Literary Bridge

www.lit-bridge.com
Տպել

ՄԵՐ ՀԱՆՃԱՐՆԵՐԸ

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ

Համդրեց՝ Հասմիկ Սարիբեկյան

Ռուբեն Սևակ (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի), հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ, ծնվել է 12.2.1885 Կ.Պոլսին մերձակա Սիլիվրի գյուղաքաղաքում:
Սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանում, Պարտիզակի ամերիկյան վարժարանում: Ավարտել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանը, Շվեյցարիայի Լոզան քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետը, աշխատել է որպես բժիշկ Լոզանի հիվանդանոցներից մեկում:
1915-ին վերադարձել է Կ.Պոլիս, ձերբակալվել է և աքսորի ճանապարհին գազանաբար սպանվել օգոստոսի 26-ին այն խմբի հետ, որի մեջ էին նաև Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ:
Սևակի ստեղծագործությունը վերաբերում է որպես հայկական նեոռոմանտիզմ բնութագրվող գրական ուղղությանը, սակայն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում 20-րդ դ. սկզբի արևմտահայ գրական շարժման մեջ:


ԳԻՇԵՐՆ ԻՋԱՎ


Գիշերն իջավ անամպ, անհուն,
Բյուր բյուրեղե ի՜նչ նուրբ անուն
Տալ անուրջի այս սուրբ պահուն.
- Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն...
Կանէանա նավն հեռակա,
Լիճն երազ մ'է, կա ու չըկա.
Ջուրի շշունջն է լոկ վըկա,
- Շշնջելո՜ւ երջանկություն:
Վերն հազար աստղ, վարն հազար լույս,
Կիսաստվերին մեջ հոգեհույզ
Կը խոսակցին քար, վըտակ, բույս.
- Ա՜խ, իրերո՜ւ երջանկություն...
ՈՒ կձայնե մատուռն հստակ.
- Սա ծերունի ծառերուն տակ,
Այս քաղցրության մեջ բովանդակ
Քարանալո՜ւ երջանկություն...


ԵՐԳ ԵՐԳՈՑ


Երա՞զ, տեսի՞լ, անգո ստվե՞ր մ'անհոգի,
Ճառագայթի, փրփուրի խա՞ղ մը տարտամ:
Քմայապաշտ ծաղի՜կ մ'արդյոք ցընորքի,
Քու մշուշոտ գիծերուդ ի՜նչ անուն տամ.
Երա՞զ. տեսի՞լ, անգո ստվե՞ր մ'անհոգի:
Քու կապույտիդ վճիտ, աղվոր ջուրերու
Եթերային անրջանքին է հանգույն.
ՈՒ քու կարմի'րըդ Պենկալյան վարդերու
Երազամած կարմըրության պես տժգույն.
Գոգն աչերուդ կապույտն ունիս ջուրերու:
Արցունքիդ պես նայադներ պար կը դառնան:
Այդ ի՞նչ հեշտանք որ շրթներուդ մեջ կը'մպես.
Շունչըդ գինով է հովերու պես գարնան,
Ձայնըդ տարփոտ` աղբյուրներու երգին պես...
Արցունքիդ մեջ նայադներ պար կը դառնան:
Կը հմայեն զիս քու աչերըդ, կը շոյե՜ն,
ՈՒ մարմինեդ ծորող խունկը մեղավո'ր,
Ավելի քաղցր է Քանանու գինիեն...
Հազարբուրյան այս պատարա՞գն է աղվոր,
Թե լո'ւյծ աչերդ որ մութ հոգիս կը շոյեն:
Հրաշագո ո՜հ, քու անդրիդ բյուրեղե.
Սրունքներուդ սարսռացող ձյունն հրաշեկ,
ՈՒ անանո՜ւն ցոլքը որ քեզ կողողե,
Մորթիդ թաքուն գանգուրներուն խուրձը շեկ...
Հրաշագո'... ո՜հ, քու իրանդ բյուրեղե:
Տենչերուս վրա պիտի հսկեմ այս գիշեր
Որ բազուկնե՜րըս չը փընտռեն քեզ իմ քով,
Սիրտս ո՜ւր էր որ կուրծքեդ ոչինչ չը հիշեր,
Մինչև առտու պիտի հալեր արցունքով...
Կիրքերուս վրա պիտի հսկեմ այս գիշեր:
Իզո՜ւր: Հոգիս թաղվել կուզե հուլորեն
Ստինքներուդ մտերմությանը մեջ կույս.
ՈՒ անութիդ որոշ ծալքերը նորեն
Գիտեմ որ զիս պիտի տանջեն մինչև լույս...
Քու մե'ջդ հոգիս թաղվել կուզե հուլորեն:
Տժգույն աղջի'կ, հյուսիսայգի աչքերով,
Կոպերուդ վրա ու բիբերուդ մեջ խոնավ
Այդ ի՜նչ անճառ երանություն, ի՜նչ գորով...
Ո'չ մեկ արգանդ քե՜զ պես հրաշք չըծնավ,
Տժգո՜ւյն աղջիկ, հյուսիսայգի աչքերով:


ՍԻՐՈ ՄՐՄՈՒՆՋ


Անոնք գացի՜ն խորհուրդով ու գաղտնիքով բեռնավոր,
Գացին նավերը սիրույս իմ աչքերուս առջևեն,
Ցըռուկնին վեր, դեպի մութ եզերքները հեռավոր,
Առագաստները գինով, մայրամուտի գաղջ հովեն:
ՈՒ տեսա, որ հինավուրց դիցուհիի պես աղվոր,
Իրենց ձյունի անարատ սրբության մեջ համորեն,
Թևերնին վեր, անծանոթ ափունքներու ուխտավո՜ր,
Անրջանքիս կարապները սահեցան համրորեն...
Իրիկուն է: Կըդիտեմ ես լույծը անհուն ջուրի,
Հովը լըռիկ կըպատմե ինծի հուշքեր երջանիկ,
ՈՒ անմատում խորհուրդով անսահման ջուրը կուռի:...
Քար ու փրփուր ափին վրա կը համբուրվին իմ առջիս...
Ես կը դիտեմ հեռավոր հորիզոնին որ լըռիկ
Գացին նավերը սիրույս ու կարապներն անուրջիս:
Անոնք գացին խարհուրդո՜վ ու գաղտնիքո՜վ բեռնավոր...

ԵՐՆԵ՜Կ, ՋՈ՜ՒՐ


Ո՞վ պիտի երգե քու անփառունակ
Կյանքիդ միամիտ տաղը, մատա՜ղ ջուր,
Որ լո՜ւյծ դայլայլի մը պես շարունակ
Կը փրփրիս, կ'երթաս դաշտերուն մեջ ուր՝
Դարե՜ր դարերով ե'րգդ է գոհունակ:

Ո՜վ պիտի պատմե վազքերդ մշտոլոր՝
Վայրի վարդերու երազանքն ի վար.
Ո՜վ պիտի ցույց տա փրփուրներուդ խոր,
Հև ի հև կյանքիդ իղձերն հոգևար,
Վետ-վետ սեզերու շոյանքն ալ բոլոր:

Լուռ անրջանքի պահուն ցայգային,
Ո՜վ պիտի պատմե խիճերուդ լեզուն,
ՈՒ հեքիաթունակ սերն ուռենիին,
Երբ մութ գիշերով իրեն աղազուն
Ոստերը, փաղչող հոգվույդ կը հայի'ն...

Միամի՜տ վտակ, դարերե ի դար
Դուն մամռոտ ճամբեդ կ'երթաս անմոլոր.
ՈՒ երբ կը մեռնին շուրջդ անմխիթար՝
Գարնայնի գույն-գույն ծաղիկներդ բոլոր,
Երկու քարի մեջ կ'երգես անդադար:

Երնե՜կ քեզ, վտա'կ, մեռնիլ չունիս դուն.
Արցունքե մարմինդ կը վարես անվերջ,
Գիշերներու մեջ միայնակ, արթուն,
Անսկիզբն, անվերջ, վտիտ փոսիդ մեջ
Կ'երգես, երնեկ, ջուր, վախճան չունիս դուն...

ՈՒ երբ այս տողերն մրոտող նիհար
Ձեռքեն օր մը լոկ պուտ մը հող ապրի,
ՈՒրիշ քերթող մ'ալ, ինձի չափ հիմար,
Պիտի գա հարկավ երգերըդ վայրի
Հանգի, չափի տակ առնելու համար:

Մինչև հավերժորեն կյանքո'տ, զվարթո՜ւն,
Պիտի կարկաչե քու ջուրըդ հարաշարժ՝
Հեգնելով արվեստն ու կյանքը մարդուն...
Ո՜վ անմահության ըստվեր գետնաքարշ.
Վտա'կ, երնե՜կ քեզ, մեռնիլ չունիս դուն: