Գրիշ Դավթյան
Բանաստեղծ Արտեմ Հարությունյան
Բանաստեղծ Արտեմ Հարությունյանը արդի հայ գրականության հեղինակավոր դեմքերից է, որպես` գրականագետ, դոկտոր, պրոֆեսոր, դասախոս Երեվանի Պետական Համալսարանի: Նա միաժամանակ լավատեղյակ է ռուս, ամերիկյան, անգլիական եվ ֆրանսիական գեղարվեստական գրականություններին, այդ լեզուների իմացությամբ ու գրականագիտական ուսումնասիրություններով: Թարգմանաբար լավատեղյակ է նաեվ իսպանական բանաստեղծությանը: Արդեն շուրջ 45 տարիներ է ինչ նա դասախոսում է Երեվանի Պետական Համալսարանի օտար գրականության բաժնում: Նա նման ընդարձակ լավատեղյակությամբ մշակել է եվ իր գրական ճաշակը, գրելու ձիրքը, այլեվ իր գեղարվեստական մտածողությունը, այդ բերումով հատկապես նա մեր ժամանակակից գեղարվեստական գրականության հանրածանոթ դեմքերից է:
Նրա գրական ստեղծագործությունները էպիկական շնչով են տարողունակություն ստանում,հաճախ դառում են պոեմներ: Քաղաքացիական անհատականությունը պարթեվահասակությամբ է քայլում գրականագիտական եվ բանաստեղծական ասպարեզներում: Ստեղծագործությունները հագեցված են ազգային ու միջազգային պատմական ավանդությունների, հարաբերությունների ենթահողային գեղարվեստականությամբ սնված ծավալներով, մտածողության ու ճաշակի տարողու-նակություններով, որոնցով նրա գեղագիտական իրագործումների երկերում արտացոլվում են ինքնատիպության շնորհները: Հայոց Ցեղասպանության սրտավերքը չի սպիացել նրա կրծքում, կրում է կորցրած հայրենիքի ցավը: Արցախի ազատագրության հերոսական պատերազմի զոհերի սեվասիրտ կակաչները եվ հաղթանակների ալ վարդերը բուրում են նրա բազմաթիվ ստեղծագործություններում: Միջազգային պատմական դեմքերի, հերոսների պատմական ժառանգության մասին ակնարկներով՝ խորհրդածում է, թե ինչքանով է աղերսվում իր ապրած կեսդարյա սոցիալիզմի քարոզված ինչպիսիության հետ, ապրած իրականության հետ: Նորօրյա կյանքի եվրոամերիկյան առօրեական գովազդային օրինակների նշումներով պատումը ոճավորում, միջավայրը դարձնում է ճշմարտացի: Ներհուն ու լավատեղյակ մտավորականի հմուտ գրչով բանաստեղծ է նա, ունի առողջ հումոր ու մարդկային վեհանձնություն:
Հայ գրականության ազգային ավանդույթների հիմքի վրա բազմամշակույթ գեղարվեստական գրականությունների փորձառության գունեղ երանգներից հյուսել է իր գրական ստեղծագործական նարոտը, դրանց ճաշակավոր համադրությունից կամարել է իր բանաստեղծական աշխարհի ծիածանը, որ մեր ընթացիկ գրականության մեջ հառնում է ուրույն նկարագրով: Նրա ամերիկյան երկարատեվ փորձառությունը ավելի երանգել է նրան նոր աշխարհի ճաշակներով, գրական սեռի ու կարգի ձեվույթներով:
Գերիրապաշտ ընդհանրացումների պահերում, երբեմն քմհաճույքի ծայրահեղ արտացոլումներ է շերտավորում, սակայն պատումով, զգացումով ու տրամաբանությամբ հասնում է կյանքի իրական ընդարձակությանը, այդպիսով է խուսափում գեղարվեստական աբսուրդի, անմտապատկերության, անհեթեթության գահավեժից: Օտար անունների տառադարձման մեջ դժբախտաբար օրինապահ չէ. հրատարակած հատորներում թույլ է տվել վթարներ, երկվություններ: Նա լինելով Երեվանի Պետական Համալսարանի օտար գրականության դասախոս, կարեվոր ու անհրաժեշտ է դրանք ճշտել:
Բանաստեղծները ընդհանրապես իրենց բանաստեղծությունները կապում են վերնագրին.մասնավորաբար բանաստեղծությունը եզրակացնում են վերնագրային աղերսվածությամբ: Արտեմ Հարությունյանը ընդհանրապես այդպես չէ. ինչ որ դարձել է նրա գեղագիտական մտապատկերային համակարգի մի հատկանիշը: Իր բանաստեղծության խորագրի տակ շաղ է տալիս գեղարվեստական մտապատկերների բազմազան ծաղկեփունջեր, դրանք երբեմն իմաստով ընդարձակում են պոեմի բովանդակությունը, ծավալը. երբեմն անկապակից լինելով ծավալում են բնամիտը, թեման. բայց միշտ աղերսվում են ստեղծագործության վերնագրի հետ: Այդ բացատրությամբ կարելի է ասել, որ յուրաքանչյուր ստեղծագործության բնամիտը, թեման նրա վերնագիրն է: Տարաբնույթ մտապատկերները համախմբվում են նույն խորագրի տակ, նույն միջավայրի, տարածքի, ժամանակի, ենթակայության, փորձառույթի պատկանելու բերումով. բնամիտը դարձնում են ամբողջական: Հեղինակի համար յուրաքանչյուր բանաստեղծության խորագիր կյանքի մի օր է, ուր տեղի են ունենում ամենազանազան իրադարձություններ, դեպքեր, վաստակ ու կորուստ, որոնք կարող են իրար հետ կապակից լինել, կամ անկապակից. այլ ժամանակակից են մտապատկերային հաճախականությամբ: Վերնագիրը հեղինակի բնամիտն է, թեման. մնացյալը՝ նրա տառապանքներն են. մեր տառապանքներն են, զգացված եվ քողազերծված. գուցե եվ դիմազերծված: Զգացումների, մտածումների եվ դիտումների մի լայնածավալ տեսանկյունով է պատկերում տող առ տող,կապակից, թե անկապակից, որ դեգերումներ են խորագրի մթնոլորտում, շուրջբոլորը, նրան հաղորդելու բնամիտ... Երբեմն էլ մտորումների կամ հաստատումներիմի ցրիվ է, որ այնուամենայնիվ մնում են վերնագրային պարունակում, կանխակալ մտածումով արված: Այդ կանխակալությունն է հեղինակի ստեղծագործական ցատկահարթակը, հեղինակային գեղարվեստական մտապատկերային ինքնեկությունը: Նրա ստեղծագործական եռանդը երբեմն էլ թույլ է տալիս բնազդական ներդրումների, բացականչության, կանչի ու արձագանքի, պատգամի ու նշանախոսքի միջարկություններ: Ինքնազգացողոթյան ինչոր յուրահատուկ բնազդ ունի:
Արտեմ Հարությունյանը բազմազան թեմաներով ցուցաբերում է քաղաքացիական
իր կողմորոշումները, պաշտպանում է իրավունքը ընդդեմ բռնության: Գրում է քաղաքական նյութերով, որոնց դժվար է երկարատեվ հնչեղություն ապահովել ժամանակային դիպուկության բերումով: Նա այդ դժվարինը հաճախ հաղթահարում է բնամիտը, թեման իր հավերժական տվյալներով շնչավորելով, պատկերելով: Աշխարհիկ իրավիճակի հատկությամբ է նա քաղաքացիական ու քաղաքական, զգացական ու տրամաբանական, անհատական ու ազգային, բնազդական ու նպատակային... Հեղինակի համար բանաստեղծությունը հասարակական, ընկերային, քաղաքական գիտակցության ձեվ է. նման բնամիտով, նման գեղարվեստական հատկություններով մասնատրված
բանաստեղծական հրապարակագրություն է, որի մեջ արտացոլում է հեղինակի
բարձր մտածողությունը, ստեղծագործական ժողովրդայնությունը, ազգայնությունը, գաղափարական կապն ու հարազատությունը: Ոճային լեզվամտածողական յուրահատուկ անհատականությամբ է նա շահում բանաստեղծական հասարակական արժեք. ոգեվորում է, ներշնչում է, խթանում է մտքի ալեվորում: Նա անմիջական է տպավորապաշտությամբ, ու հարատեվում է իրապաշտությամբ: Մարդ իր փրկությամբ է ապրում իր կյանքը: Դա պատմական իմաստով է գոյապահել օրինակ հայոց Արցախին. նա արցախցի է. նա շուշիական արմատներով Ստեփանակերտի սրտի մի կտորն է, եվ որպես բանաստեղծ բաբախում է Հայաստանի կրծքում:
Գլենդել, Կալիֆորնիա
2010-01-13