով լսում էր նրան:
Օ՜ Նախախնամություն, որք՜ան անբացատրելի են քո վճիռները, եթե իհարկե այս պատմությունը  ճշմարիտ է, ինչպես որ ողջ բուրգունդյան գավառն է պնդում այդ մասին:
Գասկոնյան սրամտություն
Մի գասկոնցի սպա Լյուդովիկոս 14-րդից ստացել էր հարյուր հիսուն պիստոլ դրամական պարգև, և հրամանը ձեռքին, առանց իր մասին հայտնելու, մտնում է  Պ.Կոլբերի մոտ, ո նստած էր սեղանի մոտ մի քանի սենյորների հոտ :
-Պարոնայք, խնդրեմ ասացեք, ձեզանից ո՞վ է պարոն Կոլբերը,-   հարցրեց նա իր ծննդավայրի ակցենտով:
-Ես եմ պարոն, -պատասխանում է նախարարը,- ի՞նչ կա որ:
-Պարոն, ես հարյուր հիսուն պիստոլ դրամական պարգևի եմ արժանացել,  և կուզենայի այս պահին ստանալ:
Կոլբերը  նրան խնդրում է թույլ տալ իրեն ավարտելու ընթրիքը, և որպեսզի նա քիչ անհամբերությւոն դրսևորի, նրան խնդրում է իր հետ նստել սեղանի մոտ :
-Հաճույքով, -պատասխանում է գասկոնցին,- ես երբեք այսպես փառահեղորեն  չեմ ճաշել :
Երբ ընթրիքն ավարտվեց, նախարարը, ով արդեն  նախազգուշացրել էր ավագ կառավարչին, գասկոնցուն ասում է, որ նա բարձրանա գրասենյակ, և որ դրամական պարգևը նրան է սպասում: Երբ գասկոնցին մտնում է գրասենյակ, նրան միայն հարյուր պիստոլ են ուզում տալ...
-Կատակու՞մ եք, պարոն,- ասում է նա կառավարչին,  թե՞ չեք տեսնում, որ հրամանի մեջ գրված է հարյուր հիսուն պիստոլ...
-Պարոն , -պատասխանում է գրասենյակային առնետը,- ձեր հրամանը ես լավ եմ տեսնում, բայց ես հիսուն պիստոլը ետ եմ պահում ընթրիքի դիմաց:
-Հիսուն պիստոլ ընթրիքի դիմա՞ց, գրող՛ը տանի,  պանդոկում, ուր ես ընթրում եմ, միշտ վճարում են ընդամենը քսան սու:
-Չեմ վիճում, պարոն, բայց  այնտեղ դուք նախարարի հետ ընթրելու առավելությունը չունեք,  այնպես չէ՞:
- Դե լավ, այդ դեպքում, պարոն, ձե՛զ պահեք բոլորը, վաղը ես ինձ հետ կբերեմ ընկերոջս, ու մենք քվիտ կլինենք :
Այդ պատասխանն ու ծիծաղը, որ այն հարուցեց, զվարճացրեց արքունիքի մարդկանց: Գասկոնցու դրամական պարգևին ավելացրին ևս հիսուն պիստոլ, և նա հաղթականորեն  վերադարձավ իր գավառը, գովաբանեց Կոլբերի ճաշերը, Վերսալը, և այն եղանակը, որով պարգևատրվում  են այնտեղ գասկոնցու սրամտությունները :
«ՆԵՐԻՐ ԻՆՁ՝ ԻՆՁ ՉՄՈՌԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»
... -Որտե՞ղ ես ուզում անցկացնել մեր մեղրամիսը,- նա փոխեց զրույցի թեման:
-Նշանակություն չունի` որտեղ: Կարևորն այն է, որ ես քեզ հետ կլինեմ, և ուրիշ ոչինչ:
-Կա՞ մի տեղ, ուր դու միշտ երազել ես այցելել:
-Շատ վայրեր կան, որոնք ես ցանկանում եմ տեսնել:
-Ու՞ր կուզեիր դու գնալ ամենից առաջ:
-Վենետիկ,- ասաց նա երազկոտ տոնով:
-Ինչու՞ հատկապես` Վենետիկ:
-Որովհետև այն ջրի վրա է, որովհետև այնտեղ արտակարգ եկեղեցիներ կան, փողոցները շատ նեղ են, և կամարներ կան, որոնց վրա ես հաճույքով կկանգնեմ ու կնայեմ ջրին` դիտելով իմ արտացոլումը ջրի մեջ: Վենետիկն այս ամենն է ինձ համար:
- Փաստորեն, դու սիրու՞մ ես այն:
-Այն իմ երազանքների երկիրն է:
-Ուրեմն մենք մեր մեղրամիսը կանցկացնենք այնտեղ:
-Ալեքս, դու կատակու՞մ ես:
-Ոչ, սիրելիս, ես խոսում եմ միանգամայն լրջորեն:
-Բայց մենք այդքան փող չենք ունենա:
-Ո՞վ ասաց:
-Ինչպե՞ս,- աղջիկն անակնկալի եկավ:
-Ես վաճառել եմ իմ նկարների մի մասը: Եվ ես բավական գումար ունեմ մեր հարսանիքի և մեղրամսի համար, Վենետիկում:
-Ես չեմ հավատում: Դու վաճառել ես նկարներդ, որ փող կուտակես ինձ համա՞ր: Ինչու՞ ես այդ արել:
- Պատասխանը պարզ է. ես քեզ համար խելագարվում եմ ավելի, քան իմ նկարների համար և կանեմ ամեն ինչ, որ երջանկացնեմ քեզ:
-Սիրում եմ քեզ մինչև լուսին և հետ: Հիշիր սա ընդմիշտ: - աղջիկը բռնել էր Ալեքսի ձեռքը, մինչդեռ նրա սիրտը ծուլ էր լինում երջանկությունից:
-Իհարկե, կհիշեմ: Մենք պետք է տուն ճարենք` ապրելու համար: Մենք պետք է մեծ տուն ճարենք:
-Քոնը շատ մեծ է:
-Ոչ, սիրելիս: Մենք նոր էջ ենք բացում մեր կյանքում. նոր էջ` նոր տեղում:
-Ինչպես կուզես:
-Ես կփորձեմ գտնել տարբեր տներ, ապա մենք միասին կգնանք տեսնելու դրանք: Հավանաբար մենք կկարողանանք հարմարավետ տուն ընտրել:
-Լավ գաղափար է:
-Գիտե՞ս ինչ եմ ուզում հիմա մենք անենք. Թղթին հանձնենք մեր զգացմունքները:
-Ինչպե՞ս,- աղջիկը սպասողական հայացքն ուղղեց տղային:
-Նամակներ գրելով,- ասաց նա  հանգիստ:
-Նամակնե՞ր: Հիմա՞:
-Նամակներ, և հիմա:
-Բայց ինչու՞:
-Ուզում եմ` նամակներ գրենք և դրանք կարդանք հինգ տարի անց:
-Հետաքրքիր է:
-Այո, շատ: Զվարճալի կլինի` դրանք կարդալ հինգ տարի անց: Ես արդեն նախապատրաստվել եմ. թուղթ ու գրիչներ եմ բերել հետս: Գնա մի քիչ հեռու, որ չտեսնես` ինչ եմ ես գրում, ես էլ չեմ տեսնի քո գրածը:
-Այստեղ լա՞վ է-հարցրեց Լիզզին` վերցնելով թուղթն ու գրիչը և մի քանի քայլ հեռանալով:
-Մի քիչ էլ:
-Ես հասա ծովափին,-բացականչեց նա:
-Լավ է: Չթրջվես: Նստիր այնպես, որ ես տեսնեմ դեմքդ:
-Լավ: Դեմ-դիմաց:
-Այո: Ես ուզում եմ մտապահել քո դեմքը:
Լիզզին նստեց գետնին` Ալեքսի դիմաց: Նա պայուսակը դրեց ծնկներին, թղթերը դրեց պայուսակի վրա, գրչի ծայրը հպեց շրթունքին և մի պահ կշռադատելով ասելիքը` սկսեց գրել: Նա գրեց վերնագիրը` "Նամակ իմ սիրելիին" և շարունակեց նամակը: Ժամանակ առ ժամանակ նա նայում էր Ալեքսին, որը սոսկ նայում էր աղջկան: Ապա Լիզզին շարունակեց գրել, միաժամանակ Ալեքսը շարունակում էր նայել նրան` զղջալով իր արածի համար: Նա այնքա~ն գեղեցիկ էր, այնքա~ն հրաշալի և այնքա~ն հմայիչ: Ծովը մեղմ զեփյուռով հանգիստ խաղում էր ալիքների հետ: Նրա աչքերն այնքա~ն հմայիչ էին, նրա մազերն այնքա~ն կախարդիչ, և մարմինն այնպե~ս նուրբ: Մի իսկական աչք շոյող տեսարան... Ալեքսը նստել էր` խորացած իր մտքերի մեջ:  Նրա շրթունքները դողում էին, արցունքները մշուշում էին նրա աչքերը: Նա այլևս չկարողացավ զսպել իրեն, և արցունքները մեկը մյուսի ետևից հոսեցին այտերի վրայով: Աղջիկը, որ բավական հեռու էր նստած նրանից և խորացած էր իր գործի մեջ, չնկատեց իր սիրելիի դեմքի արտահայտության փոփոխությունը: Թղթերը, որոնք դրված էին նրա ծնկներին, շուտով բոլորովին խոնավացան և ծռմռվեցին: Վերցնելով գրիչը` տղան արցունքների միջով գրեց մի կարճ նամակ, ծրարեց այն և շատ արագ փակեց: Աղջիկը դեռ զբաղված էր իր նամակը գրելով: Երբ նա վերջացրեց, նայեց Ալեքսին, որն արդեն հասցրել էր սրբել աչքերը և հանգստանալ:
-Ես ավարտեցի,- կանչեց աղջիկն այնպես, որ տղան լսի:
-Ես էլ: Դիր նամակդ ծրարի մեջ և փակիր:
-Ահա,-ասաց աղջիկը` կատարելով Ալեքսի հրահանգները:
-Հիմա արի ինձ մոտ:
Լիզզին մոտեցավ և նստեց Ալեքսի կողքին:
-Եվ ի՞նչ պետք է անենք սրանից հետո,- հարցրեց աղջիկը` նայելով նամակներին:
Ես կպահեմ դրանք իմ տանը` ապահով տեղում, իմ ննջասենյակի կտավի ետևում:
-Ոչ, պարոն, դա արդար չէ, դու կկարդաս իմ նամակը:
-Ես խոստանում եմ, որ չեմ կարդա:
-Հիմա դու այդպես ես ասում, բայց մի տարի հետո դու չես պահի քո խոստումը և կկարդաս:
-Դու ինձ չե՞ս հավատում:
-Ես հավատում եմ քեզ:, Բայց ես չեմ վստահում ժամանակին:
-Դու վստահում ես ինձ, սա է կարևորը:
-Լավ, պահիր դրանք: Հիմա եկ խոսենք մեր հարսանիքի մասին:
-Ինչպիսի՞ն ես ուզում, որ լինի մեր հարսանիքը` մե՞ծ, թե՞ ընդամենը մի քանի ընկերների ներկայությամբ:
-Ես ուզում եմ փոքր հանդես` միայն մի քանի շատ մոտ ընկերների և հարազատների հետ: Քո ծնողները ներկա կլինե՞ն:
-Կարծում եմ` այո: Ես կհրավիրեմ նրանց և կհայտնեմ ամսաթիվը:
- Ես ուրախ կլինեմ ծանոթանալ քո ծնողների հետ:
-Նրանք էլ: Որտե՞ղ ես ցանկանում, որ լինի արարողությունը, գազանանոցու՞մ:
-Հերիք է կատակես: Ես տատանվում են այգու և նավահանգստի միջև:
-Եկեղեցիները քեզ հարմար չեն,- ծիծաղեց տղան:
-Հարմար են, բայց ես ցանկանում եմ սովորականից տարբեր և նոր բան: Բացի այդ, ես ուզում եմ, որ մենք ոտաբոբիկ լինենք:
-Լավ: Ես դեմ չեմ: Իսկ ի՞նչ կասես հանդեսի մասին:
-Ես ուզում եմ, որ այն լինի բաց օդում, ոչ ռեստորանում, ոչ էլ` որևէ շինության ներսում կամ տանը:
-Իսկ եթե անձրև գա՞:
-Չի գա:
-Ինչպե՞ս կարող ես դու վստահ լինել դրանում: Գուցե դու հանդիպել ես Արարչին և արևոտ օր խնդրե՞լ նրանից:
-Այո, հանդիպել եմ: Մի անհանգստանա:
-Օօօ~, վատ չէ:
-Գիտեմ:
-Իսկ զգե՞ստդ: Այն ճերմա՞կ է լինելու:
-Ոչ, ավելի շուտ` կաթնագույն: Իսկ քո՞նը:
-Հաստատ` ոչ ճերմակ զգեստ,- ծիծաղեց տղան:
-Օ~, տեր աստված, ես նկատի չունեի զգեստը: Ես ուզում էի հարցնել` ի՞նչ ես դու հագնելու:
-Կարծում եմ` կոստյումը հարմար կլինի առիթին, չէ՞:
-Դու ներկայանալի տեսք կունենաս կոստյումով:
-Կարծում եմ` այո:
-Դու շա՞տ հարազատներ ունես:
-Ոչ այնքան: Նրանք մեծամասամբ ապրում են ԱՄՆ-ում: Եվ ես համոզված չեմ, որ նրանք բոլորը կկարողանան գալ: Բայց ես շատ ընկերներ ունեմ, որոնք կցանկանային ներկա լինել մեր հարսանիքին:
-Ես էլ շատ հարազատներ չունեմ` մորաքույր Աննան, հորեղբայր Ջոնն ու իր կինը, իհարկե` մայրիկս, Ջեյնը և մի քանի ընկերներ, ում ես կցանկանայի տեսնել մեզ համար կարևոր այդ օրը: Ես ուզում եմ, որ այդ օրն առանձնահատուկ լինի, այն նշելու է մեր համատեղ կյանքի սկիզբը մի տանիքի տակ:
-Ինչպես ցանկացած աղջիկ, դու նույնպես պլանավորել ես մեր հարսանիքը դեռևս վաղ մանկությունից:
-Դու ինձ մի անգամ ասել ես` կանայք սիրում են պլանավորել իրենց կյանքը:
-Այո, այդպես է:
-Լավ, դու ճիշտ ես,-ասաց աղջիկը` ոտքի կանգնելով:
Ետդարձի ճանապարհին նրանք խոսում էին իրենց հետագա կյանքի մասին, քննարկում մանրուքները: Կյանքը ժպտում էր նրանց, և երջանկությունը անսահման էր: Թվում էր, որ նախախնամությունը նրանց համար նախապատրաստել է  մի հարթ ճանապարհ, և անհնար է, որ պատահի մի դեպք, որը կփոխի նրանց բոլոր պլանները:
Երբ նրանք հասան Լիզզիի տան մոտ, ուր նրանք պետք է բաժանվեին, աղջիկն ամուր գրկեց Ալեքսին և շշնջաց նրա ականջին, որ սիրելու է նրան իր ամբողջ կյանքում:
Երիտասարդը մտազբաղ նայում էր հեռացող աղջկան: Բայց նա հեռանում էր ընդամենը կարճ ժամանակով. շուտով նրանք նորից կհանդիպեն, և կյանքը նորից կգունազարդվի: Մինչև ե՞րբ...
Մի քանի րոպե անշարժ կանգնելուց հետո նա շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն:
ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ
Ծնվել եմ 1991 թ-ի դեկտեմբերի 15-ին Իջևանում: 2008 թ-ին ավարտել եմ դպրոցը` Իջևանի թիվ 1 միջնակարգը` իմ կյանքի ամենամեծ համալսարանը: 2008 թ-ից սովորում եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում: Պատմաբան եմ` հոգով և սրտով թաթախված մասնագիտությանս մեջ: Չեմ հավատում հրաշքների, պարզապես սիրում եմ այլ երանգներով նկատել շրջապատը: Սիրում եմ կյանքը` իր բոլոր անհարթություններով:
Զղջումի խոսքեր
Տարիներ հետո կզղջամ գուցե, որ քեզ սիրելով մնացի դադար,
Որ բացված սիրտս վարդաստան դարձրած քեզ պարգև չարի,
Ու հին երազից արթուն չդարձա, որ քեզ մեկնեցի, այլ ոչ թե առա,
Ու, համեստորեն, ես լուռ խոկացի, երբ քո հայացքը ուրիշում տեսա...
Դժվարանում եմ հիմա երազել, կյանքս լուռ կապել ամեն մի քարի,
Նոր ծաղիկներից հին բույրը առնել ու հին մտքերից բաժանվել մի պահ,
Մի տաճար հիմնել իմ սիրու համար, բայց այդ տաճարում քեզ չերկրպագել,
Քեզ լուռ մոռանալ ու ապրել, ապրել միայն  քեզ համար....
Իմ հոգնած երգի վերջին լար ու ճիգ,
Մի զարկիր անկանգ իմ ցաված սրտին,
Այլ լուռ ամոքիր, հեռու աչքերից ու խուլ ձայներից,
Հեռու դեմքերից ծանոթ-անծանոթ, բութ ու շողոքորթ...
Իմ երգից անվերջ բաբախող իմ սիրտ,
Քեզ ես լսում եմ ամեն մի զարկից,
Քեզ շոշափում եմ ամեն ակնթարթ,
Ինչու պոկեցիր ինձ մյուս սրտից,
Ինչու ինձ դարձրիր ճիվաղի երազ...
Մոտ միլիոն տարի
Ադամից առաջ, երբ հին աշխարհում չկար ոչ մի մարդ,
Ես քեզ սիրել եմ, քեզ պարգևել եմ իմ արևն անմար,
Իմ լուսինն անհուր, որպես սիրո ջահ քո ճանապարհին,
Որպես եդեմից այս աշխարհ տանող բավիղ երկնային...
Ու հիմա գիտեմ, որ քեզ սպասել եմ մոտ միլիոն տարի,
Միլիոն ակնթարթ ու միլիոն գարուն, բայց դու գալու ես,
Որպես մի հեքիաթ, անհայտ աշխարհին, որպես մի հին ասք,
Որպես մի հին լույս հին քարանձավում, որ ինձ սպասել է մոտ միլիոն տարի...
Կրկին հիշում եմ այն հին մեղեդին, մեր հոգիները կապող օղակը,
Կրկին զնգում է իմ սիրո լարը, քո սիրտը գերող երգի տավիղը,
Կանաչ է կրկին սիրո բավիղը, իսկ բաղեղները փարթամ են ու թավ,
Իսկ իմ սիրտը լուռ ձգվում է դեպ քեզ, սիրո գարունի դրախտը կարծես:
Տարաժամում են պահերն հանդիպման, անիմանալի լուրեր կան, ավաղ,
Բայց կրկին լուռ եմ, անձայն է շուրջս, իսկ հոգիս առմիշտ սիրախնդում է,
Ճրագալույց է իմ խավար հոգում, անկանոն շարժում, երգ, ու լռություն:
Բայց լռությունս այնքան է հարուստ. իմ աչքերի մեջ կայծ էր առկայծում:
Նորից ու նորից հիշում եմ ես քեզ իմ անգին լուսին, մշտավառ արև,
Տուր քո շողերից ինձ անմար մի լույս, հին երազներիս կրկին արշալույս,
Թող վառվեն անժամ, թող կրակ դառնամ, թող, որ իմ սիրտը մի քիչ ջերմանա,
Այրվեմ, վերջանամ ու մոխիր դառնամ, բայց թող քո սիրուց ես չկշտանամ...
Ալ կարմիր վարդեր
Ամեն ամենից, բոլոր մարդկանցից ուզում եմ փախչել,
Ուզում եմ դառնալ մի անթև թռչուն ու խենթ սլանալ,
Դառնալ վառ գարուն, ու հենց քեզ համար
Բացված ու բացվող, սիրողին ժպտող ալ կարմիր վարդեր:
Որ ամեն անգամ, երբ դու ինձ հիշես ու քո շուրթերը մի պահ կարկամեն,
Նայես արևին ու ինձ չտեսնես, նայիր հենց ուղիղ, և
Դու կտեսնես մի քիչ վշտացած, բայց քո հայացքից
Անհագ զմայլված, քեզ միշտ ժպտացող ու քեզ հարազատ հասարակ աչքեր:
Եվ աչքերը այդ մի փոքր մարած, բայց քո հայացքից հրավառ դարձած,
Կդառնան վարդեր, կդառնան զարդեր, ու հենց քեզ համար,
Արևից լույսեր, լուսնից անուրջներ, գիշերից աստղեր,
Եվ միշտ հարազատ ու հար երազած ալ կարմիր վարդեր...
Ես մոռացել եմ, որ մի դար առաջ քեզ հանդիպել եմ այս նույն պուրակում,
Որ հարյուր, հազար ու միլիոն անգամ քեզ որոնել եմ այս լույս մշուշում,
Ու գտել հաստատ, ու պահել սրտում, որպես մի հին ավետարան,
Որպես պատգամ անսանձ հողմի, որ սրտումս սրատում է անժամանակ:
Պատուհանից դուրս չէմ նայել վաղուց,
Չեմ բացել հոգուս դուռ ու լուսամուտ,
Քեզ եմ պարփակել իմ գոցված սրտում,
Քեզ` որպես արև, որպես մի խենթ խաչ:
Բայց դու չքացար առանց լուսամուտ,
Առանց թողնելու մի սուրբ գրություն,
Որ ինձ թողել ես անլուր ու հեռու,
Հեռացել ինձնից` որպես դավաճան:
Կարող եմ ասել, որ մոռացել ես պատգամը սիրո,
Որ կուրացել ես անհաստատ սիրուց,
Որ քո կրակից ոչ թե ջերմացրել, այլ հրդեհել ես
Իմ պարփակ սրտում` անպարփակ հոգիս...
Արդյոք հիշում ես, թե մոռացել ես,
Որ մի դար առաջ մենք հանդիպել ենք,
Որ մայրամուտին մենք անրջել ենք,
Ու հին կարոտով նորոգել հոգին:
Ես քեզ սիրել եմ, ուրիշ էլ ոչինչ,
Էլ ոչինչ չկա, որ ջերմացնի մեզ,
Չկան ոչ հողմեր, ոչ էլ ալիքներ,
Այլ միայն հուշեր` կարոտի փշեր...
Բայց հավատում եմ, անհույս ու անլույս,
Քեզ հավատում եմ, որպես մի բորբ լույս,
Որպես մի անթև երկնային թռչուն,
Որ դեռ գալու է մեզ փարատելու...
Իմ ցնորք երազ
Ցնորք է կարծես երազն իրիկվա,
Բայց ցնորքները միշտ կատարվում են,
Լույսով է պատված մարմինը նրա,
Կարծես արծաթե կանթեղ մեղմավառ:
Ու տարաժամող օրերին խավար
Էլ ոչ մի երազ չի հանդարտեցնի,
Իմ բացված սրտի մամռած պատերին,
Նրա աղացած ցավը չի մեղմվի:
Գալիս են գնում, սրաթև զարկում,
Զարկ-զարկի վրա, իմ սրտի վրա,
Անձայն մոտենում, կրակ ճառագում,
Խավար երազս բացավառ դարձնում:
Ու արթնանում եմ այս դահիճ ցավից,
Նորեն որոնում իմ անգին քարին,
Նայում ցած ու վեր, ծաղկած դաշտերին,
Իմ ծաղիկ յարին զատել չեմ կարում....
Դու մրրիկ էիր, որ ջարդեց հոգուս մեն մի սյունը,
Խլեց ինձանից լույսի ժպիտը` խավար դարձնելով իմ հեգ ապագան,
Այրեցիր ջահեր, ու մահվան գիշերն ինձ ուղեկցեցիր,
Տարար մի անվերջ, քեզնից բացակա մի խավար աշխարհ:
Եվ որոնում եմ, հոգևոր մի տուն, իմ ցավը կիսեմ,
Համայն աշխարհին հոգիս ես բացեմ, ու քեզ անիծեմ,
Ու քեզ փայփայեմ ամեն մի խոսքով, գորով, կարոտով,
Որ դու չմրսես ինձանից հեռու, իմ բախտից հեռու...
Որ մեկ-մեկ հիշես, հիշես ակամա, որ եղել եմ ես,
Թեկուզ անցյալում, թեկուզ խավարում, որ քայքայվել եմ
Նորից քեզ համար, ու չեմ ափսոսել ես ոչ մի վայկյան,
Որ արդեն անկանգ ինձ ապրեցնում է հազար ու մի դար...
Գարնան ծաղկունքի բուրմունքը վսեմ
Քեզ համար բերեմ ձմռան բուքերում
Երբ մի քիչ մրսես ու հոգնես ինձնից,
Ձայն տուր արևին, ես քեզ կլսեմ:
Երբ ցավես, տխրես, մեկին չերազած,
Մեկին էլ կորցնես ու լուռ արտասվես,
Նայիր արևին, անձրևին, լուսնին,
Սրտիդ լարերին ու ինձ կլսես.........
Սուրում եմ ես լեռներն ի վեր` գարնան բույրով ընդարմացած,
Սլանում եմ ժայռերն անհիմք`քո սիրուցդ սիրավառված,
Փորձում եմ ես գանձեր գտնել` խորհրդածել կյանքի մասին,
Միշտ իմ սրտում ունենալով սիրո կայծը քեզ հրդեհող:
Անժամանակ է կյանքը իմ, ուղիս, բնավ, կանխորոշված,
Ինչեր գիտեմ անգին ու թանկ, միայն ես քեզ կտամ, միայն,
Կտամ սիրտս հյուծված սիրուց, կտամ խոսքս ճոռոմ դարձած,
Արևներին միշտ ճառագող` կտամ սերս անժամ ծնված:
Վերցրու, եթե կուզես, սիրտս արյան մեջ թաթախված,
Բայց տուր միայն մի անգին գանձ` սերը քո մեջ, եթե այն կա,
Տուր, որ երգեմ, տուր` երազեմ, անկապ կապված այս աշխարհին,
Գալիքի մեջ հույսեր փնտրեմ, տուր, որ ապրեմ ես երջանիկ:
Հիմա քեզ կասեմ իմ անժամ կարոտ,
Ուր են հեռանում օրերն ու տարին,
Երբ է ետ գալու ավարտված տարին,
Երբ ես կտեսնեմ ու կասեմ հիմա....
Հիմա ձմեռ է, ցուրտ ու վշտաբեր,
Իսկ գարնան ճամփին արևներ կգան,
Եվ գարունը այս որքան էլ խոնավ,
Էլ կջերմացնի իմ ու քո հոգին...
Հոգի, իմ հոգի ինձ լսիր մի պահ,
Արի մոռանանք օրերն ու տարին,
Արի մենք ապրենք միայն մեզ համար,
Իրար հավատանք ու զօր ամրանանք.....
Ամրանանք սիրով, հույս ու հավատով,
Ու գալիքի հետ մեծ հույսեր կապենք,
Ու երբ երազում էլ չհանդիպենք,
Հոգ չէ, սպասենք ու լուռ երազենք.......
Ես սիրում հենց նրան, ով արևի հետ արև է դառնում,
Ում երազի մեջ ես չեմ սավառնում, այլ ընդհատում եմ երազն իրիկվա,
Ում հոգու խորքում անվերջ կան հույզեր, դրախտից լույսեր ու թարմ ծաղիկներ,
Ում ամեն խոսքից, հայացքից, ցոլքից ամեն ինչ կարծես մի պահ մարում է և կենդանանում:
Եվ երազը այս կենդանի մարդուն թվում է անսպառ,
Երբ ամեն անգամ նույն խոսքից հետո նայում է նրան,
Եվ ուզում ասել, բառբառել խրոխտ` դու ես ինձ համար լույսի ուղեծիր,
Չքանում է նա, դառնում աստղ-լուսին և հողմի նման այլայլում հոգին:
ԲԺՇԿԻ ՄՈՏ
ֆրանս. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Գործող անձինք` Մարի-Ժաննա, Բժիշկ
Մարի Ժաննա.-Բարև Ձեզ, բժիշկ:
Բժիշկ.- Բարև Ձեզ օրիորդ: Ինչի՞ց եք գանգատվում:
Մարի Ժաննա.- Ոչ մի բանից, ես լավատես եմ, նաև` լրագրող, եկել եմ հարցազրույց վարելու: Թերթը, ուր աշխատում եմ, ինձ խնդրել է հարցնել Ձեզ, թե, որո՞նք են այն ամենահաճախակի հիվանդությունները, որոնցով տառապում են ձեր այցելուները:
Բժիշկ.- Օ՜, դրանք բազմազան են: Ինձ այցելող հիվանդների մեջ կան ծանրացած սրտով մարդիկ, դատարկ փորով մարդիկ, արանքը ճղող մարդիկ, ոմանք տրաքվում են կամ պայթում, ոմանք էլ, տրորվելիս` օձի պես գալարվում են: Կան չորստակ ծալվածներ, ոմանց էլ սպանել թողել են: Ոմանք ծիծաղից տակներն են շռում, մյուսներն այլևս սիրտ չունեն, քանզի սրտները թափել են: Ոմանց արյունը խփում է դեմքին, այլոց էլ գլուխներն են սղոցել: Շատերը շուտ են տաքանում կամ ամեն ինչ տեսնում են սև, ոմանց այլևս ներվ չի մնացել: Շատ են այն այցելուները, որոնք մշտապես  խումհարի մեջ են: Կան, որ ծնկաչոք վիճակում են, քանի դեռ սրտները կոտրված չեն:
Շատերը փչացել են կամ ծախվել: Ես ոչ մի դարման չունեմ նրանց համար, ովքեր հալից ընկել են: Կան նաև իրենց մեջ ուռածներ, չհաշված` փշոտներին:
Հիվանդներ էլ կան, ում հոտառությունը սրված է, և նրանք, ովքեր դրանից ընդհանրապես չունեն: Ես բուժում եմ հիվանդների, ովքեր իշուն քեռի են ասում, ետին մտքեր ունեն, հիվանդներ, ում աչքերը չգիտես որտեղ են: Ունեմ հոգեկան հիվանդներ, ովքեր խելագար ծիծաղ ունեն, արատավորներ, որոնք հետույք են լիզում: Հիվանդներ էլ կան, որ  մի գուխ կոնծում են կամ իրենց արյունն են պղտորում, քանի դեռ ոտքերը չեն տնկել: Կան Բուրիդանի ավանակներ, և վճռականությունից այրվողներ, չհաշված` տաք գլուխներին: Կրքերից հալումաշ եղածներ...
Ես ընդունում եմ նաև հրեշների, ովքեր մտերիմ են խաղում, կամ կոկորդիլոսի արցունք թափում, կամ էլ չոր գլուխ ունեն, սառցե սիրտ, անկշտում աչքեր, իժի լեզու...
Մարի-Ժաննա.-Ա՜, ուրեմն դուք անասնաբո՞ւյժ եք նաև:
Բժիշկ.- Մի քիչ...անճոռնի ճտերին ու կաղ սագերին բուժել հնարավոր չէ: Բայց ես բուժում եմ անուղեղ հավերին ու գրասենյակի առնետներին:
Մարի-Ժաննա.-Իսկ ներարկումներ անու՞մ եք նրանց:
Բժիշկ.-Այո, նրանց մեծ մասի  արյունը լրիվ ջուր է դարձել: Ես նրանց ներարկում եմ սառն արյուն կամ տաք արյուն, նայած...
Մարի-Ժաննա.-Ի՞նչքան են հիվանդները ստիպված լինում վճարել մեկ օրվա բուժման  դիմաց:
Բժիշկ.-Կլորիկ գումարներ: